«Հարեւանի խորհուրդ տված» դեղատոմսը այլեւս չի անցնի ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հարեւանի խորհուրդ տված» դեղատոմսը այլեւս չի անցնի

Մարտի 1-ից ուժի մեջ մտավ կառավարության 1402-Ն որոշումը, որով սահմանվում են դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բացթողնելու կարգը։ Մարտի 1-ից դեղերի մի մասը հնարավոր կլինի գնել առանց դեղատոմսի, մյուս մասը դեղատոմսերով։ Հետաքրքիր էր իմանալ Շիրակի մարզի առողջապահության և սոցիալական վարչության պետ՝ ՄԵՍՐՈՊ ԲԶՆՈՒՆՈՒ կարծիքն այս առումով:

— Պարոն Բզնունի, մարտի 1-ից ուժի մեջ է մտել առանց դեղատոմսերի հաստատված ցանկով դեղորայքի վաճառքի արգելքը: Ըստ բնակիչների՝ մեր համաբուժարանների աշխատանքը, բժիշկների ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով, բավարար չէր, ու պատկերացրեք, հիմա էլ ամեն մի դեղի համար վազել պոլիկլինիկա՝ դեղատոմսի համար… Ի՞նչ կասեք, ինչպե՞ս եք պատկերացնում այս իրավիճակը:

— Միակ մտավախությունս այն է, որ սկզբնական շրջանում հնարավոր է հերթեր առաջանան, բայց հենց բնականոն ընթացքի մեջ մտավ, ապա խնդիր չի առաջանա: Եթե հիվանդը մշտապես օգտվել է պոլիկլինիկայից, լավատեղյակ է իրեն անհրաժեշտ դեղորայքից, և բուժող բժիշկն էլ ծանոթ է այցելուի հիվանդության պատմությանը, ապա առավել ևս խնդիր չեմ տեսնում: Իսկ այն քաղաքացիները, ովքեր մինչ այժմ «ծնկի վրա գրված» դեղատոմսերով են առաջնորդվել, ապա խորհուրդ եմ տալիս, իրականում այցելել բժշկի և խորհրդակցել, գտնել իրենց հիվանդության բուն պատճառը, ճիշտ բուժումը:

— Հիմա ի՞նչ, ամեն մի փոքր ցավի պարագայում, ասենք՝ գլխացավ է, փորացավ է, և այլն, ցավը հերիք չէ, մի հատ էլ պետք է վազվզենք պոլիկլինիկաները, որ դեղատոմս վերցնենք, հետո վազենք դեղատո՞ւն…

— Բայց եկեք բժշկության տեսանկյունից դիտարկենք. ո՞վ է ասել, որ, ասենք՝ գլխացավը հենց այնպես է առաջանում, փորացավն էլ… Համենայնդեպս, հետազոտվելու անհրաժեշտությունը բխում է հենց հիվանդի, քաղաքացու շահերից, նրա առողջությանը գրագետ ուշադրություն դարձնելու հանգամանքով պայմանավորված: Եվ հետո, ցավազրկողները դեղատոմսերով գնման ցանկում չեն, իսկ ինչ վերաբերում է հակաբիոտիկներին, բնականաբար, դեղատոմսով պետք է լիներ:

— Ասենք՝ հարբուխ է, գրիպ է…

— Առավել ևս հարբուխի դեպքում անտիբիոտիկ չի կարելի ընդունել, հարբուխը դա վիրուսային հիվանդություն է, և պետք է հակավիրուսային դեղորայք ընդունել: ժողովրդի մոտ նման թյուրիմացություններ կան, և իրենք իրենց առողջությունը կործանում են սխալ դեղորայք ընդունելով:

— Համացանցում դժգոհությամբ ընդունվեց այս որոշումը, անգամ կատակելու ու սարկազմով արտահայտվելու առիթ տվեց:

— Դե, գիտեք, համացանցում անծանոթ, ոչ պատասխանատու կայքերից տարածվող բուժման մեթոդներ էլ կան, որոնք կործանարար ազդեցություն են թողնում մարդու առողջության վրա… Հարևանի խրատ տված դեղորայքն ընդունելը, երբ հիվանդը չի պարզել, թե ինչն է իր հիվանդության բուն պատճառ հանդիսացել, ավանդական բժշկությանը հետևելը ևս կարող է անդառնալի հետևանքների պատճառ դառնալ: Կարծում եմ, ժամանակ է պետք, հետո գոհ կլինենք, որ նման կարգ է մտցվել:

— Լավ, եթե անկեղծ՝ ինչի՞ն է միտված Առողջապահության նախարարության այս որոշումը:

— Քաղաքակիրթ առողջապահական ծառայությանն ու սպասարկմանը:

— Իսկ դեղերի որակի, կեղծված դեղերի շուկայի մասին ի՞նչ կասեք:

— Կա Առողջապահության տեսչություն՝ պետական համապատասխան մարմին, նրանք մշտապես ուշադրության կենտրոնում են պահում, ուսումնասիրում են դեղերի շուկան:

print
490