Հեղափոխությունը հասցնելու ենք ավարտին ⋆ «Շրջապատ»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հեղափոխությունը հասցնելու ենք ավարտին

Հարցազրույց ԱԺ ընտրությունների Շիրակի մարզում «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածու` «Ցայգ» հեռուստաընկերության լրագրող, «Իրականում» հաղորդաշարի հեղինակ և վարող ՆԱԶԵԼԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ (մասնագիտությամբ` իրավաբան, ավարտել է Մոսկվայի «Միջազգային Ձեռներեցության ակադեմիան»՝ իրավագիտության մագիստրոսի որակավորմամբ):

Նազելի, Ընտրական օրենսգրքում առայժմ հնարավոր չեղավ փոփոխություն մտցնել և դուրս մղել ռեյտինգային ընտրակարգ հասկացությունը: Գոնե մենք, ովքեր ի սկզբանե դեմ ենք եղել այս ընտրակարգին, շատ լավ պատկերացնում ենք, թե դա ինչ թերի, բաց կողմեր ունի: Այդուամենայնիվ, հիմա սա է փաստը, ուղղակի մարդկանց մոտ հույս էր արթնացել, թե հեղափոխությունը բերելու է մեծ փոփոխություններ: Կուզենայի լսել Ձեր կարծիքը:

— Իրոք, ռեյտինգային ընտրակարգը Ձեր նշած բոլոր վտանգները պարունակում է, իսկ նախկին խորհրդարանում չհաջողվեց փոխել ԸՕ-ն, ինչը կբացառեր որոշ անհատների, թաղային հեղինակությունների, մականունավորների մուտքը ԱԺ, որովհետև իրենք որևէ լծակ չէին ունենա: Ցավոք սրտի, այսօր մենք ընտրության ենք գնալու հին ԸՕ-ով, որը բազմաթիվ խնդիրներ է ստեղծում, բայց պետք է կարողանանք հնարավորինս կանխել արատավոր երևույթները, որոնք ենթադրում է այս ընտրակարգը: Ի՞նչ է նշանակում ռեյտինգային. հենց բառն արդեն վանող է, թեև օրենսգրքում նշվում է տարածքային, բայց կարծես թե մեր մեջ մտած է այլ բացատրություն. ռեյտինգ ունի այն մարդը, որը չակերտավոր հեղինակություն ունի: Ազգային ժողովը հեղինակությունների ժողովարան չէ, սա օրենսդիր մարմին է, և այդ մականունավոր մարդիկ, ովքեր իրենց լծակներն ու ճնշումներն օգտագործում էին քաղաքացիների դեմ՝ իրենց նպատակներն իրացնելու համար, նրանց մուտքը պետք է բացառենք, յուրաքանչյուր քաղաքացի պետք է վստահ լինի, որ ինքն ապահովագրված է պետության կողմից, և որևէ մեկը չի կարող իր վրա ճնշում գործադրել:

Հեղափոխությունից քիչ ժամանակ է անցել, հասարակության մոտ արդյո՞ք գաղափարների հիմնարար փոփոխություններ տեղի ունեցել են, արդյո՞ք նա պատրաստ է թողնել հին սովորությունները, որոնք անկախ ամեն ինչից, բոլոր ընտրությունների ժամանակ, այսպես ասած, հետապնդել են իրեն: Արդյո՞ք մտավախություն չկա, որ ընտրողը նորից, ակամա, տուրք կտա սովորությանը:

— Հին ձևով ընտրությունների եթե գնան ու գումար բաժանողներ չլինեն, ի՞նչ են անելու… Պարզապես, հնարավոր է, մենք ունենանք մասնակցության ցածր տոկոս, համենայնդեպս, այսօր շեշտադրումը դրվում է այս հանգամանքի վրա: Այսօր, եթե իշխանությունների կողմից կա քաղաքական կամք, իրավապահ մարինների կողմից կա համապատասխան գործողություններ, ապա ընտրակաշառքի ցանկացած փորձ կանխվելու է:

Համամիտ եմ, որ վերջապես շատ բան կախված էր իշխանությունների քաղաքական կամքից, սակայն մի հանգամանք կուզենամ նշել. վերջին մի քանի ընտրությունները ցույց են տվել, որ ընտրություն տեղի էր ունենում մինչև բուն ընտրության օրը: Նախկին իշխանությունները շատ լավ ուսումնասիրել էին ընտրողի հոգեբանությունն ու հատուկ մեխանիզմներ մշակել, որոնցով հնարավոր էր մանիպուլյացիաների գնալ: Ուներ գործիքակազմ, որը երբեմն շատ դժվար էր բացահայտելը, եթե ցայտուն ընտրակեղծիք տեղի չէր ունենում, որպեսզի «ձեռքը բռնեիր»…

— Տեսեք, նախորդ ընտրություններից հետո, որևէ քաղաքական ուժ չվիճարկեց ընտրությունների արդյունքն ու լեգիտիմությունը, գոնե այն ուժերը, որոնք խորհրդարան էին անցել, մանավանդ,  ընտրական շեմը հաղթահարած այն ուժերը, որոնք որպես ընդդիմություն էին, չվիճարկեցին ընտրությունների արդյունքները, համարելով, որ գոնե տեղամասային կենտրոններում ամեն ինչ անցել է թափանցիկ կարգով, իսկ այն, ինչ տեղի է ունեցել ընտրատեղամասերից դուրս՝ ցուցակագրում, գումարների բաշխում, մեխանիզմներ, դա կար, և ոչ մեկ դրա դեմ չէր կարող պայքարել: Խնդիր կար, որ նախորդ ընտրությունների ընթացքում համապատասխան ճիշտ ձեռագրով չէին գործում իրավապահ մարմինները: Որպես լրատվամիջոց ահազանգում էիր խնդրի մասին՝ աչքաթող էին անում: Սակայն այսօր կարծում եմ խիստ է դրված:



Ուզում եք ասել, որ իշխանությունները քաղաքական կամք դրսևորելով, իրավապահ համակարգը կաշխատի ինչպես հա՞րկն է:

— Այո: Տեսեք, քաղաքացին կամ լրատվամիջոցը չպիտի աղաղակեր խախտումների մասին, պետք է իրավապահ մարմիններն աչքաբաց լինեն և տեսնեն:

Համոզվա՞ծ եք, որ այսօր էլ թաղային հեղինակությունների, այսպես ասած, «տասովչիկները» դարձյալ նույն ձեռագրով չեն աշխատելու, թե՞ բան է փոխվել:

— Հավատացեք, որ տարբեր քաղաքական իրադարձությունների ընթացքում Ձեր նշած մարդիկ, ովքեր սպասարկել են տարբեր քաղաքական ուժերի, իրենց «ծառայություններն» առաջարկել են ու վստահ եմ, որ հիմա էլ նույնը կանեն: Միգուցե՝ ոչ ինձ, հասկանում են, որ լրատվամիջոց եմ, տեսակով՝ աղմուկ բարձրացնող եմ, բայց վստահ եմ, մյուսներին առաջարկել են: Հիմա, եթե քաղաքացին այսօր զգում է, որ սա բեկումնային ընտրություններ են, ինչում համոզված եմ և հավատացեք, որ այդպիսին է, ապա այդ մարդիկ ազդեցություն չեն կարողանա ունենալ: Ինչո՞ւ: Որովհետև նախորդ ընտրություններից հետո ընտրվածները բառի բուն իմաստով՝ չեն արել ոչինչ, ընտրվել, գնացել մի 5 տարի խորհրդարանում սուս-փուս նստել են, բացառությամբ 1-2-ի, ո՞վ է լսել այդ պատգամավորների անունները, քանի՞ անգամ են նրանք հարց բարձրացրել: Ի վերջո, մենք այսօր պետք է հասկանանք, որ պատգամավորը պետք է լինի մեր քաղաքից, մեր մարզից, մենք դրածոներ չպետք է ունենանք, չպետք է անցնեն մարդիկ, ովքեր մեր հարցերը չեն կարողանալու բարձրաձայնել:

Չնայած մեր ազգաբնակչությունը ԱԺ ընտրություններին մասնակցել է, պատգամավորներ է ուղարկել Ազգային ժողով, բայց երբևէ հույս չի կապել վերջիններիս հետ, չի հավատացել անգամ իր քվեի ուժին: Ուզում եք ասել, քանի որ իրավիճակ է փոխվել, նա պետք է վստահաբար, հավատքով գնա ազատ, արդար ընտրությունների՞:

— Ես վստահում եմ մեր ժողովրդին: Որոշներն այսօր ասում են, թե ժողովուրդը չի փոխվել, նախորդ ժամանակների 5-10 հազար վերցնողն է… Ոչ, որևէ մեկը, որևէ թեկնածու իրավունք չունի ժողովրդի անունից խոսելու, որովհետև նախկինում իշխանությունն աչք էր փակում, մարդիկ էլ հենց այնպես էին գնում ընտրությունների: Այս ընտրություններին, երկրի վարչապետի կողմից հստակ ասվում է՝ ով ուզում է լինի, անգամ իմ քաղաքական թիմից, եթե վարչական լծակներ է բանեցնում, եթե գումար է բաժանում, ապա նա օրենքի ուժով պետք է խստագույնս պատժվի: Եթե վերևից ունենք նման մոտեցում, ապա ներքևում չեն կարողանա ոչինչ անել: Ու վերջապես ժողովուրդը կհավատա, որ իր մեկ ձայնն էլ կարևոր է, թե որ մի թեկնածուն պետք է գնա օրենսդիր մարմին: Այստեղ մենք մի կարևոր խնդիր ունենք՝ մասնակցության բարձր ցուցանիշի ապահովման, որպեսզի լիարժեք լեգիտիմության շրջանակներում որևէ մեկը չվիճարկի ու չկասկածի: Ճիշտ է, մեր օրենքը չի ասում, թե ցածր մասնակցության դեպքում ընտրությունները չեղարկվում են, բայց որքան բարձր քվեներով անցնի իշխանությունը, այնքան ինքն իրավազոր կլինի ժողովրդի անունից հանդես գալու: Իսկ թե ում կընտրի ժողովուրդը, որ թեկնածուին կտա նախապատվությունը, դա արդեն անցած կենսագրությամբ, ձեռագրով, քաղաքում կատարած գործերով և ճանաչելիությամբ պետք է ֆիքսվի, այսինքն, մարդ պետք է գնա, ով կկարողանա մարզի համար հարց լուծել: Իսկ մենք մարզում ինչ խնդիրներ ունենք՝ բոլորս գիտենք: Ոչ թե փաստելն է, թե ինչ խնդիրներ կան, այլ պետք է պատասխանել «ինչպե՞ս» հարցին:

Ներկայում մանիպուլյացիոն մեկ այլ խաղարկում էլ կա. ասում են՝ «Մեկ է՝ Նիկոլի կուսակցությունն անցած է, դու արի ինձ՝ որպես քո թաղի տղա, ձեն տուր, ես էլ անցնեմ»: Դուք կարծես նման խնդիր արդեն բարձրաձայնել եք ֆեյսբուքյան հարթակում:

— Ավելին, ես ունեմ ձայնագրություն, որ քարոզարշավի պաշտոնական մեկնարկը դեռ չտրված, մարդիկ մտել են հենց իմ բարեկամի տուն, հարցրել, թե ում են ընտրելու, երբ ասել են, որ մեր Նազելիին, ասել են՝ «Մեկ էլ Նիկոլ Փաշինյանն անցած է, եկեք ձեր ձայնը տվեք էսինչ թեկնածուին»: Այո, փորձում են մոլորեցնել մարդկանց: Չէ, սա չի անցնելու, կանխվելու է, նման քաղաքական ուժն անցողիկ շեմը չպիտի հաղթահարի ու մտնի ԱԺ: Իսկ թե ով կանցնի, որ քաղաքական ուժը կանցնի, ժողովուրդն ինքն է հարցեր տալու: Մինչդեռ քաղաքացիներն ավելի շուտ լրատվամիջոցներին են դիմել, ինձ են դիմել, ես էլ հնարավորությունների սահմաններում հարցին կարողացել եմ լուծում գտնել, ճնշում գործադրել պաշտոնյայի վրա: Իսկ հիմա, ժողովրդի քվեն ունենալու դեպքում ես ավելի մեծ հնարավորություններ կունենամ ու վստահություն՝ գործելու: Ես չպիտի գնամ երևաններում նստեմ, աշխատավարձ ստանամ՝ տուն գամ, կամ չգիտեմ ինչ բիզնեսներ ունեմ, որ պիտի տանիքներ ապահովեմ:

Մանավանդ, որ հիմա իրավիճակ է փոխվել Հայաստանում, օլիգարխներ չպիտի անցնեն, էլ տանիքների խնդիր էլ չի լինի

— Շատ կարևոր է հասկանալ, որ եթե մենք ընտրում ենք որակյալ կադրեր, ապա այս խորհրդարանն աշխատելու է:

Հասարակությունը պետք է ընդունի մի իրականություն, որ ԱԺ պատգամավորն առօրեական հարց լուծողը չէ, նա ասֆալտ փռողն ու այսօրվա կոմունալ ծախսը փակողը չէ, այլ 5 տարիների համար աշխատող օրենսդիր է:

— Այո, այո, ոչ թե մանր հարց լուծող է, այլ գլոբալ հարց բարձրացնող ու գլոբալ լուծում տվող է: Հենց առաջին նախաձեռնությունը, որով կուզենայի հանդես գալ, դա պատգամավորին հետկանչման կամ ճնշում գործադրելու մեխանիզմների մշակումն է. եթե որևէ պատգամավոր լավ չի աշխատում, գնացել նստել է մի անկյունում կամ հանգիստ է վայելում Բաղրամյան 19-ում, ապա ժողովուրդն ինչպես մանդատ տվել է, այդպես էլ կարողանա ետ վերցնել, որովհետև իր դելեգատը անգործության է մատնված: Այս դեպքում որևէ պաշտոնյա, որևէ պատգամավոր այլևս ապահովագրված չի լինի, թե որոշակի ժամկետում կարող է մնալ այդ դիրքում:

Ի՞նչ առաջնային փոփոխություններ կուզենաք ևս առաջ տանել:

— Պետք է փոխվի Սահմանադրությունը և Ընտրական օրենսգիրքը: Այս խայտառակ կարգերի պատճառով է, որ 2-3 ամիս է՝ ազգովի կրկեսի մեջ ենք: Հրայր Թովմասյանի կարած-ձևած Սահմանադրությունը միայն իրենց հագով էր:

Անգամ շատ նեղ էին վերցրել ու կարքանդ եղավՆազելի, դու պատրաստ ես գնալու լուրջ փոփոխությունների. տեղափոխվել Երևան, սիրելի զբաղմունքը թողնել:

— Ոչ, ես չեմ պատրաստվում բնակավայր փոխել, ԱԺ նստաշրջանների ժամանակահատվածում պարտադիր ներկայություն կապահովեմ, իսկ մնացած ժամանակը ես իմ սիրելի քաղաքում կլինեմ, իմ ընտանիքի կողքին, մանավանդ, որդիս դպրոցական է: Դժվար կլինի, բայց այդ հեռավորությունն անհաղթահարելի չէ: Պատգամավորը, որը մարզից ու իր բնակավայրից տեղափոխվում է Երևան ու այնտեղից մտահոգություն հայտնում, դա մի քիչ սուտ է, պետք է տեղում լինի, որպեսզի ընտրողներին հասանելի լինի և մարդիկ կարողանան շփվել իրենց ընտրած թեկնածուի հետ: Ով էլ ընտրվի, մենք պետք է ստիպենք, որ աշխատի:

Նազելի, ի՞նչ ծրագրեր եք ներկայացնելու Ձեր ընտրողին:

— Նախընտրական ծրագիրը, կախված օրենսդրական փոփոխությունների փաթեթից, ներկայացնում է այն ուժը, որի թիմով դու գնում ես: Բայց յուրաքանչյուր թեկնածու ունի այն առաջնությունները, որոնցով գնում է, որպեսզի փաստավորի կամ հիմնավորի, թե ինչու է գնում կամ որն է գերնպատակը: Նպատակը, որով ես գնում եմ, Շիրակի մարզ ֆինանսական հոսքեր ապահովելն է: Մեր մարզում այն 3 գլոբալ խնդիրները՝ գործազրկություն, աղքատություն, արտագաղթ՝ փոխկապակցված են, եթե ֆինանսական մուտքեր լինեն մարզ, ապա խնդիրների այս շղթան կամաց-կամաց կթոթափենք: Պետք է օրենսդրական դաշտում փոփոխություններ կատարել և իսկապես արտոնություններ տալ, որպեսզի երկրի ծայրամասերը զարգանան, թե չէ ամեն ինչ կենտրոնացած է Երևանում: Պատահական չէ, որ այն քաղաքական ուժը, որով ես եմ գնում, կարգախոս է ընտրել՝ «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն»: Անհատը մեր հասարակությունում այսօր դեռ երջանիկ չէ, հանրությունը դեռ հոգատար չէ, որ կարիքի մեջ գտնվողին նեցուկ կանգնի, անհատից ու ընտանիքից, հասարակությունից է կազմվում պետությունը, և եթե մենք երջանիկ անհատներ ունենանք, մեր պետությունն էլ հզոր կլինի:

Ինչպես Գևորգ Մարզպետունին էր ասում. «Զորավոր է այն ազգը, որն ունի զորավոր ընտանիքներ»… Շնորհակալություն հարցազրույցի համար: Բայց մինչ այդ՝ ի՞նչ կասեք ընտրողին:

— Այս ընտրություններում կարևոր է ակտիվ մասնակցությունը: Պետք է թույլ չտալ, որ նախորդ իշխանությունները որևէ եղանակով վերարտադրվեն, նրանց փողերով բուծված կուսակցությունները տեղ գտնեն նոր ԱԺ-ում, պետք է նոր կազմավորվող օրենսդիր մարմինը կազմված լինի գիտակ, խելացի ու երկրի, մարզի խնդիրներին լավատեղյակ մարդկանցով, ովքեր նաև լուծումներ են առաջարկում:

print
929