Մի՞թե արժանի էի նման հատուցման ⋆ «Շրջապատ»
ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

Մի՞թե արժանի էի նման հատուցման

Կյանքիս մայրամուտին լքված ու անտեր թափառում եմ Լ. գյուղում: Ես կարոտ եմ ուշադրության ու լավ վերաբերմունքի: Հարևաններն են իմ առաջ մի կտոր հաց դնում, նրանց հետ եմ զրուցում, գյուղով մեկ շրջում…

Չորս պատի մեջ մենակ նստած հիշում եմ անցած կյանքս, թե ինչ էի ու ինչ դարձա: Մի ժամանակ երիտասարդ ու հարուստ պաշտոնյա էի և գյուղ գալիս էի միայն հանգստանալու և բնության գրկում քեֆ անելու համար: Այն ժամանակ ինձ բոլորը հարգում էին և պատիվ համարում՝ իմ սեղանի մոտ նստելը: Որդիս էլ էր ինձ հարգում, քանի դեռ կախում ուներ ինձնից. նրա համար Երևանում երկու տուն եմ թողել: Տարիներն անցան, ես ծերացա, պաշտոնս կորցրի, հիվանդացա ու արդեն որդիս ու հարսս պիտի ինձ խնամեին: Բայց նրանք նեղվում էին «ծեր ու աննորմալ մի ծերուկի» ներկայությունից: Անգամ, մի կտոր հացն էին դժկամորեն տալիս: Մի անգամ անզգույշ մոտեցա սեղանին և ճաշը թափվեց: Տղաս զայրացավ, որ թանկարժեք խալին կեղտոտվեց, ասաց.

— Ինչ կլիներ, շուտ մեռնեիր, հա՛մ մենք պրծնեինք, հա՛մ դու…

Ես ոչինչ չասացի և լուռ հեռացա: Հասկանում եք, չէ՞, սիրտս մղկտում էր. չգիտեմ՝ ծնողի համար ավելի դաժան պատիժ կա՞, քան հարազատ զավակի ուրացումը:

Մի օր խնդրեցի, որ ինձ գյուղ ուղարկեն: Տղաս այդպես էլ արեց. թոշակս տվեց ձեռքս, նստեցրեց «Գազել» ու ճանապարհեց: Այդպես եկա ու ապրեցի հարազատ գյուղի հարազատ տանը: Տարիներ առաջ իմ գյուղ գալը տեղի տղամարդկանց համար տոն էր, իսկ հիմա մարդիկ, ինձ տեսնելով՝ հիվանդ ու անճար, ուղղակի, խղճում էին: Հիմա գոյությունս եմ քարշ տալիս՝ ապավինած այն մարդկանց բարեսրտությանը, ում մի ժամանակ ես եմ օգնել:

Չեմ թաքցնում. կյանքում վատ բաներ էլ եմ արել, և երևի դրա համար է Աստված ինձ պատժում, երևի… Հետաքրքիր բան է կյանքը. մի օր ամեն ինչ ունես, մի օր՝ ոչինչ չունես, մեկ լավ հայրս ես, երբ պետք ես զավակներիդ, մեկ էլ՝ թշնամի, երբ ամեն ինչ տվել ես նրանց, հարգում են, երբ պաշտոն ունես, արհամարհում, երբ քեզանից ոչինչ չես ներկայացնում…

Հիմա «անպետք ծերուկ եմ», որ երևի տհաճություն է պատճառում մարդկանց, հատկապես որդուս: Ապրում եմ միայնակ՝ առանց հարազատների կարեկցանքի ու հոգատարության:

Մի գիշեր դուրս եկա և պատահաբար ընկա տան մոտի փոսը: Երկար հիվանդ պառկեցի: Տղաս ոչ մի անգամ չհետաքրքրվեց ինձանով. երևի ուրախացել է, որ վերջապես պրծավ ինձնից: Կնոջս մահից հետո, տղայիս նման վերաբերմունքը կյանքիս ամենածանր հարվածն էր: Միգուցե վա՞տ մարդ եմ եղել, վատ ամուսին, վատ ծնող, վատ հայր… Եվս մեկ անգամ հիշեցի ողջ կյանքս, սակայն չմտաբերեցի այնպիսի մի դրվագ, որ կնոջս գեթ մեկ անգամ նեղացրած լինեմ, մենք շատ սիրով ամուսիններ ենք եղել, որդուս հանդեպ միշտ ուշադիր ենք եղել, որ նրա «վիզը ծուռ» չմնա… Բայց մի՞թե սա է կյանքի ճիշտը, մի՞թե արժանի էի նման հատուցման:

ԽՈՐԵՆ


«Շրջապատը» տպագրում է կյանքի իրական պատմություններ:
Գրեք shrjapat@gmail.com հասցեով կամ այցելեք մեզ` անձամբ կիսվելով ձեր հոգում կուտակվածով:
Գաղտնիությունը երաշխավորում ենք:

print
1,642