«Մինչեւ առուն ջուր գա, գորտի աչքերը դուրս գուկա» ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

«Մինչեւ առուն ջուր գա, գորտի աչքերը դուրս գուկա»

Գյումրու Թատերական հրապարակում գտնվող թե՛ ցայտաղբյուրը, թե՛ շատրվանները չեն գործում: Ցայտաղբյուրը թերևս նորմալ վիճակում է, բայց ջուր չի ցայտում: Իսկ շատրվանները… տխուր տեսարան է: Հարակից տարածքի բնակիչները դիմել են «Շրջապատին»՝ խնդրելով բարձրաձայնել այս հարցը:

Պարզաբանումներ ստանալու համար, «Շրջապատը» դիմեց քաղաքապետի մամլո խոսնակ Սոնա Առաքելյանին: «Շատրվանների մասով որոշակի խնդիրներ կան, առաջիկայում, եղանակների կարգավորումից հետո, այդ թերությունները շտկելու ուղղությամբ աշխատանքներ կտարվեն: Այլ հարցեր ևս կան, դրանց կագավորումից հետո այն կգործարկվի: Իսկ ինչ վերաբերում է ցայտաղբյուրին, ապա բանն այն է, որ այն նախկինում սնուցվել է հին ջրագծից, երբ «Ջրմուղը» նոր ջրագիծ է անցկացրել՝ անջատելով հինը, ցայտաղբյուրի ջրի սնուցումն ընդհատվել է»,- պարզաբանեց Ս.Առաքելյանը:

Հարցին՝ միգուցե՞ խնդիրը ջրաչափ դնել-չդնե՞լն է, Ս.Առաքելյանը պատասխանեց: «Օրենքով կարգավորվող մի դրույթ կա. մինչև 2016 թվականի դեկտեմբերի 30-ը տեղադրված ցայտաղբյուրների ջրամատակարարումը պետք է անվճար լինի: Կարծում եմ, մինչև նշված ժամկետում կառուցված ցայտաղբյուրների ջրամատակարարումը պետք է ապահովի «Ջրմուղը», իսկ դրանից հետո կառուցված ցայտաղբյուրները պետք է ջրաչափով շահագործվեն: Իսկ շատրվանների գործարկումը քաղաքապետարանի պատասխանատվության ներքո է և, ինչպես նշեցի, խնդիրները կարգավորելուց հետո, այն կծառայի իր նպատակին»:

Զրուցեցինք նաև ջրամատակարարում ապահովող «Վեոլիա Ջուր» ՓԲԸ «Արևմուտք» տարածաշրջանի փոխտնօրեն Արայիկ Եղիկյանի հետ:

—  Պարոն Եղիկյան, ինչո՞ւ ջուր չի մատակարարվում Թատերական հրապարակի ցայտաղբյուրին:

—  Դուք այս տարի նկատե՞լ եք, որ մեր ընկերությունից այդտեղ աշխատանքներ տանեն, փոս փորեն, ջրանջատումներ լինեն և այլն… Ժամանակին այդ ցայտաղբյուրը, այո, միացված է եղել հին ջրագծին: Նոր ջրագիծն անցկացվել է, թող քաղաքապետարանը նախագծի մեջ ներառեր այդ ցայտաղբյուրն էլ, որպեսզի այն միացած լիներ նոր ջրագծին: Մենք թատրոնի տարածքում ջրանջատում, որպես այդպիսին, չենք իրականացրել:

— Քաղաքապետարանից ասել են, որ մինչև 2016թ. դեկտեմբերի 30-ը կառուցված ցայտաղբյուրների ջրամատակարարումը պետք է անվճար լինի և ջրամատակարարումը պետք է ապահովի «Ջրմուղը»:

— Ցայտաղբյուրից ջուր գալու խնդիրը մերը չէ, այլ քաղաքապետարանինը, և իրենք պետք է մտածեն դրա ու հարակից շատրվանների մասին: Ինչ վերաբերում է այն հարցին, որ մենք Գյումրիում իրականացրել ենք հին ջրագծերի ջրանջատումներ ու ծրագրով նախատեսված՝ նոր ջրագծեր ենք անցկացրել, ապա ժամանակին պետք է մտածեին այդ մասին: Թող դիմեին, նախագծում ընդգրկեին այդ ցայտաղբյուրը, որ մենք էլ դա նկատի ունենայինք: Հին ջրագիծը, որը կազմել է 12կմ, մենք շահագործումից հանել ենք, որովհետև ունեցել ենք մեկ վայրկյանում 100 լիտր ջրի կորուստ: Այդ թերությունը վերացնելով, մենք կարողացել ենք գրաֆիկ կարգավորել, ջրով ապահովել: Բնականաբար, մենք հին ջրագիծը պետք է հանեինք շահագործումից: Այսօր Գյումրիում ունենք մոտավորապես 71կմ հին ջրացանց, նորն էլ անցկացված է, ու հնի ջրի կորուստների պատճառով դեռ նորմալ չենք կարողանում կարգավորել ջրամատակարարման գրաֆիկներն ու ճնշումները:

Հ.Գ. Պարզվեց, որ ոչինչ էլ չպարզվեց… Քաղաքապետարանը «Ջրմուղի» վրա է քցում, «Ջրմուղն» էլ՝ քաղաքապետարանի, իսկ հարցը չի լուծվում: Առաջարկեցի, եթե շատրվանները միացած են նոր ջրագծին, ապա հնարավոր չէ՞ ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա ցայտաղբյուրին ջուր ապահովեն հենց այդ նոր ջրագծից: Պարոն Եղիկյանը պատասխանեց, որ եթե նախագիծը նայեն, քաղաքապետարանն էլ համապատասխան գրավոր գրություն ուղարկի, որ ուզում են ցայտաղբյուրին ջուր մատակարարվի, ապա այդ հարցը կքննարկվի:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ

print
435