Մշակութային կառույցները շատ են, խնդիրներն էլ ավելի շատ են ⋆ «Շրջապատ»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՄՇԱԿՈՒՅԹ

Մշակութային կառույցները շատ են, խնդիրներն էլ ավելի շատ են

Հարցազրույց Շիրակի մարզպետարանի Մշակույթի-սպորտի բաժնի պետ ՎԱՉԱԳԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:

Պարոն Վարդանյան, հայտնի է, որ մենք հարուստ ենք մեր մշակույթով և ունենք բազմաթիվ մշակութային օջախներ:

— Իհարկե, անհերքելի է, որ Գյումրին արվեստների, արհեստների, աշուղների, գուսանների բնօրրան է: Մարզում գործում են բազում մշակութային կազմակերպություններ: Մշակույթի տներն ընդհանուր թվով 67-ն են, բայց ներկա դրությամբ գործում են 23-ը, մնացածը տարբեր պատճառներով չեն աշխատում: Մարզում ունենք հաշվառված 58 գրադարան՝. մարզային, համայնքային և գյուղական: Չնայած որոշ գյուղերում, չունենալով շենքային պայմաններ, գրադարանները գործում են դպրոցնրի շենքերում: Ունենք մշակութային ուղղվածությամբ 29 դպրոց: 2017թ-ին իրականացրել ենք թե՛ մշակութային օջախների շինարարական վերանորոգումներ, թե՛ կարևոր միջոցառումներ: Մեր երկու նվագախմբերը միասին անցյալ տարի շուրջ 40 համերգ են տվել: Միայն «Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի» թանգարանն ընդունել է 7476 այցելու, կազմակերպվել են գեղանկարիչների նկարների ցուցահանդեսներ: Իսկ Շիրակի երկրագիտական թանգարանը, որը հիանալի աշխատանքներ է իրականացնում՝ պեղումներ, հետազոտումներ, հայտնաբերում գտածոներ… Մեր գերակա խնդիրը այս թանգարանի համար համապատասխան տարածք ունենալն է, քանզի տասնյակ հազարավոր հետաքրքիր ցուցանմուշների ցուցադրությունը չենք կարող կազմակերպել:

Լրատվամիջոցներն այդ հարցը միշտ բարձրաձայնել են: Անգամ չգործող Գյուլբենկյանի անվան նախկին հիվանդանոցի շենքի մասին ենք հուշել:

— Այո, թանգարանի տնօրինությունն էլ էր այդ շենքը նկատի ունեցել, սակայն կառավարությունը չհամաձայնվեց: Դրա փոխարեն պետական գույքի կառավարման վարչությունն առաջարկեց օդանավակայանի տարածքում գտնվող թիվ 44 դպրոցի հին շենքը: Այն կարելի էր վերանորոգել, սակայն քաղաքից կտրված է: Պետք է ասեմ, որ մարզպետարանի ենթակայությամբ գործող 5 մշակութային կազմակերպություններից երեքը չունեն շենք. Երկրագիտականն արդեն ասացի, նաև սիմֆոնիկն ու ժող.գործիքների նվագախումբը: Փառք Աստծո, կառուցվեց «Հայորդաց տունը» և սիմֆոնիկն այնտեղ է տեղափոխվել, իսկ ժող.գործիքներն ունի տնակային կառույց, որը «Արագած մարզամշակութային կենտոնի» և բարերար Օյունջյանի կառույցների մեջտեղում է: Չնայած տնակային է, բայց իրենց համար հարմարավետ պայմաններ են ստեղծել: Բարերարը թիվ 21 դպրոցի կողքին կառուցելով երկու շենք, ցանկություն է հայտնել նաև տնակային տարածքը վերցնել՝ մեկ այլ մշակութային կառույց հիմնելու համար: Մենք պայման դրեցինք, որ եթե մեր ժող.գործիքների համար համարժեք շենք տրամադրվի քաղաքի մեջ, ապա պատրաստ ենք տարածքը զիջելու: Առայժմ սա քննարկման փուլում է:

Չնայած, որ Գյումրին համարում ենք մշակութային մայրաքաղաք, սակայն, ըստ իս, մշակութային կյանքը սահմանափակվում է տարեկան նախանշված միջոցառումների շրջանակում՝ հաշվետու համերգներ, «Քաղաքի օր», Անկախության օր, և այլն: Ես երևի մի քիչ այլ կերպ եմ պատկերացնում կամ, այսպես ասած՝ «սիրտս ավելի շատ տոն է ուզում», ինչը նաև քաղաքի, մարզի բնակչության տեսանկյունից եմ դիտարկում:

— Չէ, ինչո՞ւ, բազմաթիվ միջոցառումներ ենք իրականացնում: Պետական բյուջեից աջակցելու ծրագիր կա՝ մշակութային միջոցառումների իրականացման համար: Անցած տարի այդ աջակցությամբ իրականացրել ենք 5 միջոցառում. Հայոց ազգային բանակին, Մայիսյան հաղթանակներին, Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված, «Մինասի գույներով» երիտասարդ նկարիչների պլեները և Անկախության տոնին նվիրված: Արդեն երրորդ տարին է, անցկացնում ենք հոգևոր երգերի մարզային փառատոն:

Կարևոր միջոցառում է «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը: Մեկ այլ տվյալ ներկայացնեմ. ՀՀ պետական բյուջեում կա ծախսային ծրագիր, կոչվում է երաժշտական դպրոցների ազգային լարային և փողային բաժիններում սովորողների ուսման վարձավճարի փոխհատուցում: Այդ ծրագրով թվով 377 սովորող մարզի 19 երաժշտական և արվեստի դպրոցներից ստացել են փոխհատուցում:

Գյումրու ժող.գործիքների պետական նվագախումբը և «Ծիրանափող» մշակութային հասարակական կազմակերպությունն անցած տարի համատեղ հիմնեցին «Շերամ» ազգային երգեցողության ստուդիան: Պատանիների են հավաքագրել, ուսուցանում են, այսպես ասած՝ փոխարինող սերունդ են կրթում:

Մարզերի հրատապ խնդիրների լուծման համար պետությունը սուբսիդիաներ էր տրամադրում և, որքան հիշում եմ, գումարներ են ուղղվել նաև գյուղական մշակույթի տների, գրադարանների ու դպրոցների վերկանգնմանը:

— Շինարարության մասով ասեմ, որ անցած տարի կատարվել է 61 մլն դրամի աշխատանքներ, վերանորոգվել են «Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի» թանգարանը, Փանիկի արվեստի դպրոցը, Սարալանջի, Հայրենյացի, Սպանդարյանի, Հառիճի և Գուսանագյուղի մշակույթի տները: Մարմաշենի վանական համալիրում շինվերանորոգման աշխատանքներ են իրականացվելու, 23 մլն դրամ էլ նախատեսված է Հոռոմի Սուրբ Հռիփսիմե եկեղեցուն: Իսկ ամենակարևորը, բոլորին հայտնի՝ «Մեր մանկության տանգո» ֆիլմի այն շենքում է վերանորոգման աշխատանքներ իրականացվելու՝ մոտ 178 մլն դրամ արժողությամբ: Այն դառնալու է մշակութային կենտրոն:

Այո, ասում ենք արվեստի, մշակույթի կենտրոն ենք: Տպավորություն է, թե ամեն ինչ նորմալ է ու մնում է միայն տոնել: Սակայն բավական շատ խնդիրներ կան, իսկ ամենաառաջնայինը կազմակերպությունների համար շենքային կառույց չունենալն է, հետո արդեն՝ համապատասխան պայմանները, ոչ պակաս կարևոր՝ երաժշտական գործիքները: Ինչ խոսք, միայն պետական բյուջեի միջոցներով հնարավոր չի լինի լուծել այս խնդիրները, մնում է գտնել բարերարների, հովանավորների, միջազգային կառույցների: Բայց, դե, լավ կլիներ, որ մշակույթն ընդհանրապես պետական հովանավորության ներքո գտնվեր:

Այս տարի էլ մեծ թվով միջոցառումներ ենք նախատեսել: Ապրիլի 5-ին «Վերածնունդ» փառատոնի 10-ամյա հոբելյանական միջոցառման սկիզբն է: Մայիսի 18-19-ը՝ թանգարանների միջազգային օրվան նվիրված թանգարանային գիշերն է: Մայիսի 28-ին ՀՀ և Մայիսյան հաղթանակների 100-ամյակն է: Գյումրու ժող. գործիքները և սիմֆոնիկը կմասնակցեն «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը: Հուլիսին Պարարվեստի օրն է անցկացվելու, իսկ սեպտեմբերին «Դուդուկի» փառատոնն է: Ընթացքում լինում են նաև «Հացի» փառատոնը, մեկ անգամ նորակառույց Ռուսթավելի փողոցում կայացավ «Բրդուճի» փառատոն, որը, կարծում եմ, շարունակական կլինի: Եվ «Արագած մարզամշակութային կենտոնի» վերանորոգումն է հընթացս:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ

print
577