Մեծ լվացք ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեծ լվացք

Գյումրու Ռիժկովի ճեմափողոցում «անպատասխանատու» մարդիկ պարաններ էին կապել ծառերից ու իրենց «լվացքը» կախել: Ռիժկով փողոցում սովորականի պես ճեմող ու ամեն ինչ տեսած մարդկանց համար սա անսովոր երևույթ էր: Նրանք՝ առաջին տպավորությամբ, զարմացած, իսկ հետո նաև` հետաքրքրված, մոտեցել ու նայել էին, թե էդ ի՞նչ «լվացք» է, ո՞վ է հանդգնել այս կերպ վարվել քաղաքի բանուկ ճեմափողոցի հետ: Սակայն հետո, իրենց համար պարզելով, որ լվացքը կենցաղային չէ, պարզապես հրճվանք էին ապրել` բացահայտելով դրա բովանդակային իմաստը: Ըստ էության, «Մեծ լվացքը» դա ցուցահանդեսի անվանումն էր, որի կազմակերպիչները մայրաքաղաքից եկել, հասել էին Գյումրի ու ընտրել այս էկզոտիկ «էքստերյերը»:

Պարաններին կախված շապիկներին պատկերված էին հայաստանյան գրոտեսկային իրականությունը ներկայացնող ծաղրանկարներ: Իսկ դրանք արտապատկերումներն էին «Մեդիալաբ» կայքի «Ցեց» անվանումը կրող երգիծական ամսաթերթում զետեղված ծաղրանկարների: «Մեդիալաբ» կայքի գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանի փոխանցմամբ` սա իրենց երգիծաթերթի տարեկան ցուցահանդեսն է, որը կրում է «Մեծ լվացք» անվանումը. «Գտանք, որ մեր թերթերում տեղ գտած ծաղրանկարները շապիկների վրա արտատպելն, ու դրանք լվացքի պարանից կախելը ցուցահանդեսի համար գրավիչ առանձնահատկություն կլինի»:

Ծաղրանկարները, իսկապես, արտացոլում են մեր իրականության այն շերտերը, որոնք քննարկման թեմա են դառնում բոլորիս համար ու հաճախ ժողովրդական կծու հեգնանքի արժանանում: «Մենք նաև «Ցեց» ամսաթերթի նախորդ բոլոր ամիսներին լույս տեսած համարներն ենք անցորդներին անվճար բաժանում,- տեղեկացրեց Մարիաննա Գրիգորյանը,- մեր նպատակը՝ անցած և այս տարիներին տեղի ունեցած իրադարձություններին առնչվող ու մեր դիտանկյունից արված ծաղրանկարները թերթում զետեղելն էր: Ներկայացնել այն, ինչ կարող է շատերին հուզել»: Թերթը տպագրվում է հունվար ամսից: Երգիծաթերթը սկզբում եռալեզու էր, իսկ այժմ երկլեզու՝ հայերեն և անգլերեն:

«Ցեցի» ծաղրանկարների ժանրը քաղաքական երգիծանքն է: Ու դրանք այնպես դիպուկ են արտացոլում մեր իրականության խնդալու կողմերը, որ անտարբեր չթողեցին անգամ ոստիկաններին: Նրանք էլ ցուցահանդեսի ակամա «այցելուները» դարձան: Այցելուն` այցելու, սակայն ի պաշտոնե հետաքրքրվեցին, թե ցուցահանդեսի կազմակերպիչները քաղաքապետարանի թույլտվությունը ստացե՞լ են՝ «լվացքն» այսպիսի մարդաշատ վայրում կախելու համար: Մարիաննա Գրիգորյանը նրանց բացատրեց, թե այնքան հրատապ էր լվացքը կախելու հարցը, որ իրենք Երևանից գալով ու հապճեպ մեկնելու պատրաստվելով, չհասցրին քաղաքապետարան մտնել` թույլտվություն ստանալու:

«Մեծ լվացքը» շրջիկ է, այդպիսի լվացքներ կլինեն նաև Վանաձորում, Ստեփանավանում, Դիլիջանում, Իջևանում, իսկ վերջում՝ Երևանում:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ

print
1,448