Հարեւանի «հարսը» եւ մեր քաղաքական օրակարգը ⋆ «Շրջապատ»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հարեւանի «հարսը» եւ մեր քաղաքական օրակարգը

Ռուսաստանի նախագահի ընտրությունները հայ հասարակության շրջանում լայն քննարկման տեղիք տվեցին: Կարծես՝ հայկական քաղաքական դաշտում քննարկելու թեմաներ, ավելին՝ դրանցից բխող մարտահրավերներ չկան: Քննարկում ենք հարևանի «հարսին»՝ մոռանալով մեր տան «անդամների» վարքագիծը, մեր «տների» ամենօրյա «կռիվները», մեր «հարսի» «վնասված» բարոյականությունը: Հայ հասարակության հետաքրքրությունների «ծիրից» անբացատրելիորեն   դուրս են մնում միջազգային քաղաքական մյուս հայտնի actor-ների՝ դերակատարների, վերարտադրության «հմտությունների», սահմանադրական «աճպարարությունների» վերաբերյալ թեմաները: Մասնավորապես, բոլորովին վերջերս Չինաստանի նախագահն իր ձեռնասուն մեծամասնության օգնությամբ վերացրեց նույն անձի կողմից երկիրը երկու անգամից ավել ղեկավարելու արգելքը: Գերմանիայի կանցլերը ևս նույն պաշտոնում ընտրվեց 4-րդ անգամ: ԱՄՆ-ի քաղաքական պատմության մեջ թարմ են փաստերը, երբ երկրի կառավարման  քաղաքական սերնդափոխությունը տեղի է ունենում նույն ընտանիքի անդամների միջև: Բայց, ինչպես ասում են ֆրանսիացիները, «վերադառնանք մեր ոչխարներին»:

 

Քաղաքական պատրանքները և մեր կորցած ակնոցները

Ասում են, որ կան լավ և վատ ժողովրդավարություններ: Հույն փիլիսոփա Արիստոտելը, դասակարգելով քաղաքական համակարգերը, կառավարման «սխալ» մոդելների շարքում նշել էր  ժողովրդավարությունը: Երևի մեզ բաժին է ընկել հենց սխալ ժողովրդավարությունը, որի արդյունքում չունենք ընտրովի մարմինների որակական արդյունավետ հատկանիշ, աշխատանք: Ժողովրդավարության մակրո և մինի մակարդակներում մեզանում իրավիճակը նույնն է թե՛ տեղական ինքնակառավարման մարմիններում, թե՛ Ազգային Ժողովում: Եթե Աժ-ում չլինեն բուն օրենսդրական աշխատանքով զբաղվող արհեստավարժ՝ «հնից մնացած» մի քանի պատգամավորներ, ապա, թվում է, թե օրենքներ ստեղծողներ ի սպառ չեն լինի, իսկ մեր օրենսդիր  մարմինը կարելի կլիներ կոչել «կոճակասեղմարան»: Պատահական չէ, որ ԱԺ աշխատանքի մոնիտորինգի նախագծի ղեկավար Լուսինե Վասիլյանը նշել էր, որ այս՝ 6րդ գումարման ԱԺ-ն  նույն ժամանակահատվածում, նախորդ ԱԺ-ից ավելի շատ օրենքներ են ընդունել:

Իհարկե, քանզի, ի համեմատումն նախորդի, այս Ազգային Ժողովում օրենքներն ընդունվում են  «կոճակասեղմության» հրատապ ռեժիմով: Ի դեմս մի շարք պատգամավորների, ունենք «զոնալ»՝ «գոտիական հայրենասիրությամբ» տառապող ժողովականներ, որոնք խնդիրների լուծումները «պոկում» են բացառապես իրենց «միկրոշրջանի» համար: Կան պատգամավորներ, որոնք չեն հասկանում՝ ո՞ր օրինագծերի կամ ի՞նչ բովանդակությամբ տեքստերի համար են քվեարկում: Տպավորություն է ստեղծվում, որ նրանցից շատերը չեն հասկացել, թե ինչու են իրենց ԱԺ «խցկել», կամ՝ ինչո՞ւ են իրենցից մի քանիսին ԱԺ-ում շարունակում «գեներալ» կոչել: Բացի այն, որ այդ կոչման համար նրանք չունեն համապատասխան գիտելիք, մասնագիտական կրթություն, զինվորական գործի բարձրակարգ արհեստավարժություն, հիմա էլ՝ «պատգամավոր-գեներալ» են:  Թերևս, նրանց և նմանների պատճառով է Հայաստանի քաղաքական դաշտը վերածվել «տրանզիտի»՝ «լողացող» հավասարակշռությամբ: Այսօրինակ մարդիկ հավասարության նշան են դրել իշխանության ու պաշտոնի միջև: Մինչդեռ դրանք խիստ տարանջատված հասկացություններ են: Ունենք օրենսդիր, գործադիր, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, որոնք միշտ գտնվում են օրվա ղեկավարի «անձրևանոցային բրենդի» տակ:

Քննարկում, քննադատում ենք ուրիշներին և ուրիշների ընտրությունները: Կարծես կորցրել ենք մեր ակնոցները և չենք կարող տեսնել մեր քթի տակի եղածը և նրանց, ովքեր դեվալվացրեցին մեզ, մեր ընտրությունը, մեր կամքը: Ապրում ենք մի փոքր երկրում, որտեղ ստեղծվել է ամեն ինչի իմիտացիայի մթնոլորտ: Ուստի, ուրիշներին քննադատելու փոխարեն, մենք՝ մեզ նայենք:

 

Ինքներս մեզ նայենք

Զարմանալի ու քննարկելի է այն փաստը, թե ինչպես Ազգային Ժողովի «միջոցով» Հայաստանի 4-րդ նախագահ դարձրեցին կոնկրետ «այդ մարդուն»՝ փաստացի չեզոքացնելով նույնիսկ ձևական  «այլընտրանքներին»: ԱԺ ենթարկվող մեծամասնությանը ձուլվեց նաև ագրեսիվ ընդդիմադիրների մեծ մասը: Արդյունքում՝ այս գործընթացի անունը դրվեց ՀՀ նախագահի ընտրություն: Մինչդեռ հայ հասարակությունը, ըստ էության, չհասկացավ, թե ի՞նչ ծրագիր ուներ Արմեն Սարգսյանը, որո՞նք են նրա առաջնային քայլերը երկրի նախագահի պաշտոնում, ինչպե՞ս է նա պատկերացնում իր աշխատանքն առկա քաղաքական համակարգում: Պարզ չդարձավ, թե ինչպիսի՞ դերակատարում է ունեցել նա՝ իրեն վստահված նախկին պաշտնում: Մի շարք հարցեր՝ կապված իր բիզնեսների, ունեցվածքի, փայերի մասին այդպես էլ չստացան ստույգ պատասխաններ: Բայց մենք ուրիշների ընտրություններն ենք քննարկում՝ մեր քթի տակինը  թողած:

ՀՀ վարչապետի ներկայացրած աստղաբաշխական թվերով Հայաստանը դարձել է բոլոր ոլորտներում «վագրի թռիչքային» աճ արձանագրած երկիր: Երևի «թվային տնտեսությանն» անցման գաղափարը մեզանում այս կերպ են ընկալել: Տնտեսական աճ արձանագրած Հայաստանում, սակայն, չի նվազում աղքատության ցուցանիշը, արտաքին պարտքն ավելի պինդ է փաթաթվել բնակչության վզին, գների աճի վերաբերյալ չի տրվում որևէ հոդաբաշխ բացատրություն, չեն բարձրացվում աշխատավարձերը, թոշակներն ու նպաստները, ամեն օր  ծովով, օդով ու ցամաքով երկիրը լքում են ոչ միայն միջին, այլև միջինից բարձր տարիքի մարդիկ, արհեստավարժ մասնագետները: Սա է իրականությունը:

Ոմանք նշում են, որ վարչապետը Գյումրիում էական «գործ է անում»: Հասել ենք նրան, որ միայն փողոցաշինությամբ կարելի է հիմնավորել վարչապետի «դրական սիրահարվածությունը» Գյումրու նկատմամբ: Ընդ որում, «վարչապետի փողոց» ժողովրդի կողմից տրված անվանումն էլ  ուղղակիորեն կապվում է «Կումայրի վերածնունդ» հիմնադրամի և այն սփյուռքահայերի հետ, ովքեր ներդրում են արել: Ստացվում է նաև, որ վարչապետի «օբյեկտներին» հարող փողոցների  վերանորոգումը շատ ավելի կարևոր են, քան, օրինակ, տնտեսական վերելքի փայլուն մշակված  լայնամասշտաբ ծրագրերը, որոնք շունչ կտային Գյումրուն: Մինչ դուք փողոց եք սարքում, «անաշխատանք» քաղաքը դատարկվում է:

Փաստորեն, պետականաշինությունը, պետականամետությունը նույնպես իմիտացիոն է դարձել: Պետականաստեղծ գործիչների քաղաքական «հավատամքը», եթե կուզեք՝ պաշտամունքը, պետք է մարդը լինի, նրա արժանիքների գնահատումը հայրենիքում: Մեզանում ամեն ինչ արվում է այդ նշանաբանների ներքո, սակայն արդյունքում առնչվում ենք ինքնակազմակերպված, «ձեռքով»  կառավարվող «խմբակների» հետ, որոնք «վիրուսային» ինքնատիպ բռնություն են կիրառում՝ արհամարհելով մարդուն, ընտրությունից ընտրություն նրան օգտագործելով, բարոյապես սպանելով: Այսպիսով, լեգիտիմացվում է բռնության նկատմամբ մենաշնորհը: Ու լռում ենք, քննարկում ուրիշ երկրների բախտն ու ճակատագիրը, ընտրությունը:

Չենք քննարկում, ականջի կողքից բաց ենք թողնում, երբ երկրի այժմյան ղեկավարն իր  վերարտադրությունը հիմնավորում է գալիք սերունդների թրծմանն առավել շատ ժամանակ տրամադրելու հանգամանքով: Ստացվում է՝ պետք է անպայման վարչապետ լինել, որ «թրծել սերունդներին»: Այլ երկրներում պաշտոնաթող ղեկավարներն հատուկ դասախոսությունների օգնությամբ և միջոցով են փոխանցում ղեկապետության իրենց հարուստ փորձը, որոշումների կայացման առանձնահատկությունները: Ստացվում է՝ միայն մեր երկրում քաղաքական հարատևությունն ու քմահաճ վերարտադրությունը կարող են նախապայման ու հիմք լինել «փորձի փոխանակման» համար: Սա ծա՞ղր է, թե՞ ավտոկրատիայի բացահայտ դրսևորում: Թերևս, համազգային քննարկմանը պետք է դրվեր հենց այս՝ իր էությամբ ժպիրհ հայտարարությունը:

Դեռ չենք քննարկում՝ «թրծելու» ընթացքում տրվելո՞ւ են արդյոք պատասխաններ, թե ինչպե՞ս  ավելացնել պետական պարտքը, նպաստել արտագաղթին, բուծել քաղաքական կամակատարների «սերունդ», կերտել մերձավորների կլինկա և լծակատեր դարձնել նրանց, ստեղծել «ոչայլընտրանքային» ղեկավարի մասին միֆեր և դրանք որպես անժխտելի ճշմարտություն ներկայացնել հանրությանը, անտեսել հանրության «բողոքական ակտիվությունը»,  դառնալ մի ողջ երկրի սահմանադրության «դեմիուրգը» («ստեղծողը, վարպետը»)՝ բացառապես սեփական շահի և քաղաքական թիմակիցների հավերժությունը ապահովելու նպատակով:

Ի դեպ, սա չէ քաղաքականությունը: Քաղաքականությունը՝ ազնիվ, ստեղծարար, բարոյական արժեքների վրա հիմնված ոլորտ է: Քաղաքականությունը բարոյազրկվում է, երբ նրանով սկսում են զբաղվել բարոյազրկվածները: Ու, վերստին, եկեք ինքներս մեզ, մեր «հարս ու փեսային» նայենք, քննարկենք մեր ընդհանուր   «տան» օրհասական վիճակի պատճառները:

ԼԻԼԻԹ ԱՂԵԿՅԱՆ

print
1,204