ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մի խնամքի կենտրոնը փոխարինվելու է նույնիմաստ մի քանի հաստատությունների… իմա՞ստը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հայտարարությունը՝ գիշերօթիկ դպրոցների փակման վերաբերյալ, անցած շաբաթ անհանգստություններ էր առաջացրել այդ հաստատություններում: Օգոստոսի 29-ին մարզպետարանի դահլիճում կազմակերպվել էր հանդիպում-քննարկում՝ Գյումրիի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 և թիվ 2 գիշերօթիկ հաստատություններում խնամվող երեխաներին և նրանց ընտանիքներին անհատական աջակցության գործողությունների պլանավորում թեմայով: Հանդիպմանը ներկա էին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներ, Շիրակի մարզպետը, մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության, ՀՕՖ-ի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, Վորլդ Վիժն կազմակերպության ներկայացուցիչները, գիշերօթիկ հաստատությունների տնօրենները:

Նախարարության ներկայացուցչի կողմից երկար ու ծավալուն ներկայացվեց, թե ինչպիսի գործողությունների հետագա պլանավորում են նախատեսում: Միահանգ այնպես էր ներկայացվում, որ ոչ մի լուսանցքում ասես խնդիր չէր հայտնվում:

Շիրակի մարզպետը, որ մինչ այդ դահլիճում չէր, ուշ միանալով քննարկմանը, հայտնեց բանախոսների ելույթներից 180 աստիճանով տարբերվող իր կարծիքը. «Տարեկան պետությունը մեկ երեխային գիշերային խնամքի հաստատությունում ծախսում է մոտ 3500 դոլար: Տեսեք, երկու ծայրահեղություն. տարեկան 500-600 դոլար եթե հաշվենք ընտանիքում բյուջեն մեկ երեխայի ծախս՝ քիչ թե շատ տանելի կենցաղն ապահովելու համար, և ընտանիքը այդ գումարը չունի, ինչի պատճառով երեխան հայտնվում է սոցիալական ծառայությունում, ու այդ երեխայի համար պետությունը մյուս կողմից օգտագործում է 3500 դոլար՝ նրան այդ ծառայությունը մատուցելու, ընտանիքին փոխարինելու համար։ Իհարկե, մենք ունենք դեպքեր, երբ երեխայի վերադարձն ընտանիք բացառվում է, արգելվում է, և այս տեսանկյունից միանշանակ է՝ Շիրակի մարզը նոր տեսակի ծառայության կարիք կունենա։ Ցերեկային խնամքի ինստիտուտը լուրջ զարգանալու, լավ նախադրյալ դառնալու խնդիր ունի։ Բայց այն, որ մենք ունենք ընտանքիներ, որտեղ տեխնիկապես երեխայի վերադարձը հնարավոր չէ, բոլոր շահագրգիռ կողմերի համար պետք է դառնա կոչ և մեզ համար շատ կարևոր է , որ այս գործընթացի արդյունքում որևէ մեկ երեխա չհայտնվի այն վիճակում, որն ավելի խնդրահարույց է, քան մինչ այդ ունեցած իր կարգավիճակը ծառայության մեջ։ Մյուս կողմից մենք ունենք շուրջ 150 աշխատակցի խնդիր և պարզ է, որ այս խնդիրը մեր մարզի համար ևս առաջնահերթ պիտի լինի։ Գործազրկության ամենամեծ թիվն ունեցող մարզի համար 150 աշխատատեղը խիստ կարևոր է, և սոցապնախարարությանը ու մյուս շահագրգիռ կողմերին պիտի խնդրեմ, որ այս գործընթացի մյուս ծանրակշիռ թևում դիտարկեն մեր անձնակազմերի հետ կապված հարցը. եթե մենք ծառայություններ ենք դիտարկում, ուրեմն առաջնահերթությունը տալ մեր աշխատակիցներին, մանավանդ լավ փորձառություն ունեն»։ Ըստ մարզպետի, թեման շատ նուրբ է, քանի որ այստեղ խնդիրը երեխաների ճակատագրերն են: Եվս մեկ անգամ շեշտեց, որ երեխաների ճակատագիրը դեպի լավը փոխելը բոլորի հիմնական նպատակն է, բայց նաև կարևոր է աշխատակիցների ճակատագիրը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերով բաժնի պետի պաշտոնակատար Արմինե Քալանթարյանին հարցրեցինք, թե իրենց խոսքերից ենթադրելի է, որ մի հաստատությանը գալիս է փոխարինելու մեկ այլ հաստատություն՝ գիշերօթիկ դպրոցներին փոխարինելու են ճգնաժամային կենտրոնները կամ ցերեկային խնամքի կենտրոնները: Իմաստը ո՞րն է: Տիկնոջ խոսքերից ենթադրելի էր, որ այնպիսի ընտանիքներում, որտեղ երեխայի մնալն անհնար է դառնում, վերջինիս կարճաժամկետ՝ 6-ամսով տեղափոխում են այդ կենտրոն, որտեղ կգնահատվեն երեխայի կարիքները, և աջակցություն կցուցաբերվի: Այսինքն, ճգնաժամային կենտրոնում չի նախատեսվում երեխայի երկարաժամկետ խնամք: Այլ փորձում են միջամտել իրավիճակին, աշխատանք տանել երեխայի ընտանիքի հետ, համապատասխան աջակցություն ցուցաբերել: Ըստ նրա, իրենք բոլոր ընտանիքներ այցելել են, մեկ առ մեկ տեղյակ են բոլոր իրավիճակներին, գնահատված է յուրաքանչյուրի վիճակը, աջակցման փաթեթներ են կազմվելու:

Լրագրողի հարցին, թե այդ դեպքում, արդյոք ճիշտ չէ՞ր լինի, մինչև սեպտեմբերի 1-ը՝ գիշերօթիկի փակելը, գնահատված ընտանիքներին աջակցություն ցուցաբերվեր, պատրաստեին՝ երեխային հետ դարձնելուն, գործընթացը կամաց-կամաց կատարվեր: Արմինե Քալանթարյանը պատասխանեց, որ այդ գործընթացը վաղուց է սկսված: Իսկ այն ընտանիքներում, որտեղ երեխայի խնամքը կազմակերպելը նպատակահարմար չէ, բնականաբար, երեխաների խնամքը կշարունակվի հաստատությունում կամ ճգնաժամային կենտրոնում: Տիկինը գտնում է, որ նման ընտանիքների հետ մասնագիտական աշխատանք տանելու շնորհիվ հնարավոր կլինի երեխային վերադառալ ընտանիք: Իսկ այն ընտանիքները, որտեղ բացառվում է երեխաների վերադարձը, բարձր ռիսկայնության գոտում են, այստեղ դեռ հապաղելու են, մինչև դարձյալ մասնագիտական աշխատանքներ տարվեն տվյալ ընտանիքների հետ: Նրա ասելով, ամենացածրը՝ սոցիալական պայմանն է, որ երեխան հայտնվել էր հաստատությունում, այդ դեպքում, նման երեխաներին ու ընտանիքներին նրանք կաջակցեն ըստ հաստատված փաթեթների, անհրաժեշտ աջակցություն կցուցաբերեն:

Հարցին, թե խոսեցին խնամատար ընտանքիներից. արդյո՞ք մեր մենթալիտետը ու կիրարկվող օրենքները ստեղծում են այն բավարար պայմանները, որպեսզի երեխաները մնան խնամատար ընտանքիներում: Ասում է, որ վաղուց է, ինչ Հայաստանում գործում է խնամատարության ինստիտուտը, ներկայում սա լավագույնն է, երեխաներն այս ընտանիքներում բարձր մակարդակի խնամք են ստանում: Իմաստն այն է, որ խնամատար ընտանիքներին պետության ծրագրերով կտրամադրվի մեկ երեխայի հաշվարկով շուրջ 130 հազար դրամ: Իսկ խնամատար ընտանիքները, ըստ վերջիններիս կողմից ներկայացված հայտերի, քննարկման ու մանրակրկիտ ուսումնասիրման գործընթաց կանցնեն:

Հարցնում եմ՝ մեկ պրոֆիլը, այն է՝ գիշերօթիկը, որը բազմաֆունկցիոնալ ու արդեն փորձառու գործառույթ էր իրականացնում, սակայն հիմա, ստացվում է, որ այն մասնատվում, վերածվում է մի քանի գործառույթներ իրականացնող, միևնույն նպատակի ծառայող հաստատությունների: Տիկին Քալանթարյանը մեկնաբանեց. «Նպատակն այն է, որ երեխային ընտանիք վերադարձնենք, գերակա շահը երեխային ընտանիքով ապահովելն է: Պետությունն էլ պատասխանատվություն է կրում բոլոր երեխաների կյանքի ու իրավունքի իրացման համար: Միջազգային կառույցները, հասարակական սեկտորը, սոցիալական աշխատողները՝ բոլորի ջանքերն ուղղված են լիելու նման ընտանքիների հետ աշխատելուն: Եթե համալիր ու ծավալուն աշխատանքների արդյունքում, այնուամենայնիվ, երեխայի ընտանիքը չի փոխվում, ռիսկային գոտում է, ապա կքննարկվի երեխայի խնամքի այլընտրանքային տարբերակ»:

Իսկ հարցին, թե ինչ է սպասվում շուրջ 150 աշխատակցին, պաշտոնյան ասաց, որ ամեն դեպքում ճգնաժամային, ցերեկային խնամքի կենտրոններում, կամ որպես սոցիալական աշխատակից՝ անհրաժեշտ կլինեն մասնագետներ, բացի այս, Զբաղվածության կենտրոններում այս աշխատակիցներն առաջանային աշխատանքի տեղավորման ցանկում կլինեն:

Մինչև կառավարության՝ նախագծի հաստատումը, գիշերօթիկ հաստատությունները դեռ շարունակելու են իրենց գործունեությունը:

print
584