Հոլիվուդի գյումրեցի կինոռեժիսորը ⋆ «Շրջապատ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՄՇԱԿՈՒՅԹ

Հոլիվուդի գյումրեցի կինոռեժիսորը

ԱՄՆ-ում բնակվող գյումրեցի կինոռեժիսոր ՏԻԳՐԱՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ. անհատ, ով փնտրում և գտնում է, գտնում է՝ խորը ուսումնասիրում, ուսումնասիրում է՝ արդյունքի հասնում: Չի խորշում սեփական սխալներն ի ցույց դնելուց և ինքնաքննադատելուց: Նրա նկարահանած ֆիլմերը յուրահատուկ են՝ հանդիսատեսին գայթակող ինքնատիպ ձեռագրով: Նկարահանել է շուրջ 60 կարճամետրաժ ֆիլմ, 15 երգերի տեսահոլովակներ: Տարբեր փառատոներում արժանացել է երկու տասնյակից ավել մրցանակների: Տիգրանը մասնակցում է և՛ մոնտաժային, և՛ օպերատորական, և՛ պրոդյուսերական, և՛ ռեժիսորական աշխատանքներին, նաև հանդես է եկել որպես դերասան: Տիտրերում Տիգրան Մուտաֆյանը հայտնի է Tig Glasscore անվամբ:

Սովորել է Գյումրու թիվ 23 ռուսական, ապա «Բալատոն» դպրոցում, որն ավարտելուց հետո ուզում էր մաթեմատիկական ուղղությամբ շարունակել, սակայն  երկրաշարժի պատուհասն է վրա հասել: Տեղափոխվել են Երևան, ընդունվել է պետական տնտեսագիտական համալսարան: Ավարտելուց հետո, 90-ականների դժվար տարիներին տեղափոխվել է Լենինգրադ, ընդունվել պետհամալսարանի հոգեբանական ֆակուլտետը: Դեռ չավարտած, իր խոսքով, միամիտ ընդունվել է Լենինգրադի թատերական արվեստի ակադեմիան:

Կենսագրությանը ծանոթանալով, տպավորություն է ստեղծվում, որ նա երկար ժամանակ տեղը չէր գտնում և փնտրտուքների մեջ էր: Հավանաբար ներքուստ զգում էր, որ իր կոչումն այլ է, քանի որ՝ մաթեմատիկ, տնտեսագետ, հոգեբան, թատերագետ, սինեմատոգրաֆիստ… Ասում է՝ իր պարագայում միշտ էլ այդպես է եղել. հասել է մի կետի ու միանգամից ճանապարհը նրան տարել է անհրաժեշտ ուղղությամբ: Լենինգրադում համալսարանում սովորելուն զուգահեռ՝ զբաղվել է բիզնեսով, հիմնել է գովազդային գործակալություն, որը մեծ համբավ է ունեցել:

 Բայց որ կյանքն ինձ պիտի տաներ թատրոն

Տիգրանը միշտ կարծել է, թե դերասանները մի ուրիշ տեսակ են և հիշելով մի դեպք՝ պատկերավոր բացատրում է. «Հարևան ծեր կին կար՝ Բեթխեմ տատիկը, ում ջրի հարցը մենք էինք լուծում, այսինքն՝ նրա համար ջուր էինք կրում: Երբ Երևան էինք տեղափոխվել, մտահոգությունների մեջ էի, թե տեսնես Բեթխեմ տատին ով պիտի ջուր հասցնի… Ու, երբ բեմում հասուն տղամարդկանց էի տեսնում, մտքումս ասում էի՝ չէ՜, ես ավելի լավ է Բեթխեմ տատին ջուր կրեմ, քան բեմի վրա ծամածռվեմ… Բայց ի՞նչ իմանայի, որ մի օր ես էլ եմ հայտնվելու թատերական աշխարհում…

Գործընկերս՝ Դիման, Լենինգրադի թատերական ակադեմիայում էր սովորում: Մի անգամ տեսա, թե ինչպես է ագռավի, արջի դերերը փորձում ու Դիմային ծաղրելու պլան մշակեցի: Որոշեցի գնալ նրա քննությանը, նկարահանել, որ հետո ընկերներով դիտենք ու մի լավ ծիծաղենք: Բայց ակադեմիա ներս չթողեցին, ասացին, որ մուտքը միայն ուսանողներին է թույլատրվում: «Խոխմի» համար ընդունելության դիմում գրեցի: Մտա քննասենյակ, հարցրեցի՝ Դմիտրին այստե՞ղ է: Ասացին՝ արդեն հանձնել է: Ջղայնացա, որ մտադրությունս չեմ կարող իրականացնել: Այն է, ուզում էի հեռանալ, հանկարծ հարցրեցին. «Իսկ դուք Տիգրա՞նն եք»: Զարմացած ասացի՝ հա, ու զայրույթս, չգիտես ինչու, անտեղի դուրս տվեցի՝ շոկի մեջ գցելով հանձնաժողովին: Բայց, ի պատիվ իրենց, բանի տեղ չդրեցին կոպիտ խոսքերիս: Սկսեցին հարցեր տալ՝ ի՞նչ ես սիրում, ասի՝ մաթեմատիկա, գրականությունից ո՞նց ես, ասի՝ վատ չեմ: Հարցրին՝ ո՞ւմ ստեղծագործությունը անգիր կհիշես, ասացի՝ Գումիլյովին եմ սիրում… Այդպես ինձ իրենց «ցանցը գցեցին»… Ինքնաբերաբար և՛ արտասանեցի, և՛ արձակ կարդացի, անգամ երգեցի, պարեցի: Իրենք իրենց ուզած քննությունն ինձանից վերցրեցին: Երբ հայտնեցին, որ քննությունը հանձնել եմ, ես լուրջ շոկի մեջ ընկա… իրոք, լուրջ: Ինքներդ պատկերացրեք՝ հայտնի թատերական ակադեմիա, տաղանդավոր դասախոսական կազմ ու ես… թատերականո՞ւմ: Ես եկել էի ընկերոջս ծաղրելու, բայց ինքս ընկա ծուղակը: Իմ հանձնած քննության մասին արդեն հասցրել էին ակադեմիայում տարածել և, երբ Դիման իմացավ, զարմանքից ասում էր. «Դո՞ւ, դո՞ւ»: Չգիտեմ ինչպես տուն հասա, մի քանի օր «փակվել» էի իմ մեջ: Նման բարձրակարգ ակադեմիայում առաջին բարդ քննությունն անցնելն արդեն մեծ բան էր: Մյուս քննությունները ևս հանձնեցի, քանի որ բազա կար, գիտելիքները բավականացրին, բայց մտածում էի՝ երևի մրցակցությունից դուրս կմնամ, քանի որ դիմորդները շատ էին: Սակայն քննություն վերցնող դասախոսներից մեկն ասել էր. «Այդ տղայի մեջ տաղանդ կա»: Ու այդպես. դարձա Լենինգրադի թատերական ակադեմիայի ուսանող: Ամեն ինչ թողեցի և խորացա թատերականի հետաքրքիր աշխարհը: Դիպլոմային աշխատանքս մի քանի փառատոնի մասնակցեց, բարձր գնահատականների արժանացավ: Հետո քաղաքապետի գրանտային ծրագիրը շահեցի, իսկ ավարտելուց հետո դասախոսս հրավիրեց դասավանդելու: 2-3 տարի աշխատեցի, իմ կուրսն ունեցա: 2007-ին դասախոսներիցս մեկը՝ Վալերի Սմիրնովը,  հրավիրեց աշխատելու որպես դերասանական կազմին պատրաստող ռեժիսոր: Դա պրակտիկ առաջին փորձս էր: Հետագայում մի քանի ծրագրերում ևս ներգրավվեցի»:

Հայտնվեցի կինոմատոգրաֆիայում

Տիգրանի «սուր աչքը, կադրը տեսնելը» բոլորին էր գրավում: Դասախոսի պրոյեկտում աշխատելու ընթացքում ինվեստորը գալիս է՝ աշխատանքներին հետևելու: Արվածը գնահատելով՝ դիմում է ռեժիսորին: Պատմում է. «Դեմ չե՞ք, եթե այս տղան լինի ռեժիսորը» (նկատի ուներ ինձ): Դասախոսս՝ Վալերի Սմիրնովն ասաց. «Իհարկե, դեմ չեմ: Նա իմ ուսանողն է, և ես գոհ եմ… Ավելին՝ իմ աշխատած կադրերը թող նորից նկարահանի, որովհետև Տիգրանն իր ձեռագիրն ունի»: Մոտ 8 ամիս այդ պրոյեկտի վրա էինք աշխատում, բայց, ցավոք, դասախոսս մահացավ… Պրոյեկտն էլ, իր հերթին կանգ առավ՝ ինվեստորը չդիմացավ: Ես արդեն հրավերներ ունեի այլ տեղերից, սակայն ուզում էին իմ կողմից արված աշխատանք տեսնել… Ինձ գրավեց կինոն և ես արդեն որոշել էի այդ ոլորտում մնալ»:

Ճանապարհ դեպի Հոլիվուդ…

«2010-ական թվականներին Ռուսաստանում ճգնաժամային շրջանը սկսվեց, թափ առան նաև ազգայնական շարժումները: Նեղվեցի այդ ամենից, վերադարձա հայրենիք: Ամուսնացա: ԱՄՆ-ում  բնակվող մեծ եղբայրս զանգեց, ասաց. «Եթե որոշել ես կինոյով զբաղվել, պետք է գաս Հոլիվուդ»: Մեկնեցի: Երկու տարի ուսումնասիրությունների մեջ էի, սովորում էի Լոս Անջելեսի կինոակադեմիայում: Ինձ թվաց, թե ոչինչ չի ստացվում ու մի պահ եղավ, որ որոշեցի թողնել ամեն ինչ, վերադառնալ Հայաստան: Բայց Մեծն ճակատագիրը դարձյալ իր գործն արեց… Այն օրը, որ պետք է գայի Հայաստան, Նյու Յորքից ընկերս զանգեց, նա ևս ռեժիսոր է: Իմանալով, որ մեկնելու եմ, ասաց. «Մեկնել միշտ էլ կհասցնես, արի ինձ մոտ, այստեղ միասին կաշխատենք»: Եվ դա որոշիչ էր ինձ համար. մնացի ԱՄՆ-ում՝ ինքս ինձ ասելով, որ, եթե այսքան ճանապարհ կտրել եմ, ու այստեղ եմ, ուրեմն պետք է ավելիին հասնեմ:

Մի ֆիլմի աշխատանքներին էի մասնակցում, բայց այնպես ստացվեց, որ ֆիլմում ներգրավված կասկադյորներն այլ սերիալում աշխատանքը շարունակելու համար հեռացան: Գործը կիսատ մնաց: Ֆիլմի տնօրենն ասաց, որ համակուրսեցիներս ինձ շատ են գովել, ասել են, որ ես «ճիշտ կադրը տեսնող աչք ունեմ», և առաջարկեց մասնակցել նրա մեկ այլ ֆիլմի նկարահանման աշխատանքներին: Այդպիսով, եթե մասնակցել ես երկու ֆիլմի նկարահանումներին, ապա քեզ կտրվի սինեմատոգրաֆրի և ռեժիսորի դիպլոմ:

Իմ դիպլոմային ֆիլմերը, որ ցուցադրվել էին ուսանողական ֆիլմ-փառատոների ժամանակ՝ լավագույն ֆիլմեր էին ճանաչվել: Դրանից հետո միանգամից 4 ֆիլմում օպերատորի գործ առաջարկեցին: 2,5 տարի՝ օր ու գիշերվա աշխատանքս տվեց իր արդյունքը, թափանիվը սկսեց շարժվել… Ճանաչված Black eyed Peas հիփ-հոփ խմբի համար տեսահոլովակ նկարահանեցի, ևս մի քանի հայտնիների հետ աշխատեցի: Պարսիկ ռեժիսոր Սաիդ Կոզեն ինձ զանգեց, ասաց, որ մտքում «երազանքի ֆիլմ» ունի, ուզում է, որ ես լինեմ օպերատորը: Համաձայնեցի: Նկարահանումների համար նախատեսված էր 11 օր, բայց ավարտեցինք 9 օրում: Դա իրական դեպքերի վրա հիմնված, Եգիպտոսի հեղափոխության մասին «Զոյա» ֆիլմն էր (2015թ.): Բավական հաջողված ֆիլմ ստացվեց, մի քանի մրցանակների արժանացավ: Հետագայում հիմնեցի սեփական «Glass core» ընկերությունը (իր ասելով՝ անվանումը վերցված է հայրիկի սիրած «շուշաքոք» ծաղկի անվանումից): Իսկ վերջին ֆիլմս՝ «Slipaway» («Խուսափողը»), մեծ հաջողություն է գրանցել՝ այս պահին իր հաշվին 8 մրցանակ ունի»:

Հ.Գ. Տիգրանին հաճախ հրավիրում են դասախոսություն կարդալ: Չնայած մեծ հաճույքով իր հայրենի քաղաքում կդասավանդեր ռեժիսուրա, սակայն տեղական ընդունված ու չգրված օրենքներն իրեն վանում են:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ

print
3,032