Մարզի բնակլիմայական պայմանները «սպանում» են ինտենսիվ գյուղատնտեսությունը ⋆ «Շրջապատ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարզի բնակլիմայական պայմանները «սպանում» են ինտենսիվ գյուղատնտեսությունը

Շիրակի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում «Երեք կետ» գիտատեխնիկական ասոցիացիայի ղեկավար Գարեգին Բունիաթյանի, «Հայգյուղշին նախագծի» տնօրեն Վարուժան Հովասափյանի և Շիրակի մարզի համայնքապետերի միջև՝ Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանի գլխավորությամբ:
Նախ նշենք, որ «Երեք կետը» գիտության, տեխնիկայի և արվեստի համադրմամբ նորարական գաղափարների, տեխնոլոգիաների ներդրմամբ համայնքներում զարգացման ծրագրեր մշակելու ճարտարապետների ու նախագծողների գիտատեխնիկական ասոցիացիա է:

Քննարկման թեման, ըստ տեղեկատվության, պետք է լիներ «Ժամանակակից տեխնոլոգիաներով պոմպակայանների արտադրության» շուրջ: Սակայն հանդիպման առաջին մեկ ժամում խոսվեց թե՛ գյուղատնտեսությունից, թե՛ անասնապահությունից, թե՛ բանջարաբոստանային կուլտուրաների աճեցումից ու սպառումից, թե՛ բարձրորակ կաթնամթերքի մարկետինգից, թե՛ ոռոգման ցանցի բարելավումից, ի վերջո, մարզում կաթիլային ոռոգման ներդրման, այլընտրանքային էներգիայի միջոցով պոմպակայանների շահագործման հետ կապված հարցերից: Նաև առաջարկվեց հատուկ քարտեզագրելով մարզը, նշումներ կատարել, թե որ համայնքն ինչպիսի զարգացման ծրագիր է առաջարկում, և ինչ մեթոդներով կկարողանան այն առաջ տանել ու զարգացնել համայնքը:

«Հայգյուղշին նախագծի» տնօրեն Վարուժան Հովասափյանը հավաստիացրեց, որ ցանկացած խելամիտ առաջարկի դեպքում պատրաստ են աջակցել նախագծման հարցերում, անհրաժեշտ մարդկանց հրավիրել, խորհուրդներ տալ և այլն: Նա նաև ներկայացրեց, թե որ համայնքում ինչպիսի նախագծերի հեղինակ են, և ինչպիսի զարգացման տեմպեր են գրանցվել: «Վեդիում մոտ 3500 հեկտար հողամաս կաթիլային ոռոգման տակ է, Արտաշատում բավականաչափ հողատարածքներ են պաշտպանիչ ցանցերով ծածկված… Եթե հետաքրքիր է, կարող եք գնալ, ինքներդ համոզվել, թե ինչպես է այն աշխատում… Ինչու եմ սա ասում. քանի որ Շիրակի մարզում ոռոգման խնդիր կա, համակարգ չունեք, ցանցը լիարժեք չէ, դրա համար կարևորում ենք, որ այստեղ ևս նման ծրագրեր իրականացվեն,- ասաց Վ.Հովասափյանը՝ հավելելով, որ ջրամատակարարման ծրագրերն իրականացնելով, ճիշտ է, ապահովել են նորմալ ջրամատակարարում համայնքներում, սակայն ափսոսանք հայտնեց, որ Ղազանչիի յուրահատուկ համով ջուրը ոռոգման նպատակով է օգտագործվում:- Այդ իսկ պատճառով, առաջարկում եմ համայնքապետերի հետ հանդիպենք, մտածենք, լսենք, թե ինչ ծրագրերով է հնարավոր զարգացնել յուրաքանչյուր գյուղ»: Նա նաև օրինակ բերեց. «Աշտարակում մեկը վարկով խնձորի կաթիլային ցանցով ոռոգվող 40հա այգի էր հիմնել: 3 տարում 5 տարվա բիզնես վարկային ծրագիր փակեց»: Նրա այս օրինակին, համայնքապետերից մեկը հակադարձեց, թե Շիրակի մարզի ձմեռային սեզոնը ինքնատիպ է, և ի՞նչ այգի, ի՞նչ բան, ի՞նչ մշակաբույսերի ու հացահատիկի վերամշակում ու աճեցում, ի՞նչ ինտենսիվ գյուղատնտեսություն զարգացնել… Որպես օրինակ բերվեց Բավրայում կառուցված հնդկացորենի, հնդկաձավարի գործարանի հիմնման ծրագիրը, որն այդպես էլ իրեն չարդարացրեց լոկ այն պատճառով, որ Հայաստան հնդկաձավար ներկրողները նախկին գնից քառակի էժանացրեցին ապրանքի գինը, որի պատճառով տեղական արտադրության հնդկաձավարը նման գնի պարագայում ինքնարժեքն էլ չի փակի։ Վ.Հովասափյանն առաջարկեց անասնապահության գիծը զարգացնել:

Համայնքապետերը դժգոհեցին գյուղերի ոռոգման ներքին ցանցերի բացակայությունից, մաշվածությունից: Բացի այդ, առանց ոռոգման ցանցի ոչ միայն այգի հիմնել չեն կարողանա, այլև անասունների համար դարման հասցնել էլ չեն կարողանա: Եվ հերթով սկսեցին թվարկել, թե քանի-քանի գաղափարներ են իրացվել, շատ դեպքերում, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով քանի ֆերմերի ջանքեր են ջուրը լցվել, որքան մարդիկ են վարկերի պատճառով սնանկացել:

Ամեն դեպքում, նշվեց, որ այս հանդիպում-քննարկումը նախնական է, և մեծ է ցանկությունը, որպեսզի ծրագրեր մտածվեն, առաջարկներ ներկայացվեն, որպեսզի նախագծող ճարտարագետներն էլ իրենց հերթին կարողնան համապատասխան առաջարկներով հանդես գալ:

print
150