Մինչեւ կհասցնեին բողոքել, քաղաքապետը «դեմն առավ» ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

Մինչեւ կհասցնեին բողոքել, քաղաքապետը «դեմն առավ»

Դեռևս ամիսներ առաջ խոսակցություններ էին շրջանառվում, որ Գյումրու Ստ.Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Լևոն Բաղդասարյանի թոշակի անցնելուց հետո, տնօրենի թափուր պաշտոնին հավակնում է Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Արտուշ Մկրտչյանը: Այս խոսակցություններն անցած շաբաթ առավել ակտիվացան, երբ Արտուշ Մկրտչյանն ազատվեց բաժնի պետի պաշտոնից, և այս տեղեկությունն իմանալով, տիկնիկայինի անձնակազմը դժգոհ էր:

Իրենց բողոքը ներկայացնելու համար, տիկնիկային թատրոնի անձնակազմը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հրավիրել էր ասուլիս: Սակայն հենց սկզբից բանախոսներն իրենց երախտագիտությունը հայտնցին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին, մի քանի անգամ կրկնելով շնորհակալական խոսքերն ու նկարագրելով, թե քաղաքապետը որքան գրագետ, գեղեցիկ է մոտեցել բարձրաձայնված խնդրին:

Հարցին, թե ինչն է նման փոփոխության պատճառը, տիկնիկայինում 27 տարվա աշխատանքային փորձ ունեցող դերասանուհի Ալինա Հունանյանն ասաց.

— Մեր այսօրվա ասուլիսն այլ ընթացք պիտի ունենար, սակայն, ի օգուտ մեզ, ունենք բարձր տրամադրություն. քաղաքապետը շատ ջերմ, մարդկային եղավ, մեզ հետ հանդիպեց, ցավով մոտեցավ հարցին: Մենք տնօրենի նշանակման հետ խնդիրներ ունեինք, կոլեկտիվով մտահոգված էինք, քանի որ տիկնիկային արվեստը շատ բարդ է, ուզում էինք, որ տնօրենի պաշտոնում ներսից նշանակվեր, ով կկարողանար ճիշտ կազմակերպել աշխատանքը: Եվ մենք մեր թեկնածուին ներկայացրեցինք: Մեր թեկնածուն՝ Արմենուհի Մանուկյանն է, ում կոլեկտիվը շատ լավ գիտի, գիտենք նրա աշխատելաոճը, ուզեցինք, որ տիկնիկային արվեստին խիստ ծանոթ, խիստ մոտ գտնվողը մեզ ղեկավարի:

Բանախոսները պատմեցին, որ կոլեկտիվի հնաբնակները քաղաքապետին բացատրել են իրավիճակը, և վերջինս ասել է՝ «Հպարտ եմ Ձեր կոլեկտիվով, ողջունում եմ, որ միահամուռ պայքարում եք»:

Հարցնում եմ՝ արդյո՞ք նման փոփոխության վրա ազդեցություն ունեցավ այն հանգամանքը, որ դուք բողոքով էիք ուզում հանդես գալ, դերասանուհի Կարինե Աղալարյանը պատասխանեց.

— Գուցե: Նաև, քանի որ ամբողջ կոլեկտիվն էր դժգոհում, հնարավոր է, իսկ քաղաքապետը ողջունեց ու խոստացավ, որ մեր ուզածով հարցը կլուծվի: Նաև ասաց, որ քանի որ ավագանու նիստով պետք է տնօրենը հաստատվի, առայժմ այն չի կայացել, ապագայում կլինի:

Հարցին՝ չէ՞ որ նման խոսակցություններ վաղուց էին շրջանառվում, ինչո՞ւ այդ դեպքում ձեր կոլեկտիվը դժգոհությունն ավելի վաղ չէիք հասցրել քաղաքապետին, տնօրենի պաշտոնի թեկնածու Արմենուհի Մանուկյանն այսպես մեկնաբանեց. «Այս ամենը թաքուն էին պահում: Մենք կխոսենք փաստերով. սոցցանցից ենք տեղեկացել, որ նման մտադրություն կա, դա էլ մեր դժգոհությունն առաջացրեց: Մեր բողոք-դիմումը հասավ քաղաքապետին, մենք աշխատակիցների ստորագրություններով բողոքը նրան էինք ներկայացրել: Քաղաքապետը մեզ հետ հանդիպեց, ասաց, որ ողջունում է մեր թատրոնի կոլեկտիվի խրոխտ քայլը, որ հոգացավ ենք, սրտացավ ենք, ուրախ էր, որ մեծ թվով երիտասարդներ են ընդգրկված թատրոնում»:

Ի դեպ, հիշեցնենք, որ Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնն առաջին մանկական թատրոնն է Հայաստանում, այն հիմնադրվել է 1935 թվականին՝ ռեժիսոր Հասմիկ Գյոզալյանի ջանքերով։ Իսկ 1973 թվականից Գյումրու տիկնիկային թատրոնը ՅՈւՆԵՍԿՕ-ին կից տիկնիկային թատրոնների համաշխարհային կազմակերպության (ՈւՆԻՄԱ) անդամ է։

Իմ հարցին, թե արդյո՞ք ժամանակը չէ, որպեսզի 100 տարուց ավել պատմություն ունեցող տիկնիկային թատրոնն այլ ասպարեզներ դուրս գա՝ չբավարարվելով ներքին հյուրախաղերով, արտասահմանյան հյուրախաղեր, փոխհամագործակցության եզրեր գտնեն, Արմենուհի Մանուկյանը պատասխանեց.. «Այո, իմ կազմած ծրագրերում ես դրա վրա հատուկ ուշադրություն եմ դարձրել, որովհետև սա ներկայանալի մշակույթ է, պատիվ է, որ ցույց տանք, թե ինչ թատրոն ունենք: Մնացած քայլերն էլ պետք է արվեն, որպեսզի նոր շունչ հաղորդենք»:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ

print
626