«Հարսանիք թիկունքում»-ը բռնեց քննությունը սփյուռքում ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

«Հարսանիք թիկունքում»-ը բռնեց քննությունը սփյուռքում

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 15 հոգուց կազմված խումբը 18-օրյա հյուրախաղերով մեկնել էր ԱՄՆ-ի հայաշատ քաղաքներ՝ Գլենդել, Լոս Անջելոս, Հոլիվուդ, որտեղ ներկայացրել են ապրիլյան քառօրյային նվիրված «Հարսանիք թիկունքում» ներկայացումը։

Լոս ԱՆջելոսի «Լանթերման Աուդիտորիում» սրահում խաղացել են 4 ներկայացում: Ի դեպ, մինչ մեկնելը 3 ներկայացման տոմսերը սպառված են եղել, 4-րդն արդեն ստիպված ավելացրել են և, ըստ թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լյուդվիգ Հարությունյանի, դեռ մեկ ներկայացման համար էլ պահանջարկ է եղել: Կազմակերպիչներն առաջարկել են մեկ շաբաթով հետաձգել վերադարձը, բայց. «…բայց, քանի որ մենք այստեղ՝ մեր քաղաքում, մեր թատրոնն ուներ պլանավորած խաղացանկ, ստիպված էինք վերադառնալ: Հյուրախաղերը կազմակերպել էր «Լևոն Թրավելը»՝ «Գլոբալ Արթս» ընկերության տնօրեն Կարպիզ Թիթիզյանի հետ համատեղ: Ներկայացումներին ներկա են եղել ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը, Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը, գյումրեցի նկարիչ և քանդակագործ Էմիլ Գազազը, գյումրեցի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը, ինչպես նաև արվեստի ու մշակույթի գործիչներ։ Ու մի բան էլ. երբ մենք այստեղ էինք ներկայացումը խաղում, դահլիճում մշտապես ներկա էին քառօրյա պատերազմի մասնակիցներից կամ նրանց ծնողները, և մեզ համար շատ հուզիչ էր, երբ Լոս Անջելեսում ներկայացմանը ներկա էր ապրիլյան քառօրյայի հերոս Արման Ավետիսյանը, ով վիրավորվելուց հետո բուժումն անցնում էր ԱՄՆ-ում»»,- ներկայացրեց ռեժիսորը՝ հյուրախաղերից վերադառնալու հաջորդ օրն իսկ հրավիրած մամուի ասուլիսի ժամանակ:

Ըստ Լ.Հարությունյանի, առավել տպավորիչ է եղել 3-րդ ներկայացումը, քանի որ հանդիսատեսը դպրոցականներն էին, հայկական վարժարանների սաները, շուրջ 800 սփյուռքահայ պատանի հանդիսատես. «Մենք նման տպավորություն ունեցել էինք լիբանանյան հյուրախաղերի ժամանակ: Մի քիչ անհանգստություն ունեինք, թե միգուցե չկարողանան ընկալել ներկայացման խոսքն ու խորքը: Բայց 800 երեխան, ինչպես Գյումրիում կամ Երևանում կդիտեին, այդպես այնտեղ, հուզվեցին, ներկայացումից հետո էլ հարցեր էին հղում մեզ, ուզեցին դերասանների հետ հանդիպել, խոսել, իրենց տպավորություններով կիսվել»:

Լյուդվիգը նաև պատմեց, թե որքան հուզումնալից է եղել ԱՄՆ-ում բնակվող գյումրեցի դերասանների հետ հանդիպումները, որոնք այդ օրերին մշտապես եղել են իրենց կողքին: Անգամ ստեղծագործական խումբը ստիպված է եղել մի քանի խմբերի բաժանվել, որպեսզի հյուրասեր հայրենակիցներին չնեղացնի, ու տարբեր հանդիպումներ ու հետաքրքիր այցելություններ են ունեցել:

Լ.Հարությունյանը ներկայացրեց, որ այս հաջողությունից հետո, արդեն իսկ երկու հրավեր ունեն ԱՄՆ և, իր կարծիքով, նման հյուրախաղերի շարքը դեռ կշարունակվի: «Հարսանիք թիկունքում»-ը Գյումրու թատրոնի լավագույն ներկայացումներից մեկն է, բայց ոչ միակը, այնպես որ, հաջորդ անգամ սփյուռքին կներկայանանք նաև այլ ներկայացումներով: Թատրոնը պատրաստվում է երկու նոր առաջնախաղերի, ինչպես նաև Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված 12 ներկայացումներ են հանձնվելու հանդիսատեսի դատին՝ շուրջ 2 ամիս տևողությամբ: Մարտ կամ ապրիլ ամիսներին՝ նաև Նիկոլայ Ծատուրյանի բեմադրությամբ ևս մի առաջնախաղ կլինի՝ Ս.Կոսյանի «Կյանքը վանդակյի կողքով» պիեսի հիման վրա»,- նշեց Լյուդվիգ Հարությունյանը։

ՀՀ վաստակավոր արտիստ Սուսաննա Բաղդասարյանն ասաց, թե սկզբում մտածել է, որ երկար ժամանակ հայրենիքից կտրված հայերն իրենց կարոտի զգացողությունն արդեն կորցրած կլինեն, սառած կլինեն, հաշտված ու հարմարված կլինեն այնտեղի կյանքին, բայց. «Ի ուրախություն ինձ՝ զգացի, որ այդպես չէ, ընդհակառակը, այդ տարիների կարոտն այնպես էր կուտակված նրանց մեջ, որ առիթ էր պետք, որ հրաբխի նման ժայթքեր: Եվ այս ներկայացումն եղավ այդ առիթը. միաձուլվեցին՝ և՛ թեման ու իր թողած խորքային ազդեցությունը, և՛ հայաստանցի հայրենակիցների հետ հանդիպումը: Ասես մենք մի խորան էինք մտել, որտեղ պահպանվել էր մեր արվեստը, մեր հավատքը, երկկողմանի ցնծությունը մեզ էլ, նրանց էլ ասես հունից հանել էր: Էլ չեմ ասում այնտեղ բնակվող մեր հայրենակից դերասանների մասին, որ հերիք չէ ներկայացումների ժամանակ էին մեր կողքին, հետո գալիս էին հյուրանոց, ու չէին ուզում բաժանվել մեզանից: Բաժանումը մենք բոլորս շատ ծանր տարանք, լաց էինք լինում: Անընդհատ հարցնում էին, թե ինչ հույսեր կան, ինչ փոփոխություններ կան հայրենիքում, արդյո՞ք երկիրը՝ երկիր կդառնա, անհանգստացած էին»:

Լ.Հարությունյանն էլ մեջբերեց, որ սփյուռքի հայրենակիցների մոտ հույս է տեսել, որ բոլորը սպասում են, որ այստեղ՝ Հայաստանում ամեն ինչ շատ լավ է լինելու. «Հետևում են Հայաստանում  տեղի ունեցող բոլոր շարժերին, ու բոլորն էլ մեկ ցանկություն ունեն. մի օր վերադառնալ Հայաստան, առավել ևս գյումրեցիները, որ փափագով ասում էին՝ հա թող մի քիչ էլ քարուքանդ լինի: Որքան էլ իրենց կյանքն այնտեղ բարեկեցիկ է, մարդկային նորմալ պայմաններ կան ստեղծված, բայց կարոտը, Գյումրու նկատմամբ սերն ու ձգողականությունը, ջիգյարը բոլորին ձգում է դեպի հայրենիք»:

Մի կարևոր դիտարկում էլ արեց Լ.Հարությունյանը. «Մեր հայրենակիցներն ասում էին, թե հայաստանյան արտիստները միշտ եկել, ամերիկաներ հասել, ծիծաղի, հումորի ներկայացումներ են բերել, և իրենք էլ, այո, ծիծաղել են, բայց որ այսպես՝ հուզվելու, միասին լացելու պիտի գային՝ ներկայացման, որտեղ շատերը դերերի մեջ իրենց են պատկերացրել, այ սա է, որ ներկայացումն հստակ իր խոսքն է փոխանցել հանդիսատեսին, որ պետք է ապրենք, միահամուռ լինենք ու չկոտրվենք»

ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանը նախ շատ հուզիչ խոսքով հանդես եկավ՝ հայապահպանության, մշակույթի պահպանման մասին արտահայտելով իր մտքերը: Ապա պատմեց իր զգացողությունների ու ստացած տպավորությունների մասին. «Մի ներկայացման ժամանակ դահլիճում քար լռություն էր: Բայց երբ վերջին դրվագում ներս մտավ զինվորական հագուստով հերոսը, բոլորն այնպիսի հուզմունքով սկսեցին ծափահարել… Մենք հասկացանք, որ մեր խոսքը տեղին էր, որ մենք կարողացել էինք մեր էմոցիաները փոխանցել հանդիսատեսին»: Նաև հավելեց, որ կուզենար, որ միջոցառումների կազմակերպիչները մտածեին հայանպաստ գործունեություն ծավալելու ուղղությամբ, որ այնպիսի մշակութային, բարձրաճաշակ ներկայացումներ սփյուռքին ներկայացնեն, որպեսզի մարդկանց մոտ ազգային մշակույթի հանդեպ կապն ամրապնդվի. «Մեր մշակույթը պետք է հավուր պատշաճի ներկայացվի, որպեսզի սփյուռքում սերունդների մոտ ազգայինը խոր արմատներ գցի, իսկ դա հնարավոր է միայն բարձրաճաշակ մշակութային արժեք ներկայացնող ստեղծագործություններով ու միջոցառումներով փոխանցել»:

Եզրափակելով ասուլիսը, Լյուդվիգ Հարությունյանն ասաց. «Թող տպավորություն չստեղծվի, թե մենք մնալով մեր հողում՝ հերոսացել ենք: Սփյուռքն էլ իր կռիվն է տվել, ու միշտ եղել է մեր թիկունքում՝ թե՛ հոգեպես, թե՛ աջակցությամբ, թե՛ օտարության մեջ հայապահպանությամբ»:

print
1,051