Մելիք-Սարգսյանների իշխանական տոհմը ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Մելիք-Սարգսյանների իշխանական տոհմը

Հովսեփը կնոջ՝ Վարսենիկի հետ
Համբարձում և Արաքյսա Մելիք-Սարգսյաններ
Ավետիք Մելիք-Սարգսյանը պահպանում է իշխանական տոհմի ավանդույթները

Ղարսի գավառի Մեծ Փարկիտ գյուղի Աղոնց տոհմը հայտնի է եղել իր հարստությամբ ու բարեսրտությամբ: Պատմական փաստաթղթերը և մասնավորապես՝ Մակար եպս. Բարխուտարեանցի «Աղուանից երկիր եվ դրացիք» գիրքը փաստում են, որ նրանց նախնիները սերել են Ղարաբաղի իշխանական Մելիք Սարգսի տոհմից: Թե ինչ հանգամանքների բերումով են նրանք սկզբում գաղթել Պարսկաստան, իսկ հետո հաստատվել Մեծ Փարկիտում, կանխատեսումների թեմա է: Բայց, որ այստեղ տոհմի շառավիղը՝ Համբար Աղան, հարգված է եղել բոլորի կողմից, խոսում է այն փաստը, որ նրան շատերն են գյուղում խնդրել՝ թույլ տալ կրելու Մելիք-Սարգսյան ազգանունը: Համբար Աղան մեծահոգաբար թույլատրել է:

Գերդաստանը երկու անգամ է ներգաղթել Հայաստան: Առաջին ներգաղթից հետո, երբ 1918 թվականի անկախացման արդյունքում Ղարսը և հարակից վիլայեթներն ընդգրկվում են հանրապետության կազմում, մարդիկ որոշում են վերադառնալ հարազատ գյուղ: Իսկ 1920 թվականին վերսկսված թուրքական արշավանքներն արդեն երկրորդ անգամ գաղթելու պատճառ են դառնում: Գաղթի ճանապարհին, սայլում ծնվում է Համբար Աղայի թոռներից մեկը՝ Հովսեփի որդին: Նորածնին, որպես նոր կյանքի խորհրդանիշ, անվանակոչում են Համբարձում:

Գերդաստանը սկզբում հաստատվում է Կարմրավան գյուղում, ապա տեղափոխվում Ալեքսանդրապոլ: Համբարձումն իր հոր պես ուսման նկատմամբ մեծ սեր է տածել: Ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը, աշխատել որպես ագրոնոմ: 1939-ին զորակոչվել է բանակ, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Խաղաղ տարիներին իրեն նվիրել է տնտեսական ու քաղաքական գործունեությանը, վայելել հարազատների ու շրջապատի սերը: Իր և այն տարիներին նշանավոր Արտաշ Ապոր դստեր՝ Արաքսյայի հետ ընտանիք կազմելով, ունեցել է չորս զավակ: Նրանցից Ավետիք Մելիք-Սարգսյանը կրում է Մելիք Սարգսի թոռան՝ Մելիք Ավետիքի անունը, ով վերանորոգել է Էջմիածնի եկեղեցու գմբեթներից մեկը և թաղված է Էջմիածնում:

«Պարզապես չեմ կարող չնշել հորս՝ Համբարձումի, մի այլ շնորհը ևս,- ասում է Ավետիք Մելիք-Սարգսյանը,- նա, բացի իր հիմնական աշխատանքից, գրող, հրապարակախոս էր, ինչպես և ավագ եղբայրս՝ Գրիշան, ով մասնագիտությամբ իրավաբան է, տարիներ ի վեր դատավոր է աշխատել և արդարադատության գեներալի կոչում ունի»: Ա. Մելիք-Սարգսյանը մեծերից այնքան պատկերավոր պատմություններ է լսել պապենական գյուղի ու այնտեղ գտնվող իրենց տան մասին, որ երբ պատեհ առիթ ներկայացավ Թուրքիայում՝ Մեծ Փարկիտ գյուղում լինել, բնազդորեն գնաց ու կանգնեց Թորսունի աղբյուրի մոտ գտնվող սրբատաշ քարերով կառուցված այդ տան դիմաց: «Ինձ ուղեկցող քուրդին ասի, որ դա ժամանակին մեր տունն է եղել: Նա կասկածամտորեն նայելով աչքերիս, կարծես ապացույց պահանջեց, որովհետև իր համոզմամբ, այդ տունը պատկանել է իր քուրդ ազգակցին: Ես նրան ցույց տվեցի երկփեղկ դուռը և դռան վերևի խրամուկը, որը լույսի ներթափանցման համար էր ու ասի, որ դրանք զուտ հայկական ճարտարապետական դետալներ են: Քուրդը մի այլ խորամանկության դիմեց. «Դե՛, եթե սա նախնիների տունն է, ուրեմն՝ հարուստ մարդիկ պիտի եղած լինեն: Իսկ եթե այդպես է, դժվար թե փախեփախին իրենց հարստությունը՝ ոսկին, մոտակայքում թաղած չլինեն: Հը՛, քեզ ասե՞լ են, թե որտեղ է թաղված ոսկին: Արի հանենք, հավասար բաժանենք մեր միջև»: Քուրդի այդ հավակնությունն իմ մոտ միայն հեգնական ժպիտ առաջացրեց»: Ավետիք Մելիք-Սարգսյանը Էրգրից իր համար ավելի թանկ հարստություն է բերել: Թուրք մաքսավորը տեսնելով, չի կարողացել զսպել զարմանքը.

— Էս ի՞նչ եք տանում Հայաստան:

— Ինչպես տեսնում եք՝ հող և ջուր:

Թուրք մաքսավորը չի հավատացել նրա անկեղծությանը: Ասել է, թե ջուրը պիտի փորձաքննության ենթարկեն: Ենթարկել է ու զարմանքը չի կարողացել փարատել. իսկապես, այն մաքուր ջուր է եղել: Ուսերը թոթվել ու ասել է, թե կարող է Հայաստան վերադառնալ: Ըստ էության, թուրք մաքսավորի պատկերացումներում այդպես էլ չի տեղավորվել այն փաստը, թե ինչ հանգամանքների դրդմամբ հայ զբոսաշրջիկը կարող է գալ Թուրքիա և իր հետ ոչ մի «արժեքավոր» բան չտանել Հայաստան:

«Մենք տոհմիկ ազնվականներ ենք և երբևէ՝ անգամ կոմունիստների ժամանակ, երբ անհանդուրժողություն կար մեր նմանների նկատմամբ, մենք չենք թաքցրել այդ հանգամանքը,- պատմում է Ա.Մելիք-Սարգսյանը:- Երբ հայրս կոմկուսի շարքերը պիտի ընդունվեր, նրան առաջարկել են «պարզեցնել» ազգանունը, հրաժարվել «Մելիք»-ից: Հայրս մերժել է: Իհարկե, մեր տոհմում եղել են այլոք, որոնք ընդունել են այդ պարտադրանքը: Ինչևէ… Ես ու եղբայրս հետագայում փաստագրեցինք մեր իշխանական ծագումը և այժմ ունենք «Հայաստանի ազնվականների միության» հավաստագիրն այդ մասին»:

Ավետիք Մելիք-Սարգսյանն այժմ էլ գործունեություն է ծավալում Գյումրիում, որպեսզի ազնվականների տոհմերի շառավիղները (այդպիսիք շատ կան) հավատարիմ մնան իրենց ակունքներին ու շարունակեն նախնյաց ավանդույթները: «Ինձ հաջողվել է տոհմական մասունքների հավաքածու ստեղծել, որում իրենց պատվավոր տեղն ունեն պապիս թուրն ու հրացանը,- ասում է նա,- ըստ իս, բոլորս պետք է լինենք մեր ժառանգության ժամապահները ու հնարավորինս մոտ՝ մեր արմատներին»:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ

print
1,495