Մանրամասն սիրելու քաղաքը՝ 24 բացիկներում ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՄՇԱԿՈՒՅԹ

Մանրամասն սիրելու քաղաքը՝ 24 բացիկներում

Գեղագետ, գրականագետ, լեզվաբան, արվեստաբան, նկարիչ Լևոն Լաճիկյանի գրաֆիկական աշխատանքներում մենք ոչ միայն տեսնում ենք պատկերի վերարտադրություն, այլ՝ հոգի. մեզ է փոխանցվում նկարչի էմոցիաները՝ սերը, հարգանքը, արժեվորումը: Նրա գծանկարներում հիմնականում պատկերված են շենքերը՝ հարակից փողոցներով ու բնությամբ: Այդպես նա ստեղծել է մի քանի շարք՝ նվիրված Գյումրուն, Գորիսին, Վենետիկին, Փարիզին, Արևմտյան Հայաստանին և այլն:

Նկարչի՝ Գյումրուն նվիրված գրաֆիկական աշխատանքներն առաջին անգամ 2010 թվականին   ցուցադրվեցին Գյումրու այն ժամանակ նորաբաց քաղաքապետարանի շենքի սրահում, ինչը մեծ հետաքրքրություն առաջացրեց արվեստասերների մոտ: Հետագայում Լևոն Լաճիկյանի գծանկարները՝ ցուցահանդեսներով, «ներխուժեցին» թե՛ Հայաստանում, թե՛ երկրի սահմաններից դուրս արվեստը գնահատողների սրտերը: Դրա ապացույցը՝ արվեստաբանների և հայտնի նկարիչների գնահատականներն են: Օրինակ՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանն ասել է. «Անչափ տպավորված եմ Լևոն Լաճիկյանի գծանկարներով։ Դրանք տարածական զգացողությամբ, լավ կոմպոզիցիայով, և նուրբ ու զգայուն արված աշխատանքներ են։ Հեղինակն անթերի գծերի միջոցով թրթռուն ու կենդանի պատկերներ է ստեղծում։ Շատ կարևոր է, որ Լևոնի գծանկարները նյութի պարզ վերարտադրություն կամ սոսկ փաստագրություն չեն։ Տարբեր շինությունների ճարտարապետական մանրամասներ տալով հանդերձ` նա կարողանում է վեր բարձրանալ դրանցից և դրսևորել եղածի հանդեպ իր անհատական վերաբերմունքը»:

Իր աշխատանքները պարոն Լաճիկյանն այսպես է մեկնաբանում. «Շենքերն ինձ համար քարե անշունչ կառույցներ չեն։ Դրանք ավելի շատ մարդկային ոգու ամրոցներ են, միջավայր կերտող, բնավորություն ու մտածողություն կազմավորող և ճաշակ կրթող երևույթներ»։

Լևոն Լաճիկյանի և նրա գործունեության մասին պատմող հոդվածներ «Շրջապատը» ներկայացրել է ընթերցողներին, իսկ այս հոդվածում կներկայացնենք նրա մեկ այլ, եզակի գաղափարը. բացիկների շարքը:

— Մի օր, այսպես ասած, թերթելով իմ ստեղծած Գյումրվա գրաֆիկական շարքը, միտք հղացա. իսկ ինչո՞ւ Գյումրու մասին պատմող բացիկներ չստեղծել,- ասում է Լևոն Լաճիկյանը:- Գյումրիի մասին պատմող շատ լուսանկարներ կան, գեղանկարչական աշխատանքներ՝ Խաչիկ Վարդպարոնյան, Էդիկ Եդիգարյան, և այլն: Ամբողջ հարցն այն է, որ իրենցը մի տեսակ ռոմանտիկ, մի այլ տեսակի Գյումրին է, բայց վավերական Գյումրին, որն այսօր կա, մեր աչքի առաջ է՝ չկա: Իմ գծանկարած Գյումրին այսօրվա վավերագրական պատմությունն է՝ իմ գծանկարչական հայացքով արված: Ես չեմ օգտվել որևէ մեկի լուսանկարից, ես շրջել եմ Գյումրու փողոցներով, ընդ որում, տարիներ շարունակ պեղել եմ պատկերներ, որոնք ես էլ չեմ իմացել, որ Գյումրին այսքան գեղեցկություն ունի: Կուզեմ ասել, որ նախ ես ինձ համար եմ բացահայտել Գյումրին, առաջինն ինքս եմ հմայվել, հոգուս մեջ դրոշմել պատկերը, որն էլ հանձնել եմ թղթին, և երկրորդը՝ ուզեցել եմ, որ մյուսներն էլ տեսնեն, իմանան: Տեսեք (ցույց տալով բացիկներից մեկը), սա Գյումրու ներկայիս ՏՏ կենտրոնի շենքն է, բայց ես այն ներկայացրել եմ որպես առաջին Պետական համալսարանի մասնաշենք, որն 100 տարի առաջ է հիմնվել: Այս մեկը Գյումրու թիվ 1 դպրոցն է, որն օտար հայացքում անհավատալի կթվա, որ հնարավոր է այսպիսի թանգարանային շենքում դպրոց լինի…

Իսկ այս մեկն էլ հայտնի՝ «Վառեմմարեմ»-ի շենքն է, միայն թե այստեղ պատշգամբը նորոգված է

— Այո, ես այն «վերանորոգել» եմ, որովհետև իմ հայացքով, ես այդպես կուզենայի, որ լիներ: Եվ բացի այդ, եթե որևէ զբոսաշրջիկ Գյումրուց որպես հուշ՝ բացիկները տանի, թող մեր քաղաքը թշվառ, կիսավեր տպավորություն չթողնի, որովհետև սա ժամանակավոր է, այլ Գյումրին իր վեհությամբ, ճարտարապետական, պատմամշակութային արժեքով տանի ու մնա իր հուշերում:

Պարոն Լաճիկյան, գիտենալով, որ տպագրությունը թանկարժեք հաճույք է, կներեք, եթե հարցնեմ՝ ինչո՞ւ, ո՞ւմ համար է բացիկների այս շարքը նախատեսված:

— Անգամ մենք, որ ամեն օր Գյումրիում ենք, անցնում ենք այս կամ այն փողոցով, հնարավոր է, շատ բաներ, որպես սովորություն, չնկատենք, հպանցիկ ընթացքով սլանա մեր տեսադաշտից: Բայց երբ լուսանկարը կամ գրաֆիկական աշխատանքը քեզ հրամցնում են, դու այն այլ աչքերով ես նայում, այն ավելի սեղմված է դրոշմվում քո հիշողության մեջ: Մյուս կողմից, երբ զբոսաշրջիկն է մեր քաղաք այցելում, նա որքան էլ, ասենք հիանա, հմայվի մեր այս կամ այն ճարտարապետական կոթողով, շենքով, ետ վերադառնալիս՝ կմոռանա: Եվ, ընդհանրապես, նպատակս որն էր. նախ այս  գծանկարների միջոցով սիրել տալ Գյումրին՝ թե՛ գյումրեցուն, թե՛ հարազատ ու օտար զբոսաշրջիկին: Սա իմ հայացքն է Գյումրուն. հին Գյումրին՝ նոր գծանկարներով: Եվ ինչո՞ւ չէ, կարող են այս բացիկի վրա բարեմաղթանք գրել, վրան փոստային նամականիշ փակցնել և ուղարկել հասցեատիրոջը:

Անդրադառնալով Ձեր առաջին մտքին. այո, որպես տպագրական աշխատանք, այն թանկարժեք է: Բայց դրա կարևորությունից ելնելով, ես գտա հովանավոր. Հայ Օգնության Ֆոնդը սիրահոժար բարեգործություն արեց, որպեսզի Գյումրուն վերաբերող բացիկների շարքը թողարկվի, որ Գյումրվա պատմությունը հակիրճ ներկայացվի: Ինչպես նկատում եք, բացիկների հետնամասում եռալեզու նկարագիր կա. որ շենքն է պատկերված, ինչ նշանակության կառույց է, որ թվականին է այն կառուցվել: Որպեսզի զբոսաշրջիկները, և ոչ միայն նրանք, ծանոթանան, «կարդան» մեր քաղաքի պատմությունը: Մեր քաղաքը Արևմտյան Հայաստանի հավաքական մոդելն է՝ շնորհիվ մեր գաղթական պապերի, ովքեր Գյումրիում հիմնվելով, իրենց երկրից մի հատված են թողել պատմությանն ու սերունդներին:

Այս բացիկի վրա (ցույց է տալիս բացիկներից մեկը) Դուք տեսնում եք Գյումրու կոլաժային պատկերը: Եթե հիշում եք, Երևանից մի նման պատկեր կա, որտեղ օպերայի շենքն է, իսկ հեռվում Մասիս սարն է: Գյումրին մինչև հիմա չի ունեցել իր տիպական պատկերը, որն ամբողջական կներկայացներ մեր քաղաքը, դրա համար ես ետնապատկերում Արագածն եմ պատկերել՝ ոգևորված Հ.Շիրազի. «Դու իմ Գյումրի, Լենինական դու իմ նոր, Արագածին բազմած արծիվ փառավոր» կրկնատողերից: Բացի զուտ գծանկարչական անդրադարձերից ու վավերականությունից, ես որպես նկարիչ էլ եմ մոտեցել. տեսեք, այս մի բացիկում պատկերված շենքը, որը «Պլպլան ժամից» քիչ հեռու է գտնվում, ներկայումս ուներ մեծ ու փոքր կամար: Բայց Դուք տեսնում եք, որ երրորդ կամարն էլ կա, բացատրեմ՝ ինչո՞ւ: Որովհետև, նախ երկար ուսումնասիրելով, ես նկատեցի, որ երրորդ կամարն էլ է եղել, որը շենքի սեփականատերն հավանաբար ինչ-ինչ անհրաժեշտությամբ փակել է: Ապա, չեմ հավատում, որ գյումրեցի ճարտարապետը կարող էր ամբողջական պատկեր չստեղծել. մեջտեղում մեծ կամար, իսկ աջ ու ձախ կողքերին, համաչափ՝ երկու փոքր կամարներով: Հիմա, տպավորություն չստեղծվի, թե ես, որ ասում եմ, գծանկարել եմ Գյումրու վավերագրությունը, մեկը քանոն առնի գա՝ չափագրելու: Ես փորձել եմ ստեղծել զուտ քաղաքային միջավայր՝ իր ողջ ճարտարապետական գունապնակով:

— 24 գծանկար, 24 բացիկ՝ ԼենինականԳյումրի սիրուն քաղաքիցՈրտեղի՞ց կարող ենք ձեռք բերել:

— Շատ գրախանութներից արդեն պահանջարկ կա: Ես պատկերացնում եմ, որ լավ կլիներ, որ այս բացիկները լինեին նաև օդանավակայաններում՝ շատ պարզ պատճառով. մեկնողն իր հետ Գյումրուց մի պատառ կտանի:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ

Հ.Գ. Լևոն Լաճիկյանն արժանացել է ԵՊՀի ՈՍԿԵ ՄԵԴԱԼի մշակույթի ասպարեզում ունեցած ձեռքբերումների, ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին նվիրված նամականիշի էսքիզը հեղինակելու համար և ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ։ 2019թ. հունիսի 27-ին ԵՊՀ կենտրոնական գրադարանի նախասրահում տեղի է ունեցել Ֆրանսիայում տպագրված հոբելյանական նամականիշի մարման հանդիսավոր արարողությունը:

print
714