ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՍՊՈՐՏ

«Հասկացողը՝ կհասկանա, չնայած չուզեցողներ կան, ոչ թե չհասկացողներ»

Մինսկում կայացած եվրոպական երկրորդ խաղերի ավարտից հետո, հաղթողներին ու մրցանակակիրներին թե՛ Երևանում, թե՛ Գյումրիում հանդիսավորությամբ դիմավորել էին իշխանությունները, սակայն բոլորիս աչքից էլ, հավանաբար, չէր վրիպել, որ նրանց մեջ չկային հունահռոմեական ոճի ըմբիշներ, եվրոպական երկրորդ խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների չեմպիոն, օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ու աշխարհի, Եվրոպայի և միջազգային մի շարք մրցաշարերի հաղթող և մրցանակակիր Կարապետ Չալյանը: Նրանք գործուղման էին:

Անցած շաբաթ քաղաքապետ Սամվել Բալասանյանը բարձր տրամադրությամբ ընդունեց մեդալակիրներին և նրանց մարզիչներին: Հենց ձեռքսեղմումների պահին քաղաքապետը ոգևորված նկարագրում էր այն ապրումները, թե ինչպես է հետևել խաղերին: Նկարագրեց, որ երբ տղաները հաղթել են, տեղում թռթռացել է, մայրը հարցրել է, թե ինչ է պատահել. «Կրեցին, տղեքը կրեցին»,- պատասխանել է քաղաքապետը: Նա ասաց, որ իր ու բոլորի համար էլ Կարապետ Չալյանը ևս ոսկե մեդալակիր է, ինչին մարզիչ Գևորգ Ալեքսանյանն արձագանքեց. «Չնայած այս եվրոպական խաղերը բարձր մակարդակի էին, և ինձ համար Կարապետը նույնպես չեմպիոն է, որովհետև նա չեմպիոնական գոտեմարտեր է անցկացրել: Նա մարտ ամսին ծնկի այնպիսի վնասվածք էր ստացել, որի դեպքում շատերը մեկ տարի չեն կարողանում շարունակել մարզվել: Բայց մեր տղան արագ վերականգնվեց: Ես չէի պատկերացնում, որ նա կամք կդրսևորի ու այսպես արագ կվերականգնվի ու կհասնի եզրափակիչ: Այնտեղ մրցավարներն ամեն ինչ արեցին, որ ռուս մարզիկը չպարտվի, այնքան պահեցին, որքան կարող էին… Դե, շահերի բախում կար, որի եզրակացությունները թողնենք բոլորիս. մեծ երկիր է, և մարդիկ շահագրգռված էին, որ մեդալներն ավելի շատ Ռուսաստանի օգտին գրանցվեր: Իսկ Կարապետը, բոլորն էլ տեսան, թե ինչպես մինչև վերջին վայրկյանը կռվեց. ամբողջ 6 րոպե գոտեմարտը նա հոգեբանական պայքար մղեց, հասկանում էր, որ մրցավարներն իր դեմ են, նրա մեջ ըմբիշի ոգի կա, ու դրա համար նա չընկրկեց»: Քաղաքապետը խորհուրդ տվեց՝ քաշը փոխել, սակայն Գևորգ Ալեքսանյանն ասաց, որ ուժեղ հակառակորդներից չեն փախչում, այլ պատրաստվում են նրա հանդեպ հաղթանակի: «Արթուրի համար էլ Աշխարհի խաղերից հետո մարդիկ ասում էին, թե՝ արդեն իր պիկն իջավ, բայց Արթուրն ապացուցեց, որ էդ պահին խանգարող վնասվածքներն ինքը կարողացավ հաղթահարել ու մակարդակով ցույց տալ, թե ինքը որքան հզոր է: Թող հասկանան, որ այս քաղաքին պետք է մեծ մարզային համալիր, դա կլինի ի շահ քաղաքի ու հանրապետության: Այ, հիմա մենք պիտի գնանք Երևան՝ հավաքների: Կարելի էր այստեղ անցկացնել ու թիմերը տանել բարձր մակարդակի մրցումների… Հասկացողը՝ կհասկանա, չնայած չուզեցողներ կան, ոչ թե չհասկացողներ, Աստված թող իրանց մի քիչ խելք տա, որ հասկանան»,- շարունակեց Գ.Ալեքսանյանը:

«Ես հպարտանում եմ ձեզանով: Գյումրին դարձյալ ապացուցեց, որ սպորտային մայրաքաղաք է, սպորտի այն կարևոր քաղաքն է, ու արժանի է ունենալ մարզապալատ, որպեսզի ավելի լավ մարզումներ անցկացնենք, չգնան հավաքների ուրիշ տեղ, այստեղ անցկացնեն, միջազգային մրցաշարեր կարողանանք անցկացնել… Չալյանը դա ապացուցեց, որ երկաթյա կամք ունեն, կռվող տղա են, գյումրեցի թասիբով են, դեմը դրել էր, որ պիտի հասներ… պիտի հասներ, որովհետև իր քաղաքին է պետք: Էն դահլիճների մեջ, չեղած տեղը չեմպիոններ ենք տալիս: Էսօր, եթե 5 ոսկե մեդալ է գալիս, 3-ը գալիս է Գյումրի, սա պիտի հաշվի առնենք, որ 100 հազարանոց փոքր քաղաքի մեջ, չգիտեմ էլ էս պահին 100 հազար մարդ կա,  թե չկա, բայց մենք 3 հատ Եվրոպայի խաղերի չեմպիոն ենք տալիս։ Մենք վստահ ենք, որ առաջիկայում էլ մեծ հաջողություններ ենք ունենալու: Նույնիսկ բռնցքամարտն է մեզ համար զարմանալի, որ 2 հատ չեմպիոն տվեցինք: Նախադեպն ինչքան ժամանակ է, չէր եղել: Կնայես համեստ տղեք, ընտանիքի տղեք, սա շատ կարևոր է, որ երբեք աստղային հիվանդությունը չի տանում, հենց հիվանդացան՝ կվերջանա… Բաչկովն էլ, մյուսն էլ… Նույնիսկ լավ չենք նայե, մենք էլ լավ հնարավորություն չունենք, քիչ ունենք, բայց էլի տղեքը կմնան ըստեղ ու կկռվին, նման հաջողություն են ունենում, որի համար պիտի պարծենաս, շնորհակալ լինես։ Էսօր Չինաստանից հյուրեր ունեի, ասում եմ Գյումրին սպորտային քաղաք է, դե պատկերացրեք, 9 միլիոնանոց Սիան քաղաքը չեմպիոն չունի, 100 հազարանոց Գյումրին 3 հատ չեմպիոն ունի»,- պարծենալով ու հպարտանալով ասաց քաղաքապետը։

Եթե այս անգամ էլ մարզային համալիրի կառուցման մասով վերջնական պատասխան չունենան, պայքարելու են, որ հասնեն՝ այսպես որոշեցին քաղաքապետն էլ, մարզիչներն էլ: Քննարկեցին մանրամասները, հույս հայտնեցին, որ վարչապետը խոստացել է, և քաղաքն էլ վաստակել է այն:

Գյումրու քաղաքապետը նաև նշեց, որ Գյումրին շուտով կունենա սպորտի թանգարան, որը լեգենդար մարզիկների մասին ողջ պատմությունը կփոխանցի սերունդներին, կխրախուսի նրանց։

print
430