Հավասարում երկու անհայտով ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Հավասարում երկու անհայտով

Հարցազրույց «Գյումրու Ծննդատուն» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ:

Պարոն Ավետիսյան, տևական ժամանակ է անցել «Ծննդատան» տնօրենի պաշտոնի շուրջ տեղի ունեցած խառնաշփոթից, սակայն մինչ օրս այդ հարցը վերջնական չի լուծվել: Ի վերջո, ե՞րբ է անցկացվելու տնօրենի մրցույթը:

— Սեպտեմբերի 25-ին կայանալու է մրցույթը: Հայտարարությունը տրված է:

Մոտ երկու ամիս առաջ Առողջապահության նախարարը շրջայցով Գյումրիում էր, նաև եղավ Ձեզ մոտ, հանդիպեց աշխատակազմի հետ: Ապա հայտնեց, որ մտադրություն կա մանկաբարձագինեկոլոգիական 3 հաստատություններ միավորել, քանի որ թերբեռնված են աշխատում: Նախարարը նաև ասաց. «Հնարավոր է, լինեն ցավոտ միջամտություններ»:

— Գիտեք ինչ, մեկ կիլոմտերի վրա 3 ծննդատուն կա: Ոչ պրոֆիլային հիվանդանոցի մեջ բացում են ծննդաբերական բաժանմունք: Ամբողջ աշխարհում ընդունված է, որ ծննդաբերական հիվանդանոցն առանձին շենքային հատվածում լինի: Ասածներս ոչ թե ինչ-որ մեկի դեմ է կամ կողմ, այլ լոկ իրականությունն եմ փաստում: Արդյունքում ի՞նչ եղավ. ծնունդները սկսեցին կիսվել, և մեր հիվանդանոցն ընկավ ֆինանսական ծանր վիճակի մեջ, որովհետև մերը կոնկրետ ծննդատուն է, այլ ծառայություններ չի մատուցում, որ այլ ուղղություններով ֆինանսական հոսքեր ապահովեինք:

Մինչ այդ էլ ծննդատունը բավական պարտքեր ուներ կուտակած. աշխատավարձի, կոմունալ վճարների հետ կապված

— Այո, ունեինք պարտքեր, բայց այդ պարտքերը որոշակի իջեցրել էինք: Սակայն, երբ վերը նշածս ծննդաբերական բաժանմունքը բացվեց, դիտարկելով դիապազոնը, կարող ենք ասել, որ այդ իսկ պատճառով մենք հայտնվեցինք ֆինանսական ծանր դրության մեջ և թող նորից կրկնվեմ, քանզի մեր հիվանդանոցը կոնկրետ ուղղվածությամբ է, և ոչ բազմապրոֆիլային: Մի հասարակ օրինակ բերեմ. եթե, ասենք, մեզ մոտ ծնունդների թիվը կրճատվել է, սակայն նույնիսկ այդ պարագայում մենք պետք է ջեռուցենք ողջ հիվանդանոցը, այլ ոչ թե բաժանմունք առ բաժանմունք, ապա ստացվում է, որ ջեռուցման վարձը պահպանվում է, իսկ գործառնական պահով մենք դրան չենք հասցնում:

Իսկ պետպատվերը չի՞ բավականացնում, ծախսածածկում չի՞ ապահովում:

— Դա հազիվ հասցնում է աշխատավարձի ու դեղորայքային ծախսերի ծածկմանը: Եղել է ամիս, որ ստիպված 80 տոկոսով ենք աշխատավարձը փակել, որպեսզի կոմունալ, հարկային և այլ ծախսերը ժամանակին կարողանանք փակել:

Ներկայում աշխատավարձի պարտքեր ունե՞ք:

— Ոչ: Ինչ ես ժամանակավոր պաշտոնակատար եմ, ժամանակին, ամեն ամիս աշխատավարձը տվել եմ, այլ բան է, որ ասենք, նշածիս պես՝ մինիմում 80 տոկոսով եմ փակել աշխատավարձը, բայց հետո նորից մաքրել եմ մնացածը: Նաև խնայողությունների հաշվին, հենց այսօրվա թվերն եմ ասում, մոտ 8 մլն դրամի բարելավում ունենք, և տարբեր գործառույթների շնորհիվ պարտքերն ենք քչացրել՝ օրենքի շրջանակներում, կասեցումներն ենք հետ բերել, հարկային ու բանկային պարտավորություններն ենք փակել, կոմունալ ծախսերն ենք մաքրել:

Դուք ի՞նչ կարծիքի եք միավորվելու մասին:

— Ես նախարարին էլ այդ ժամանակ ասեցի, որ մենք պատրաստ ենք ամբողջ ծավալով ընդունել Ավստրիականի ծննդաբերական բաժանմունքը (նկատի ունի «Գյումրու Մոր և Մանկան Ավստրիական Հիվանդանոց» ՓԲԸ-ի մանկաբարձա-գինեկոլոգիականը):

Դուք նկատի ունեք, որ հենց այս տարածքո՞ւմ կարող եք միավորվել, թե՞ խոսակցություններում շրջանառվող «Սամարիթեր» հիվանդանոցի շենքում:

— Այստեղ կարևոր չէ շենքը, այլ ուզում եմ ասել, որ հաշվարկներից ելնելով, մենք աշխատող դուրս չենք թողնի, ամբողջական ծավալով կարող ենք ընդունել: Միակ բանը, որ կուզենամ նշել, դա մեր ժողովրդի մենթալիտետն է և, իհարկե, ժողովուրդն արդեն ուշադրություն է դարձնում նաև շենքային պայմաններին: Բայց երբ նայում ենք մասնագիտական տեսանկյունից, ապա, ո՞վ հակառակը կպնդի, թե «Ծննդատունը» որպես դարբնոց չի հանդիսացել բազմաթիվ մանկաբարձ-գինեկոլոգների համար, ո՞վ Ֆելիքս Վրույրովիչի դասերը չի սերտել: Ես ևս այս «դպրոցն» եմ անցել, իսկ մեր մոտ բժիշկները բոլորն էլ ակադեմիական կրթություն ունեն: Մեր ծննդատունը Շիրակի տարածաշրջանում միակն է, որ 2-րդ աստիճանի է:

Այդուամենայնիվ, ուզում եմ մի հարցի պատասխանը հստակ պատկերացնել. հիվանդանոց կամ բաժանմունք հիմնելու համար Առողջապահության նախարարության թույլտվությունը ևս անհրաժեշտ է, չէ՞: Եվ, եթե այո, ապա վերևներում չգիտեի՞ն, որ գործող, հիմնական «Ծննդատուն» կա, որն ապահովվում է ողջ Շիրակի մարզը, ապա, ինչո՞ւ թույլատրեցին, թե՞ այստեղ գործին է խառնվել նաև ավստրիական կողմը:

— Հնարավոր է: Կառավարությունը կամ ԱՆ-ը պետք է հաշվարկեր, որ ևս մեկ բաժանմունքի բացման անհրաժեշտություն չէր զգացվում:

Զրույցին է միանում մարզի գլխավոր գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանը. «Ես բազմաթիվ անգամ նշել եմ, որ 2-3 տարի հետո այդ բաժանմունքը բալաստ է դառնալու: Ազգաբնակչությունը նվազել է, ծնունդները դրա հաշվին են պակասել, և երկու բաժանմունքներն էլ կիսով չափ են աշխատում ու ֆինանսական դժվարություններ ունեն… Հետո՞, հետո՞ ինչ էինք անելու: Տեսեք, որ եկան հասան իմ ասածին. դրա համար ուզում են միավորել: Այստեղ խոսքը չի գնում Մոր և մանկան հիվանդանոցի մասին, մանկականը անհրաժեշտություն է, սակայն ծննդաբերականը կարող էր և պետք է առանձին լինի»:

— Մենք առաջարկում ենք հետևյալը,- շարունակում է Արմեն Ավետիսյանը,- թող այդ բաժանմունքը մեզ միավորվի, մենք ոչ մեկին դուրս չենք թողնի: Այնտեղ թող լիովին վերածվի մանկական կենտրոնի, իսկ այստեղ՝ ծննդաբերականի:

— Շիրակի մարզպետարանի դիրքորոշումն է, որ միավորվենք «Սամարիթերի» շենքում,- ասում է Ֆելիքս Գրիգորյանը:- Եվ այո, սա ավստրիականի կողմի ցանկությունն էր, որ իրենց հիմնած հիվանդանոցը դառնար լիովին Մոր և մանկան կենտրոն: 700 հազար եվրո ներդրեցին, պետությունից էլ ստացան 150 մլն դրամ, որ շինարարություն անեն ու ստեղծեն այդ բաժանմունքը: Հաշվետվություններով դա այդպես ներկայացրած է: Իսկ վերևում կա բարձրաստիճան պաշտոնյա, որը «օտ Իլյիչա, դո Իլյիչա»՝ մնացել է, ներկայում էլ բարձր դիրք է գրավում, և նա շատ հետաքրքրված էր այդ գործում: Այստեղ խաղում են 60-80 աշխատակիցների ճակատագրերի հետ:

— Մեկ ուրիշ օրինակ բերեմ,- շարունակում է Ա.Ավետիսյանը,- մեր կտուրը կաթում է, մեր հաշվին մասնագետների հրավիրեցինք, նախահաշիվը ներկայացրեցինք մարզպետարան, որ 3 մլն դրամի աշխատանք է պահանջվում: Ավստրիականում էլ կտուրի կաթոց էր, իրենց էլ 18 մլն էր անհրաժեշտ եղել. նրանց տվեցին, մեզ՝ ոչ: Սա ի՞նչ տարբերակված մոտեցում է: Սա արդարացի՞ է:

Նոր կառավարությո՞ւնն է այդպիսի որոշում կայացրել:

— Ասացին, որ հին կառավարությունից փոխանցված որոշման արդյունք է: Որ ասում ենք՝ տարբերակված մոտեցում է, նման դեպքերից ելնելով էլ ենք եզրակացություն կազմել:

Այս դեպքում, «Սամարիթեր» հիվանդանոցի քարային շենքը կարծես բավարար կլիներ, որ ծննդատներն այստեղ միավորվեին:

— Այո, ընդամենը մի 3 ամսվա ներքին վերականգնողական աշխատանք է պահանջում:

Գործընթացն ի՞նչ փուլում է:

— Մարզպետարանն առաջարկություն է արել, որ Գյումրիում պետք է ունենալ ծննդօգնության մեկ հիմնարկ, և երկու բաժանմունքները պետք է միավորվեն: Ու դրա համար ցանկալի է, որ «Սամարիթերի» շենքը վերածվի ընդհանուր ծննդատան: Կարծես սա լրիվ նորմալ առաջարկ է: Սակայն, այստեղ, որտեղից որտեղ, պահանջ է իջնում. «Սամարիթերի» շենքը վերածեք ծննդատան, մենք կգանք, կտեսնենք, որ այն հարմար է, նոր կֆինանսավորենք: Սա արդեն հավասարում է՝ երկու անհայտով… Բայց ճիշտ կլիներ պետական մոտեցմամբ հետևյալը. մասնագետների խումբը գար, հաշվարկներ աներ, ապա ֆինանսական հատկացում աներ, մենք կդիմանայինք մեր այս պայմաններին, ապա կտեղափոխվեինք… Սա կլիներ օպտիմալ տարբերակ:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ

print
1,040