Մոդիֆիկացված սնունդը եւ սթերսները բազմաթիվ հիվանդությունների առաջացման պատճառ ⋆ «Շրջապատ»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Մոդիֆիկացված սնունդը եւ սթերսները բազմաթիվ հիվանդությունների առաջացման պատճառ

Հարցազրույց Գյումրու բժշկական կենտրոնի բժիշկ-էնդոկրինոլոգ ՆԱՐԻՆԵ ԳԱԼՈՅԱՆԻ հետ:

 — Բժշկուհի, նկատել եմ, որ բավական մեծ տարածում ունի շաքարային դիաբետը: Այդպե՞ս է:

— Այո, այդպես է:

Իսկ ի՞նչն է նպաստել, որպեսզի այդ հիվանդությունը մեծ տարածում ունենա:

— Սոցիալական վատ վիճակ, սթրեսներ, սնունդ, կյանքի որակի անկում:

Այսինքն, հիմնականում, արտաքին գործո՞նն է

— Առաջներում, հետազոտություններից պարզվում էր, որ ավելի շատ հիմնականում ժառանգականության գործոնն է պատճառը: Սակայն վերջին տարիներին համոզվեցինք, որ հիվանդի ազգականների շրջանում չլինելով շաքարային դիաբետով հիվանդ, այն չի կարող նաև հիմնական պատճառ հանդիսանալ: Սակայն հիվանդության տարածվածությունը բարձր է: Փաստն այն է, որ արտաքին գործոններն այսօր ավելի մեծ ազդեցություն են թողնում. նյութափոխանակության խանգարում, վատ սնուցում, ոչ առողջ ապրելակերպ, ֆիզիկական թերակտիվություն, ավելորդ քաշ, ճարպակալում: Հիվանդին ասում ես՝ դիետա պահպանել է պետք, պատասխանում է. «Դիետայով ապրում ենք, էլի», նկատի ունենալով՝ սոցիալական վիճակը: Իսկ սթրեսն ամենաառաջնային նպաստող ֆակտորն է:

Բնականաբար, մեր կյանքն էլ ինչով է հարուստ՝ սթրեսներով: Իսկ, որ ասում են` «վախից շաքարս ելավ»:

— Դե, վախն հենց ամենամեծ սթրեսն է, սակայն չէի ասի, թե վախը հենց շաքարային դիաբետ ծնողն է: Սուր վախն օրգանիզմում առաջացնում է իմունիտետի անկում, դրա հետևանքով մի շարք հիվանդություններ կարող են առաջանալ, այդ թվում և՛ շաքարային դիաբետ, և՛ խպիպ:

Եթե ժառանգականության ֆակտորը դուրս է գալիս, այս դեպքում ինչպե՞ս կբացատրեք մանկահասակ երեխայի մոտ հայտնաբերված դիաբետը:

— Եթե ժառանգականության ֆակտորը չկա, ապա մոր հղիության շրջանից է կախված՝ ինչ հիվանդություններ են առաջացել, ինչ վիրուսներ է կրել:

ԳՄՕակիր սննդամթերքը կարո՞ղ է առաջացման պատճառ հանդիսանալ: Մանավանդ, Դուք նշեցիք սննդակարգը:

— Բոլոր դեպքերում էլ, քիմիական հավելումներով հարստացված սննդամթերքը չի կարող դրական ազդեցություն ունենալ:

Խպիպի առաջացման պատճառնե՞րն էլ կարելի է սննդի հետ կապել:

— Վահանաձև գեղձի հիվանդացության երկու հիմնախնդիր կա. յոդի պակաս և յոդի գերարտադրություն, որն անվանում ենք թունավոր խպիպ, որի առաջացման պատճառը դարձյալ սթրեսն է: Իսկ յոդի դեֆիցիտն առկա է հատկապես լեռնային երկրներում, քան ծովային երկրներում, քանի որ յոդի հիմնական աղբյուրը ծովի ջուրն է, որը գոլորշիանում է և թափանցում հողի, ջրի, մրգերի ու բանջարեղենի մեջ: Հայաստանն էլ աղքատ է յոդից, ու դրա համար էլ մեզ մոտ ավելի շատ էնդիմիկ խպիպն է տարածված:

Նկատել եմ, որ հիմնականում խպիպը տարածված է կանանց մոտ:

— Այո, այդպես է, կանանց էնդոկրին համակարգը կյանքի ընթացքում ավելի շատ է ենթարկվում փոփոխության՝ հղիություն, արհեստական վիժում, որը բերում է օրգանիզմում հակամարմինների քանակի ավելացման, որոնք օրգանիզմի համար վնասակար են: Տղամարդկանց մոտ էլ կա, բայց ավելի քիչ: Կանանց մոտ հորմոնների խախտումներ շատ են լինում:

Ի՞նչ անել, որպեսզի զերծ մնալ, հնարավորինս պահպանել առողջությունը:

— Հնարավորինս օգտագործել սպիտակուցներով հարուստ սննդամթերք, չպետք է չարաշահել ածխաջրերով հագեցած սնունդը. խորոված, տապակա, և այլն: Օրինակ՝ շաքարային դիաբետ հիմնականում հանդիպում է, այսպես ասած՝ ուտող-խմող մարդկանց մոտ: Ենթաստամոքսային գեղձը լարված աշխատում է՝ յուրացնելու ընդունված սնունդը, և դա բարդացումների է հանգեցնում, խոլեստերինի մակարդակն է բարձրանում, անոթներն են վնասվում: Մեր երեխաներին պետք է զերծ պահել չիպսեղենից ու նման արհեստական սննդատեսակներից, չպետք է տարվել՝ երեխային քաղցրավենիք կերակրելով, չափավոր քանակ պահելը հետագայում առողջությունը պահպանելու գրավական է:

print
2,138

,