Հեղափոխությունը Գյումրուց եւ Գյումրիում ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հեղափոխությունը Գյումրուց եւ Գյումրիում

I-Link open platform for ideas («Այ-լինկ» գաղափարների բաց հարթակ) հասարակական կազմակերպության «120 րոպե» ակումբ ֆորմատով՝ գործընկեր կառույց Գյումրու «Համով լանչ»-ում կազմակերպվել էր հանդիպում «Քայլ արա» և «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամների, ինչպես նաև Գյումրիում շարժաման առաջնորդների հետ: Ի դեպ՝ մուտքն ազատ էր և հյուրասիրությունն էլ անվճար: Նշեմ, որ մեծ թվով մարդիկ էին եկել հանդիպմանը, ովքեր այս կամ այն կերպ մասնակցել էին «թավշյա հեղափոխության» երթերին, ցույցերին ու ակցիաներին: Բոլորին հետաքրքիր էր ևս մեկ անգամ խոսել, վերհիշել, քննարկել՝ ինչից սկսվեց, ինչպես եղավ:

Ըստ նախատեսածի, Երևանից ավելի շատ հյուրեր էին գալու, սակայն տարբեր պատճառներով բոլորը չէ, որ կարողացել էին ներկայանալ, բայց հեռախոսակապով նրանք ևս մասնակցեցին այս հանդիպմանը:

Դավիթ Հովհաննիսյանը, որը «Քայլ արա» և «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամներից է ու «Մերժիր Սերժին» սլոգանի հեղինակը, նշեց. «Բոլորս էլ պատմական գործընթացի մասնակիցներ ենք՝ շնորհավորում եմ թավշյա հեղափոխության կապակցությամբ: Մեր ծնողները 88-ին Ղարաբաղյան շարժման ու Հայաստանի անկախության կերտողներն էին, իսկ 2008-ից մեկ այլ տեսակի շարժում սկսվեց՝ Հայաստանի ազատումը բռնազավթողներից, որը զենքով ու արյունով ճնշվեց, և 10 տարի անց վերջապես հաջողվեց արդյունքի հասնել ու ազատվել բռնատիրական ռեժիմից: Կարծում եմ՝ մեր այս շարժումը կհայտնվի Հայոց պատմության դասագրքերում՝ որպես պետության կայացման վառ օրինակ: Մարտի 31-ին սկիզբ առավ «Իմ քայլը» նախաձեռնությունը, իսկ մինչ այդ, մարտի 24-ին «Մերժիր Սերժին» նախաձեռնության հետ համատեղ ունեցանք առաջին հանդիպումը, որին մասնակցում էր մոտ 100 մարդ՝ այդ թվում լրագրողները: Սկզբում շատերն ասում էին, թե սա անիմաստ է, անհույս է, որևէ բանի չի բերի: ՀԿ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպեցինք, մեզանից մի քիչ տարիքով մարդկանց, ովքեր նույնպես մեծ հույսեր չէին կապում:

Ամեն ինչ սկսվել էր դեռ մարտի 1-ի հանրահավաքից հետո. ես ու Արմեն Գրիգորյանը, ով ներկայում Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն է, ևս մի քանի երիտասարդներ, հանրահավաքից հետո հավաքվեցինք սրճարաններից մեկում ու որոշեցինք, որ երիտասարդներով պետք է անենք մի բան, որպեսզի փոխենք մեր կյանքը: Ակցիայից առաջ նույնիսկ որոշել էինք նախաձեռնության անունը դնել «Փոխելու ենք», իսկ սլոգանը՝ «Մերժիր Սերժին», բայց հենց նույն օրը նախաձեռնության անունը փոխեցինք ու հարմարեցրինք՝ «Քայլ արա, մերժիր Սերժին», ինչը բառախաղով շատ սահուն ստացվեց: Պատկերացրեք, քայլում ես դպրոցներով, բուհերով ու «Քայլ արա, մերժիր Սերժին» հնչեցնում: Ու շուտով համոզվեցինք, որ չէինք սխալվել, քանզի արտահայտությունն ընդունելի դարձավ բոլորի կողմից: Որքան էլ մարդիկ տարբեր կուսակցությունների, տարբեր լիդերների ու անհատների հանդեպ ունեին տարբեր մոտեցումներ, սակայն կար մի ընդհանուր բան, ինչը բոլորին միավորում էր, և դա Սերժի հանդեպ ունեցած բացասական վերաբերմունքն էր:

Այդպիսով, քայլ արվեց Գյումրիից՝ սկզբում 10 հոգով, հետո դարձավ 50-100, և այդպես շարունակ: Մեր ակցիաները ՔՊ-ի ակցիաների հետ համատեղեցինք ու ապրիլի 13-ի հանրահավաքից սկսած դարձավ միասնական ակցիա. կրեատիվությունը, նոր տեխնոլոգիաների կիրառումը միանգամից մարդկանց տրամադրությունը փոխեց: Մենք հետո հասկացանք, որ նոր տեխնոլոգիաների օգտագործմամբ հասանք արդյունքի, ինչին իշխանությունը պատրաստ չէր: Հին ձևերով շարունակելով՝ սկզբում անտեսում էին, հետո մարդկանց բերման ենթարկում, բայց «Ֆեյսբուքը», «Լայվ»-ը ու մնացած կրեատիվությունը շոկի մեջ գցեց նախկին իշխանությանը, դրան ավելացրած ապակենտրոն, ցանցային ցույցերը, փողոց փակելը… իրենք այդքան ռեսուրս արդեն չունեին: Իսկ բռնության գնալն էլ է՛լ ավելի էր զայրացնում մարդկանց»:

Հանդիպման կազմակերպիչ` I-Link ՀԿ նախագահ Էմմա Բաղդասարյանը կես կատակ-կես լուրջ հարցրեց, թե որքանով հիշում է, առաջին ակցիան Սերժին թոշակի ուղարկելու «10 դրամանոց»-ից սկսվեց՝ «Ո՞ւր են էդ հավաքագրած գումարները»: Դավիթը բացատրեց, որ այն որոշվել էր նախագահականում տալ Սերժին, բայց ոստիկանական պատնեշը հնարավոր չէր ճեղքել: Որոշել են այդ գումարները «Թավշյա հեղափոխություն» անունը կրող թանգարան բացել ու հանձնել այդ թանգարանին՝ մի պայմանով. երբ էլ Սերժ Սարգսյանը ցանկություն հայտնի ստանալ իր համար նախատեսված «10-դրամանոց» հանգանակված գումարը՝ փոխանցել իրեն: Դավիթը կարծիք հայտնեց, որ իրոք, շատ լավ կլինի, որպեսզի նման թանգարան բացվի, քանզի այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, արժի սերունդներին փոխանցել, մանավանդ որ շարժման կապակցությամբ այնպիսի մեծ պաշար է հավաքվել, տարբեր բնույթի ու տեսակի՝ սկսած երգերից ու լուսանկարներից, վերջացրած պաստառներով ու այլ ատրիբուտներով:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Կարապետ Մխչյանն «Իմ քայլը» փողոցային նկարչության հեղինակն է. «Քանի որ որոշվել էր քայլարշավը Գյումրիից սկսել, գիշերային ուշ ժամերին եմ արել այդ գրաֆիտիները: Եղել է, որ մարդիկ մոտեցել, հարցրել են, թե դա ինչ է, իսկ քանի որ կուսակցության ներսում որոշում կար ամեն ինչ պահել կոնֆիդենցիալ, շատ փակագծեր չէինք բացում, մինչև Նիկոլը մարտի 31-ին կհայտարարեր»,- պատմում է Կարապետը:

Ղարիբ Հարությունյանի պատմելով, երբ այս ամենը սկսվել է, ինքը երկրից բացակայել է, հետո է համացանցից տեղեկացել, որ նման քայլարշավ է կազմակերպվել. «Սկզբում մտածեցի, որ հերթական ձախողման փորձ կարող է լինել՝ հաշվի առնելով նախորդ փորձերը: Ամսի 16-ին, երբ պատրաստվում էի երեխաներիս մանկապարտեզ տանել, Կարեն Պետրոսյանից զանգ ստացա: Ասաց. «Ընձի կթվա՝ Նիգոլը լուրջ է… Պետք է միանալ»: Ես սկսեցի մտածել. նախ հաշվարկեցի, եթե կնոջս ու մայրիկիս աշխատանքից ազատեն, եթե ինձ բռնեն, 7 տարի կկարողանա՞ն յոլա գնալ… Համոզվեցի, որ մինիմալով կդիմանան, զանգեցի Կարենին ու ասացի, որ երեխաներին կտանեմ մանկապարտեզ ու կգամ: Եվ, ինչպես հայտնի է, մենք այդ բոլոր օրերի ընթացքում այլևս ուրիշ բաներից տեղյակ չէինք, քանի որ հեղափոխական գործընթացների մեջ էինք»:

Դավիթը հավելեց, որ այս շարժումը չպետք է դիտարկել ի հակադրություն նախորդ շարժումների, հակառակը, շարունակությունն է, մնացածի չպարպած էներգիան հավաքվել-կուտակվել է, բոլոր այն մարդիկ, ովքեր այս ընթացքում 2008-ին, հանրաքվեին, Թռչկանին և այլն, ձեռք են բերել փորձ, միատեղվել են ու բերել է այսօրվա հաղթանակին:

Կարեն Պետրոսյանն էլ նշեց. «Նիկոլի հետ կապված ասեմ, որ մենք նրան միշտ հարգել ենք: Մենք ՔՊ-ի հետ մտերիմ էինք, ՏԻՄ ընտրությունների ժամանակ էլ միասին քննարկումների մեջ ենք եղել, բայց, երբ նրանք միացան «Լուսավոր Հայաստանին», դա մեզ մոտ հարցեր առաջացրեց, ու մենք որոշել էինք մի կողմ քաշվել: Երբ Նիկոլը քայլարշավը սկսել էր, մենք Տաթևում ենք եղել, երբ արդեն հասել էր Սևան, նոր տեղյակ եմ եղել: Ամսի 15-ին եղավ անհնազանդության կոչը: Երբ տեսա, որ Նիկոլը գնաց ու նստեց ավտոբուսի անիվների դեմ, դեռ վերապահում ունեի: Այս հեղափոխությունն ավելի շատ Աստված մոտիվացրեց, մանավանդ սիրո և համերաշխության կոնտենտն ավելի գեներացրեց, ասացի՝ չէ, մի բան կա, որ այս մարդն ինքնազոհաբար ակների դեմ է պառկել: Իմ խոստովանահոր հետ էլ խորհրդակցեցի, նա էլ երկկարծիքի էր, բայց ասաց, թե էսքան քաշվել եք, սա էլ անցեք: 2008-ին էլ ենք եղել, 2012-ին էլ, ու մյուսներին էլ, ուզում էինք հասկանալ, թե ինչքանով է մինչև վերջ գնալու Նիկոլը: Ու Նիկոլն ասաց. «Եթե վաղը Սերժը կընտրվի վարչապետ, մենք կհայտարարենք ոչ բռնի, խաղաղ, թավշյա հեղափոխություն»: Այս նախադասությունն ինձ լրիվ համոզեց ու ապացուցեց, որ Նիկոլն այն մարդն է, որն իրեն դրել է զոհասեղանին: Ուրեմն նրա կողքին պետք է կանգնել»:

Հանդիպման մասնակիցների համար այդպես էլ անհասկանալի էր մնացել, թե ինչը ստիպեց, և ինչպես հաջողվեց, որ Հայաստանի բոլոր քաղաքներում դպրոցահասակներն ու ուսանողները ինքնակազմակերպվեին ու միանային շարժմանը: Իսկ հետագա գործողություններն արդեն զարգանում էին ըստ Նիկոլի ու նախաձեռնության անդամների ցուցումներով:

Բանախոսները խոսեցին հիասթափության պահերից, վախերից ու անհանգստություններից, նաև ազգային այն զարթոնքից, որը միավորեց ողջ հայությանը ու բերեց, հասցրեց հաղթանակի:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ

print

1,408