Հիպնոսն ընկալվում է որպես միստիկական երեւույթ, որը կարող է հրաշքներ գործել ⋆ «Շրջապատ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Հիպնոսն ընկալվում է որպես միստիկական երեւույթ, որը կարող է հրաշքներ գործել

Հիպնոսի տեսակների, ներշնչանքի և հոգեբանական մանիպուլյացիաների վերաբերյալ «Շրջապատը» զրուցել է հոգեբան, հիպնոլոգ, հոգեվերլուծաբան ՆԱԻՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ:

Նաիրա, ինչո՞ւ ընտրեցիք այս մասնագիտությունը: Ովքե՞ր են ձեր այցելուները և հոգեբանական ինչպիսի՞ խնդիրներով են Ձեզ դիմում: Կարողանո՞ւմ եք իրենց բարձրացրած խնդիրներին լուծումներ առաջարկել:

— Երբ առաջին անգամ 1998 թվականին «պատահական» ձեռքս ընկավ Նապոլեոն Հիլլի «Մտածիր և հարստացիր» գրքի ռուսերեն տարբերակը, սիրահարվեցի հոգեբանության վրա և որոշեցի, որ դա պետք է դարձնեմ մասնագիտություն: Հատկապես հույսեր էի փայփայում, որ դրանով կարող եմ օգնել մեր բարեկամներից մեկի տղային, որն ուներ հոգեբուժական խնդիրներ: Հիմնական այցելուներս հարաբերական առողջ մարդիկ են, ովքեր ունեն ծխելու, խմելու, խաղամոլությանը վերջ տալու, որոշ կախվածություններից հեռու մնալու, նևրոզների, սթրեսների, խրոնիկական վատ տրամադրության վերացման, վախերի, սևեռուն մտքերի հեռացման, ինքնագնահատականի բարձրացման, ինքնազգացողության, դիմադրողականության, քնի լավացման խնդիրներ: Առաջարկում եմ հոգեբանական աջակցության 3 ձև՝ հոգեթերապիա, հոգեվերլուծություն և հիպնոս: Առանց դեղորայքի կարճ ժամանակում վերը նշված խնդիրները վերացնում եմ:

Հիպնոսի ինչպիսի՞ տեսակներ գոյություն ունեն: Ինչպե՞ս կարելի է դրա միջոցով ազդել մարդկանց վրա:

— Հիպնոսը կիրառվում է գիտակցության ընդլայնման, ինքնաճանաչման, կամքի, հիշողության, մտածողության և այլ հոգեկան ֆունկցիաների զարգացման, բնավորության գծերի փոփոխության և այլ նպատակներով։ Ըստ կիրառման ոլորտների կարելի է տարբերակել հիպնոսի հետևյալ տեսակները. բժշկական հիպնոս կամ հիպնոթերապիա, որը կիրառվում է հոգեկան և մարմնական հիվանդությունների բուժման գործընթացում, ցավազրկման նպատակով։ Սցենիկ հիպնոս, որը կիրառվում է ժամանցային միջոցառումների ժամանակ։ Քաղաքական հիպնոսը կիրառվում է քաղաքական գործիչների կողմից հասարակության վրա ներգործելու՝ որոշակի գործողությունների մղելու, գաղափարներ ներշնչելու, սեփական անձի կամ կուսակցության նկատմամբ դրական վերաբերմունք ձևավորելու և այլ նպատակներով։ Ուժային կառույցներում հիպնոսը կիրառվում է հանցագործության հանգամանքները, մանրամասները, հանցագործների դեմքերը բացահայտելու, զինվորների ոգին բարձրացնելու, տագնապն իջեցնելու, հատուկ ծառայություններում հետախույզների պատրաստման և այլ նպատակներով։ Ըստ ոճի, տարբերակում են դիրեկտիվ, ավտորիտար և դասական՝ ոչ դիրեկտիվ կամ էրիքսոնյան հիպնոսը։ Ըստ հիպնոսացվող մարդկանց քանակի՝ առանձնացնում են անհատական, խմբային և մասսայական (ասենք, հեռուստատեսության միջոցով) հիպնոսի տեսակները։ Ըստ ուղղվածության՝ առանձնացվում են հետերոհիպնոսը և ինքնահիպնոսը։ Ըստ հիպնոսացման եղանակի՝ կարելի է տարբերակել խոսքային հիպնոսը, որի դեպքում անձին հիպնոսացնում են խոսքային ներշնչանքների միջոցով: Ոչ խոսքային հիպնոսն իրականացվում է հայացքի, ժեստերի միջոցով:  Ընդունված է առանձնացնել հիպնոսի խորության 4 աստիճան՝ հիպնոիդալ վիճակ, թեթև հիպնոս, միջին և խորը հիպնոտիկ վիճակներ։

Հանրությունը հաճախ հիպնոսն ընկալում է որպես միստիկական երևույթ, որը կարող է հրաշքներ գործել, միևնույն ժամանակ վտանգ ներկայացնել մարդու համար։ Մարդկության նման հին է նաև մարդկային ներշնչումը, հատկապես ինքնաներշնչումը:  Ներշնչումից հզոր ուժ ես դեռ երբևէ չեմ հանդիպել: Չեմ հավատա, որ նշեք մի բնագավառ, ուղղություն, կրոն, գիտության որևէ ճյուղ, մարդու կյանքի որևէ գործունեություն, որը զերծ լինի ներշնչումից կամ ինքնաներշնչումից:  Ներշնչանքով կարող են և՛ սպանել մարդուն, և՛ հակառակը՝ մահամերձին ետ վերադարձնել կյանք, որպեսզի նա ապրի երկար ու երջանիկ:

Հիպնոսի ինչպիսի՞ միջոցներ են կիրառվել հնագույն ժամանակներում: Հնարավո՞ր է հոգեբանական մանիպուլյացիաներով մարդուն դրդել որևէ գործողության: Անձն ինչպե՞ս կարող է հասկանալ, որ դրանց միջոցով իրեն փորձում են ծրագրավորել ու կարողանա դիմակայել այդ  ամենին:

— Հնագույն ժամանակներից ընդունված է եղել քիմիական նյութերի միջոցով հասնել տրանսի վիճակի։ Հին Հնդկաստանում գոյություն ուներ սուրբ ըմպելիք՝ սոման, որը, ինչպես նշվում է վեդաներում, ուներ գերհզոր բուժիչ ազդեցություն: Սոման մարդուն գցում էր էքստազի մեջ, որի հետևանքով բարձրանում էր հավատացյալի տրամադրությունը, մարմինը ավելի էր ուժեղանում, սեփական անմահության վերաբերյալ գաղափարներ էին առաջանում: Հին Հնդկաստանում, Չինաստանում, Տիբեթում բուժիչ նպատակներով և տարբեր կրոնական ծեսերի ընթացքում օգտագործվում էին այնպիսի բույսեր, ինչպիսիք էին կանեփը, հաշիշը, մարիխուանան, որոնք ևս անձին տրանսի վիճակի էին հասցնում: Ամազոնիայի տարբեր շրջաններում, ինչպես նաև Էկվադորի շամանները կրոնական նպատակներով օգտագործում են հիպնոգեն բույսի՝ վիրոլայի փոշին, տրանսի վիճակում բուժումներ և գուշակություններ անելու նպատակով: Աֆրիկյան որոշ ցեղերի կրոնական ծեսերի ընթացքում օգտագործվել է հալյուցինագեն իբոգան բույսը: Այսօր քնաբերներն են օգտագործվում անձին տրանսի մեջ գցելու համար։

Մանիպուլյատիվ  հիպնոսը կիրառվում է մարդկանց իրենց ենթարկելու, նրանց ունեցվածքը շորթելու, այս կամ այն մարդու, մարդկանց խմբի նկատմամբ վերաբերմունք ձևավորելու և այլ նպատակներով։ Հիպնոսի վերաբերյալ գիտելիքները հնարավորություն են տալիս պաշտպանվել մանիպուլյատիվ (գնչուական) հիպնոսից։

Այսօր մեր հասարակությունը բավականին քաղաքականացված է: Արդյո՞ք իշխանությունները որպես գործիք չեն օգտագործում մեդիա դաշտը՝ մարդկանց մտածելակերպը փոխելու համար:

— Ոչ միայն կարող է, այլև ազդում է, ցավոք, շատ դեպքերում ուղղորդված ու նպատակային: Օրինակներից մեկը, երբ չափազանց մանրակրկիտ ներկայացվում են ավտովթարների տեսարանները: Այդ կերպ սարսափելի հարված է հասցվում հեռուստադիտողների հոգեբանությանը, երբ մարդկանց «ստիպում» են դիտել նման կադրերը, վերապրել այդ ամենը և, որ ավելի վատ է, մարդկանց մեծ մասն ապրումակցելով (էմպատիա)՝ իրենց միջով են անցկացնում այդ ամբողջ ինֆորմացիան,  որը բնականաբար նստվածք է թողնում յուրաքանչյուրի հոգում: Ես հասկանում եմ, որ 21-րդ դարում ենք ապրում և ցանկացած տեսակի ինֆորմացիա ավելի արագ ու հասանելի է, բայց ներկայացնել այդ խորությամբ, մարդուն սպանելու ձևերից եմ  համարում:

ԱՆԱՀԻՏ ՍԻՄՈՆՅԱՆ

print
4,777