«Հարսանիք թիկունքում» կամ՝ ապրել եւ ապրիլ ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

«Հարսանիք թիկունքում» կամ՝ ապրել եւ ապրիլ

Շուտով Գյումրու դրամատիկական թատրոնում հանդիսատեսի դատին կհանձնվի «Հարսանիք թիկունքում» երկու գործողությամբ դրաման, որը նվիրված է ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին: Առաջնախաղը նախատեսված է մայիսի 30-31-ին: Ներկայացման ռեժիսորն է Լյուդվիգ Հարությունյանը, պիեսի հեղինակը՝ Անահիտ Աղասարյանը, երաժշտական ձևավորումը երգիչ, կոմպոզիտոր Հայկոյինն է, բեմի նկարիչ-ձևավորողն է Գարեգին Եվանգուլյանը, զգեստների ձևավորումը՝ Լուսինե Խաչատրյանի:

 

«Ես հպարտանում եմ մեր հերոսներով, նրանց սխրանքով»

Հարցազրույց Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոնի գլխավոր ռեժիսոր ԼՅՈՒԴՎԻԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

— Ինչպե՞ս ծնվեց ներկայացման սյուժեն, չնայած հասկանալի է, որ «Հարսանիք թիկունքում» պիեսի լեյտմոտիվը կրում է ապրիլյան քառօրյա պատերազմի ազդեցությունը:

— Այդպես է: 2016թ. ապրիլի 7-ին Գյումրու թատրոնում ներկայացում էր՝ «Լիր Արքան», և ես ներկայացումից առաջ բեմ դուրս եկա ու ասեցի. «Յուրաքանչյուրս մեր ձևով ենք կռիվ տալիս… Սա էլ մեր կռվի ձևն է, մենք պետք է շարունակենք ապրել, ներկայացում խաղալ»: Մենք սկզբունքորեն որոշեցինք, որ ոչ մի ներկայացում դուրս չի գալու խաղացանկից: Եթե այդպես վարվեինք, ուրեմն մենք պարտվել էինք, բայց մենք պարտվելու ոչ մի մտադրություն չունենք:

Բնական է, որ մեր թատրոնը պետք է անդրադարձ ունենար ապրիլյան պատերազմին: Որպես պիեսի ռեժիսոր և անձ՝ ես հպարտանում եմ մեր հերոսներով, նրանց սխրանքով: Բայց այս պատմությունը մեզ համար սգալու պատմություն չէ, այլ հպարտանալու: Փորձում էինք պատասխանել «ի՞նչ», «ինչպե՞ս» հարցերին, քանի որ թեման շատ կարևոր, նուրբ ու նույնիսկ վտանգավոր է, որովհետև դու պետք է հավաստի ներկայացնես, ոչ սարքովի… Ես գտա, որ ավելի ճիշտ կլինի թիկունքի պատմություն ներկայացնելը, և ոչ թե մարտի դաշտ, մարտական գործողություն: Ինձ համար բեմում խրամատ, մարտական իրավիճակ ներկայացնելը թվում է սխալ, չի ստացվի այն, ինչ պետք է: Երբ հույզերն ես բերում առաջին պլան, ավելի ազդեցիկ է, քան իրադարձություններ ներկայացնելը: Այս ներկայացումը մի ընտանիքի պատմություն է: Ես հեռուստաեթերներից մեկով մի փոքրիկ պատմություն տեսա, որտեղ մեր գյումրեցի հերոսներից մեկը, ով Թալիշում էր ծառայել, սիրահարվել էր, ու այդ աղջկա հետ ամուսնացել, բերել Գյումրի: Բայց… Նա չհասցրեց տեսնել իր նորածնին: Այս պատմությունն ինձ համար պիեսի առանցք է դարձել, բայց ոչ ամբողջական սյուժե: Մտքերովս կիսվեցի դրամատուրգ Անահիտ Աղասարյանի հետ: Ի ուրախություն ինձ, նա ևս ոգևորվեց ու կիսեց իմ մոտեցումները:

— Տեղյակ եմ, երկար ժամանակ այս թեմայի շուրջ խոսում էիք, պլանավորում…— Այո, մոտ մեկ տարի է, որ ընթանում են ստեղծագործական աշխատանքները. նկարչական ձևավորում, դեկորացիաներ: Պետք է ասեմ, որ բեմի նկարիչ-ձևավորողը՝ Գարեգին Եվանգուլյանը, մի շատ հետաքրքիր անձնավորություն է, ով կարողացավ անել առավելը… Մի տան մեջ է սյուժեն զարգանում, ու այն պետք է ճիշտ ու տեղը տեղին լիներ, ինչը դերասաններին մեծ հնարավորություն է տալիս զգալու մթնոլորտը: Մեզ միացավ նաև զգեստների ձևավորող Լուսինե Խաչատրյանը, ով զգեստների շատ ճիշտ ընտրություն է կատարել: Երաժշտական ձևավորումն էլ կոմպոզիտոր Հայկոյինն է, ով ընթացքում, փորձերի ժամանակ մեզ միանալով, ստեղծեց տիպիկ երաժշտություն, որն արդեն որպես կլիպ հեռարձակվում է հեռուստատեսությամբ:

— Ասացիք մի ընտանիքի պատմություն է, որտեղ հարսանիք է… Ենթադրելով անվանումից, ինչպիսի՞ զարգացումներ ու լուծումներ եք տվել: Ի՞նչ խոսք ունի ասելու «Հարսանիք թիկունքում»-ը:

— Ապրիլի 2-ն է, գերդաստանի միակ արու զավակի հարսանիքն է, մեր գործողությունները կատարվում են ապրիլի 2-ին ու 6-ին: Շատ չակերտներ չեմ բացի: Ամեն մի կերպարն իր մեջ մարմնավորում է մի քանիսին, դուք այս ներկայացման մեջ չեք տեսնի կոնկրետ մեկ հերոսի, այլ համարյա բոլորին կգտնեք նրանց մեջ: Ինչպես Արամ անունով հերոսն է իր խոսքում համեմատություններ տանելով 90-ականների ու ներկայիս հերոսների միջև հարցադրում. «Իրենք լավն էին, դրա՞ համար գնացին զոհվեցին, թե՞ զոհվեցին ու դրա համար էլ մեզ համար դարձան լավագույնը»… Փառք ու պատիվ բոլոր հերոսներին, ովքեր հանուն հայրենիքի են զոհաբերել իրենց կյանքը, բայց ինչպե՞ս հերոս չկոչես նաև նրանց ծնող մայրերին, քույրերին, նաև սիրած աղջկան, ով ճանապարհեց, ով հավատաց, հույսով սպասեց… Գուցե մեկի հավատը կոտրվեց, ում սպասում էր՝ չվերադարձավ, բայց շարունակեց ապրել ու հավատալ: Ներկայացման գերխնդիրը՝ ապրել ու չկոտրվելն է, իրավունք չունենք հույս կորցնելու: Ներկայացման պատմությունը թիկունքում է, այստեղ է խոսվում պատերազմի մասին: Իսկ քանի որ Գյումրիում է դեպքերը զարգանում, առանձնահատկությունն ի՞նչը պիտի լիներ… Մեր թատրոնը որդեգրել է մի մոտեցում. անել մի բան, որը ճշգրիտ է ու հավաստի: Դրա համար մենք որոշեցինք ժանրը լինի տրագիկոմեդիա: Տեսեք, հանդիսատեսը գիտի, որ ներկայացման սյուժեի հիմքում պատերազմն է, որտեղ լաց է, ցավ, բայց մենք նրան առաջին գործողությամբ ներկայացնում ենք հարսանիք, փորձել եմ լացի կողքին ծիծաղ սկզբունքը պահպանել, չեմ ուզում խոսել հայրենասիրության մասին, այլ ուզում եմ խոսել հայ կնոջ հզորության, տոկունության, վստահության, վեհության մասին: Ներկայացման մեջ կա և՛ գյումրեցու կոլորիտով տատ, և՛ ազգային փոքրամասնություն ներկայացնող կին: Մի խոսքով, պետք է ասեմ, որ յուրաքանչյուր դերասանի կերպարը մեր կյանքից է վերցված, ովքեր խոսում են մեր կյանքում տեղ գտած թե՛ արտագաղթից, թե՛ սոցիալական վիճակից, թե մնացյալ այլ խնդիրներից:

— Քանի՞ դերասան է ընդգրկված ներկայացման մեջ:

— 30 դերասան, բոլորի կողմից սիրված ու ընդունելի արտիստներ: Գլխավոր երիտասարդ հերոսներին մարմնավորում են Երևանի թատրոնի և կինոյի Գյումրու մասնաճյուղի 3-րդ կուրսի ուսանող Տարոն Գրիգորյանն ու թատրոնի դերասան Արսեն Սաղաթելյանը, ովքեր բեմում կլինեն վաստակավոր դերասանների կողքին՝ Անահիտ Քոչարյան, Սուսաննա Բաղդասարյան, Հովհաննես Հովհաննիսյան և այլոք: Կարծում եմ, ներկայացումը դեռ երկար ժամանակ կմնա խաղացանկում:

— Շատ հետաքրքիր է, թե ինչպիսի զարգացումներ են լինելու…

— Ես արդեն նշեցի, որ միայն սուգ ու լաց չէ, դրա կողքին ծիծաղ է, բայց ես խոսում եմ նաև մեր խնդիրների մասին, միայն մեր ազգի դրական հատկանիշներից չէ, որ խոսում ենք, պետք եղած պահին նաև փնովում ենք, թե ինչո՞ւ է այսքան տարի այսպես, ինչո՞ւ չի լուծվել այդ, այսինքն մենք խոսում ենք մեր գենի մասին՝ իր ողջ գունապնակով: Ու եկեք խոստովանենք, որ ապրիլի 1-ին մենք այդքան իրար չէինք սիրում, որքան ապրիլ 2, 3, 4-ին… Ինչո՞ւ պիտի լինեն ապրիլի մեկեր, որ մենք միախմբվենք… այս ներկայացումը ոգեշնչում է, ավելի շուտ նաև կոչ է, որ մենք երբեք չկոտրվենք, ինչպես մեր հերոսն է ասում. «Տղեքն ինձ ստիպում են ապրել ու չկոտրվել», «Տղեքն ինձ ստիպում են, որ…»… հարսանիքը պիտի լինի, շարունակվի ու դա կյանքն է: Ուզում եմ, որ ներկայացման հանդիսատեսն ավելի շատ երիտասարդները լինեն, նրանց սա շատ է պետք:

 

Գյումրու թատրոնը մշակույթ է վերականգնում

Հարցազրույց կոմպոզիտոր, երգիչ ՀԱՅԿՈ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:

— Հայկո, «Հարսանիք թիկունքում» ներկայացման երաժշտական ձևավորումը Ձերն է: Սա կարծես նախադեպ է, որ ներկայացման համար առանձին երաժշտություն է գրվում:

— Նախ, ես հարկ եմ համարում խոսել Գյումրու թատրոնի մասին. այն ինձ համար շատ բարձր տեղ ունի: Պիեսի մասին պետք է ասեմ, որ փորձաշրջանի մեջ լինելով, ամեն անգամ ներկա գտնվելով միայն հուզմունք եմ ապրում, ուղղակի ընդհանուր թեման շատ հուզիչ է: Պատասխանեմ Ձեր հարցին. այս մշակույթը կարծես վերացել էր, մնացել էր միայն ֆիլմերի համար հատուկ երաժշտություն ստեղծելու մշակույթը, սակայն ի շնորհիվ Գյումրու թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանի, այն նոր շունչ ստացավ ու վերականգնվեց: Հույս ունեմ, որ այս մշակույթը կմնա:

— Երաժշտության ստեղծման համար Ձեզ համար ոգեշնչման ազդակ ի՞նչը հանդիսացավ. քառօրյա պատերազմի ազդեցությո՞ւնն էր, պիեսին ծանոթ լինե՞լը միգուցե:

— Այսպես ասեմ՝ երաժշտությունը ծնվել է փորձերի ընթացքում: Ես եկել եմ Գյումրի, ներկա գտնվել փորձերին, իսկ մինչ այդ չէի պատկերացնում, թե ինչպիսի երաժշտություն է անհրաժեշտ, պատասխանատվությունն էլ շատ մեծ էր: Արդեն 2-3-րդ փորձի ժամանակ իմ մոտ ծնվեց լեյտմոտիվը, ու սկսվեց երաժշտության ստեղծման հետագա աշխատանքները:

— Քանի որ շատ բան դեռ չակերտների մեջ են պահվում, խոսքն այնպիսի գործիքային մեղեդու մասին է, որն ամբողջ ներկայացման ընթացքո՞ւմ է ուղեկցելու:

— Ոչ, ոչ, խոսքը մեկ երաժշտության մասին չէ, ամբողջ երաժշտական ձևավորումն է: Դուք նման բան տեսած-լսած կլինեք ֆիլմերում՝ «սաունդ-թրեքեր», որոնք հատուկ տվյալ ֆիլմի համար են գրվում: Ուղղակի այս դեպքում մեկը՝ գլխավոր երաժշտությունն ունեցավ նաև կլիպ, որի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է, ու արդեն երկու օր է հեռուստատեսությամբ ցուցադրվում է: Ասեմ, որ արդեն իսկ շատ-շատ արձագանքներ են եղել:

— Նույն կերպ, երբ ֆիլմերի համար «սաունդ-թրեքեր» են գրվում, հետագայում նաև խոսքեր են գրվում, ու այնպիսի հիթային երգ կամ երաժշտություն է դառնում, որ լայն տարածում է ունենում: Ի՞նչ եք կարծում, այս պարագայում կա՞ նման բան, հնարավո՞ր է, որ Ձեր ստեղծած այս երաժշտությանը նույնպես բառեր ավելացվեն:

— Ես կարծում եմ, որպես գործիքային երաժշտություն, այն ավելի լավ է:

print
1,094