«Հոգումս կպահեմ հարազատ դարձած իմ Շիրակի մարզը» ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

«Հոգումս կպահեմ հարազատ դարձած իմ Շիրակի մարզը»

Շիրակի դաշնակցական մարզպետ Արթուր Խաչատրյանը մայիսի 3-ին հրաժեշտի ասուլիս էր հրավիրել: Արթուր Խաչատրյանը ասուլիսը սկսեց ԶԼՄ-ին շնորհավորելով՝ Մամուլի ազատության օրվա կապակցությամբ: Շնորհակալություն հայտնեց նաև մարզպետարանի ողջ անձնակազմին, համայնքների ղեկավարներին, կառավարության գործընկերներին, գործարարներին, հասարակական կազմակերպություններին, արվեստագետներին, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին ու միջազգային կազմակերպություններին`համատեղ աշխատանքի համար:

Անդրադարձավ նաև համաժողովրդական հեղափոխությանը. «Հայաստանի համար նոր օր է բացվում: Դեռ մեկ ամիս առաջ անհնարին թվացողն այսօր արդեն իրականություն է: Ժողովուրդը հաղթեց, քանի որ պահանջն արդար էր, կամքը` անկոտրում: Երկիրը թևակոխում է զարգացման նոր փուլ: Հաղթանակի արդյունքները պետք է փայփայել, չթողնել, որ փոշիանան: Անցյալի սխալները պետք է սերտել` նոր սխալներից խուսափելու համար: Հավատում եմ մեր երկրի հզորացմանը, հավատում եմ Շիրակի մարզի ծաղկմանը: Մի քանի օրից կվերադառնամ Երևան` հոգուս և մտքումս ընդմիշտ պահելով հարազատ դարձած իմ Շիրակը: Ուզում եմ, որ ինձ հիշեն որպես Գյումրիում հանգիստ զբոսնող, բոլորի հետ խանութներում հերթ կանգնող ու երիտասարդ ցուցարարների հետ մարզպետարանի աստիճաններին զրուցող` պարզ մարդու»:

Այնուհետև Արթուր Խաչատրյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

— Ի՞նչ տվեց Ձեզ Շիրակի մարզը, ի՞նչ թողեց:
— Շիրակի մարզն ինձ շատ բան տվեց… Առաջինը՝ վերահաստատվեց իմ համոզմունքը, որ, եթե ուզում ես մարդկանց օգնել, մարդկանց հետ աշխատել, պետք է մարդկանց հետ շփվես։ Մեր համակարգի ողբերգություններից մեկն այն է, որ մենք բարձր պարիսպներ էինք շարել պետական հաստատությունների շուրջ՝ փոխաբերական իմաստով։ Երթևեկում էինք մգեցված ապակիներով մեքենաներով, որտեղ որ գնում էինք, ուզում էինք, որ մեզանից առաջ մի ժամ շուտ գնային, խոտերի վրայից փոշին մաքրեին, բոլորի դեմքերին ռետուշ անեին, որ բոլորը ժպիտով խոսեին և գովերգեին։ Դրանով գնացինք ինքնախաբեության։ Ես ևս մեկ անգամ հասկացա, որ դա չի կարելի, պետք է մարդկանց հետ հանդիպել, խոսել, քաջություն ունենալ լսել, որ քեզ քննադատում են, երբեմն նաև հայհոյում են՝ իմանալով հանդերձ, որ այդ քննադատությունների թիրախը, գոնե ուղղակի թիրախը դու չես։ Շիրակի մարզը սովորեցրեց, որ չի կարելի որևէ երևույթ թերագնահատել։ Շատ հաճախ մարդկանց կարծիքն աշխատանքի վերաբերյալ ձևավորվում է պարզ տեղեկատվության բացակայությունից։ Էդ դուռը, եթե կիսաբաց է, ինչ ասես կմտածեն, թե ինչ է կատարվում դռների հետևում: Եթե դուռը լայն բաց է, մարդկանց հրավիրում ես, ապա ամեն ինչ շատ ավելի պարզ է դառնում։ Ժողովրդի հետ պետք է խոսել այնպես, որ մարդիկ քեզ հասկանան, գեղեցիկ արտահայտություններ, դարձվածքներ մեջբերելով՝ խելոք մարդու տպավորություն չես թողնում, չհասկացված մարդու տպավորություն ես թողնում։

Ես չեմ սիրում, որ ասում են՝ ժողովրդի կողքին ես. եթե դու ասում ես ժողովրդի կողքին ես, ստացվում է, որ ժողովուրդն այլ տեղ է, դու իր կողքին ես գնացել։ Արդեն փորձելով ժողովրդին կապել, բայց իրականում քեզ առանձնացնում ես։ Ժողովրդի մեջ եմ եղել, հնարավորության սահմաններում փորձել եմ աշխատել, բացատրել, մոտեցումներս ցույց տալ։ Երբ անջրպետում ես, դու չես հասկանում՝ մարդն ինչով է ապրում, եթե չես հասկանում մարդն ինչով է ապրում՝ չես կարողանում իրեն օգնես, դրանից բացի օտարանում ես, վերևինն էլ չի հասկանում՝ ինչ է կատարվում, դու ժողովրդից խորթանում ես: Մի բան նկատեցի. քաղաքացիների ընդունելությանը բազմաթիվ, հարյուրավոր մարդիկ են եկել, որ իրենց հարգում, վեր ես կենում, ձեռքը սեղմում, հրավիրում ես նստելու, միգուցե շատ ավելի կարևոր է, քան փոքր նյութական ակնկալիքը, որոնց համար եկել են։ Չի կարելի քեզ VIP-ի տեղ դնել, համարել, որ դու օրենքից ավելի բարձր ես, օրենք գրես, էդ օրենքների վրա ծիծաղես։ Երբ ծառայողական մեքենա տրամադրեցին, առաջինը, որ արեցի, պոկեցի սև «պլյոնկաները», ես երևի միակ մարդն եմ եղել մարզում, որ ամրագոտին ամրացված եմ շրջել:

— Կշարունակե՞ք պաշտոնավարումը, եթե ԵԼՔ-ը, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն կոալիցիա կազմեն:

— «Եթե»-ներով պետք չէ խոսել, դա լուրջ չէ։ ՀՅԴ Գերագույն մարմնի որոշման հարցն է: Չեմ ուզում այդ հարցին անդրադառնալ: Գիտե՞ք, սրանից մի ամիս առաջ շատ մարդիկ էին շատ բան բացառում, հիմա բացառողները բացառվածների շարքում են, այնպես որ, Ջեյմս Բոնդի ասած՝ «երբեք մի ասա երբեք», բայց այս պահի դրությամբ ես այս հարցին չեմ ուզում անդրադառնալ, որովհետև դա այնքան հիպոթետիկ հարց է, որքան Լուսնի կամ Մարսի վրա ջուր կա՞, թե՞ չէ։

— Իսկ կառավարման համակարգում որտե՞ղ եք Ձեզ տեսնում:

— Ցանկացած տեղ, որտեղ պետությունն ու Դաշնակցությունը նպատակահարմար կգտնեն, որոշակի գիտելիք կա, փորձ կա, մարդկանց հետ շփման շնորհք կա։

print
665