Մեր ձեռքի տակ կան բոլոր պայմանները, որպեսզի հիվանդը չհասնի Երեւան ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Մեր ձեռքի տակ կան բոլոր պայմանները, որպեսզի հիվանդը չհասնի Երեւան

Հարցազրույց Գյումրու բժշկական կենտրոնի բժիշկ-պրոկտոլոգ ԱՐՄԵՆ ԱՓԻՆՅԱՆԻ հետ:

Բժիշկ, դատելով պրոկտոլոգիական հիվանդության (հիմնականում՝ թութք) տարածումից, կարելի՞ է ենթադրել, թե այն տեղային, տարածաշրջանին բնորոշ բնույթ է կրում:

— Չէի ասի, թե կոնկրետ այն հայերի մոտ է տարածված: Ամբողջ աշխարհում այն հերթական հիվանդությունների շարքին է դասվում: Իսկ այ, հայերի մոտ տարածված է բժշկին ուշ դիմելու պրակտիկան: Ասես՝ մենթալիտետին բնորոշ է:

Այսինքն՝ չեն դիմում, մինչև «դանակը ոսկորին» հասցնելը:

— Այո: Այն դեպքում, երբ հնարավոր էր կոնսերվատիվ բուժում ապահովել, դեղամիջոցներով ազդել, հիվանդներն այդ փուլը չեն անցնում, հասցնում են այն էտապին, երբ արդեն վիրահատական միջամտություն է անհրաժեշտ: Հավանաբար, Ձեր նշած պրոկտոլոգիական հիվանդությունը «հայկականին կամ տարածաշրջանին բնորոշելը» հենց սրա հետ է կապված:

Ասել կուզի՝ թե հայերս չենք փոխվում. մեր առողջությունը թանկ չենք գնահատում, մինչդեռ բարդացումից հետո ավելի թանկ ենք վճարումԹե՞, հիմա մոտեցումներն են փոխվել, սակայն ֆինանսականն է խեղդում:

— Կասեի՝ 50 տոկոս դեպքում ֆինանսն է պատճառը: Մնացած դեպքերում, ելնելով մարդկանց ինդիվիդուալ մոտեցումներից, ստացվում է, որ կամ մենթալիտետին է բնորոշում, կամ՝ վախի գործոնն է:

Ամեն դեպքում, ելնելով հիվանդների դիմելիության թվից, Դուք այն ինչպե՞ս կգնահատեք:

— Ես կասեմ, որ ելնելով դիմելիությունից, այն սեզոնային բնույթ է կրում: Մանավանդ աշնան վերջ, ձմռան մոտ ավելի շատ են դիմում: Ենթադրում եմ, որ արտագնա աշխատանքից վերադարձածներն են, ովքեր ֆինանս են հետ գցել բուժման համար: Սակայն հիվանդությունը սրվում է հիմնականում ամռանն ու աշնանը. մեկ դեպքում շոգերի պատճառով, մյուս դեպքում՝  ցուրտ եղանակների ազդեցության գործոնն է աշխատում:

Իսկ սննդակարգը կապ ունի՞ սրացման հետ:

— Միանշանակ: Հիվանդությունն ակտիվացնող տարբեր գործոններ կան, որոնցից առաջնայինը եղանակայինն է ու սննդակարգը:

Հա, պարզ է՝ կծու, թթու, խորոված, յուղոտ սննդամթերք

— Դուք նշեցիք ազդեցություն թողնող սննդատեսակները, սակայն, մյուս կողմից, այն արգելել ևս չի կարելի. թե՛ կծուն, թե՛ յուղոտ սնունդն օրգանիզմին անհրաժեշտ են: Ուղղակի, պետք է մարդը նախ չափի զգացողություն ունենա, հետո՝ հետևելով իր առողջությանը, ինքնուրույն կանոնակարգի սննդակարգը, հասկանա, թե ինչն է իրեն վնասակար, իսկ մեր պրոֆիլի հիվանդության առկայության դեպքում առավել ևս զսպված սննդակարգ ընդունի: Կարող է բուժում անցնել, վերացնել խնդիրները, ապա նոր միայն իրեն թույլ տալ իրեն ցանկալի սնունդը:

 — Դուք ուսանել և գործնական հմտություններ ձեռք եք բերել Երևանում՝ բարձրակարգ մասնագետների մոտ: Այն հիվանդները, ովքեր օգտվել են Ձեր ծառայություններից, մեծամասամբ, գոհ են, բուժվել են: Նույնիսկ այս պարագայո՞ւմ էլ գործում է վախի գործոնը: Նաև, ինչպես միշտ, հիվանդները ձգտում են հասնել Երևան, կարծելով, թե այնտեղի մասնագետներն, առնվազն, փրկիչներ են:

— Ես այսպիսի օրինակ բերեմ. ասենք, մեկի մոտ բարդացված ստադիա է ու դիմել է մեզ: Դա մեկ դանակի հարվածով հնարավոր չէ վերացնելը: Ժամանակ է հարկավոր, բժշկի խորհուրդներին հետևել է հարկավոր: Ու հանկարծ հիվանդներից մեկի մոտ, ասենք, ինչ-ինչ բարդություններ են առաջանում, որից, ինչ խոսք, ոչ մեկս էլ ապահովագրված չենք: Իսկ Գյումրին էլ փոքր քաղաք է, ու մեկը, ով բժշկի դիմելու անհրաժեշտություն է ունենում, սկսում է հետաքրքրվել կողքից, թե ում դիմի, ուր գնա, ով է լավ բժիշկ և այլն: Մեկ էլ իմ օրինակ բերած մարդը սկսում է տրտնջալ, թե՝ տես, ինձ մոտ բարդություններ են առաջացել, այդ բժիշկը լավը չէ, այ մարդ, ավելի լավ է գնաս Երևան: Ստացվում է, որ հիվանդը անսալով հարևան-բարեկամի հորդորներին ու խորհուրդներին, գնում, հասնում է Երևան: Իսկ մայրաքաղաքը մեծ է, բժշկական կենտրոններ շատ կան ու այնտեղի, այսպես ասած, «վատ բժշկի» համբավը շուտ տեղ չի հասնում: Ստացվում է, որ Երևանում ավելի լավն են, քան մարզերինը:

Մինչդեռ, որքանով ինձ է հայտնի, Գյումրու բժշկական կենտրոնում ստեղծված են բոլոր պայմանները, այն հագեցած է ժամանակակից բժշկական սարքավորումներով:

— Այո, մեզ մոտ կան անհրաժեշտ տեխնիկա սարքավորումները: Հակառակ դեպքում, եթե ինչ-ինչ բաներ էլ պակասեն, շատ հաճախ մեզ մոտ բարեգործական ծրագրերով արտասահմանցի մասնագետներ են գալիս: Մարդը որքան էլ ուսումնառած է, կյանքում միշտ էլ սովորելու բան ունի. մենք արտասահմանցի մասնագետներից նաև սովորում ենք, էլ ավելի զարգացնում մեր մասնագիտական հմտությունները: Իմ պրակտիկայում չեմ հիշում մի դեպք, որ հիվանդը դիմի ու ես հուսահատ ցուցում տամ, թե մենք չենք կարող միջամտել: Չկա նման բան, քանի որ ես այդ մասնագետն եմ, իմ ձեռքի տակ կան բոլոր պայմանները, որոնք անհրաժեշտ են: Բացառություն կարող է լինել միայն ուռուցքաբանական դեպքերը:

Լավ: Խոսենք դեղամիջոցներից: Քանի կյանքը զարգանում, այնքան ավելի շատ ենք իմանում, որ դեղերը չեն օգնում, կեղծված են, այս են, այն են

— Հա, կա նման բան: Բայց այդքանը կարող եմ ասել: Իսկ պրոկտոլոգիական դեղամիջոցները կարծես թե նման «համբավ» դեռ չունեն: Ես կարծում եմ, նման պատենտներ լինում են ամենագործածելի, պահանջարկ ունեցող դեղամիջոցների մեջ, այն է ՝ցավազրկողները, անտիբիոտիկները: Մեր պարագայում միայն կասեմ, որ կային շատ բարձրորակ դեղամիջոցներ, որոնք վերջին տարիներին չես գտնի դեղատներում: Ըստ իս, պատճառը, տեղական ծագման դեղամիջոցների վաճառքն է:

Եվ այս պարագայում, երևի արդեն ստանդարտ դարձած հարցը տամ. սոցիալական ցանցերում կամ ժողովրդի մեջ բոլոր հիվանդությունների համար խորհուրդ են տալիս դիմել ժողովրդական բժշկության միջոցներին՝ բուսաբուժություն, կենցաղային հնարքներ, և այլն:

— Իհարկե, ժողովրդական բժշկությունից օգտվողներ ևս կան ու ասեմ, քիչ չեն: Անգամ հիվանդների եմ հանդիպել, որ խանդավառված պատմել են բուժման էֆեկտիվությունից, բայց հետագայում արդեն մեր միջնորդությանն են դիմել: Որովհետև, նայած, թե պրոկտոլոգիական պրոբլեմը որ աստիճանում է գտնվել կամ նույնիսկ այն վիճակում է, որ էտապներ այլևս չի անցնում, այլ ուղղակի վիրահատական ստադիայում է գտնվում: Մանավանդ այս պարագայում ոչ միայն ժողովրդական միջոցները, այլև դեղամիջոցային բուժումներն էլ չեն փրկի, դա ժամանակավոր բնույթ է կրում, ցավազրկող, բայց փորձից ելնելով, կփաստեմ, որ վերջնական արդյունքի հիվանդանոցային բուժման ընթացքում է գրանցվում:

Շնորհակալություն, բժիշկ: Հարցազրույցի ավարտը Ձեզ եմ թողնում:

— Որպես բժիշկ, իմ պարտականությունն եմ համարում ազգաբնակչությանը հորդորել. եթե առողջական խնդիրներ են ի հայտ գալիս, երբեք մի թողեք բարդանա, քանի որ ուշացած դիմելու դեպքում ավելի դժվար է լինում թե՛ ձեզ, թե՛ բժշկի համար: Իսկ մեր պրոֆիլի հիվանդներին հորդորում եմ նաև հաղթահարել վախի զգացողությունը: Առողջ եղեք:

print
3,291