Ճանապարհ դեպի Հնդկաստան ⋆ «Շրջապատ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՄՇԱԿՈՒՅԹ

Ճանապարհ դեպի Հնդկաստան

Դեպիկա Դեշվալ, Մոնթի Դեշվալ
Սանա Խան
Ասուլիս
Հնդկաստանի ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Բուպինդեր Սինգխ Հուուդա
Հնդկաստանի ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Շեյլա Դիկշի
Հնդկաստանի իշխող կուսակցության խոսնակ Սաիդ Շահնավազ Հասսաին
Խմբագիր տիկին Կիրան Չոպրա
Հնդկաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Բրիջ Բուշան Շարան Սինգխ
Jindal Steel and Power ընկերության գլխավոր տնօրեն Նավին Ջինդալ

Վարչապետ Կարեն Կարապետյանը բազմաթիվ անգամ նշել է, որ Հայաստանում պետք է զարգացնել զբոսաշրջության ոլորտը: Իսկ մինչ այդ, եթե հիշում եք, 2016թ. երբ ես մասնակցում էի Գյումրու ՏԻՄ ընտրություններին՝ որպես ավագանու թեկնածու, իմ նախընտրական ծրագրում մեծ տեղ էի հատկացրել տուրիզմի զարգացմանը: Ճիշտ է, ես չընտրվեցի ավագանի, բայց դա չէր նշանակում, որ պետք է ձեռքերս ծալած նստեի ու ոչինչ չանեի, իսկ ծրագիրս մնար թղթի վրա: Հիմա ընթերցողը հարց կտա. իսկ ի՞նչ կապ ունի այս ամենը Հնդկաստանի հետ: Բացատրեմ…

Որպես թերթի խմբագիր, ուշադրություն էի դարձրել այն հանգամանքին, որ մեր ազգաբնակչության եթե ոչ 80, ապա 50-60 տոկոսը դիտում է հայրենի հեռուստաալիքներով ցուցադրվող հնդկական սերիալները: Մարդիկ իրենց օրը լցնում են նախ հեռուստաէկրանների մոտ, հետո հարևանի տանը, բակում, տրանսպորտի մեջ սերիալները քննարկելով: Սոցցանցերում ևս սկսեցի հետևել. պարզվում է, հնդկական սերիալների սիրահարների, ավելի շուտ՝ հայկական «ֆան-էջերի» պակաս չկա. ինչ անուններով, ինչ հապավումներով ասես կա ու կա: Եվ բազմահազար հետևորդները հաճույքով կիսվում են իրենց զգացողություններով, երազանքներով ու ձգտումներով:

Մտահղացում ծնվեց. իսկ ինչո՞ւ այս ամենը չծառայեցնել տուրիզմի զարգացմանը Հայաստանում, իսկ մեր երկրի համար լավագույն փիառը կլիներ հայտնի դերասան-դերասանուհիների այցը Հայաստան: Ինչո՞ւ չմեկնել Հնդկաստան, տեղում կապեր հաստատել Բոլիվուդի աստղերի հետ, նրանց հրավիրել Հայաստան: Ասեմ, որ իմ ծրագրերի մասին գրեցի վարչապետի ֆեյսբուքյան էջում: Նրա խորհրդականները արձագանքեցին, խնդրեցին մանրամասնել ծրագիրս: Երկար ժամանակ սպասեցի հետադարձ պատասխանի, հետո նորից գրեցի: Իմ մտահղացման զարգացումը փոքրիկ քարերով իրար վրա էր դասավորվել, ինձ նույնիսկ թվաց, թե այդքան շատ տեղեկությունը նրանք կամ չմարսեցին, կամ չուզեցին… Դիմեցի մշակույթի նախարարին: Նրանցից պատասխանը շատ չուշացավ, սակայն դարձյալ անարդյունավետ:

Ընկերուհիներիցս մեկը ծանոթացրեց մի գործունյա հնդկուհու՝ Դեպիկա Դեշվալի հետ: Վերջինս էլ ինձ հրավիրեց Դելի՝ հատուկ հյուրի կարգավիճակով ներկա գտնվելու «Բոլիվուդ. Միսս և Միսթեր Հնդկաստան 2017» գալա-միջոցառմանը: Այն իրենց ներկայությամբ զարդարելու էին և ժյուրիի կազմում էին լինելու հայտնի դերասաններ Արբազ Խանը (Սալման Խանի եղբայրը), Սանա Խանը, Մոհիմա Չոուդրան, Ռանջիտ Դուգալը և այլոք: Բոլիվուդի այս դերասանները հանրահայտ են ոչ միայն Հնդկաստանում, այլև աշխարհով մեկ, նկարահանվել են բազմաթիվ ֆիլմերում:

Իսկ ինչպե՞ս հասնել Հնդկաստան… երկար փնտրտուքներից ու դեգերումներից հետո, ի վերջո, լավ մարդկանց օգնությամբ (խնդրել են չնշել անունները), կարողացա բարով-խերով հասնել Հնդկաստան: «Բոլիվուդ. Միսս և Միսթեր Հնդկաստան 2017» մրցույթին ներկա գտնվեցի հայկական տարազով, որպեսզի նման կերպ հետաքրքրություն առաջացնեի Հայաստանի նկատմամբ: Եթե մենք նրանց ֆիլմերը դիտում ենք, ապա ինչո՞ւ իրենց երկրում էլ չիմանան, որ կա մի փոքրիկ երկիր, որի ազգաբնակչությունը 5-6-ապատիկ քիչ է միայն մայրաքաղաք Դելիի բնակչությունից (Դելիում ապրում է 18 միլիոն մարդ):

Առաջ ընկնելով ասեմ, որ ընթացքում ծրագրերս սրբագրվեցին, հանդիպումներ ունեցա ոչ միայն Բոլիվուդի աստղերի հետ, նաև քաղաքական գործիչների (ինչպես իշխող կուսակցության, այնպես էլ՝ ընդդիմության) հետ. Հնդկաստանի իշխող BJP կուսակցության խոսնակ Սաիդ Շահնավազ Հասսաինի, Հարյանա նահանգի նախկին գլխավոր մինիստր (նահանգապետ), Հնդկաստանի ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Բուպինդեր Սինգխ Հուուդայի (Հայաստանի մասին լավ տեղեկացված էր), Հնդկաստանի ազգային կոնգրեսի ներկայացուցիչ տիկին Շեյլա Դիկշիի, Հնդկաստանի պառլամենտի պատգամավոր Դեպենդեր Սինգխ Հուուդայի հետ: Բիզնես ոլորտից Jindal Steel and Power ընկերության գլխավոր տնօրեն, պառլամենտի պատգամավոր Նավին Ջինդալի հետ:  Սպորտի բնագավառից հանդիպում եմ ունեցել Հնդկաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Բրիջ Բուշան Շարան Սինգխի հետ: Մեդիա ոլորտից հանդիպել եմ, այսպես ասած, կոլեգայիս հետ՝ լրագրող, խմբագիր տիկին Կիրան Չոպրայի հետ, որը նաև մի քանի սոցիալական ակումբների ու բիզնեսների տնօրեն է: Գրքերի հեղինակ: Նա և իր ամուսինը՝ գրող, հրապարակախոս Աշվինի Կումար Չոպրան, հատուկ մրցանակի են արժանացել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից: Նաև ընդունելության արժանացա Հարյանա նահանգի մոտ մեկ միլիոն բնակչություն ունեցող Գուրգաուն քաղաքի դատավորի կողմից:

Հանդիպումների մանրամասները, նաև հարցազրույցները կներկայացնեմ «Շրջապատի» առաջիկա համարներում:

***

«Բոլիվուդ. Միսս և Միսթեր Հնդկաստան 2017» մրցույթի անցկացման գեղեցիկ զարդարված դահլիճում, ինձ հրավիրեցին տեղ զբաղեցնել առաջին՝ պատվավոր հյուրերի շարքում: Իսկ երբ մրցանակներն հանձնելու պահին հնչեց՝ «Բեմ է հրավիրվում հատուկ հյուր Արմենիայից», նկատեցի, որ շատերը սկսեցին մեկը մյուսին հարցնել՝ «Արմենիա՞…», «…Դա որտե՞ղ է» և այլն: Դահլիճում մի քանի անգամ հնչեց «Արմենիա» բառը: Հնդկաստանի բազմամիլիոնանոց հեռուստադիտողները ևս լսում են «Արմենիա» բառը…

Ծանոթացա հայտնի դերասանուհի Սանա Խանի հետ: «Հայաստա՞ն… օօօ, ես կուզենայի տեսնել այդ երկիրը»,- ասաց Սանան: «Իսկ ես հաճույքով հրավիրում եմ Ձեզ՝ իմ հրաշք երկիրը…»,- պատասխանեցի ես՝ նրան նվիրելով Հայաստանից տարած մի փոքրիկ հուշանվեր: Նա մեծ հետաքրքրություն ցուցաբերեց Հայաստանի նկատմամբ, իսկ երբ ասացի, որ Հայաստանում նա հազարավոր երկրպագուներ ունի, հուզվեց և խնդրեց իր ողջույնները փոխանցել նրանց:

Կամաց-կամաց, ձնագնդի մեծացման էֆեկտով, սկսեցին հետաքրքրություն ցուցաբերել թե՛ լրատվամիջոցները, թե՛ ներկաները: Շատերն անգամ խնդրում էին հեռախոսի մեջ, քարտեզով ցույց տալ Հայաստանի տեղը:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ

Դելի-Գյումրի

print

3,052