Մարզերում ունենք բարձրակարգ մասնագետներ, բայց չունեինք ժամանակակից բուժսարքավորումներ ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Մարզերում ունենք բարձրակարգ մասնագետներ, բայց չունեինք ժամանակակից բուժսարքավորումներ

Հարցազրույց Գյումրու բժշկական կենտրոնի ակնաբույժ ԱՐՈՒՍՅԱԿ ԿՈՒՐՂԻՆՅԱՆԻ հետ:

— Բժշկուհի, տեսողական խնդիրը կարծես միակ հիվանդությունն է, որն առնչվում է համարյա յուրաքանչյուր մարդու հետ: Նախկինում, եթե տեսողական խնդիրներն երբեմն կապում էին շատ գիրք կարդալու հետ, ակնոց կրող մարդուն երեխայի պարզամտությամբ անվանում էին «գիտունիկ», այժմ բոլորը օգտվում են համակարգիչներից ու բջջային հեռախոսներից: Կարելի՞ է ասել, որ դրանք աչքի «թշնամիներն» են:

— Գիտե՞ք, ես այդպես չեմ գտնում. ամեն ինչում պետք է ունենալ սահման, չափի զգացում, աշխատանքային հիգիենա: Ձեր ասածի դեպքում՝ պետք է սահմանափակվել որոշակի ժամաքանակով. եթե մարդու աշխատանքի բնույթն այնպիսին է, որ պետք է համակարգչի դեմ անցկացնի, պետք է բժշկի խորհրդով՝ ձեռքի տակ ունենա հատուկ կաթիլներ, կամ հատուկ ակնոցներ կրի, վարժություններ անի: Իսկ հեռախոսների դեպքում, այո, հատկապես փոքր երեխաների դեպքում պետք է շատ զգույշ լինել, քանզի նրանց դեռ վերջնական չձևավորված, չզարգացած օրգանները, այս դեպքում աչքերը, կարող են շարքից դուրս գալ, շլություն առաջացնել և այլն:

— Իսկ աչքերի համար հատուկ սննդակարգ կա՞:

— Երբ մինչև 22 տարեկան մարդը դեռ աճման ֆունկցիաներ ունի, դեռ աչքը ձևավորվում է, ապա ճիշտ սննդակարգ է անհրաժեշտ, վիտամինների խմբաքանակ է անհրաժեշտ ողջ օրգան-համակարգի համար, որոշ վիտամիններ էլ օգնում են աչքի ֆունկցիաների զարգացմանը:




— Զարգացած երկրներում ակնաբուժությունը սրընթաց զարգանում է, իսկ մեզ մոտ՝ քիչ է, որ Երևան ուշ է հասնում, մարզեր է՛լ ավելի ուշ է հասանելի դառնում: Առողջական խնդիրներ ունեցողները մարզերից հասնում են Երևան, որովհետև այնտեղ համապատասխան բուժտեխնիկա կա:

— Ձեր բերած օրինակն այլ դեպքերի համար իրավ է, բայց ակնաբուժության մասով պետք է ասեմ, որ մենք Հայաստանում, Երևանում ունենք բարձրակարգ մասնագետներ, մրցունակ ենք  արտասահմանյան շատ երկրների հետ: Մեր մասնագետները մշտական կապի մեջ են օտար մասնագետների հետ, վերջիններս ոչ միայն գալիս-գնում են, կապ պահում հիվանդների հետ, նաև մերոնք են փորձի փոխանակման համար գնում, դա նշանակում է, որ մեր բժիշկները բարձր մակարդակ ունեն: Մարզերում հետ մնալն էլ չեմ վերագրում մասնագետների բացակայությանը. մենք ունենք շատ լավ մասնագետեր, բայց չունենք լավագույն բուժսարքավորումներ: Օրինակ, շաքարային դիաբետը ևս մեծ տարածում ունի և դրա հետևանքով բարդությունները՝ գլաուկոմա և այլն, որը բերում է կուրության, մենք հայտնաբերում ենք, բայց դրա բուժումը շարունակություն չունի, որովհետև անհրաժեշտ է լազերային վիրահատության սարք: Ու դրա համար եմ նշում մարզերում ակնաբուժական սարքավորումներով վերազինվելու անհրաժեշտությունը: Սակայն պետք է ասեմ, որ խոսքը չի վերաբերում Գյումրու բժշկական կենտրոնին, քանզի Գյումրու ԲԿ-ն գոնե զինված է բարձրակարգ սարքավորումներով, կատարում ենք աչքի առաջային և հետին հատվածների հետազոտություն՝ ուլտրաձայնային սարքով (սոնոգրաֆիա), կերատոմետրիա՝ եղջերաթաղանթի հետազոտություն, ունենք սարք, որի միջոցով կարող ենք անմիջապես ֆիքսել տեսողության չափը, գրել դեղատոմս, որոշել ակնոցի, լինզայի չափ: Ֆրեզնոյից նվեր ստացած սարք ունենք, որը նկարում է ակնահատակը, և կարող ենք պահել դինամիկ հսկողության տակ:

— Գյումրու բժշկական կենտրոնն հաճախ բարեգործական և նեղ մասնագիտական ծրագրեր է իրականացնում: Ակնաբուժությունն էլ, կարծում եմ, բացառություն չէ:

-Շատ լավ ծրագրեր ենք իրականացրել, հատկապես ուզում եմ նշել «Լույս հայի աչքերին» ծրագրի մասին. Երևանից հատուկ շարժական ակնաբուժական մոբիլը, որը զինված էր բարձրակարգ ու թանկարժեք սարքերով, շրջեց մարզերում, եկավ Գյումրի, և մենք շատ մարդկանց հոսք ունեցանք, կարողացանք վիրահատական ծառայություն մատուցել: Հատկապես երկու աչքից կույրերի համար սա մեծ օգնություն էր: Այս պահին մենք ունենք կուրության կանխարգելման ազգային ծրագիր, որը բնակչության առանձին խմբերում ընդգրկված անձանց կատարակտային վիրահատություններ է իրականացնում: Վիրահատում ենք կատարակտան, որը կուրության բերող հիվանդությունների մեջ երկրորդ տեղում է… Այս դարում թողնես՝ կատարակտայի պատճառով մարդը կուրանա՞, ցավալի է, մինչդեռ արդեն վաղուց հնարավոր է այն վերացնելը, և մարդու աչքի լույսը պահպանելը, եթե համապատասխան տեխնիկա լինի: Եվ այս ծրագիրը հիանալի ծառայություն է, որ մենք մատուցում ենք: Բացի այդ, այս պահին բանակցություններ ենք վարում նաև «Հայկական ակնաբուժական նախագիծ» բարեգործական հիմնադրամի հետ, և սեպտեմբեր-հոկտեմբերին Գյումրու ԲԿ-ում կբացվի մեծ ակնաբուժական կաբինետ, որը հագեցած կլինի ժամանակակից բուժսարքավորումներով, նույնիսկ լազերային սարքով, և բարեգործական ծրագրի շրջանակում հնարավոր կլինի կատարակտի անվճար վիրահատություն, կմատուցվեն արդեն բարձր կարգի ակնաբուժական ծառայություններ՝ բուժզննումից, հետազոտությունների ամբողջական ծավալից սկսած, վերջացրած բուժում, վիրահատություն և այլն: Կուրության կանխարգելման ազգային ծրագրով նախատեսվում է կատարակտի վիրահատության (ներառյալ ոսպնյակի արժեքը) ծառայություն մատուցել 60 տարեկան և ավելի բարձր տարիքի նախատեսված շահառուներին, տվյալ ոլորտում մասնագիտական գործունեության առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժի առկայության դեպքում: Շահառուների խմբում ընդգրկվել են մանկավարժական աշխատողներ, ուսուցիչներ, բուժաշխատողներ, մշակույթի ոլորտի աշխատակիցներ, ովքեր չեն հանդիսանում սոցիալական փաթեթի շահառու: Ցանկում ներառվել են նաև ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված «0» միավորից մինչև 30.00-ը ներառյալ, անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամներ, ովքեր չունեն անհրաժեշտ բժշկական օգնությունից օգտվելու արտոնություններ: Այսպիով, պետպատվերի շրջանակում անվճար վիրահատություններ կկատարվեն, միայն 5000 դրամ սիմվոլիկ վճարում կատարելով: Ճիշտ է, այցելուների սահմանափակ թիվ է պահանջվում, բայց քիչ բան չէ:

print
4,809