Ձուլագործ վարպետների միաձույլ գերդաստանը ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Ձուլագործ վարպետների միաձույլ գերդաստանը

Հենրիկ Թոքմաջյանի պապը՝ Հովհաննեսը, տատը՝ Եղսաբերը և Արմենակ հորեղբայրը՝ իր զավակներով
Ձուլագործ Հայկ Թոքմաջյանը
Հենրիկ և Անահիտ Թոքմաջյանները, եւ նրանց դուստրը՝ Հեղինեն

Ասում են՝ երջանիկ է այն ընտանիքը, որ երջանիկ է տանը: Յուրաքանչյուր տուն, օջախ՝ գերդաստանը, ընտանիքը միավորելու հատկություն ունի: Եվ որքան հին է այդ տունը, այնքան անքակտելիորեն է կապված տվյալ գերդաստանի կենսագրության հետ:

Հնադավան Գյումրիում քիչ չեն երկարամյա պատմությամբ տները, որոնք այսօր էլ չեն կորցրել իրենց ուրույն դիմագծերը: Թիվ 13 դպրոցի հարևանությամբ գտնվող Թումանյան 83 տունը մեկն է դրանցից: Այն պատկանում է Թոքմաջյանների գերդաստանին: Այժմ այստեղ ապրում է Հենրիկ Թոքմաջյանն իր ընտանիքով: Տոհմը 200 տարվա պատմություն ունի: Ներգաղթել է Կարինից: «Հովհաննես պապս այստեղ է ծնվել, նրա պապերն են Արևմտահայաստանից,- ասում է 71-ամյա Հենրիկ Թոքմաջյանը,- նա ողջ էր, երբ կառուցվում էր այս տունը: Մահացել է 1912թ-ին, երբ այն արդեն կանգուն էր»: Շինարարության վրա օգտագործվել է Սարիղամիշի հայտնի փայտը: 1926 թվականի երկրաշարժին տունն առաջին փորձությանը «պատվով» է դիմացել:

Հովհաննես Թոքմաջյանը չորս որդի է ունեցել՝ Նիկոլը, Արմենակը, Օնիկը և Հայկը: Հենրիկը Հայկի որդին է: Պատմում է. «Ձուլագործական արհեստի գաղտնիքները որդիներին պապիցս է փոխանցվել: 1911 թվականին, երբ հայրս ցարական բանակի կազմում ծառայում էր Վարշավայում, այդ արհեստի նկատմամբ արդեն սեր ու գնահատանք ուներ»: Վերադառնալով ծառայությունից, նա իր հետ բերել է բրոնզաձույլ բազմաձև նմուշներ՝ մոմակալներ, ջահեր, որոնք մինչ այժմ էլ պահպանվում և ոճական ինքնատիպություն են տալիս տանը:

Հայկ Թոքմաջյանն ամուսնացել է 1922 թվականին, տոհմիկ գյումրեցի Մարանջյանների աղջկա՝ Հեղինեի հետ և ունեցել երկու որդի ու չորս դուստր: Հենրիկը, ինչպես ինքն է ասում, ծնվել է անիծյալ 1937 թվին: Իրենց գերդաստանի անցյալի շատ դրվագների մասին նա գիտի մեծերի պատմածներից: Հայրը, հորեղբայրներ Արմենակն ու Օնիկն արհեստանոց ունեին կոլխոզ-շուկայի մերձակայքում: Կատարում էին դարբնոցային, ձուլագործական, գունավոր մետաղների մեխանիկական մշակման աշխատանքներ: 20-ական թվականներին, երբ երկրի էլեկտրաֆիկացման հեռանկարային պետական ծրագիրն էր իրագործվում, հիդրոէլեկտրակայանների բրոնզե սարքավորումների արտադրման պատվերներով էին ծանրաբեռնված: Մինչև 1928 թիվը պետությունը ոսկեձեռ վարպետներին ոսկով ու պլատինով էր վարձատրում: Այն ժամանակներում ՀԷԿ-երի գլխավոր ինժեներ Աստվածատրյանը երախտիքով ասել էր. «Եթե չլինեին Թոքմաջյանները, արտասահմանից սարքերի ներկրման դեպքում, պետությունը ստիպված կլիներ բազմակի անգամ թանկ վճարել»:

Մինչև 30-ականների երկրորդ կեսը Թոքմաջյան եղբայրները պատվերների պակաս չունեին: Վարպետները գոհ էին իրենց վաստակից: Բայց շուտով, ստալինյան տրամաբանությամբ, «կապիտալիստական էլեմենտների աշխուժացման շրջանը» պետք է ավարտվեր: Եկավ 1937 թվականը ու պետք էր խլել աշխատավոր մարդկանց քրտինքով ձեռք բերածը: Կագեբեն թակեց նաև Թոքմաջյանների տան դուռը: Եղբայրները հրաժարվեցին տալ իրենց հարստությունն ու հայտնվեցին մեկուսարանում: «Արմենակ հորեղբայրս գիշերը վատ երազ էր տեսել ու ահը մտել էր սիրտը,- պատմում է Հենրիկ Թոքմաջյանը,- առավոտյան նա հայտնել է թաքստոցի տեղը: Գանձը թաղված է եղել գերեզմանոցում՝ 50 մմ տրամագծով ու մոտ մեկ մետր երկարությամբ պարկուճի մեջ»: Հենց այդ պարկուճի միջի ոսկյա և պլատինե մետաղադրամներն էլ եղել են վարպետների փրկագինը: Բռնագրավվել է նաև նրանց երկու սենյականոց տան մի սենյակը: Ութ հոգուց բաղկացած գերդաստանը ստիպված է եղել բնակվել մեկ սենյակում: Մյուս սենյակը պետությունը հանձնել է մի միլիցիոների:

Այս դեպքից հետո վախն է ուղեկցել եղբայրներին: Նրանք մշտապես զգուշացել են որևէ քայլից, որ շրջապատում կարող էր շռայլություն դիտվել: Տան վրա աշխատանք չի տարվել, իսկ ընդարձակելու նախաձեռնության մասին խոսք լինել չէր կարող: «Քույրս երաժշտական ընդունակություններ ուներ, բայց հայրս նույնիսկ վախենում էր դաշնամուր գնել,- պատմում է Հենրիկ Թոքմաջյանը,- իհարկե, սոված չենք եղել, հագուկապն էլ տեղն էր, բայց ապրուստն այլևս այն չէր»: Հայրը նրա հուշերում որպես աշխատասեր ու սակավախոս մարդ է մնացել, ով իր մասին չէր խոսում, նրա գնահատականը ուրիշներն էին տալիս:

Արտակարգ դեպք էր պատահել քաղաքում: Ներկրված անորակ մազութի պատճառով խափանվել էին փռերի ծորակները, վտանգվել էր հացի արտադրությունը: Այն տարիներին Լենինականի քաղխորհրդի նախագահ Շմավոն Առուշանյանն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել: Այստեղ նրան ասվել էր, թե Թոքմաջյանները կարող են փրկել դրությունը: Հանձնարարականը չի ուշացել: Գործի լրջությունից ելնելով, եղբայրներին մեկ ամիս ժամանակ է տրվել: «Այն ժամանակ ես դպրոցական էի, հորս այդ օրերին տանը տեսնելու հնարավորություն չունեի,- պատմում է Հենրիկ Թոքմաջյանը,- օրվա ընթացքում ընդամենը երկու ժամ էր քնում: Աշխատանքն ավարտեցին ժամկետից երկու անգամ շուտ՝ 15 օրում: Դրա համար «վերևներում» խոստացան կրկնակի աշխատավարձ տալ, բայց խոստմանը տերը չեղան: Մի անգամ էլ բոցամուղների խմբաքանակի արտադրության պատվեր էր ստացվել: Առուշանյանը հորս հարցրել է, թե ինչ կուզեն գործի դիմաց: Գործն ավարտելուց հետո էր հայրս ասել իր խնդրանքը՝ վերադարձնել բռնագրավված սենյակը: Այս անգամ էլ էին խոստացել, բայց սենյակը վերադարձրին միայն տարիներ անց»:

Քաղաքում Մետաղագործական արտելի հիմնադրումից հետո, եղբայրներն այնտեղ անցան աշխատանքի: Օնիկը 1950-ին ընտանիքով տեղափոխվեց Երևան: Եղբայրներ Արմենակն ու Հայկը թոշակի անցնելուց հետո, մահացան 1960 և 1961 թվականներին:

Հենրիկ Թոքմաջյանը ևս աշխատանքային բեղմնավոր ուղի է անցել. տեխնիկ-կոնստրուկտոր, ինժեներ-կոնստրուկտոր, իսկ 88-ի երկրաշարժից հետո՝ շինարար:

— Երկրաշարժից տան պատերը ճաքեցին, անվտանգության համար որոշ վերանորոգումներ եմ արել, բայց տունն արդեն վթարային է,- ասում է նա:

Տան բակում ձուլագործական արհեստանոց է կառուցված: Թոշակի անցնելուց հետո այն պետք եկավ՝ պապենական գործը շարունակելու համար:

— Պատվերներ կան: Կաթզտիչների ատամնաանիվներ ենք պատրաստում ու էլի՛ ուրիշ գործեր կան: Կինս ու աղջիկս էլ օգնում են:

Կինը՝ տիկին Անահիտն է միջամտում մեր զրույցին.

— Երեսին ասել չլինի՝ ամուսինս լավ մասնագետ է:

— Բայց դուք, կարծես, կնոջը հատուկ մասնագիտություն չեք ընտրել, արտադրական տրավմաներ չե՞ն լինում,- դիմում եմ տիկին Անահիտին:

— Լինում են, վերջերս, օրինակ, դարձա դրա «զոհը»,- ծիծաղում է նա:

Վարպետ Հենրիկն էլ ներկայացնում է իրենց աշխատանքի պահանջարկը.

— Հիմա էլ, ինչպես մերոնց ժամանակ, գործարաններ չկա, իսկ եղածներն էլ ձուլարաններ չունեն: Այնպես որ, աշխատում ենք համարյա նույն պայմաններում, ինչպես ժամանակին մերոնք:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ

print
1,099