Մշակույթի ոլորտում անհրաժեշտ է սերունդների երկխոսությունը ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՄՇԱԿՈՒՅԹ

Մշակույթի ոլորտում անհրաժեշտ է սերունդների երկխոսությունը

Հարցազրույց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ ԼԻԼԻԹ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ հետ:

Լիլիթ, տարիներ շարունակ ուղղակի և անուղղակի կապի մեջ ես եղել մշակույթի ոլորտի հետ, ինքդ ես տարբեր նախագծեր, ծրագրեր մշակել և իրականացրել բարձր մակարդակով: Այժմ հանձն ես առել ղեկավարել այս ոլորտը: Բնականաբար, մասնակցել ես մրցույթի, որտեղ ներկայացրել ես Գյումրու մշակութային կյանքի զարգացման քո ծրագիրն ու տեսլականը: Անշուշտ, չեմ առաջարկում ներկայացնել քո ծրագիրն ամբողջությամբ, այլ ակնկալում եմ լսել քո մտքերը և փոխանցել ընթերցողներին:

— Ընդհանրապես մտածում եմ, որ գործի սկզբից ինչ-որ բան խոստանալն այնքան էլ ճիշտ չէ, քանզի մեր քաղաքը խոսքի փոխարեն գործ նախընտրող քաղաք է: Եվ ես հիմա ինչ էլ որ ասեմ, միևնույն է, ինձ վստահելով կամ չվստահելով, կսպասեն գործին: Եվ մեծ խոստումների փոխարեն, երբ մնում է գիտակցել այն ողջ պատասխանատվությունը, որը կրելու եմ ուսերիս, գիտակցել, որ գործ ունես մի քաղաքի հետ, որտեղ մշակույթը ոչ թե ուղղակի բնագավառներից մեկն է, այլ հենց այն բնագավառն է, որի զարգացումով հնարավոր է նաև քաղաքի զարգացումը: Ընդ որում, եթե դիտարկում ենք բաժնի հաջորդ գործառույթը ևս՝ երիտասարդությունը: Երիտասարդները շարժիչ ուժ են, ապրեցնում են, և հաշվի առնելով, որ գործ ունենք արվեստի ու մշակույթի մայրաքաղաքի հետ, հիմա այս երկուսի հաճելի պատասխանատվությունը ես գիտակցաբար եմ հանձն առել:



Գովելի է, որ մտավախություն չունես, ինքնավստահ ես, դա արդեն դրական է սկզբի համար: Քանզի գործ կունենաս, ինքդ էլ լավ գիտես, գյումրեցի և՛ արվեստագետի, և՛ ոլորտի մասնագետների, և՛ քաղաքացիների հետ:

— Այս ոլորտում հաճախակի գործունեություն ծավալելով, ուզես, թե չուզես, երբեմն ճանապարհին դժվարությունների ես հանդիպում, լինում են նաև մարդկանց հետ գաղափարական կամ այլ բախումներ, խնդիրներ, և ակամա պետք է մտածես այդ խնդիրների լուծման ճանապարհների մասին, ելքեր գտնես: Եվ ստացվում է, որ տարիների ընթացքում դու քեզ համար կուտակում ես բազա, փորձ, ինչը քեզ ուժեղացնում է, և որոշումներ կայացնելիս ավելի վստահ կմոտենաս հարցին:

Իզուր չեն ասում, որ դժվարություններ հաղթահարելով է մարդն ուժեղանում

— Այո, միանշանակ: Եվ այդ ընթացքում, երբ իրականացրել ենք բազմաթիվ նախագծեր, փորձել ենք այնպիսի ծրագրեր ու միջոցառումներ կազմակերպել, որ հասարակությունը դառնա դրա մասնակիցը: Այդ ընթացքում կուտակվել է այն հիմնարար բազան և այն կետերը, ինչի վրա պիտի հիմնվի ադմինիստրատիվ ղեկավար աշխատող մարդը, որպեսզի հասարակությունն ավելի գոհ մնա: Ահա այս բոլոր հնարավոր տարբերակներն համադրելով եմ կարողացել որոշում կայացնել՝ հանձն առնել ոլորտի ղեկավարումը… Գիտեք, մի բան անելու համար կախարդական փայտիկ պետք չէ ունենալ, այլ նախ անհրաժեշտ է ունենալ ցանկություն, սովորելու պատրաստակամություն, պետք է հասկանալ, որ պաշտոնը, դիրքը քեզ չի տրվում վայելելու համար, պետք է հասկանաս, որ դու այն ծառայեցնելու ես ոլորտի, մարդկանց, քեզ վստահողների ու հավատացողների համար: Եվ դա հնարավոր է, ինչպես, օրինակ «ՀայաթJazz»-ը, «Շիրակի էսքիզները», ջազի տարածումը, ապա պետք է նշեմ, որ երբևէ չի եղել, որ քաղաքային իշխանության հետ համագործակցության խնդիր ունենայինք: Իսկ սա խոսում է այն մասին, որ երբ դու ճիշտ առաջարկով ես հանդես գալիս, ապա իրավասու մարմինը ինքը կոմպետենտ է քեզ հետ աշխատելու, ինքը պատրաստակամ է նորարական գաղափարներ ընդունելու:

Պաշտոնական միջոցառումներն ավելի շուտ հիշեցրել են լոկ հանդեսներ՝ ստանդարտ, նույնաձեռագիր, բյուրոկրատական տարրերով, որովհետև միջոցառումները սահմանափակվել են նույն մարդկանց հրավիրատոմսեր ուղարկելով, ու նույն հանդիսատեսի համար: Եվ դա գյումրեցիների մոտ դժգոհություն է առաջացրել: Դու նշեցիր, որ քո նախաձեռնություններն իրականացվել են հանդիսատեսին, հասարակությանը մասնակից դարձնելով

— Ես կարող եմ վստահեցնել, որ երբ ուզում էինք իրականացնել «ՀայաթJazz»-ը, ընդամենը դիմում ենք ներկայացրել քաղաքապետին, և մենք ոչ մի խնդիր չենք ունեցել, նույնն էլ «Շիրակի էսքիզների» դեպքում էր: «Վարպետները վարպետներին» միջոցառումն անելու համար փակվել է Կայարանամերձ հրապարակը, և չի եղել, որ քաղաքապետարանն ասի՝ չէ: Նշանակում է, իրոք, բոլոր ոլորտներում անհրաժեշտ են թարմ մոտեցումներ, քանզի, եթե ինչ-որ մեկը որևէ տեղում երկար ժամանակ նույն գործն է անում, ինքն արդեն հարմարվում է, և նորարական գաղափարներ իրագործելու ցանկությունը վերանում է: Ես հասկանում եմ, որ կարևոր է տարիների փորձ ունենալը, վաստակ ունենալը, միևնույն ժամանակ, առանց թարմ լիցքի, առանց թարմ շնչառության որևէ համակարգ չի կարողանա առաջ շարժվել, մշակույթն առավել ևս:

Այսինքն, լճացում է տեղի ունենում: Սովորականը մշտական կրկնության մեջ դնելով, դառնում է կարգ, իսկ նոր մոտեցումներն արդեն անհանգստացնում են, դիսկոմֆորտի զգացում առաջացնում:

— Եվ, բնականաբար, բոլորս կանգնել էինք նման փաստի առաջ, և մարդկանց արձագանքներից ես զգում ու հասկանում եմ, որ վաղուց էին սպասում փոփոխությունների: Քավ լիցի, թող ասածներս սխալ չընկալվի, ես իրավունք չունեմ քննադատելու ինձանից առաջ աշխատած մարդկանց, ես չեմ ասում, թե վատ են աշխատել, ես ասում եմ, որ, եթե հիմա մարդիկ ինձ հետ հույսեր են կապում, մտածում են, որ ես կարող եմ անել ինչ-որ բան, որն առաջընթաց կապահովի, ես դա նկատի ունեմ: Մինչև մրցույթը շատերի կողմից խորհրդի կարգով եմ լսել, թե ինչու չես փորձում այս բնագավառում քո արդյունավետ աշխատանքով հանդես գալ: Ստացվել էր այնպիսի իրավիճակ, որ ես գրեթե նույն գործունեությամբ զբաղվել եմ, բայց հասարակական կարգով, անձնային ցանկության մակարդակով: Իսկ հիմա, ասես, պետական փաթեթավորում է ստացել. ռեսուրսով, ունեցած նյութական բազայով, ունեցած բոլոր հնարավորություններով, որ տալիս է քաղաքապետարանը, բաժինը՝ իր ենթակառուցվածքների հետ աշխատելու, ամենատարբեր կապերի իմաստով, սա արդեն բավական մեծ բազա է, և մնում է որպես երիտասարդ, ռեալիզացնել քո այն մտահղացումները, որոնք ունեիր, ունես, և դեռ իրացնելու ես:

Իսկ դու ազա՞տ ես քո գործողությունների մեջ, նկատի ունեմ, որպես պետական համակարգում աշխատող, դու կունենա՞ս գործելու այն ազատությունը, որը մինչ այդ որպես հասարակական միավոր էիր իրագործում:

— Գուցե այս հարցին շուտ է պատասխանելը, որովհետև դեռ կես ամիս էլ չկա, որ ստանձնել եմ պաշտոնը, բայց այս ընթացքում որևէ ծրագիր, առաջարկ, որոնք արդեն ներկայացրել եմ վերադասին, չի մնացել անպատասխան: Վստահեցնում եմ, որ մինչև տարեվերջ մի քանի գաղափարների մեկնարկ կտրվի, և դուք փոփոխությունները կզգաք, արդյունքն էլ նկատելի կլինի հաջորդ տարվա միջոցառումների ցանկով:

Ասում են, չէ՞, այժմ նոր իրավիճակ է Հայաստանում՝ փոփոխություններ սերնդափոխություն և այլն: Եվ ինչոր տեղ արդեն հասունանում է սերունդների միջև չասեմ՝ հակամարտություն, ասեմ՝ անհամաձայնություն, ասես ավագներն անտեսվում ենԴու ինչպիսի՞ մոտեցումներ ունես այս հարցին, մանավանդ մշակույթն այն բնագավառն է, որտեղ հենց ավագներն են, որ ունեն տալու բան: Պատրաստվո՞ւմ ես քաղաքի մտավորականության հետ հաշվի նստել, հարցեր քննարկել ու գաղափարներով կիսվել:

— Առանց ավագների հետ երկխոսության հնարավոր չէ, առավել ևս Գյումրիի մտավորականության առումով, քանզի Գյումրին շատ բարդ քաղաք է… Այստեղ արվեստագետի կամ մշակույթի գործչի տիտղոսը կամ կոչումը երբեք պատահական չի լինում: Եթե մարդը հասարակության կողմից ընկալվում է որպես մշակույթի մարդ, նշանակում է՝ իր հետ պիտի հաշվի նստես, այսինքն, նա ճանապարհ է անցել, և փորձ ունի փոխանցելու գալիք սերնդին: Եթե նկատել եք, իմ «Ֆեյսբուքյան» էջում ես անցկացրեցի «Հնարավոր է» վերտառությամբ հարցազրույցների շարք, որտեղ քաղաքի մտավորականության, ակտիվի, հասարակական դեր ունեցող մարդկանց հետ զրուցելով, ուզում էի հասկանալ՝ ի՞նչ է անհրաժեշտ, ի՞նչ է պետք, ինչպե՞ս է պետք, հնարավո՞ր է… Եվ վստահաբար կարող եմ ասել՝ այո, հնարավոր է, և ես կկարողանամ: Եզրափակելով այս հարցի պատասխանը, կրկնում եմ, այո, Գյումրին այն քաղաքն է, որտեղ մշակութային ոլորտում անհրաժեշտ է սերունդների երկխոսությունը:

Հայտնի է, որ մշակույթն ամենապահանջկոտ ոլորտներից է, ծախսատար է, ժամանակատար է, շարունակական էԱմենաշատը ի՞նչը կուզենայիր, որ պլանավորածներիցդ ավելի շուտ իրականանար:

— Մեզ սովորեցրել են, որ երազանքներին չի կարելի դավաճանել: Այն պահից սկսած, երբ ես սկսեցի «Շիրակի էսքիզները» և միասնական բեմ բարձրացան 6 պարային խմբերից ընտրված լավագույն պարողները, երազանք սահմանեցի ինձ համար. ունենալ Գյումրիի պարի պետական համույթ: Ինքս ինձ խոստացել եմ, որ անելու եմ ամեն ինչ, որ հասնեմ դրան: Ավանդները մեծ են, կա պոտենցիալը, պետք է բերել մի հարթակի վրա: Մեկ այլ երազանք էլ ունեմ, երբ մի ժամանակ ինչ-որ առիթով, խմբավար Հեքեքյանի ղեկավարությամբ, քաղաքի միասնական աշակերտական երգչախումբը կատարեց «Կարմինա Բուրանա» և «Անուշի նախերգանքը»: Սա ևս նրբորեն փայփայված երազանք է, որպեսզի ստեղծվի Գյումրու մանկական երգչախումբ, ինչը հնարավոր է: Մնացած բոլոր փոքր ու մեծ գաղափարներն ըստ այդմ:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ

print
1,442