Նախագահը դեռեւս 2008-ին էր խոստացել խնդիրը լուծել, բայց... ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Նախագահը դեռեւս 2008-ին էր խոստացել խնդիրը լուծել, բայց…

43-ամյա Լուսինե Սարգսյանը 9 երեխաների մայր է: Սոցիալապես ծանր պայմաններում գոյատևող բազմանդամ ընտանիքն ապրում է Ազատան գյուղում, 40քմ տնակում: Լուսինե Սարգսյանը անկողնային հիիվանդ է, 5 տարի առաջ նրա մոտ հայտնաբերվել է քաղցկեղ: 12 անձից բաղկացած ընտանիքի անդամների մի մասը գիշերում է սառը հատակին, քանի որ մահճակալ չունեն, ունենալու դեպքում էլ՝ դնելու տեղ չունեն: Բնակարան ստանալու հույսը վաղուց է կորել, չնայած որ դեռ տարիներ առաջ անգամ երկրի նախագահն է խոստացել, որ կապահովի բնակարանով. «Պարոն նախագահը 2008 թվականին եկավ Ազատան գյուղ, տեսավ մեր պայմաններն ու ասաց, որ հենց վերադառնա նախագահական, անմիջապես բնակարանի խնդիրը կլուծի: Բայց երկու անգամ մեզ գրություն եկավ, որ բավարար գումար չկա, որ մեզ համար տուն գնեն կամ վերանորոգեն: Հիմա ապրում ենք նույն այս ծանր պայմաններում ու այլևս հույս չունենք, որ երբևէ տուն կունենանք»,- ասաց Լուսինե Սարգսյանը:

Ընտանիքը գյուղում հողակտոր է ունեցել, որն եղել է նրանց ապրուստի միակ միջոցը, սակայն ստիպված վաճառել են Լուսինեի վիրահատության համար. «Մի կտոր հող ունեինք, մի քանի բան էինք ցանում, հիմա դա էլ չունենք: Իմ դեղորայքն ու քիմիաները շատ թանկ են: Հիմա այլևս ոչինչ չենք հասցնում: Ես աշխատում էի գյուղի գերեզմանատանը՝ պահակություն էի անում, հիմա դա էլ չեմ կարող անել, քանի որ գամված եմ անկողնում»,- ասաց տիկին Լուսինեն:

Լուսինեի ավագ դուստրը՝ 23-ամյա Շուշանիկը, մինչև մոր առողջության սրացումը, աշխատել է, բայց հիմա մայրիկին է խնամում: 21-ամյա Գարիկն էլ արտագնա աշխատանքի է մեկնել, բայց անօգուտ՝ վերադառնալու է: Ընտանիքում 20-ամյա Գևորգով հպարտանում են, նա ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է, բայց այսօր նա էլ առողջական խնդիրներ ունի. «Տղաս ծառայել է Ասկերանում, կռվել հանուն հայրենիքի, հիմա ինքն էլ ունի առողջական խնդիրներ, մեկ ամիս առաջ է վիրահատվել, գրիժա ուներ: Ծառայության ընթացքում, խրամատներ փորելու ժամանակ է առաջացել, իսկ վախից նաև սրտի խնդիր է առաջացել, սրտխփոցներ ունի, շուտ-շուտ վատանում է… Մենք միջոցներ չունենք, որ լուրջ հետազոտություններ անցնի»:

18-ամյա Հարությունն հունիսին մեկնելու է զինվորական ծառայության: Ամենակրտսեր դուստրը՝ 6-ամյա Աննան, մեզ հետ զրույցում փոխանցեց, որ ունի երկու երազանք. մայրիկին տեսնել առողջ, հետո ունենալ մեծ սենյակ՝ կահավորված մահճակալներով՝ իր և քույրերի ու եղբայրների համար:

Ընտանիքն ապրում է 57 հազար դրամ ընտանեկան նպաստով, Լուսինեի և որդու հաշմանդամության թոշակով, որը կազմում է մոտ 60 հազար դրամ: Ընտանիքն ունի օգնության կարիք, սակայն միչ օրս չեն դեմել որևէ մեկին, կամ որևէ պետական կառույցի. «Ես ոչ մի անգամ ոչ մեկի չեմ դիմել, մեր գյուղապետարանն է շատ օգնել, ու մի տարի առաջ էլ Շիրակի մարզպետարանը 20 հազար դրամ տվեց: Իսկ այս տարի մարզպետարանի առողջապահության վարչությունն իմացել էր իմ առողջականի մասին, եկան, տեսան ու հիմա՝ 5 օրը մեկ, աղջիկս ուռուցքաբանական հիվանդանոցից անվճար դեղեր է ստանում: Մենք մինչև հիմա օգնություն ստանալու ակնկալիքով ոչ մեկի չենք խնդրել, բայց այլևս չեմ կարող, ստիպված դիմում եմ օգնության համար»,- ասաց Լուսինե Սարգսյանը:

ԷԼԻԶԱ ՖՐԱՆԳՈՒԼՅԱՆ

print
885