Հնդկականը Գյումրիում կամ՝ «Լոֆթը» «Մերաջուպա» էր պարում ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

Հնդկականը Գյումրիում կամ՝ «Լոֆթը» «Մերաջուպա» էր պարում

Մարտի 2-ին Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան աջակցությամբ, Գյումրու «Լոֆթը» և «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ն կազմակերպել էին «Հնդկական օր Լոֆթում» միջոցառումը: Քանի որ այս տարի լրանում է Մահաթմա Գանդիի 150-ամյակը, ապա այս հոբելյանի շրջանակում ամբողջ աշխարհում անցկացվում են բազմաթիվ հնդկական միջոցառումներ:

Ինչպես և ենթադրելի էր, միջոցառումն հագեցած էր հարուստ գուներանգներով, համեղ ուտեստներով և, իհարկե, հնդկական ազգային պարերով: Ընթացքում ներկաները հնարավորություն ունեին վայելելու և «Հնդկաստանի համերը» ռեստորանի խոհարարի ձեռամբ պատրաստվող ուտեստները, և «Անհավանական Հնդկաստան» խորագիրը կրող ֆոտոցուցահանդեսը, կարող էին ծանոթանալ և գնել հնդկական ձեռագործ ապրանքներ, հատկապես կանայք հնարավորություն ունեին ձեռքերը զարդարել մեհենդի արվեստի զարդանախշերով:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Յոգեշվար Սանգվանը և փոխդեսպանը, բազմաթիվ հյուրեր, հնդկական արվեստի ու մշակույթի սիրահարներ: Իսկ երաժշտտական համարներն ապահովվում էին «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի «Շակտի» և Վրաստանից հատուկ ժամանած «Լակշմի» պարային խմբերը:

Գյումրի «Լոֆթի» ղեկավար Ամալյա Թումասյանը նշեց. «Մեզ մոտ ոչ ֆորմալ մթնոլորտ ենք ստեղծել, որպեսզի գյումրեցիներն անձամբ մասնակցություն ունենան, մոտիկից շփվեն ու ականատես լինեն հնդկականին»:

Կարեն Մկրտչյանը «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի համակարգողն է, 17 տարի բնակվել է Հնդկաստանում, և վերջերս է վերադարձել նախկինում հայաշատ Կալկաթայից: Հարցնում եմ, թե նման միջոցառումները, որոնք անցկացվում են փակ տարածքներում, ինչի՞ն են միտված: Ասում է. «Միտված են թե հայ-հնդկական մշակութային համագործակցությանը՝ որպես հնագույն երկու ազգեր, որոնք երկար ու բազմաթիվ կապերի հնարավորություն ունեն»: Նկատում եմ, որ այնքան էլ մեծ թափով չեն զարգանում այդ հարաբերությունները, մինչդեռ դրա հնարավորություններն ավելի մեծ են: Համաձայնվում է, միևնույն ժամանակ փաստում, որ փորձում են ամեն ինչ, որպեսզի նպաստեն՝ էլ ավելի սերտեցմանը:

Շուրջ 8 տարի գործունեություն ծավալող ՀԿ-ի գլխավոր քարտուղար Լուսինե Թորոյանը նշեց, որ այս տարիների ընթացքում բազմաթիվ միջոցառումներ են անցկացրել, որպեսզի Հայաստանում ներկայացնեն հնդկական իսկական մշակույթը, և նույնն էլ անում են Հնդկաստանում: ՀԿ-ի հիմնադիրները դելհիաբնակ ամուսիններ են՝ Ռան Անջայ Անանդն ու Ռուզաննա Աշուղյանը: Ներկայացրեց, որ Երևանում շատ ակտիվ թիմ ունեն: Երևանում բացել են Հնդկական մշակույթի կենտրոն: Մեր շատ հայրենակիցներ ուզում են ծանոթանալ այլազգիների, այս դեպքում Հնդկաստանի մշակույթին, արվեստին:

Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Յոգեշվար Սանգվանն իմ ակնարկին, թե, փաստորեն, ամեն մի միջոցառումը նպատակային է. երաժշտություն, նկարչություն, արվեստ, ազգային խոհանոց, ասում է. «Մենք արդեն իսկ շատ սերտ հարաբերություններ ունենք՝ տնտեսական, քաղաքական, մշակութային: Այս և այլ միջոցառումները հերթական ու շարունակական բնույթ են կրում: Ունենք հայ-հնդկական մշակութային փոխանակման ծրագիր, որի շրջանակում նաև Հայաստանից բազմաթիվ մշակութային խմբեր ու անհատներ են գնում Հնդկաստան՝ ներկայացնելու հայ մշակույթը»:

 

 

print
1,862