ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՍՊՈՐՏ

Նա նախ հաղթեց իրեն, ապա նոր` մրցակիցներին

Հայտնիներին  երկրպագում են, պաշտում, ինչպես նաև ներում են սխալները, աչքաթող անում թերությունները… Հայտնիների մասին խոսում են, նրանց մասին գրում են, ֆիլմեր նկարահանում, որպեսզի նրանց անցած ուղին դառնա և՛ մնայուն արժեք, և՛ որպես օրինակ հանդիսանա սերունդներին:

Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում կայացավ «Արթուրը» ֆիլմի փակ պրեմիերան, որին ներկա էին Սպորտի փոխնախարարը, մարզային և քաղաքային իշխանություններ, մարզաշխարհի ներկայացուցիչներ, մի խոսքով՝ դահլիճը լեփ-լեցուն էր:

«Արթուրը» վավերագրական ֆիլմ է, այն ներկայացնում է մարզաշխարհին հայտնի, միջազգային հեղինակություն ու համբավ վայելող, հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անցած մարզական ուղին: Ֆիլմը պատմում է նրա բնավորության, նվիրվածության, քրտնաջան աշխատանքի, կամքի դրսևորման մասին: Ֆիլմում Արթուրի մասին խոսում, մեկնաբանում են մարզիչները, մրցակիցները:

«Արթուրը» վավերագրական ֆիլմից խոսելիս, նշենք ոչ միայն նկարահանման բարձր որակը, նաև մտահղացումը՝ Արթուրի մանկության ու հասուն տարիքի զուգահեռներ տանելուց մինչև Արթուրի ամբողջական կերպարի բացահայտումը: Ֆիլմի հեղինակներին հաջողվել էր գտնել Արթուրին շատ նման փոքրիկի՝ Դավիթ Սարգսյանին, որը փոքրիկ դյուցազուն է, «Գինեսի» ռեկորդակիր, և ով ֆիլմում մարմնավորում է Արթուրի մանկությունը ներկայացնող դրվագներում:

Ֆիլմի հեղինակներին հաջողվել էր գտնել Արթուրին շատ փոքրիկ Դավիթ Սարգսյանին, որը փոքրիկ դյուցազուն է, «Գինեսի» ռեկորդակիր, և ով ֆիլմում մարմնավորում է Արթուրի մանկությունը ներկայացնող դրվագներում:

 

Այս ամենից զատ, ֆիլմում զուգահեռ ներկայացվում է այն ներկուլիսային մթնոլորտը, որն անհայտ է ու հեռու հասարակության  տեսադաշտից: Իսկ ամենակարևորը, վիզուալ ցուցադրվում է «Արթուր Ալեքսանյանի անվան ըմբշամարտի մարզադպրոցի» այն ավերակ վիճակը, որի մասին շուրջ 10 տարի բարձրաձայնում ենք, որի մասին հարցադրում սպորտի նախարարներին, ղեկավար այրերին, որպեսզի նրանց ուշադրությունը սևեռվի այս դպրոցին: Երևի այս մասին բոլորս էլ գիտենք, թե քանի-քանի բարերարներ, գործարարներ քանի-քանի խոստումներ են տվել, խոսել են, բայց մինչ օրս սայլը տեղից չի շարժվել:

«Արթուրը» ֆիլմը նկարահանել է VNews.am-ը՝ Vivaro ընկերության աջակցությամբ: Նկարահանումներն իրականացվել են Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում 2018թ. կայացած աշխարհի առաջնության ժամանակ, մրցաշարին նախորդած ուսումնամարզական հավաքի ընթացքում՝ Երևանում, ինչպես նաև մարզիկի հարազատ մարզադպրոցում՝ Գյումրիում:

Ֆիլմի պրեմիերայից առաջ ասուլիսով հանդես եկան կազմակերպիչները, մտահղացման հեղինակը, ինչպես նաև հայր և որդի Գևորգ և Արթուր Ալեքսանյանները:

Ֆիլմի մտահղացման հեղինակ Կարեն Ռաֆայելյանը ներկայացրեց, որ նկարահանելու գաղափարն առաջ է եկել նախորդ տարի, երբ Արթուր Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն. «Մենք շատ էինք տպավորվել՝ միջազգային ասպարեզում տեսնելով Արթուրի նկատմամբ ակնածանքով լի վերաբերմունքը: Նրա հանդեպ յուրահատուկ վերաբերմունք կար: Մենք ուզեցինք այդ ամենի մասին ներկայացնել, և հարմար առիթ էր 2018թ. աշխարհի առաջնությունը… Ֆիլմը չէի ասի, թե ներկայացնում է Արթուրի կարիերան, քանզի նրա առջև դեռ երկար անցնելիք ճանապարհ կա: Բայց հույս ունենք, որ մի օր լիամետրաժ ֆիլմ կնկարահանվի նրա մասին, որտեղ կներկայացվի Արթուրի դերը, նշանակությունը, նրա ներդրումը հայկական սպորտային մշակույթում, և օրինակելի կերպարը բոլոր կողմերից»:

Արթուր Ալեքսանյանը խոստովանեց, որ ֆիլմը դեռ չի դիտել: Հարցին, թե ինչպիսին է նրա մարզավիճակը, քանի որ վնասվածքներ ուներ և վերականգնման կուրս էր անցնում, պատասխանեց. «Հիմա ինձ ավելի լավ եմ զգում: Մարզավիճակս վատ չէ, բայց առաջիկա Եվրոպայի առաջնությունը բաց կթողնեմ: Հետո կլինեն միջազգային մրցաշարեր, հավաքներին կմասնակցեմ, և կպատրաստվեմ սեպտեմբերին՝ աշխարհի առաջնությանը: Կփորձեմ լավագույնս հանդես գալ, որպեսզի ձեռք բերեմ վարկանիշ՝ առաջիկա Օլիմպիական խաղերին մասնակցելու համար»:

Ֆիլմը հանդիսատեսի մոտ իրարամերժ զգացումներ առաջացրեց. հիացմունք, հպարտություն, հուզմունք: Ֆիլմը նաև ասելիք ունի երեխաներին, պատանիներին, որոնք մարզվում են, նրանց համար հիանալի օրինակ ծառայում, թե ինչպես կարելի է երազանք ունենալ ու ինչ գնով է հնարավոր հասնել երազանքի իրականացմանը, և, ինչպես իր խոսքում նշեց Հայաստանի ըմբշամարտի ազգային հավաքականի ղեկավար Լևոն Ջուլֆալակյանը, ինքդ նախ քեզ պիտի հաղթես, ապա նոր մրցակցին:

Արթուրի հայրը և անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանը, նշեց, որ իր համար դժվար է որդու մասին օբյեկտիվ արտահայտվելը, բայց, այնուամենայնիվ, նկարագրեց Արթուրի համառության, կամքի, ձգտման, նպատակասլացության, հայրենասիրության և այլ բարձրարժեք բնավորության գծերը: Հատկապես հուզիչ էր վերհիշելը երկու դրվագ. երբ Արթուրը 2016թ. ապրիլին դարձավ Օլիպիական չեմպիոն, նրա մարզաշապիկին պատկերված էր ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված, ազգային հերոս Վլադիմիր Աբաջյանը Արթուրն հայտարարեց, որ իր հաղթանակը նվիրում է սահմանին կանգնած զինվորներին և ապրիլյան պատերազմում զոհված հերոսներին:

print
266