ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Մենք մշակված քաղաքականության շարունակողն ենք մարզերում»

Հարցազրույց Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ ՀԱՍՄԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ:

— Դեռևս տարեսկզբին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն հանդես եկավ մի շարք բարեփոխումներով, որոնք հատկապես սոցիալական անապահով խավի համար բավական մեծ հնարավորություններ էին նախատեսում: Տիկին Պետրոսյան, մեր մարզում, իրականում ինչ է տվել այս բարեփոխումները, մասնավորապես օնկոլոգիական հիվանդությունների մասով:

— Բնականաբար, մենք մշակված քաղաքականության շարունակողն ենք մարզերում: Եվ այն բարեփոխումների փաթեթը, որը ներկայացրեց նախարարը, շատ սպասված էր: Նախարարի հայտարարած օնկոլոգիական հիվանդությունների բուժօգնության մասով՝ և՛ սոցանապահով, և՛ ոչ սոցանապահով խավի համար չարորակ գոյացություների վիրահատություններն անվճար են: Հանրապետության 10 բուժհիմնարկներում, որից մեկը Շիրակի մարզի ուռուցքաբանական դիսպանսերն է, պետպատվեր է իջեցված: Եթե նախնական ախտորոշված բարորակ ուռուցքի վիրահատության ընթացքում հայտնաբերվում է, որ այն չարորակ նորագոյացություն է, իսկ մինչ այդ պացիենտը վճարած է եղել, ապա քաղցկեղի հայտնաբերումից հետո հետ է վերադարձվում վճարն ամբողջությամբ: Ինչ վերաբերում է չարորակ նորագոյացությունների ճառագայթային բուժմանը, ապա այստեղ ևս և՛ սոցանապահով, և՛ արտոնություն չունեցող խավերի համար նույնպես անվճար է, իսկ արտոնություն ունեցողներն արդեն իսկ որոշակի բուժսպասարկումից օգտվում էին: Իսկ բարորակ նորագոյացությունների դեպքում ճառագայթային բուժումը, եթե սոցանապահով խավ է՝ անվճար է, եթե արտոնություն չունի և սոցանապահով չէ, ապա վճարովի է: Եթե ռադիոգինեկոլոգիական բուժում է, սոցանապահովների համար անվճար է, իսկ արտոնություն չունեցող խավի համար համավճարով է: Քիմիաթերապիայի դեպքում չափորոշիչները տարողունակ են. եթե սոցանապահով խավի ներկայացուցիչ է պացիենտը և քիմիապրեպարատների արժեքը գերազանցում է 60 հազար դրամը, ուրեմն հիվանդը վճարում է 60 հազարից ավել գումարը՝ որքան որ կազմել է: Եթե դեղորայքը ներգրավված է այն 15 անուն ցանկի մեջ, ուրեմն անվճար է սոցանապահով խավի համար: Իսկ եթե տարվա ընթացքում սոցանապահով խավի համար գերազանցում է 300 հազար դրամը, ապա այդ գումարից ավել եթե կազմում է , այդքան մասով է վճարում իրականացվում: Արտոնություն չունեցող խավի համար 30 հազարը գերազանցող գումարի մասով է վճարում կատարվում, իսկ եթե տարվա ընթացքում գերազանցում է 150 հազարը, ապա նոր միայն պացիենտը վճարում է: Սրանք այս պահի դրությամբ գործածվող դրույթներն են՝ օնկոլոգիական հիվանդությունների մասով:

— Շիրակի մարզի Ուռուցքաբանական դիսպանսերն ունի եզակի ճառագայթային սարք, որն ինչ-ինչ պատճառներով չի գործարկվում: Այս ուղղությամբ որևէ քայլ ձեռնարկվելո՞ւ է:

— Այդ մասին Առողջապահության նախարարին դիմել ենք: Ինչպես և մարզի հիվանդանոցներից ստացել ենք անհրաժեշտ սարքերի ցանկ, որը նույնպես նախարարին ներկայացվել է: Սակայն այս պահի դրությամբ, բացառությամբ ի գիտություն ընդունելուց, որևէ այլ բան դեռ չկա:

— Մեկ այլ հիվանդացության՝ իշեմիկ ինսուլտների համար ևս նախարարը բարեփոխումային ծրագրով հանդես եկավ, այս առումով ի՞նչ կասեք:

— Այս ծրագիրը ցուցված է տրոմբագոյացումներ ունեցող հիվանդների համար: Եթե Շտապբուժօգնության ծառայությունը կանչ է գնում և, եթե տեղում ախտորոշում, որ հիվանդի մոտ կա ինսուլտ, և չեն կարողանում հասկանալ այն հեմոռագիկ է, թե իշեմիկ, կամ, եթե հիվանդի մոտ «Գյումրի» ԲԿ-ում ախտորոշվել է իշեմիկ ինսուլտ, ապա արագ դիմում են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն կամ 1-ին կլինիկական հիվանդանոց, որովհետև այս երկու հիվանդանոցներին է իջեցված պետպատվերը: Մենք հունվարից մինչ օրս բազմաթիվ հիվանդներ արդեն տեղափոխել ենք Երևան:

— Այս հիվանդացության բուժումը թանկարժե՞ք է:

— Այն թանկ արժեցողներից է, և նախկինում եղել է միայն վճարովի:

— Ձեր խոսքում նշեցիք «բազմաթիվ» բառը… Դա ենթադրո՞ւմ է, որ այն տարածված հիվանդություններից է:

— Նույնիսկ շատ տարածվածներից: Իշեմիկ ինսուլտների հետևանքով և՛ մահացությունը, և՛ հաշմանդամությունը բավականին մեծ տոկոս են կազմում:

print
863