Մանրապատկեր հուշերի քանդակագործը ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

Մանրապատկեր հուշերի քանդակագործը

Վալեր Նազարեթյանը ծնվել է Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում: Որքան իրեն հիշում է, բնույթով անչափ հետաքրքրասեր է եղել: Երբ ծնողներն որևէ խաղալիք էին գնում, իրեն կոնկրետ այդ «անշունչ» խաղալիքը ոչինչ չէր ներշնչում, նրան ոչ թե հետաքրքրում էր այդ նվերի բուն տեսքը, այլ այն, թե ինչպե՞ս կարելի է դա ձևափոխել ներսից, որպեսզի այն շարժունակություն, կենդանություն ստանա: Ասում է, թե իրեն ամեն ինչում մշտապես ձգել է դինամիզմը, ստատիկ վիճակը պարզապես անհրապուրիչ է:

Հիշում է իր սարքած հեծանիվը, բազկաթոռը, ստվարաթղթից պատրաստած այլ խաղալիքներ: Իսկ դպրոցական տարիներին արդեն շրջակա միջավայրն է իր տարածականության մեջ նոր գրավչություններով երևում: Պատանու հետաքրքրությունների պարագիծն ընդարձակվում է: Նրա աչքին չափազանց հրապուրիչ են ներկայանում հնադարյա հայկական եկեղեցիները: Նա սկսում է Հայաստանի տարբեր վայրերում գտնվող եկեղեցիների մանրակերտերը կառուցել: Դրանք բարձրացնում փայտյա հիմքի վրա: Վալերն իր ճարտարապետական կառույցներում օգտագործում է հիմնականում ստվարաթուղթը: «Բայց դա այն ստվարաթուղթը չէ, որ կարծում եք,- ասում է Վալերը,- ժամանակի ընթացքում` նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ, ինձ հաջողվել է ստանալ համարյա պլաստմասսայի կարծրության թուղթ»: Հենց դա է այն «շինանյութը», որի 90 տոկոսը ծախսվում է նրա կառույցների ստեղծման վրա: «Պատկերացնու՞մ եք,- ժպտում է նա,- թե որքան շինարարության նախահաշիվը փոքր կլիներ, եթե կառուցողների «մատակարարը» ես լինեի, հնարավոր կլիներ բոլոր տենդերները միանգամից շահել»:

Ես, իհարկե, գնահատում եմ նրա կատակը, ու մենք շինհիմնարկների «հնարավոր» նորարական գործունեության շրջանակից վերադառնում ենք «շինարար» Վալերի` իր բուն ստեղծագործական ընթացքի նկարագրմանը: Առարկայական պատկերը ստանալու համար նա նախնական էսքիզներ չի անում, պատկերն ինքնին է գծագրվում մտքում, հաճախ էլ` երևակայական նշմարումներով են ուրվապատկերներն իրենց տեսքը գտնում: Դրանից հետո հեղինակին մնում է միայն գործի անցնել:

Հուշերի արթնացումը ևս (ի՞ր, թե՞ ուրիշի, դա այնքան էլ էական  չէ) Վալերի եղանակային դաշտում հուզախառը տրամադրությունների հոսանքներ է բերում: Էականն այս պարագայում այն է, թե որքանով են հուշերը շաղկապվում իր խառնվածքի հետ: Oրինակ, մոր` 70-ական թվականների հուշերից ծնվեց իր երևակայությամբ շաղախված մի սենյակային միջավայր: Գործն այդպես էլ կոչել է` «Մորս հուշերից»: «Այսպիսի տեսք է ունեցել մորս սենյակը, այն եղել է, այսպես ասած` իր անկյունը»: Թերևս, ամենաուշագրավ «նմուշն» այստեղ «կենդանի» հնչողությամբ սովետական ձայնարկիչն է: «Ադապտոր կոչվածից մայրս այն ժամանակվա հայտնիների` Լուսիկ Քոշյանի, ՕՖելյա Համբարձումյանի երգերով պլաստինկաներն է լսել»: Վալերը միացնում է ադապտորը, հնչում է իր մոր սիրելի երգերից մեկը: Դա այնքան տպավորիչ է, որ պահ եղավ, երբ բնազդորեն կռացա, լուցկու տուփից էլ փոքր չափերով ձայնարկիչի մակնիշը կարդալու համար:

Պատկերընկալման առումով, նրա համար գերադասելի են փոքրաչափ գործերը: Սրանք, ըստ իրեն, սեղմ չեն ո՛չ բովանդակային, ո՛չ արտահայտչական առումով: Իրեն ավելի հաճելի է իրերն ու միջավայրը փոքրացված տեսնել, գտնում է, որ դրանց փոքրությունը տեսանելիության ավելի լայն սահմաններ է բացում, քան, եթե դրանք դիտում ես իրենց իրական չափերով. «Կարևոր է նաև, որ ամեն մեկն իր ֆունկցիան լիարժեք կատարի»:

Գործառույթը կատարելու տեսանկյունից` վերապահումի տեղ կարծես չեն թողնում նաև Վալերի ստեղծած երաժշտական գործիքների մանրակերտվածքները: Վալերն այնպես է ստեղծում դրանք, որ հնարավոր լինի դրանցով նվագելիս բնական երաժշտական հնչողություն ստանալ: «Աշխարհահռչակ միկրոքանդակագործ կա` Էդուարդ Տեր-Ղազարյան, նա մանրադիտակով է աշխատում,- ասում է Վալերը,- դա իր տեսակի մեջ չափազանց բարդ, ծայր աստիճան լարվածություն ու համբերատարություն պահանջող ստեղծագործական աշխատանք է, որ մանրադիտակով է արվում: Ասենք` Չարլի Չապլինը ասեղի անցքում, բուն իմաստով` արտիստի միկրոքանդակն ասեղի անցքում և այլն: Դա էլ Տեր-Ղազարյանի աստվածային շնորհն է ու ինքը ստեղծագործական այսպիսի պրոցեսից է բավականություն ստանում: Ես ինքս ուզում եմ, որ մարդն իմ աշխատանքներն առանց oպտիկական սարքերի դիտելու, ուղղակիորեն հիշողությունների արթնացման ազդակներ ստանա»:

Անցյալ տարի Վալեր Նազարեթյանը մասնակցելով «ԱրտՖեստ» փառատոնին, արժանացել է կերպարվեստ անվանակարգի մեծ մրցանակին: Բայց, այսուհանդերձ, մրցութային հանձնաժողովին ոչ մի կերպ չի հաջողվել մրցանակի արժանացրած հեղինակի ստեղծագործական ուղղությանը բնորոշիչ անուն գտնել: Նրա ստեղծագործություններում տարբեր ճյուղեր են համադրված: Վալերի համոզմամբ, իր գործերը յուրովի պահանջվածություն ունեն: Երբեմն մանրակերտերի պատրաստման մասնավոր պատվերներ է ստանում, օրինակ` Գառնի տաճարի, Երևանի օպերայի թատրոնի, Գյումրու քաղաքապետարանի շենքերի մանրակերտերն է «կառուցել»:

«Մյուս կողմից,- ասում է Վալեր Նազարեթյանը,- մարդիկ հետաքրքրված հարցնում են, թե հնարավո՞ր է, որ իրենք էլ իրենց ծնողների հուշերից «պատառիկներ» ունենան` մանրակերտերի, մանրաքանդակների տեսքով: Ասում եմ` իսկ ինչու՞ ոչ: Այժմ ուզում եմ աշխատանքներիս թիվն ավելացնել այնքանով, որպեսզի բավարար լինի ցուցադրության համար: Դե, իսկ դրանից հետո, կսկսեմ լիարժեքորեն պատվերներ ընդունել: Կաշխատեմ մարդկանց հուշերի անկյունը դարձնել իրականություն: Իսկ արդյունքում, մենք այդ գործից ստացած բավականությունը միասին կկիսենք: Ես իմ աշխատանքից ստացածը, նա` իր կամ իր հարազատների վերականգնված մանրապատկեր հուշերից»:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ

print
2,138