Մշակույթի նախարարությունը հաստատակամություն դրսեւորեց ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

Մշակույթի նախարարությունը հաստատակամություն դրսեւորեց

ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի աջակցությամբ՝ 5 տարուց ի վեր «խորհրդավոր փակի տակ» մնացած Գյումրու Գ.Գյուլբենկյանի անվան նախկին հիվանդանոցի շենքն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հատկացվեց ՀՀ Շիրակի մարզի «Շիրակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ին: Ինչպես ֆեյսբուքյան իր էջում գրառել է ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստայնը՝ «Սա գյումրեցիների 30 տարվա ապարդյուն թվացող պայքարի արդյունքն է: Շնորհավորում ենք բոլորիս, մասնավորապես՝ գյումրեցիներին, Երկրագիտական թանգարան ունենալու և վտանգված հնագույն նմուշների համար տանիք գտնելու առթիվ»:

Երբ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն առաջին անգամ աշխատանքային այցով Գյումրիում էր և եղավ նաև Ջիվանու 74 հասցեում գտնվող շենքում, խոստացավ, որ անպայման այդ շենքով կզբաղվի: Գյումրու ավագանու անդամ, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ առաջարկով դիմել էր մշակույթի նախարարությանը։



Այս շենքի «հարկադիր պարապուրդի» և այն իմաստալից օգտագործելու (գոնե «Շիրակի երկրագիտական թանգարանին» տրամադրելու) մասին «Շրջապատը» երկու տարի առաջ գրավոր հարցումով դիմել էր Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախագահին՝ Գլուստ Սահակյանի որդի Արման Սահակյանին, բայց ստացել էր, այսպես ասած, «ցրողական» պատասխան: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ ունեցած հարցազրույցում էլ, շենքի ճակատագրի վերաբերյալ մեր հարցին քաղաքապետը պատասխանել էր. «Դեռ տարիներ առաջ ես ասել ու առաջարկել եմ՝ բերեք մշակույթի և սպորտի նախարարությունները տեղափոխենք Գյումրի, և տվյալ շենքը տրամադրենք նախարարությունների համար»: Իսկ ավագանու նիստերից մեկի ժամանակ ասել էր. «Ալամ աշխարհն աչք ունի այդ շենքի վրա»։ Ի՞նչ նկատի ուներ քաղաքապետը, քանի որ ում անունն ասես շրջանառվում էր՝ սկսած Գալուստի որդի Արման Սահակյանից, վերջացրած նախկին վարչապետ Կարեն Կարապետյանով:

Այնպես որ, ներկայիս հանգամանքն հաշվի առնելով, փաստենք՝ «Չէ, իրոք, Հայաստանում իրավիճակ է փոխվել»:

Օգոստոսի 7-ին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, փոխնախարար Տիգրան Գալստյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը և Շիրակի մարզի երկրագիտական թանգարանի տնօրեն Արտաշես Բոյաջյանը Ջիվանու 74 հասցեի շենքում ասուլիս էին հրավիրել՝ բարի ավետիս հայտնելու: Շնորհավորական խոսքեր ասելուց հետո, բանախոսներն անդրադարձան շենքի վերանորոգման աշխատանքներին: Փոխնախարար Տ. Գալստյանը նշեց, որ նախնական հաշվարկներով մոտ 50 միլիոն դրամ կպահանջվի, որպեսզի շենքն առաջին փուլով վերանորոգեն, քանի որ մակերեսը մեծ է:

Լիլիթ Մակունցը կարծիք հայտնեց, որ շենքը կծառայի ոչ միայն որպես թանգարան, այլ, քանի որ Գյումրիում պատկերասրահի մեծ անհրաժեշտություն կա, ապա այն կունենա մի հատված՝ այս նպատակի համար, բացի այդ. «Թանգարանի լիարժեք գործունեության համար անհրաժեշտ է շենքային պայմաններ, չնայած որ մշակույթի նախարարությունն այս պահին չունի միջոցներ, մենք սեպտեմբերին հայտարարելու ենք մեկամսյա դրամահավաքի մեկնարկ, որպեսզի առաջին փուլի համար անհրաժեշտ գումար հավաքվի: Առաջին առաջարկն արդեն ստացել ենք Տիգրան Համասյանից. նա առաջարկել է իր համերգի ողջ հասույթը տրամադրել թանգարանի վերանորոգման համար: Իհարկե, հենց մեկնարկը տրվի, կոչ կանենք նաև համայն հայությանը՝ միանալու դրամահավաքին»:

Մտահոգություն հնչեց, թե հնարավո՞ր է, որ այդ գումարը չհավաքվի, այդ դեպքում ինչպե՞ս պետք է լուծվի խնդիրը: Նախարարը պատասխանեց, որ իրենց բոլոր ջանքերը, ռեսուրսները, կապերը կներդնեն՝ սեղմ ժամկետում՝ մեկ ամսվա ընթացքում այդ գումարը հավաքագրելու համար. «Կարծում եմ ճիշտ աշխատելու և լավ լուսաբանելու պարագայում, նաև լրագրողների օգնությամբ կկարողանանք խոսքը տեղ հասցնել և այդ գումարը հայթայթել։ Հեշտ գործ չի լինելու, բայց կանենք»:

Նաև խոսվեց Մինաս Ավետիսյանի որմնանկարները Գյումրի տեղափոխելու մասին: Նման առաջարկով հանդես եկավ թանգարանի տնօրեն Արտաշես Բոյաջյանը: Լիլիթ Մակունցն ասաց. «Քննարկել ենք տարբերակներ՝ ինչպե՞ս լուծել Մինաս Ավետիսյանի որմնանկարները Գյումրի տեղափոխելու հարցը, և առաջին խնդիրն եղել է տեղակայման հարցը։ Մինասի որմնանկարները տեղափոխելու խնդիրը կապված է պատշաճ պայմաններ չունենալու հետ: Մինչ դրա մասին մտածելը, պետք է հստակ իմանալ՝ արդյո՞ք կարող ենք ապահովել այն պայմանները, որոնք անհրաժեշտ են որմնանկարների տեղափոխության համար։ Մենք նաև խնդրել էինք պարոն Բարսեղյանի միջոցով հարցը բարձրաձայնել ավագանու նիստին, քննարկելու հնարավոր տարբերակներ, սակայն արձագանքներ չստանալով՝ հասկացանք, որ, այնուամենայնիվ, որմնանկարների տեղակայման հարցը խնդիր է։ Դուք բարձրաձայնեցիք, որ կարող են նաև այստեղ (նկատի ունի թանգարանի նոր շենքը) տեղակայվել, իհարկե, անհրաժեշտ պայմաններ ունենալու պարագայում։ Ուզում եմ յուրաքանչյուրս շատ մեծ լրջությամբ վերաբերենք, որովհետև ամեն անգամ որմնանկարի տեղափոխությունը ենթադրում է որոշակի վտանգ, որոշակի ռիսկ է պարունակում և, բացի այդ, շատ մեծ գումարների մասին է խոսքը։ Մինչ տեղափոխություն իրականացնելը պետք է վստահ լինենք, որ այդ քայլով էլ ավելի մեծ վնաս չենք հասցնում մշակութային արժեքին»։

Այսպիսով, սիրելի գյումրեցիներ, հայաստանցիներ, և համայն հայություն, խնդրում ենք Ձեր աջակցությունը. սեպտեմբերին հայտարարվելու է դրամահավաք՝ Շիրակի երկրագիտական թանգարանի շենքի նորոգման ծախսերը հոգալու համար։ Սա մեծ նշանակություն ունեցող թանգարան է: Հուսով ենք, նաև հանրահայտ հայերը՝ աստղերը, գործարարները կմիանան այս դրամահավաքին, և թող Տիգրան Համասյանի պատրաստակամ քայլը վարակիչ օրինակ հանդիսանա բոլորին:

print
501