«Մեզ տրված է ազատություն. պետք է գործ անենք, աշխատենք» ⋆ «Շրջապատ»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մեզ տրված է ազատություն. պետք է գործ անենք, աշխատենք»

Հարցազրույց ՀԱԿ կուսակցության անդամ, տնտեսագետ ԶՈՅԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ հետ:

Տիկին Զոյա, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել «Առաջին լրատվական»-ին և «Ժամանակ» օրաթերթին՝ պահանջելով 2 մլն դրամ՝ այն բանի համար, թե իբր «Գրիգոր Գրիգորյանը ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ, վերջինս կարող է կալանավորվել» վերտառությամբ հոդվածում իրեն զրպարտել են:

— Նրանք հանցագործ են, արդեն գտնվում են ոչ ադեկվատ դաշտում, նրանց ցանկացած հայտարարություն լեցուն է անհեթեթություններով, հիմարություններով և լավ կլինի, որ ընդհանրապես գրասենյակը փակվի, իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ մի ճամպրուկ հավաքի ու տեղափոխվի իրեն հատկացված բանտախուց: Բավական է արդեն ժողովրդի նյարդերը գերլարված վիճակում պահել: Մենք նոր իրականություն ենք մտել, ինչպես ընդունված է ասել՝ նոր Հայաստան ենք կառուցում, և այս պարագայում նման մարդիկ պետք է գոնե լռություն պահպանեն, ամեն մի առիթով հայտարարությամբ հանդես գալ ու մեջ ընկնելն իզուր է: Գոյություն ունի/ուներ փաստահավաք խումբ, չնայած, որ դադարեցրել է իր գործունեությունը, բայց փաստերը հավաքված են և այդ փաստերին լավագույնս տիրապետում է Անդրանիկ Քոչարյանը, ով վերջերս տվեց հարցազրույց ու հիմնովին բացատրեց, թե ինչումն է կայանում Ռոբերտ Քոչարյանի մեղքը և ինչ փաստերով նա կարող է պատասխանատվության ենթարկվել: Եթե Ռ.Քոչարյանը բերված փաստարկներին դեմ է, թող գնա դատարան՝ հարցաքննության ու ապացուցի իր անմեղությունը: Բայց, 2008-ի Մարտի 1-ին լինելով գերագույն գլխավոր հրամանատար, բանակը հանեց ժողովրդի դեմ, և դիպուկահարների միջոցով 10 անմեղ մարդկանց գնդակահարեց փողոցում: Դա ակնհայտ հանցագործություն էր, և դա կարող էր կատարել միայն նա:



Գտնո՞ւմ եք, որ հասարակությունը, այսպես ասած, «տեղը չի գտնի», մինչև Հոկտեմբերի 27 և Մարտի 1 էջերը չփակվեն:

— Կհամարենք փակված, երբ վերջնականապես հանցագործները կպատժվեն: Այդ երկու դեպքերն այնքան ցավալի, այնքան խորը հետք են թողել հայ մարդու հոգու մեջ, հատկապես նրանց, ովքեր ականատեսն են եղել, որ դա երբեք չի մոռացվի: Մենք գիտենք, թե ով կամ ովքեր են հանցագործները, այո, երբ նա պատժվի, վերջապես թեթևացած շունչ կքաշենք: Մինչդեռ հանցագործը պետությունից ստացած շքեղ տան մեջ նստած՝ երկիրն է թալանում: Ու թողնեն, որ նա այդ թալանը վայելի և չարախնդա ժողովրդի վրա՞, նա դրա բարոյական իրավունքը չունի: Նա և՛ մարդասպան է, և՛ թալանչի է:

Գիտե՞ք ինձ ինչն է մտահոգում. տեսեք, երբ ԱԱԾն մտավ Մանվել Գրիգորյանի տարածք, մենք ինչերի՜ ականատեսը եղանք: Բայց մտավախություն ունեմ, որ մյուսները, որոնք ևս հայտնվել են ԱԱԾի տեսադաշտում, կհասցնեն խորը թաքցնել «հանցանքը»:

— Մանվելն անակնկալի եկավ, իսկ Շմայսը, կարծում եմ, հասցրեց թաքցնել: Նույնիսկ պատկերացնում եմ, ինչպես գիշերները թաքուն, տոպրակներով իրենց ավարները դեսուդեն են անում… Այսօր տեխնիկայի դար է, կարծում եմ համապատասխան մարմինների աչքից ոչինչ չի վրիպի, թող հույս չունենան, թե իրենց մոտ դա կստացվի: Եկել է պատասխան տալու ժամանակը:

Ժողովուրդն համակերպվեց, որ վենդետա չի լինելու, բայց գեներալ Մանվելի օրինակը տեսնելով, ամեն օր անհամբեր սպասում է, թե ԱԱԾն ում տունն է խուզարկելու, ում է բռնելու, ու ժողովրդից թալանածն ուր է գնացել:

— Այո, որևէ մեկի նկատմամբ բուն վենդետա՝ արյան վրեժ չի լինելու: Օրենքի ու օրինականության շրջանակներում պետք է պատասխանատվության ենթարկել և, եթե հանցագործներ են, այո, պետք է վերադարձնեն գողացածը պետական բյուջե: Ժողովուրդն էլ պետք է տեսնի, որ այս իշխանությունը գործում է օրենքի շրջանակներում: Ու կտեսնենք, որ այլևս որևէ իշխանություն, հատկապես, երբ ստանում է ժողովրդի քվեն, իրեն թույլ չի տա նման ոճրագործ արարքներ: Սա անպայման լինելու է, միայն թե արագ չի կարող լինել, պետք է պատրաստվել դրան: Համակարգային թալան է տեղի ունեցել, բռնել, տանելով հարցը չի լուծվի, պետք է փաստաթղթեր ստուգվեն՝ ի՞նչ են տարել, ի՞նչ ճանապարհով, որքա՞ն, ո՞ր ծրագիրը չեն կատարել.. Փաստաթուղթ առ փաստաթուղթ, երկարատև դատական պրոցես է, համբերենք: Ես ժողովրդին խորհուրդ կտամ օգնել իշխանություններին, այսօր տրված է նման հնարավորություն, ազատություն, այլևս որևէ մեկի վզին լրացուցիչ հարկ չկա, եկամուտ կիսվելու, փայ տալու խնդիր չկա, գյուղացին, մտավորականը, բիզնեսմենը պետք է աշխատեն ի շահ իրեն ու երկրին: Նստել ու սպասել, թե բյուջեն ինչքան ետ կմտնի, այդպես չէ, մեր աշխատասիրությամբ, մեր կարգապահությամբ, մեր նվիրմամբ, լրացուցիչ աղբյուրներ ստեղծելով կփրկենք մեր պետությունը: Բոլորս պետք է լծվենք գործի, գործ անենք ու կտեսնենք, որ մեր ուզած ու երազած երկրում ենք ապրում:

print
2,450