ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ նախագահ. «Վարպետների քաղաք Գյումրին ոգի ունի, Գյումրին բնավորություն ունի»

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ ոչ աշխատանքային այցով ժամանել էին Գյումրի: Թանգարաններ այցելելով, Գյումրու կենտրոնով ճեմելուց հետո նախագահը ցանկություն էր հայտնել հանդիպել տեղի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, լսել վերջիններիս առաջարկներն ու նկատառումները: Հանդիպումն անցավ անմիջական միջավայրում:

Նախագահը նախ խնդրեց, որ ներկաները մեկ առ մեկ ներկայանան: Ապա իր խոսքում նշեց, որ այս հանդիպումը ոչ պաշտոնական, ոչ կիսապաշտոնական հանդիպում չէ, այլ՝ բարեկամական: «Ես ավելի շատ կուզենամ մտքերով կիսվենք, ձեզ լսեմ, իսկ թե դուք որ մասը կուզենաք ձայնագրել՝ թողնում եմ Ձեզ, բայց ակնկալում եմ անկեղծ զրույց ունենալ»: Նախագահը նշեց, որ իր այցելություններով նա ոչ թե փորձում է տպավորություն ստեղծել, ոչ թե Գյումրի այցելելը կապված լինի այս կամ այն միջոցառման, ուրախալի կամ ցավալի օրվա հետ, այլ լոկ այցելություն Գյումրի, ընտանիքով, գիշերակացով, թանգարան, համերգ այցելությունով, որպեսզի այդկերպ օրինակ ծառայի նաև մյուսներին:



Աղետ

Քանի որ հանդիպումն աղետալի երկրաշարժից երկու օր առաջ էր, ինչպես նախագահը նշեց, որքան էլ ուզենան այլ թեմաներից խոսել, այդ ցավալի օրն անտեսել չի լինի: Մանրամասն հիշեց դեկտեմբերի 7-ին տեղի ունեցածը, կիսվեց իր զգացողություններով, իր ապրումներով, թե ինչպես մի խումբ ուսանող ընկերների հետ անմիջապես եկել են Լենինական՝ փրկարարական աշխատանքներին մասնակցելու: Խորհրդային համակարգի կողմից ֆիքսած թվերը մեջբերեց. «25 հազար զոհ, 30-40 հազար մարդ էլ փլատակների տակից դուրս բերեցին: Ոչ մեկիս մոտ վստահություն չկար, որ պետությունը կկարողանա այդ  հսկայական արհավիրքը հաղթահարել, որովհետև բոլորս էլ գիտեինք, որ այդպիսի ենթակառուցվածքներ չկային Խորհրդային Միությունում: Որի ապացույցն էր նաև այն, որ ԽՍՀՄ-ի երկաթյա վարագույրը բացվեց, և Գորբաչովն աննախադեպ որոշում ընդունեց, իսկ որպեսզի նոր սերունդը պատկերացնի, թե խոսքն ինչի մասին է, օրինակ բերեմ. Խորհրդային Միությունում, եթե արտասահմանից նամակ էիր ստանում, այն ԿԳԲ-ով էր անցնում: Եվ այս երկիրը թույլ տվեց, որպեսզի արտասահմանից օգնություն գա, մարդիկ գան, մանավանդ զինվորականներ, որովհետև այլ երկրներում, երբ նման ողբերգություններ են տեղի ունենում, պարտադիր հրշեջ, փրկարարական, և այլ ծառայությունների ծառայողներ են գնում: Եվ այս տարածքը դարձավ Խորհրդային Միության առաջին միջազգային կենտրոնը, թեպետ տխուր իմաստով: Մեր ողբերգությունն ամբողջ աշխարհում մեծ արձագանք գտավ, և ոչ միայն հայկական սփյուռքի մոտ, այլ միջազգային մասշտաբի, և միջազգային կառույցներից էլ եկան օգնություն կազմակերպելու: Խորհրդային դեսպանություններին հանձնարարություն էր տրված՝ ոչ միայն չխանգարել, այլև օգնել արտասահմանցիներին: Ստեղծվեցին բազմաթիվ կառույցներ, բարեգործական ֆոնդեր, միլիոնավոր գումարներ փոխանցվեցին. իհարկե, ոչ մեկն էլ չգիտի, թե որքան գումար հավաքվեց, որովհետև գումարը մտնում էր Խորհրդային համակարգ, միլիոնավոր դոլարները վերածվում էր ռուբլու, և այստեղ շինարարություն էր ընթանում»: Լրագրողի ռեպլիկին, թե՝ «Հավանաբար, Խորհրդային Միությունն իր բաժնեմասն է ունեցել», նախագահը քմծիծաղով արձագանքեց. «Ես չասեցի, Դուք եք ասում»:

Նախագահը հիշեց Մեծ Բրիտանիայի վարչապետ, երկաթյա լեդի Մարգարետ Թետչերի այցը, պատմելով, որ այն ժամանակ աշխարհում խոսում էին 3-4 ղեկավարի մասին, որից մեկը Թետչերն էր, որը նույնպես այցելեց Գյումրի: Այս թեման ամփոփելով, նախագահն ասաց. «Հիմա ինչո՞ւ այսպես մանրամասների անդրադարձա, որովհետև գալով Գյումրի, չես կարող չհիշել այն մեծ ողբերգությունը, որի սերնդակիցն ես եղել ու անձամբ տեսել ես: Էլ չեմ ասում, տեսնում ես մարդկանց ապրելակերպ, որում շատ բան չի փոխվել, իհարկե, միևնույն ժամանակ, եկեք փաստենք, որ շատ բան էլ կատարվել է, բայց կարող էր ավելի լավ լինել: Ես ուզում եմ հատուկ մատնանշել այս շրջանի մարդկանց համբերությունը, որ տեսնելով արհավիրք, հետո 90-ականների դժվարություններ, պատերազմական տարիներ, հսկայական դժվարություններ… Մեկ օրում Հայաստանը կտրվեց էներգիայի աղբյուրից, ենթակառուցվածքներից, ամեն ինչից: Դուք հսկայական համբերատար եք, մարդկային արժանապատվության և համբերատարության օրինակ ցույց տվեցիք: Չնայած, որ ձեզ համար շատ դժվար էր, բայց բողոքի մեծ ցույցեր չարեցիք: 1996-ին, երբ ես վարչապետ էի, եկա Գյումրի, ու կարծում էի, թե որպես երկրի իշխանության ներկայացուցիչ՝ մարդիկ պետք է չարակամորեն ընդունեն, բայց ավելի էր զարմանքս, ավելի ազդեցիկ բան տեղի ունեցավ, երբ մարդիկ ինձ գրկաբաց ընդունեցին, հրավիրում էին իրենց մետաղյա տնակները, հյուրասիրություն առաջարկում: Դա մեծ արժանապատվություն էր, որ դուք ցուցաբերեցիք»:

 

Գյումրին ոգի ունի

«Գյումրին ոչ թե Խորհրդային Միության տարիներին է կառուցվել, ոչ թե որպես նոր քաղաք է, այլ այն ոգի ունի, այն մեր ժողովրդին և համաշխարհային մշակույթին տվել է հռչակավոր անուններ. այսօր գնացի Մհեր Մկրտչյանի տուն-թանգարան, դուրս եկանք, 30 մետր քայլեցինք՝ Ավետիք Իսահակյանինն է, 30 մետրի վրա էլ՝ Հովհաննես Շիրազինը։ Որ շարունակես այդպես, անընդհատ մի մշակութային հսկայից մյուսին ես այցելում։ Այս քաղաքը ոգի ունի, վարպետների քաղաք է եղել։ Խորհրդային Միությունում շատ հայտնի ֆիլմ կար, կոչվում էր «Գոռոդ մաստերով» (Վարպետների քաղաք), հեքիաթ էր իրականում, վարպետների քաղաք, որոնք եղել են միջնադարում և եղել են իրենց քաղաքների հիմնադիրները՝ Լոնդոնը, Փարիզը, Ամստերդամը, դրանք բոլորն եղել են վարպետների քաղաք: Հիմա Գյումրին այդպիսի քաղաք է, ուր մինչև հիմա կարող եք հատուկենտ գտնել վարպետի, ուստայի: Այս քաղաքում չես կարողանա ամեն ինչ վերածես պարզ, սոցիալական իրավիճակի, հետևապես քաղաքը պետք է վերակենդանանա, ապրի մշակութային կյանքով, երեխաներին ապրեցնի, քանի որ ունեցել եք հսկայական տաղանդներ, որոնք շարունակվում են: Վառ օրինակն է «Հարսանիք թիկունքում» ներկայացումը, որտեղ դերասաններից չկար մեկը, որն ասենք՝ ունիսոնից դուրս էր մնացել: Այսինքն՝ դերասանական հանճարը մինչև այսօր կա Գյումրիում, և պարտադիր չէ մեծ անունները, որոնց պակաս չի եղել, այլ հաջորդող սերունդները, որոնցից յուրաքանչյուրը կարող է մեծանուն դերասան դառնալ»։

 

Ամոթ է

Նախագահն ընդհատելով իր խոսքը, նկատեց, որ հանդիպումը նախատեսված էր, որպեսզի լրագրողներն իրենք խոսեն, որպեսզի հասկանա, թե ինչ կարող է անել նախագահը, կամ անհատը:

«Ես կարծում եմ, որ մեզ համար՝ որպես հայ ժողովուրդ, ուղղակի ամոթ է: Տարբեր թվեր գիտեմ, լսել եմ, որ տարեկան 30-38 հազար այցելու է եղել Գյումրիում։ Այդ թվերն ուղղակի ամոթ են մեզ համար, շատ պարզ պատճառով. եթե այդ թվերը ճիշտ են, վրացական վիճակագրությունը ճիշտ է, դա նշանակում է, որ Վրաստան ամեն տարի Հայաստանից այցելում է 1 միլիոն կամ 1,5-1,7 միլիոն անձ։ Մեկ միլիոն 700 հազար ու 38 հազար… Եթե որևէ մեկն ինձ ասի, թե Թիֆլիսն ավելի գեղեցիկ քաղաք է, քան Գյումրին, ես հետը կվիճեմ ու կապացուցեմ, որ հակառակն է։ Թբիլիսիի միայն կենտրոնական մասը կա, որը վերանորոգել են և կիսահոլիվուդյան նկարներով նկարված է: Իհարկե, հսկայական մշակույթ կա. և՛ եկեղեցի կա, և՛ մզկիթ կա, և՛ սինագոգ կա, բայց վերջին տարիներին արհեստական են արել։ Ոչ մի ձևով չեմ ուզում նվաստացնել մեր վրաց բարեկամներին, բայց իրենց արածը մեզ օրինակ պիտի լինի։ Գյումրին ավելի մեծ է իր պատմական հուշարձաններով, շատ ավելի գեղեցիկ քաղաք է, շատ ավելի բան է պահպանվել, և իհարկե, քաղաքը բնավորություն ունի, և 38 հազարն ուղղակի ամոթ է։ Հիմա, եթե 38 հազար չլիներ, գոնե 10 անգամ ավելին, 380-400 հազար, 400 հազար այցելուն ստիպելու էին և՛ տեղացիներին, և՛ ներքին հայաստանյան ներդրողներին, և՛ սփյուռքահայերին, և՛ օտարներին, որպեսզի ներդնեն այստեղ։ Հավի ու ձվի պատմությունը կա, չէ՞, հիմա… առաջ կառուցենք բոլոր փողոցները, գեղեցիկ սարքենք, հետո տուրիստը գա, թե՞ հակառակը: Ես կարծում եմ, սրանք զուգահեռ են գնում, նախ պետք է խոսենք նրա մասին, որ եկեք այցելենք։ Այսօրվա քաղաքը հաստատ ոչ թե 38 հազար, այլ մի քանի անգամ ավելի մարդ հանգիստ կարող է ընդունել։ Գան, այցելեն, ռեստորաններ գնան, թատրոն գնան, համերգ գնան և ցույց տան իրենց վերաբերմունքը։ Կարող է իրենց հարսանիքն անեն, իրենց ծննդյան օրն այստեղ նշեն: Երբ որ շարժում սկսվեց դեպի Գյումրի, բնականորեն Գյումրիում ներդնելը կդառնա շահավետ։ Վերջիվերջո, կա բարեգործություն և կա իրական կյանք, որտեղ մարդիկ ներդնում, շահում են։ Եվ դրա համար պետք է, որ այդ շարժումը սկսվի. ես մեր ընտանիքի օրինակով փորձելու ենք ոչ միայն ուղղակի խոսել, այլ օրինակով ցույց տալ։ Ես ենթադրում եմ, որ Գյումրի հաճախ գալու եմ և ոչ թե առիթով, այլ շաբաթ-կիրակի կամ ազատ օրով գալու եմ, գիշերը մնալու եմ, մի օր մի թանգարան գնամ, մյուս օր գնամ համերգ և օրինակ ցույց տամ մեր բոլոր հայրենակիցներին: Մեր հայրենասիրությունն այսօր պետք է ցուցադրենք՝ ճանաչելով մեր հայրենիքը: Եթե Գյումրի 38 հազար մարդ է այցելում, ապա անցյալ տարի Արցախ այցելել է 18 հազար։ Եթե իմ նման ևս 30-60 մարդ ամեն շաբաթ, կիրակի կամ ինչ-որ առիթով սկսի այստեղ գալ, գործարար մարդը կհասկանա, որ այդ այցելուների համար և՛ ռեստորան է պետք, և՛ հյուրանոց»:

Նախագահն օրինակ բերեց, որ այցելելով Գյումրի, նա մի սրճարան է մտել, որը հիմնել է Շվեյցարիայից վերադարձած մեր հայրենակիցը, և որի մասին նա լսել է: Գովաբանելով այն, շեշտեց, որ լավ բաներ այստեղ էլ կարելի է հիմնել, ու պետք չէ պատճառներ հորինել, թե Թիֆլիսն ուրիշ է, քան Գյումրին: Պետք է հյուրեր հրավիրել՝ չվախենալով, այդկերպ զբոսաշրջությունը կզարգանա. «Ես իմ շրջապատին, ընկերներին ու դրսից եկած հյուրերին բերելու եմ Գյումրի։

Գուցե կաթիլներ են սրանք, բայց կաթիլներով կարող ենք նաև փոքրիկ առվակը, հետո գետը սկսենք։ Սա չի բացառում, որ պետք է գրավիչ պայմաններ ստեղծել: Չի բացառում, որ որոշակի ուղղություններով ու որոշակի արտոնություններով պետության կողմից միջամտություն է պետք՝ չեմ բացառում, բայց, վերջիվերջո, դրանք բոլորը կառավարության գործունեության ոլորտն են: Պետք է այս հարցերի մասին բարձրաձայնել, օրինակ ցույց տալ, որ Գյումրին այսօր այն տեղն է, որ արժանի է ոչ թե 38 հազար այցելուի, այլ շատ ավելիին»։

«Շրջապատի» խմբագիրը նշեց, որ երբ մեկ տարուց ավել փորձում էր զբոսաշրջության զարգացման ուղղությամբ իր ծրագրերն առաջարկել, և հետաքրքրվել էր հայաստանյան տուրերով, պարզել էր, որ տուր-փաթեթներում Գյումրին, Շիրակը ներառված չեն եղել: Ինչի հետ նախագահը համաձայնեց. «Այո, Ձեզ հետ համամիտ եմ, որովհետև այսօր Հայաստանում տուրիզմը միայն պատկերացնում են՝ Գառնի, Գեղարդ, Էջմիածին, Քարահունջ, Սևան»…

Նախագահն ի հավելումն՝ հստակեցրեց, որ, եթե ասում է՝ Գյումրի եկեք, իր կոչը միայն Գյումրի գալուն չի վերաբերում, այլ Հայաստանին։ «Երևան քաղաքի շատ բնակիչներ չեն ճանաչում Հայաստանի հարավը՝ Մեղրի, Քաջարան, Գորիս և այլն, կամ վերցնում ենք Սևանը, հիմնականում մենք ճանաչում ենք Սևանի մի շատ փոքր կտորը և, եթե Սևանի շուրջը փորձենք պտտվել, հսկայական մասը Սևանի ուղղակի ամայի է, որովհետև մարդիկ նույնիսկ չեն գնում, և էդ ամայի մասերն ավելի գեղեցիկ են, քան մնացածը։ Իմ կոչն է՝ եկեք նորից հայտնաբերենք, հայտնագործենք մեր հայրենիքը, և դա պետք է սկսվի նախևառաջ հայաստանցիներից։ Եթե հայաստանցիները չեն գալիս Գյումրի, Լոռի, կամ Գորիս, կամ Կապան, ինչպե՞ս են ուզում, որ սփյուռքահայերը գան, կամ հնդիկները, կամ ճապոնացիները»։

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ

print
2,034