«Հումորային նախագծերն անգամ ճաշակ պիտի թելադրեն» ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՄՇԱԿՈՒՅԹ

«Հումորային նախագծերն անգամ ճաշակ պիտի թելադրեն»

Հարցազրույց դերասան, հումորիստ, շոումեն, սցենարիստ, ՀՀ վաստակավոր արտիստ ՄԿՐՏԻՉ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ հետ:

Մկրտիչ, կարծես ընդունված է, Ամանորից հետո հարցնելը, թե որտեղ անցկացրեցիք Ձեր Ամանորյա հանգիստը:

— Նոր Տարին, ինչպես երևի շատերի համար, ինձ համար էլ ընտանեկան տոն է, և այն ուզում ես քո տանը, քո ընտանիքի հետ անցկացնել. ճանապարհ դնելով հին տարին՝ իր լավ ու վատ օրերով, և դիմավորելով նորը՝ հույսով ու սպասելիքներով:

Ի՞նչ անավարտ գործեր մնացին անցնող տարում

— Կան նախագծեր` կարճաժամկետ, երկարաժամկետ, «անեփ», որոնք ոչ թե անավարտ մնացին, այլ պահանջվող ժամանակաչափի առումով՝ շարունակական են, իսկ անեփները պիտի երկար «եփվեն», մինչև դառնան նախագիծ: Եվ կան տարբեր ձևաչափերի՝ հեռուստատեսային, ներկայացումներ, որոնք երկար ժամանակ են պահանջում՝ մինչև հանդիսատեսի դատին հանձնելը: Ընթացքում է «Հյուսիսային պողոտայի բանտարկյալը» ներկայացումը, որը, կարծում եմ, դեռ երկար կյանք կունենա և շատ հետաքրքիր կլինի հանդիսատեսի համար: Հուսով եմ՝ մոտ ապագայում Գյումրիի հանդիսատեսին էլ կներկայանանք այս պրոյեկտով: Այսպես մանր ու մեծ քայլերով՝ գնում ենք առաջ: Սա իմ առաջին լուրջ, մեծ թատերական գործն է և շատ ուրախ եմ, որ հենց այս նախագծով եմ սկսում տարին, որովհետև այն շատ բարդ ու աշխատատար է, դերասանի համար խնդիրներ առաջացնող նախագիծ է, ու ամեն անգամ նոր բան ես հայտնաբերում, նոր զգացողություններ են: Ես գտնում եմ, որ այս ճանապարհը շատ ավելի ասելիքով հարուստ է, շատ ավելի խորն է, ու քայլ առաջ է՝ որպես դերասան, որպես կազմակերպիչ: Այնպես որ, կփորձենք այս ճանապարհով շատ ավելի երկար քայլել և նոր ներկայացումներով հանդես գալ: Կան նաև հեռուստատեսային նախագծեր, որոնց սցենարային աշխատանքներն ընթացքի մեջ են… Դեռ շատ անելիքներ կան, որոնց չակերտները չբացելով, միայն կասեմ, որ գարնանն արդեն նորություններ շատ կլինեն:

Դերասան Մկրտիչ Արզումանյանի նախընտրությունը. հեռուստատեսային շոուներ, ներկայացումներ, թե՞ լիամետրաժ ֆիլմեր կամ սերիալներ:

— Գտնում եմ, որ յուրաքանչյուրն էլ իր տեղն ունի, բոլորն էլ կարևոր են դերասանի համար,  մանավանդ Հայաստանում: Ու բոլորն էլ մեկը մյուսի հետ փոխկապակցված են. հանդիսատեսը տարբեր ճաշակի է, տարբեր են նախընտրությունները: Իսկ դերասանի համար կարևոր է, այսպես ասած, սպորտային վիճակում լինելը, ինչպես վարժանքները մարզիկի համար, այդպես էլ տարաբնույթ նախագծերը դերասանի համար փորձ են, հմտություն են, կոփում են քեզ, ճկուն դարձնում: Եվ դերասանն իր վրա մշտապես պետք է աշխատի, որպեսզի միօրինակ չլինի, այլ ամեն անգամ նոր ասելիք ունենա: Երկար ճանապարհ է պետք անցնել և, ի ուրախություն ինձ, ես կարողանում եմ չշտապելով, համբերությամբ անցնել այդ երկար ճանապարհը: Դերասանի համար գերխնդիրը՝ նախ ինքդ քեզ համոզիչ լինես, ինքնդ քեզ հավատաս, իսկ երբ բավարար զգացողություն ունեցար, այնուհետև հանդիսատեսին ներկայանաս նույն համոզվածությամբ, որ վերջինիս մոտ էմոցիա առաջացնես, գրավես:

Մկրտիչ, ի՞նչ եք կարծում, մեր հանդիսատեսը ի՞նչ պահանջ է ներկայացնում՝ սիթքոմեր, սքետչեր, սերիալներ, հումորային հաղորդումներ, թե՞ միգուցե ունի բարձրաճաշակ հայկական ֆիլմերի պահանջարկ:

— Ինչպես նշեցի՝ որքան անհատ, այնքան ճաշակ, և ամեն մի նախագիծ էլ ունի իր հանդիսատեսը, ցանկացած նախագիծ էլ կգտնի իր հանդիսատեսին: Բայց մեկ բացառություն եմ ուզում ընդգծել. հեռուստատեսությունը պետք է ճաշակ թելադրող լինի, և ինչ թելադրեց, ինչ հրամցրեց, ինչ ռազմավարությամբ շարժվեց, դա էլ կդառնա մեծամասնության կողմից ընդունելի նյութ: Բնականաբար, շատերն էլ կան, որ հեշտ ճանապարհով են գնում. որակի հաշվին, ռեյտինգ հավաքելու, դիտողականություն ապահովելու համար, ցավոք, մեծամասամբ կարող է վնասել հանդիսատեսի ճաշակին: Հումորային ծրագրերը, դրանք զվարճանքներ են հանդիսատեսի համար, պարզապես, ամեն անգամ կարիք կա նորացնել, նոր ձևաչափով հանդես գալ, որ բացի նրանից, որ հետաքրքիր ու գրավիչ լինես, դիտողականություն ապահովես, այլ նաև թեկուզ հումորի զգացողությունը բարձրացնես, ճաշակ թելադրես: Իսկ եթե քո առաջ նման ռազմավարություն չես դրել, ավելի լավ է ընդհանրապես չխառնվես ու չհամալրես այդ դաշտում: Պրոյեկտներ ընդօրինակելով, պետք է կարողանաս նորացված ու յուրովի ներկայանալ, հակառակ դեպքում՝ դա ոչ ռեյտինգ կապահովի, ոչ հանդիսատես կպահի: Սակայն, եթե մեկ այլ տեսանկյունից այս ամենը դիտարկենք, ապա ամեն ինչ կախված է ֆինանսական հնարավորությունից: Ցավոք, այսօր տնտեսական վիճակն այն մակարդակում չէ, որպեսզի կարողանաս իրականացնել երկարատև նախագծեր, որովհետև մեծ բյուջե է ենթադրում, դերասանին՝ բարձր աշխատավարձ, զարգացած տեխնիկա է պահանջվում, աշխատակիցներ: Մյուս երկրներում նման երկարատև նախագծերը մեծաթիվ աշխատակիցներով են համալրված: Բայց ասածս չի ենթադրում, թե արդարացնում եմ այն հեռուստաընկերությունների գործելաոճը, որոնք չեն ձգտում հասնել ու անցնելուն, որոնք իրենց փոքր կարողություններն ու ցածր հնարավորությունները արդարացնում են՝ «դե, ինչպիսին պահանջարկն է, այդպիսին էլ առաջարկն է» բանաձևով: Դա շատ սխալ մոտեցում է, ոչ պրոֆեսիոնալ է: Լճանալու փոխարեն կարելի է ընդօրինակել ու սովորել:

Սոնցցանցերում լինելը աստղի, արտիստի համար ևս մեկ, մեծ, ընդարձակ «փիառի»-ի դաշտի համա՞ր է անհրաժեշտություն, թե՞ դա էլ լիցքաթափման, զբաղմունքի, «պարապ վախտի խաղալիքի» նման մի բան է:

— Ես գտնում եմ, որ սոնցցանցերում լինելը նույնպես աշխատանքի նման մի բան է, ես դրան վերաբերվում եմ եթերի, խաղով հանդես գալու նման. նոր ասելիքով, նոր գրառմամբ, նոր նկարով հանդես գալը բազմաթիվ հետևորդներին դա նույն աշխատանքն է, որովհետև դու բազմաթիվ երևույթների մասին քո կարծիքն ես արտահայտում, քո վերաբերմունքը: Սոցցանցերում ակտիվ լինելը, ճիշտ ու սեփական կարծիքով հանդես գալը, քո ուրախություններով ու տխրություններով հանդես գալը, քո նորություննրով կիսվելը նույնպես աշխատանք է, հանդիսատեսի հետ շփում, հարաբերություն: Ինչպես նաև՝ գովազդ է. օրինակ՝ ես երկար ժամանակ չկայի «Ֆեյսբուքում», իսկ նոր ֆիլմի՝ «Փախիր կամ ամուսնացիր»-ի ժամանակ դարձյալ վերադարձա «Ֆեյսբուք», և հավատացեք, հուզմունքով նկատեցի, որ այդ տիրույթում հանդիսատեսը սպասում էր իմ վերադարձին: Մյուս կողմից, մի փաստ ևս արձանագրեցինք. մինչ այդ կարծում էի, որ սոնցցանցերը կարողացել են մեդիա դաշտից դուրս մղել ավանդական մեդիաները, բայց մեր անցկացրած հետազոտությունները ցույց տվեցին, որ առայժմ այն չի կարողացել դուրս մղել հեռուստատեսությանը:

Գյումրիում հաճա՞խ եք լինում:

— Երբ ժամանակ է լինում, առիթը բաց չեմ թողնում:

Նկատել եմ, որ Գյումրիից հրապարակած Ձեր լուսանկարները խոսում են այն մասին, որ Դուք շատ արագ նկատում եք այն փոփոխությունը, այն նորությունը, որը տեղի է ունեցել քաղաքում: Կարելի՞ է ենթադրել, որ հումորի քաղաքը Ձեզ համար նաև մուսա է, կամ հարազատ հողն ու ջուրը ստեղծագործական նոր լիցքեր են հաղորդում:

— Հենց այդպես էլ կա: Ամեն անգամ ինչ-որ անտեսանելի, անբացատրելի ուժ եմ ստանում, նոր գաղափարներ են ծնվում, լիցքավորված վերադառնում եմ Գյումրիից: Ու այն, ինչ տալիս է ինձ Գյումրին, ի ուրախություն ինձ, ոչ մի այլ տեղից չես կարող ստանալ:

Դուք փրոդաքշըն ունե՞ք, թե՞ ամեն անգամ, ամեն նախագծի համար նոր թիմ եք հավաքում:

— Ոչ, փրոդաքշըն՝ որպես այդպիսին, չեմ հիմնել, տարբեր նախագծերի համար նոր թիմ եմ հավաքում, հիմնականում աշխատում եմ իմ լավ ընկերոջ՝ Արման Միտոյանի հետ, որը վերջին նախագծերում հիմնականում պրոդյուսերական աշխատանքներին է մասնակցել: Ստեղծագործական թիմերն ամեն անգամ այլ են, կա թիմ, որ, իհարկե, ցանկալի է, որ ամեն անգամ այս թիմի հետ աշխատես, որովհետև ընդհանուր լեզու ես գտել, որը կնպաստի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

Իսկ պետական աջակցություն կա՞, եղե՞լ է:

— Ոչ, նման բան դեռ չի եղել: Չնայած, կան նախագծեր, որոնց համար, գտնում եմ, որ պետական աջակցության կարիքը կարող էր լինել: Նայած, թե ինչ ձևաչափով, ինչ ես անում:

Դե ինչ, շնորհակալություն հարցազրույցի համար: Գիտեմ, որ Դուք այնքան էլ չեք սիրում հարցազրույցներ տալ, և սիրով համաձայնեցիք «Շրջապատի» հետ զրուցել: Ձեզ ստեղծագործական մեծ ներուժ ու իրականացման մեծ ուժ ենք մաղթում:

print
763