Հույս ունեմ, որ ՀՀ հյուսիսային դարպասին մեծ ուշադրություն կդարձնեն ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Հույս ունեմ, որ ՀՀ հյուսիսային դարպասին մեծ ուշադրություն կդարձնեն

Հարցազրույց ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերի» տնօրեն ՎԱԼԵՐԻ ՇԻՐԻՆՅԱՆԻ հետ:

Բժիշկ, խոսենք օնկոլոգիական հիվանդություններից, դրանց տարածվածությունից ու պատճառներից:

— Եվս մեկ անգամ փաստեմ, որ ուռուցքաբանական հիվանդությունների տարածվածությունը մեծ է ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում: Տարեց տարի հիվանդների թիվն աճում է: Եթե բաժանենք սեռերի միջև, ապա կանանց մոտ բարձր է կրծքագեղձի քաղցկեղի տոկոսայնությունը, իսկ տղամարդկանց մոտ թոքերի ու միզասեռական օրգանների քաղցկեղը: Դուք հարցնում եք՝ պատճառներից. դրանք մի ամբողջ շարք են ու տարբեր: Եթե, օրինակ, վերցնենք կրծքագեղձի քաղցկեղը, ապա պետք է առաջնահերթ նշեմ հորմոնային խախտումները, սթրեսները, ապա տրավման, և այլն: Իսկ թոքերի քաղցկեղի առաջացման առաջին թշնամին օդի կեղտոտվածությունն է, ծխելու վատ սովորությունը, թոքի խրոնիկ հիվանդությունները:

Ճի՞շտ է, որ, եթե ուռուցքի զարգացման նախնական շրջանում դիմեն, ապա բուժվելու հավանականությունն ավելի բարձր է:

— Այո, և հենց դրա համար ենք շատ կարևորում, որ հիվանդի մոտ բուժենք նախաուռուցքները:

Արդյոք չե՞ք գտնում, որ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ գոնե, եթե ոչ 6 ամիսը մեկ, ապա տարին մեկ պրոֆիլակտիկ հետազոտությունների դիմեն:

— Եթե հիշում եք կամ լսած կլինեք մեծերից, սովետական ժամանակ տարին երկու անգամ ռենտգենի մեքենան գնում էր դպրոցներ, հիմնարկներ՝ ստուգումներ իրականացնում: Եվ դա, իհարկե, լավ միջոց էր հիվանդությունները զարգացման փուլում հայտնաբերելու համար: Հիվանդության ախտանիշները միշտ չէ, որ սկզբից ի հայտ են գալիս. օրինակ՝ թոքի, ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի ուռուցքների դեպքում, այլ այն ժամանակ, երբ արդեն բարդ փուլի է հասել: Չարորակ ուռուցքները աստիճանների են բաժանվում: Առաջին փուլում ախտանիշները նույնիսկ չեն լինում: Իսկ, օրինակ՝ կրծքագեղձի ուռուցքը, երբ հիվանդը շոշափելով զգացել է, որ այնտեղ գոյացություն կա, չի դիմում, այլ երկարացնում է այնքան ժամանակ, երբ արդեն մեծ խնդիրներ է առաջացրել, տարածվել է:

Տարբեր բժիշկների հետ եմ զրուցում, ու բոլորը նույնն են փաստում. եթե շուտ դիմեն, եթե շուտ հայտնաբերվիՆաև փաստեմ, որ առողջությանը հոգ տանելու համար մենք, այսպես ասած, «ծույլ» ենք: Իսկ ազգի, մանավանդ փոքր ազգի, առողջության պահպանումը պետք է լինի պետության կողմից հատուկ մշակված ռազմավարություն. գուցե՞ առողջապահության նախարարությունը, կառավարությունը ձեռնարկի Ձեր ասած սովետական ժամանակների նման ստուգայցեր:

— Դուք ճիշտ եք: Նաև լսել եմ, որ ներկայիս նախարարը շատ մեծ ուշադրություն է ուզում դարձնել չարորակ գոյացություններով հիվանդներին, և դա անհրաժեշտություն է, մանավանդ, ցավոք սրտի, քաղցկեղը երիտասարդացել է: Հատուկ նշեմ, որ երիտասարդ կանանց վերարտադրողական օրգանների շրջանում է այն հաճախ հանդիպում: Պետք է մեծ ուշադրություն դարձնել, ֆինանսական մեծ ներդրումներ անել: Երբ նման հարցեր բարձրաձայնում էինք, նախորդ իշխանությունները, նախարարները պատասխանում էին, որ միջոցներ չկան: Անկեղծ ասած, մեծ հույսեր եմ կապում այս կառավարության հետ, հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետության հյուսիսային դարպասում գործող միակ ուռուցքաբանական դիսպանսերը կստանա լուրջ օգնություն՝ թե՛ միջոցների տեսքով, թե՛ դոտացիաների, քանզի Շիրակի մարզը սոցիալական բարդ վիճակում է գտնվում:

Բժիշկ, թույլ տվեք նկատել, որ ոչ միայն մարզի բնակիչներն են վատ սոցիալական վիճակում գտնվում, նաև  հիվանդանոցն է ոչ բարվոք պայմաններում գործում: Իսկ մայրաքաղաքում շքեղագույն հիվանդանոցներ են ծաղկում՝ թեկուզ սեփական միջոցներով:

— Այո, ինչ թաքցնեմ, այս հիվանդանոցը հիմնադրվել է անցած դարի 60-ական թվականներին և աշխատում է մինչ օրս, անգամ երկրաշարժի ժամանակ չի դադարել բուժել չարորակ ուռուցքներով հիվանդներին, նաև այլ հիվանդների: Մինչ օրս ամբողջ հզորությամբ աշխատում է, գործում են վիրաբուժական, գինեկոլոգիական, քիմիաթերապևտիկ և ճառագայթային բաժանմունքները: Այս տարիների ընթացքում պետական մակարդակով համարյա ուշադրություն չի դարձվել ուռուցքաբանական ծառայություններին, ես շուրջ 30 տարի այստեղ եմ աշխատում, նույնիսկ շենքի քարերի քանակը գիտեմ:

Տեղյակ եմ, որ ունեք բարձրակարգ սարք, որը սակայն չի գործում, որովհետև ինչոր անհրաժեշտ նյութ է պակասում:

— Չարորակ նորագոյացություններով հիվանդների բուժման եղանակները դրանք վիրահատական միջամտություններն են. քիմիաթերապևտիկ, ճառագայթային, դեղորքայքային, հորմոնային: Կան լոկալիզացիաներ, երբ ճառագայթային բուժումը հիանալի օգուտ է տալիս, ասենք, մաշկի քաղցկեղի դեպքում: Ճառագայթային բուժում իրականացնում ենք «Ագաթ Ռ1» և «Բեմպինգ» ներխոռոչային սարքավորումների միջոցով: 1999 թվականին, շնորհիվ բարի մարդկանց, մենք արտասահմանից ներմուծեցինք «Բեմպինգ» ներխոռոչային սարքավորումը, որը նույնիսկ Երևանում չկար: Այդ սարքերը աշխատում են ռադիոակտիվ նյութերով: Իսկ տարիների ընթացքում այդ ռադիոակտիվ նյութը քայքայվում է: Մի քանի տարի աշխատելուց հետո այն վերալիցքավորման անհրաժեշտություն է ունենում: Այդ ժամանակ արտասահմանյան գործընկերները եկան, հատուկ մոնտաժեցին, հոյակապ աշխատում էր: Պետք է ասեմ, որ կանանց վերարտադրողական օրգանները, առանձնապես արգանդի վզիկի քաղցկեղի բուժման հիանալի ցուցանիշներ էինք ապահովում: Հիվանդներն այլևս ժամանակ ու ֆինանս չէին ծախսում, որպեսզի հասնեին Երևան կամ այլ տեղ, որ բուժում ստանային: Բայց 5 տարի հետո սարքն ինքն իրեն մեխանիկորեն պետք է անջատվեր… ու անջատվեց:

Այսինքն, 2004թից հետո այդ սարքն այլևս չի՞ գործածվել

— Այո: Ես հանրապետության տարբեր հայտնի մասնագետների հրավիրեցի, ամեն ինչ արեցի, որպեսզի սարքը նորից աշխատեցնեն, սակայն սխեմա՝ որպես այդպիսին չկար, ու դրա համար չկարողացան սարքել: Իսկ արտասահմանից մասնագետ հրավիրելը, նրանց այստեղ պահելը, անհրաժեշտ կամ պակասող սարքեր ու նյութեր ձեռք բերելու համար բավական գումար է պահանջվում՝ 10 հազար եվրո և ավել: Դա մեր ուժերից վեր է: Ես բազմաթիվ անգամ դիմել եմ մարզպետներին, նախարարներին, գրությունները պահպանել եմ, իսկ պատասխաններն այնքան նույնահունչ էին, որ անգիր եմ արել. «Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերի» ճառագայթային բաժանմունքի սարքի ռադիոակտիվ նյութի վերալիցքավորման համար կառավարությունը գումար չի նախատեսել»… Իսկ երկրորդ սարքավորումը, որը հիմա գործարկում ենք, նույնպես արդեն ունի վերալիցքավորման անհրաժեշտություն: Այս վերջին սարքավորումից առավել ժամանակակից տարբերակը կա, որն ընտիր է իր արդյունավետությամբ: Մեր հանրապետությունում կա երկու դիսպանսեր՝ Երևանի ազգային ուռուցքաբանական կենտրոնն ու մերը, արժի, որ մեր կառավարությունն ուշադրություն դարձնի, և գումար ծախսի, որպեսզի կարողանանք բարձր արդյունավետությամբ բուժում իրականանցնել: Ես գիտեմ, թե ինչ է կատարվում Երևանի ուռուցքաբանականում. անվերջ հերթագրումներ, անվերջ սպասում՝ ճառագայթային կուրսերի… Ես այստեղ հիվանդների հետ անկեղծ շփվում եմ, և գիտեմ, որ շատ փոքր մասը կարող է իրեն թույլ տալ՝ գնալ, մայրաքաղաքում մնալ, բուժման կուրս անցնել: Այլընտրանք չկա, ճառագայթային բուժում կամ այստեղ են անցնելու, կամ՝ Երևանում: Սա սովորական վիրահատություն չէ, կույր աղիքի հեռացում չէ, որ այլ հիվանդանոցի վիրաբույժները վիրահատեն ու վերջ: Դրա համար էլ, նորից եմ կրկնում, շատ ուրախացա, որ նոր նախարարը հատուկ նշեց, որ մեծ ուշադրություն է դարձնելու ուռուցքաբանական հիվանդություններին:

— Խոսենք պետպատվերներից, ուռուցքների բուժման վճարներից:

— Ուռուքաբանական ծառայությունը հանրապետությունում անվճար է: Բայց, գործում է նաև համավճարի սկզբունքը: Եթե հիվանդը սոցիալական ոչ մի խմբում չէ, անապահով չէ, ուրեմն պետպատվերից դուրս նա որոշակի համավճար է մուծում: Դուք մեր հիվանդանոցի պատերին հավանաբար նկատեցիք, որ փակցված է, թե որ վիրահատության, որ հետազոտության, որ մեթոդի դեպքում որքան գումար է պահանջվում ըստ օրենքի ու պահանջի: Այլ հարց է, թե ինչպիսի դեղորայքային բուժում է նախատեսված կամ, որ մեթոդով է բուժումն իրականացվելու: Կառավարության որոշմամբ, եթե հիվանդը սոցիալապես անապահով է, քիմիաթերապևտիկ բուժում է նախատեսված, ու այն չի գերազանցում 60 հազարը, ապա դրամարկղ ոչ մի գանձում չի արվում: Եթե ապահովված սոցիալական պայմաններում է հիվանդը, ապա մեկ քիմիաթերապիան 30 հազար դրամ է:

print
1,391