«Յոթը» վավերագրական ներկայացումը Գյումրիում ⋆ «Շրջապատ»
ՄՇԱԿՈՒՅԹ

«Յոթը» վավերագրական ներկայացումը Գյումրիում

Աշխարհի շատ երկրներում կանանց հանդեպ դրսևորվող խտրականության, նրանց իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքեր են առկա. Իրանում կանանց քարկոծում են, Սաուդյան Արաբիայում դասում կենդանիների շարքին, առանց տղամարդու համաձայնության չեն թույլատրում աշխատել և այլն:

Կանանց իրավունքների վերաբերյալ մի շարք հարցեր բարձրաձայնվում են կազմակերպվող սեմինարների, ներկայացումների միջոցով: Մայիսի 20-ին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» և Հայաստանում Շվեդիայի դեսպանատան համատեղ ջանքերով, Գյումրու Տեղեկատվական տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ «Յոթը» վավերագրական ներկայացումը: Այն հիմնված է յոթ կանանց իրավունքների համար պայքարող ակտիվիստների հետ անցկացրած հարցազրույցների վրա: Նրանց կյանքը լի է եղել դժվարություններով. երբեմն կյանքի ու մահվան կռիվ են տվել։ Ներկայացումը դիտելու համար կենտրոն էին եկել երիտասարդներ, դասախոսներ, տարբեր մասնագիտության տեր անձինք:

Ներկայացման ընթացքում Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարանի պրոռեկտոր, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Ֆարմանյանը հանդես է եկել Ֆարիդա Ազիզի դերում (Աֆղանստան), «Բամբիռ» ռոք-խմբի երգահան Արիկ Գրիգորյանը՝ Ինես Մքքորմաքի դերում (Հյուսիսային Իռլանդիա), «Արաքս» կենտրոնի տնօրեն Ալլա Խաչատրյանը՝ Մարինա Պիսկլակովա-Փարքերի դերում (Ռուսաստան), «Կանանց իրավունքների կենտրոնի» շահառու Հասմիկ Քոչարյանը՝ Հաֆսաթ Աբիոլայի դերում (Նիգերիա), «Շրջապատ» շաբաթաթերթի տնօրեն Սյուզի Մեխակյանը՝ Անաբելլա Դե Լեոնի դերում (Գվատեմալա), «Փինկ Արմենիա» կազմակերպության տնօրեն Մամիկոն Հովսեփյանը՝ Մու Սոչուայի դերում (Կամբոջա), ակտիվիստ Աստղիկ Եղիազարյանը՝ Մուխթար Մայի դերում (Պակիստան):
Ֆարիդա Ազիզին պայքարել է Աֆղանստանում Թալիբանի հաստատած կանոնների դեմ, որոնք ուղղված էին կանանց մարգինալացմանը: Իր գործունեության ընթացքում նա կյանքին ուղղված սպառնալիքներ է ստացել, ուստի այժմ երեխաների հետ աշխատում և ապրում է ԱՄՆ-ում:

Ինես Մքքորմաքը բնակվել է Հյուսիսային Իռլանդիայում՝ մեծանալով Բելֆաստի բողոքական ընտանիքներից մեկում: Եղել է կանանց, մարդու իրավունքների և սոցիալական հարցերով զբաղվող ակտիվիստ: Նա մինչև իր կյանքի վերջը պայքարել է աղքատ ընտանիքների համար:

Մարինա Պիսկլակովան Ռուսաստանում ստեղծել է ընտանեկան բռնության զոհերի համար առաջին թեժ գիծը, որը խորհրդատվություն էր տրամադրում կանանց:
Անաբելլա Դե Լեոնը Գվատեմալայում եղել է կոնգրեսական: Կրթություն ստանալով` կարողացել է հանել իր ընտանիքին աղքատության ճիրաններից: Նա կոռուպցիայի, կանանց իրավունքների ոտնահարման դեմ պայքարելու համար բազմաթիվ սպառնալիքներ է ստացել:

Առավել դաժան է եղել Պակիստանում բնակվող Մուխթար Մայի ճակատագիրը, ով բռնաբարության է ենթարկվել 4 տղամարդկանց կողմից և ստիպված է եղել գրեթե մերկ քայլել դեպի տուն: Վերջինս իրեն բռնաբարողներին արդարադատության առաջ է կանգնեցրել: Մուխթար Մայի պատմությանն անդրադարձել են շատ լրատվամիջոցներ:
Կամբոջայում բնակվող Մու Սոչուան եղել է նախարար, Կամբոջայում և Թաիլանդում սեռական թրաֆիկինգի դեմ պայքարելու համար 2005 թվականին առաջադրվել է Նոբելյան խաղաղության մրցանակի:
Հաֆսաթ Աբիոլան բնակվել է Նիգերիայում: Այս երկրում ժողովրդավարության հաստատման համար էր, որ իր ակտիվիստ ծնողների սպանությունից հետո նա հիմնադրել է Քուդրիաթ նախաձեռնությունը, որը տեղի կանանց համար ապահովում է տարբեր հմտությունների զարգացում:

«Յոթ» շրջիկ ներկայացման գաղափարը ստեղծել է շվեդ պրոդյուսեր Հեդդա Կրասց Սյոգենը՝ ներկայացնելով աշխարհի տարբեր երկրների՝ Աֆղանստանի, Նիգերիայի, Գվատեմալայի, Պակիստանի, Ռուսաստանի, Կամբոջայի և Հյուսիսային Իռլանդիայի իրավապաշտպան կին առաջնորդների խոչընդոտներով լի կյանքը:

2009 թվականից այն դիտել են 30-ից ավել երկրներում՝ Սերբիայում, Աֆղանստանում, Թուրքիայում, Վրաստանում, Ռուսաստանում և այլ պետություններում։ Ներկայացումը բեմադրվել է Շվեդիայի խորհրդարանում՝ տղամարդ քաղաքական գործիչների կողմից, Եվրախորհրդարանում և Սերբիայի խորհրդարանում, «Օսկարի» արժանացած դերասանուհի Մերիլ Սթրիփի, քաղաքական գործիչների ու լրագրողների մասնակցությամբ։

ԱՆԱՀԻՏ ՍԻՄՈՆՅԱՆ

print
835