Վարդան Ղուկասյան. «Ես ուզում եմ պատասխան ստանալ...» ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Վարդան Ղուկասյան. «Ես ուզում եմ պատասխան ստանալ…»

Հարցազրույց ԱԺ պատգամավոր ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ հետ:

— Պարոն Ղուկասյան, ինչպիսի՞ն է մթնոլորտը ԱԺ-ում:

— Քաղաքական է: Դեռ նոր է:

— Աշխատել հնարավո՞ր է:

— Մի քիչ ժամանակ է պետք՝ ընտելանալու համար: Մնացածը՝ կապրենք, կտեսնենք: Եթե հանկարծ չկարողացա անել այն, ինչի համար որ գնացել եմ, ես չեմ մնալու այնտեղ:

— Լարվածություն կա՞ ներսում:

— Կա, չի կարող չլինել: Բայց չէի ասի՝ թե շա՜տ է: Համենայնդեպս, ինձ հետ նորմալ է, ինձ հետ չկա: Լրագրողները մեկ-մեկ ուզում են լարվածություն ստեղծել, բայց… Փառք Աստծո, ես թաքցնելու բան չունեմ. ասում եմ այն՝ ինչ արել եմ, ինչպես ապրել եմ, գլուխս կախելու տեղ չունեմ, պատրաստ եմ պատասխանելու յուրաքանչյուրի հարցադրմանը:

— Ե՞րբ ենք Ձեր առաջին ելույթը լսելու ԱԺ ամբիոնից:
— Այս պահին դեռ հետազոտման, կենտրոնանալու պահ է ինձ մոտ: Առայժմ օրակարգային հարցեր են քննարկվում: Այլ հարցեր հիմա չես կարող ներկայացնել: Բայց մտահոգություններս իմ քաղաքն է, մեր մարզն է:

— Իսկ ինչի՞ց եք սկսելու…
— Նախ կուզենամ Հայաստանի Հանրապետության դրոշի հարցը բարձրացնեմ. պետք է առաջարկեմ, որ դրոշի վրա պարտադիր պատկերված լինի Տիրոջ Խաչը: Ես կարծում եմ, դա միայն իմ ցանկությունը չէ, այլ ամբողջ Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալների բաղձանքն է: Մենք առաջինն ենք, որ քրիստոնեությունն ենք ընդունել, բայց այսօր մոտ 18 պետություն, այդ թվում Վրաստանը, իրենց դրոշի վրա խաչ ունեն: Ես դրա համար բավական հիմնավոր մեկնաբանություն ունեմ, բայց թույլ տվեք՝ այս պահին չմեկնաբանեմ: Ամեն դեպքում՝ առաջին ելույթս դրանից եմ սկսելու: Եվ նոր միայն կսկսեմ ներկայացնել Գյումրու հարցերը:

— Իսկ Գյումրու մասով ո՞րն եք առաջնային դիտարկելու:

— Գյումրու մասով… Շուրջ 30 տարի է՝ սոցիալապես ամենաանապահով քաղաքն է, մարզն էլ մի լավ վիճակի չէ: Երկրաշարժի տարելիցի օրերին գալիս են, խոսում են, անդրադառնում են, գնում են ու… անցավ, գնա՜ց: Մի աշխատատեղ չի բացվում, եղածն էլ փակվում է: Արտագաղթը չափ ու սահմանն անցել է: Մեկի դեմն առնելու համար, պետք է մի գործարանի, ձեռնարկության հիմք գցվի, որ մարդկանց մոտ հույս արթնանա, չլքեն իրենց հայրենի օջախները, որ մնան, աշխատեն, տուն պահեն, երեխա ունենան: Բայց արի ու տես, որ Երևանում են ամեն ինչ կենտրոնացնում: Փարիզեցին էլ գոհ չէ իր վիճակից, Երևանցին էլ գոհ չէ իր վիճակից: Բայց գյումրեցու պարագայում ոչ թե գոհ լինել-չլինելու խնդիր է, այլ գոյատևել-չգոյատևելու… Սա է խնդիրը: Կառավարությանը ես հարց ունեմ տալու. երկրի վարած քաղաքականությունն ի՞նչ ուղղությամբ է տարվում. ուզո՞ւմ են, որ երկրում լինի երկրորդ կամ երրորդ քաղաք, թե՞ հանրապետություն-մայրաքաղաք պիտի լինի… որ մենք էլ մեր անելիքները իմանանք, թե ինչ ենք անելու ընդհանրապես: Եթե հանրապետությունը պետք է ունենա երկրորդ քաղաք, ուրեմն պետք է հստակ պետական մոտեցում, պետական քաղաքական լուրջ մոտեցում: Ես հենց դրա համար էլ գնացել եմ Ազգային ժողով: Ու մոտ ժամանակներս այդ հարցն էլ եմ բարձրաձայնելու: Թե ընթացքում ինչ մոտեցում կլինի, դա արդեն պայքար է, աշխատանք է, յուրաքանչյուր տարածքի, մարզի պատգամավոր բացի իր մարզի խնդիրներից, պետք է նաև պետության խնդիրներով մտահոգ լինի:

— Իսկ այն հարցերը, որոնք Գյումրուն են վերաբերելու, կուսակցական որոշմա՞մբ է հաստատվելու, թե՞ մեր մարզի պատգամավորների հետ համագործակցությամբ է հնարավոր, որպեսզի, այսպես ասած՝ աղմուկը մեծ լինի, լուծման ճանապարհներն արագանան:

— Գիտեք, որ ես կուսակցական չեմ: «Ծառուկյան դաշինքն» ուներ նշած 15 կետ, որոնք, եթե լուծումներ գտնեն, շատ լավ կլինի: Օրինակ՝ բանկային այս խայտառակ համակարգի վերաբերյալ: Պատկերացրեք ինքներդ. օրինակ, եթե բանկերից վարկեր չես վերցրել, որ բիզնես հիմնես, ու տոկոսների տակ չես ու սկսում ես աշխատել: Եվ, եթե այսօրվա պայմաններում 20 տոկոս շահույթ ունենաս, գյումրեցու լեզվով ասած՝ «փափախդ օդը պտի քցես»: Բայց աշխատածիդ 14-16 տոկոսը պետությանը պիտի մուծես, որը հաշվարկներից հետո հասնում է 18 տոկոսի, ու թե բանկերում էլ վարկ ունես, էդ 20 տոկոսից ի՞նչ մնաց… բան չմնաց, մի բան էլ մինուս գնացիր: Ու այս հաշվարկները շատ մեղմ եմ ներկայացնում: Բանկային համակարգը պիտի փոխել, արտոնություններ են պետք: Եվ, եթե այս քաղաքը պետք է պետությանը, հստակ մոտեցում է անհրաժեշտ: Ես իմ քաղաքս շատ եմ սիրում, 13 տարի ղեկավարել եմ, ինձ համար Գյումրին թանկ է, ես ուզում եմ պատասխան ստանալ. Գյումրին որպես երկրորդ քաղաք պե՞տք է, թե՞ գյուղաքաղաքի են ուզում վերածել… Հա՜, բնակարաններ կառուցվեցին, ես էլ շա՜տ աշխատանքներ տարա դրա համար, փոքր ու միջին բիզնեսի խթանման համար, բայց մարդիկ այսօր փակում են բնակարանները, փակում են բիզնեսները, խանութները և՝ հաջողություն, մնաք բարով… Սա ձե՞ռ է տալիս: Եթե կուզեք իմանալ՝ ես հենց դրա համար էլ մտել եմ քաղաքականություն, հեչ չէի էլ ուզում մտած լինել, բայց ինձ կյանքն է ստիպել, դուք՝ գյումրեցիներդ եք ստիպել, որ անցավ գլուխս դնեմ ցավի տակ:

— Բայց ոչ միայն բնակարաններն ու բիզնեսներն են փակվում, նաև՝ պետական տարածքային կառույցներն են Գյումրիում վերացվում:

— Հա, ճիշտ եք: Ես, օրինակ, գիտեի, որ Էլցանցը, որպես Հյուսիսային հատված, կենտրոնացած էր Գյումրիում, Փոստային հյուսիսային մասնաճյուղն էր Գյումրիում: Կադաստրը հավանական է, մոտ ժամանակներս փակվի, Հարկային տեսչությունը, տո՛ Մաքսային տեսչությունը… Այսինքն, մայրաքաղաք-հանրապետություն է ստեղծվում, ինչը շատ վատ է, ամեն ինչ այնտեղ է կենտրոնացվում, մնում է Երևանն ու կողքից մենք՝ արբանյակ: Գիտե՞ք, հրեաները, որ աշխարհում որպես խելացի ազգ են հայտնի, 300 հազարանոց մայրաքաղաք ստեղծեցին: Ուզբեկները կարծեմ փոխեցին իրենց մայրաքաղաքը: Սա շատ խելացի տարբերակ է՝ մայրաքաղաքը փոխում ես, որպեսզի մնացած հատվածներն էլ զարգանան, քաղաքները համամասնորեն զարգացնեն, կառուցապատեն: Իսկ մեր պարագայում ստացվում է «տկար մարմնով մե՜ծ, հզոր գլուխ», և շուտով մարմինն էլ չի կարողանա իր ուսերին այդ մեծ գլուխը պահել: Ես էլ՝ որպես ժողովրդի ներկայացուցիչ, պետք է այս հարցը բարձրացնեմ:

— Պարոն Ղուկասյան, որպեսզի պետությունը ապրի՝ աշխատող քաղաքացիներ են պետք, եթե պետությունը մատը մատին չի տալիս, որ քաղաքացիները չարտագաղթեն, չփախնեն պետությունից, լավ, վերջը ի՞նչ է լինելու…

— … Պարենային և ոչ պարենային ապրանքների 50-60 տոկոսը ներկրվում է դրսից, իսկ այդ 50-60 տոկոսի մեջ մոտավորապես 20-30 տոկոսը՝ Թուրքիայից… Տո՛ մենք չե՞նք կարող տեղում ստեղծել, չե՞նք կարող ուրեմն, ասենք՝ մանկական պամպերս արտադրել, որ Թուրքիայից են ներկրում: Վանաձորի քիմկոմբինատն արտադրում էր կարբիտ ու էլեկտրոդ. ի՞նչ եղավ էդ ամեն ինչը: Սովետական միության մեջ միայն Լենինականը թեթև արդյունաբերությամբ ամենաբարձր մակարդակի վրա էր… Էդ ժամանակների կառավարության կողմից քանդվեց, ավիրվեց:
Մի խոսքով՝ ես նման հարցերի լուծման համար եմ գնացել Ազգային ժողով, անձնական հարցեր չունեմ լուծելու: Եթե իմ աշխատանքը չստացվի, ես այնքան ինքնասիրություն ունեմ, որ թողնեմ հեռանամ: Մեր տերը Աստված է, հուսալքված չեմ ու ոչ մեկին խորհուրդ չեմ տալիս կորցնել հույսը, քանի որ նման մի արտահայտություն կա. «Եթե հույսդ կորցրել ես, ուրեմն մահ ես ճաշակել մահից առաջ»: Ես հույսս չեմ կորցրել ու դեռ ամեն ինչ կորած չէ, ու կարելի է ավելին անել: Լավ կլինի:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ

print
3,223