ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Մանկավարժների կրճատումներ չեն սպասվում,  4 համայնքներում առաջին դասարան չի ձեւավորվի

Հարցազրույց Շիրակի մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ ՀՐԱՅՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:

Պարոն Կարապետյան, մեկնարկում է 2019-20թթ. ուս տարին: Հարցադրումս սկսեմ առաջին դասարանցիներից. նոր ուսումնական տարում քանի՞ երեխա է առաջին անգամ ոտք դնելու դպրոց: Կլինե՞ն դպրոցներ, որտեղ առաջին դասարան չի ձևավորվի:

— Այնպես է ստացվել, որ վերջին տարիներին, առաջին դասարանցիների առումով համարյա նույն թիվն ենք արձանագրում՝ 3000-3150: Բայց ընդհանուր աշակերտական թվով՝ հաշվի առնելով ավարտողների և ընդունվողների թվերի հարաբերակցությունը, մարզի կտրվածքով կունենանք աճ՝ 1500 աշակերտով: Յուրաքանչյուր տարի, լինում են համայնքներ՝ բարձր լեռնային և սահմանամերձ գյուղական, որ առաջին դասարանցիներով չեն սկսում նոր ուսումնական տարին, այս տարին ևս բացառություն չէ, մոտ 3-4 հեռավոր համայնքներում չենք ունենա առաջին դասարաններ:

Դուք ունե՞ք թվային պատկեր, ասենք, առաջիկա տարիներին քանի՞ հնարավոր առաջին դասարանցի կլինի:

— Հաշվի առնելով ծնելիության ցածր մակարդակը և արտագաղթի տվյալները, առաջիկա մեկ-երկու տարում դեռ վերևում նշված թիվը կպահպանվի, այսինքն՝ 3000-ին մոտ:

Ներառական մասնագիտացված դպրոցների թիվն ավելանո՞ւմ է:

— Այս տարվանից Երևանում և երկու մարզերում՝ այդ թվում Շիրակը, անցնում են համընդհանուր ներառման համակարգին: Այս առումով վերջին ամսվա ընթացքում մոտ 700 մանկավարժներ, փոխտնօրեններ, տնօրեններ անցել են վերապատրաստումներ, որպեսզի կարողանան լիարժեք դիմավորել ուսումնական տարին:

Մարզի դպրոցները պատրա՞ստ են անցում կատարել ներառական համակարգին:

— Եթե խոսքը դասապրոցեսի, ուսումնական ծրագրերի մասին է՝ ապա այո, եթե շենքային պայմանների, ապա ոչ բոլոր դպրոցները կունենան հարմարեցված սանհանգույցներ, թեքահարթակներ:

Այդ դեպքում՝ ինչպե՞ս են կարգավորելու խնդիրները:

— Կան հանձնարարականներ, դպրոցներն իրենց ուժերով պետք է թերությունները վերացնեն: Խոսքը գլոբալ շինարարական աշխատանքային ծավալների մասին չէ, այլ, ինչպես նշեցի, թեքահարթակների ու սանհանգույցների, այնպես որ, իրենց ուժերով են վերացնելու խնդիրները:

Վերջին տարիներին անընդհատ խոսվում էր մանկավարժների թվային գերհագեցվածությունից, դրույքաչափերի, կոպիտ ասած, «կռվախնձոր» դառնալուց, ցածր աշխատավարձերիցԿրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը վերջերս հայտարարեց, որ մանկավարժների աշխատավարձերը բարձրացվելու են: Այս դեպքում կլինե՞ն կտրուկ միջամտություններ՝ կրճատումներ:

— Նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությամբ, աշխատավարձի մինիմալ շեմը 108 հազար է կազմելու: Մենք կունենանք խնդիրներ համընդհանուր ներառման դեպքում բազմամասնագիտական խմբերի աշխատողների աշխատանքից ազատվելու հարցով, որոնք որ մինչ այս իրականացնում էին ներառական կրթություն, բայց նաև խոստացել ենք, որ այս հարցը բոլոր դպրոցներում համահարթեցման միջոցով է կարգավորվելու: Յուրաքանչյուր դպրոցում կունենանք ուսուցիչների օգնականների հաստիքներ, այդպիսով այդ բացը կլրացնենք, կխուսափենք լայնածավալ կամ, ընդհանրապես, կրճատումներից, և հնարավորության սահմաններում բոլոր դուրս մնացող մանկավարժներին կաշխատենք տեղավորել:

Հաստատենք, որ կրճատումներ չե՞ն սպասվում: Եվ այն կես դրույքաչափ հասկացությունը դուրս կգա, կլրացվի ուսուցչի օգնականի հաստիքո՞վ:

— Այո, կրճատումներ չեն լինի, և՛ օգնականների, և՛ դպրոցների ֆինանսական հնարավորություններից ելնելով կշարունակվեն աշխատանքները: Եվ, բնականաբար, աշակերտ-թիվ ֆինանսավորմամբ ենք առաջնորդվում: Ֆինանսական բանաձևի փոփոխություն կլինի, բայց ոչ թե սեպտեմբերից, այլ ֆինանսական տարվանից՝ հունվարից: Առայժմ այդ բանաձևը հստակեցվում է: Այս հարցին կանդրադառնանք կիսամյակի ավարտին:

Իսկ աշխատավարձի բարձրացում, վերջիվերջո, ե՞րբ է նախատեսվում. որովհետև մի քանի ամիս է նշվել ու սա տարաձայնություններ է առաջացրել. սեպտեմբերի՞ց, հոկտեմբերի՞ց, հունվարի՞ց:

— Այդ հարցին հստակ կպատասխանեն նախարարությունից, քանզի դեռ շրջաբերականներ կամ կարգադրություններ չեն իջեցվել, ես այդ հարցին հստակ չեմ կարող պատասխանել:

Դպրոցների ներկառավարման համակարգում փոփոխություններ, նորություններ, ինդիվիդուալ մոտեցումներ կա՞ն:

— Ձևափոխությունների փաթեթ մշակվում է, առայժմ քննարկումների փուլում է, վերջնական տարբերակ դեռ չունենք, բայց, կարծում եմ, կլինեն: Յուրաքանչյուր մարզ նախարարության և մարզպետների հետ ունենում են քննարկումներ, առաջարկություներ են արվում, բայց վերջնական արդյունքներ դեռ չունենք:

Պարոն Կարապետյան, ըստ Ձեզ, դպրոցական համազգեստի մոդելն ընդունելի՞ է:

— Վերջերս այդ մասին նախարարի կողմից դարձյալ հայտարարություն տարածվեց, որ ոչ մի պարտադրանք, կամ, առավել ևս, ուղղորդումներ չեն լինելու: Նմանատիպ ցանկացած քայլ կդիտարկվի որպես կողմնապահություն և կոռուպցիոն տարրեր կպարունակի:

Հարցը կոնկրետ արտահագուստի մոդելի մասին չէ. ուղղակի, կարո՞ղ է դպրոցի տնօրինությունը հայտարարել, որ երեխաները դպրոց հաճախեն, ասենք սպիտակ վերնազգեստներով, մուգ գույնի տաբատներով կամ կիսաշրջազգեստներով: Ի վերջո, աշակերտը պե՞տք է տարբերվի ուսուցչից:

— Նույնիսկ այս պարագայում չկա պարտադրանք, կա ցանկություն ընդհանուր դասարանի, ծնողխորհրդի կողմից կամ դասղեկ-աշակերտների: Էլի եմ կրկնում, պարտադրանք դրսևորելու դեպքում այն կդիտվի որպես կոռուպցիոն ռիսկ:

Վերջին հարցս. դպրոցական օլիմպիադաներՇիրակի մարզն ինչպիսի՞ արդյունքներով է ամփոփել անցնող ուստարին:

— Վերջին, նույնիսկ կարելի է ասել՝ 20 տարվա ընթացքում, Շիրակի մարզն իր արդյունքներով մշտապես բարձր ցուցանիշներ է գրանցել: Այս տարի ևս, ամբողջ հանրապետական ցուցանիշում մենք դարձյալ գրավել ենք պատվավոր երկրորդ հորիզոնականը: Կեսկատակ-կեսլուրջ, ասում են, եթե օլիմպիադաների թեստեր կազմողները գյումրեցիներ լինեին, ապա մերոնք առաջինը կլինեին:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ

print
6,935