Մայր, որին երբեք չեմ տեսել ⋆ «Շրջապատ»
ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

Մայր, որին երբեք չեմ տեսել

Չկա առավել ծանր ու ահավոր զգացողություն, քան մենակությունը: Աշխարհում կան միլիոնավոր մարդիկ, իսկ դու մենակ ես… ծնված օրից:

Որքան հիշում եմ մանկությունս, աչքերիս առջև հառնում է տատս` բարի, հոգառատ, խելացի դեմքով: Երբ նրան հարցնում էի, թե ո՞ւր է մայրիկս, միշտ հոգոց էր հանում, մտահոգ հայացքը գցում հեռուն ու ասում. «Կգա, բալես, կգա, սպասիր մի քիչ»: Ավելի ուշ, երբ արդեն սկսեցի դպրոց հաճախել, հասկացա, որ սպասելն այլևս իմաստ չունի. նա երբեք չի գալու:

…Հայրս ու մայրս ամուսնացել էին, երբ մայրս արդեն հղի էր եղել: Հանդիպել էին մի քանի անգամ, հրապուրվել, հետո էլ… հայրս այլ ելք չէր ունեցել, մորս տուն էր բերել: Ապրել են մի որոշ ժամանակ, սկսել չհասկանալ իրար, վիճել, վերջն էլ` մայրս թողնելով իր 3 ամսական երեխային` ինձ, հեռացել էր: Հայրս էլ Ռուսաստան էր մեկնել, այնտեղ մի ռուս կնոջ հետ ամուսնացել ու տատիս լուր ուղարկել, որ ինձ «գցի» մորս: Մայրս հրաժարվել էր իմ խնամքից, նրա ծնողները մեկ տարի անց իրենց դստերն կրկին ամուսնացնում են ինչ-որ հեռավոր գյուղ: Տատս ինքն է հանձն առել ինձ դաստիարակելու և մեծացնելու: Ամեն ինչ անում էր, որ մայրական գուրգուրանքի պակաս չզգամ, բայց ո՞վ կարող է փոխարինել մորը:

Առաջին դասարանում, Մարտի 8-ի առթիվ կազմակերպված միջոցառմանը, մոր մասին երգ կատարելիս, հուզմունքս այնքան մեծ էր, որ երգն ընդհատելով, փղձկացի: Հիշում եմ, մի անգամ էլ, բակում խաղալիս, տղաներից մեկի հետ սկսեցինք կռվել: Նա հայհոյեց մորս: Նրան մինչև ուշագնացության աստիճան ծեծեցի: Եվ, երբ տատս փորձում էր թևիցս քաշելով ինձ տուն տանել, հեկեկալով գոռում էի. «Թող ինձ հայհոյի, բայց` ոչ մորս»:

Անցան տարիներ: Իններորդ դասարանում էի, երբ տատս մահացավ: Նրա թաղմանը հայրս վերջապես եկավ Ռուսաստանից: Ինձ գրկեց ու լաց եղանք` որպես իրար կորցրած երկու հարազատներ: Իմ ու նրա արտաքին նմանությունն այնքան զգալի էր, որ նույնիսկ, եթե պատահաբար նրան դրսում տեսնեի, կզարմանայի` ինձ այդքան նման լինելու համար: Տատիս թաղումից հետո մի քանի օր մնաց ու նորից գնաց. կինը զանգեց ու ասաց, որ երեխան հիվանդացել է: Նա էլ հապճեպ մեկնեց: Կարծում էի, թե ինձ էլ կտանի հետը: Իսկ նա համոզեց. «Ես կգնամ, մի 2-3 ամսից փող կուղարկեմ, դու կգաս»: Ամիսներ անցան, բայց այդպես էլ լուր չստացվեց: Մտածեցի, թե դպրոցն ավարտելուս է սպասում: Բայց… իզուր: Մի երկու-երեք անգամ զանգեց, սակայն ինձ կանչելու ակնարկ իսկ չեղավ: Հասկացա, որ նա վանում է ինձ իրենից: Համակերպվեցի ճակատագրիս: Հորաքույրս ինձ որոշ ժամանակ տարավ իրենց տուն: Առավոտյան դպրոց էի հաճախում, ցերեկները շուկայում առևտուր անում, որ հորաքրոջս ընտանիքին հոգս չպատճառեմ:

Վերջին զանգի միջոցառմանը դահլիճում ինձ հարազատ ոչ ոք չկար: Այդ օրն ես ինձ զգացի ամենամիայնակ մարդն աշխարհում: Դպրոցն ավարտելուց հետո մեկնեցի զինծառայության: Ինձ ոչ ոք երբևէ այցի չեկավ, նամակ չգրեց: Վերադարձա, աշխատանք գտա, փոքր-ինչ նորոգեցի տատիս տունն ու սկսեցի ապրել այնտեղ: Իմացա, որ մայրս իր ամուսնուց 3 երեխա ունի, ապրում է գյուղում, երբեմն գալիս է քաղաք` իր ծնողներին այցի: Հաճախ ուզում եմ գնալ այդ գյուղը, գոնե հեռվից տեսնել նրան, իսկ եթե հանկարծ ճանաչի (չնայած կասկածում եմ դրան), նայել աչքերին ու ասել. «Մամ, ես քեզ ներում եմ, միայն ասա, որ այսքան տարիներ դու էլ տառապել ես ինձ տեսնելու կարոտից»:

Ա.ՍՏԵՓԱՆՅԱՆ


«Շրջապատը» տպագրում է կյանքի իրական պատմություններ:
Գրեք shrjapat@gmail.com հասցեով կամ այցելեք մեզ` անձամբ կիսվելով ձեր հոգում կուտակվածով:
Գաղտնիությունը երաշխավորում ենք:

print

1,057