«Նկարիչների այն կորիզը, որ կար այն տարիներին, Գյումրիում «բում» առաջացրեց» ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՄՇԱԿՈՒՅԹ

«Նկարիչների այն կորիզը, որ կար այն տարիներին, Գյումրիում «բում» առաջացրեց»

Հարցազրույց Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն ԳԱՐԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ:

 Ինչպե՞ս հասունացավ այն պահը Ձեր կյանքում, երբ զգացիք, որ անձնական հույզերը, խոհերը, սեփական երևակայական աշխարհը կարելի է արտահայտել նկարչության միջոցով:

— Բոլոր երեխաների խառնվածքում էլ կարծես նկարելու հակումը գոյություն ունի: Ես էլ բացառություն չեմ եղել, բայց երևի իմ ազգի մեջ եղել է նկարելու շնորհը: Հայրս շինարար էր, սիրում էր ջրաներկով խնձոր նկարել, ու դա այնքան արտահայտիչ էր ստացվում: Նա չինական, լավ վրձիններ ուներ, որոնք հեշտ չէր այն ժամանակներում ճարելը, ու ես միշտ հիացմունքով էի նայում դրանց: Մինչև հիմա դրանք պահում եմ: Եղբայրս էլ է նկարել, երևի պրոՖեսիոնալ աշխարհ իմ մուտք գործելուն մեծ չափով նաև դա է նպաստել: Նա ինձնից մեծն է, Մերկուրովի նկարչական դպրոց էր հաճախում ու լավ դիմանկարներ էր անում, այնքան լավ, որ նախանձում էի նրան: Նախա՞նձ… հա, երևի նախանձ էր, որ ինձ` նրա պես նկարելու խնդրի առջև կանգնեցրեց: Սկսեցի դիմանկարներ անել, ստիպեցի ծնողներիս, որ ինձ էլ տանեն նկարչական դպրոց: Սովորեցի Մերկուրովում, աչքի ընկնող երեխա էի: Հնդկաստանում աշխարհի երեխաների նկարներով ալբոմ լույս տեսավ, իմ նկարն էլ այնտեղ կար: Շանթն էր սկզբում դասավանդում, հետո` Սաֆյան Նվերը եկավ, հիմա էլ նա մեր ինստիտուտում է` ամենատարեց դասախոսն է: Հետո իմ օրակարգում ընդգրկեցի իմ առաջին նպատակը` անպայման մեկնել Երևան ու սովորել Թերլեմեզյանի անվան ուսումնարանում: Ուսումնարանում չորս տարի սովորելուց հետո, ընդունվեցի Գեղարվեստաթատերական ինստիտուտի բեմանկարչության բաժինը:

Ինչո՞ւ հենց բեմանկարչության բաժինը:

— Բաժինն այդ տարի նոր էր բացվել ինստիտուտում, իսկ քանի որ ուսումնարանում ուսանել էի գեղանկարչություն ու հմտացել էի այս գործում, ուզեցի նոր շերտի մեջ խորանալ: Ղեկավարս Սարգիս Արուտչյանն էր:

Սովորաբար, մայրաքաղաքում կրթվածներին այլևս տուն վերադառնալու ցանկությունը չի ձգում, նրանց համար լավագույն հեռանկարն այնտեղ է շողարձակում, Դուք ինչպե՞ս հաղթահարեցիք հայրենի քաղաք գալու թվացյալ խոչընդոտը:

— Ես էլ չէի համակերպվում մտքի հետ, թե Գյումրի պիտի վերադառնամ, բայց ստացվեց այնպես, որ վերջնական որոշումս նորից բերեց հայրենի քաղաք: Առաջին հերթին` չէի ուզում ծնողներիս մենակ թողնել, թեև եղբայր ու քույր ունեի, բայց ամեն զավակ այս հարցում իր մոտեցումն ունի: Այդպես ստացվեց: Մյուս կողմից՝ ընկերներով որոշել էինք գալ Գյումրի, մեր ներկայությամբ աշխուժացնել արվեստասիրաց մթնոլորտն այստեղ: 70-ական թվականներն էին ու այստեղ իրենց ուրույն ներկայությունն ունեին Վարդպարոնյան Խաչատուրը, Կոշտոյան Զավենը, Եդիգարյան Էդիկը, Վալմարը, Անանիկյանն էր, բայց մեր սերնդակիցների գալով, մթնոլորտը` ակտիվության տեսանկյունից, էականորեն փոխվեց: Գյումրեցի նկարիչների նոր սերունդ կոչվածը կարծես այդ ժամանակ անձնագրային գրանցում ստացավ: Ղազարյան Հովհաննեսն էր, որ հիմա Լեհաստանում է, Համբարձում Ղուկասյանն էր, Սարգսյան Արարատն էր` հիմա Երևանում է, մեր վաստակաշատ նկարիչներից է, Համալբաշյան Սարգիսն էր, քանդակագործ Վարդանյան Ալբերտը… Այն կորիզը, որ Գյումրիում կար այն տարիներին, մի «բում» առաջացրեց: Այն ժամանակ գրողներն էին ակտիվ Գյումրիում: Գրողներն համախմբված էին իրենց բաժանմունքի, նկարիչներս` մեր բաժանմունքի շուրջ:

Ի՞նչ տարբերություն կա այն և այս տարիների ստեղծագործական միությունների միջև:

— Այն տարիներին դրանք ավելի կուռ էին: Դրանք ոչ միայն համախմբող դեր ունեին, այլև սոցիալական ապահովության խնդիրներ էին կարգավորում: Նկարիչների միությունն ուներ, այսպես կոչված՝ «խուդկոմբինատ», ուր միութենական հանրապետություններից պատվերներ էին ստացվում: Ըստ այդմ, նկարիչների միությանն անդամակցողներն անպայմանորեն ունենում էին իրենց պատվերները, ինչի համար վարձատրվում էին: Այսինքն` նկարչի ստացած միջոցները նրան թույլ էին տալիս ազատվել կենցաղային հոգսերից, հանապազօրյա հացը վաստակելու վազքից, իսկ մյուս ժամանակը` նվիրել ազատ նկարչությանը: Այն ժամանակ նկարիչներն ավելի շատ էին ապրում բոհեմական կյանքով:

Դուք աշխատել եք Ասլամազյան քույրերի պատկերասրահում` տնօրենի պաշտոնում, դա Ձեր ստեղծագործական եռանդը չէ՞ր թուլացնում:

— 2003 թվականին նշանակվեցի այդ պաշտոնում, այստեղ վերակազմավորման խնդիր կար, ծանր աշխատանք էր բաժին հասել: Ասլամազյան քույրերի նկարները պատկերասրահը ստացավ հենց քույրերի պատրաստած շրջանակներով, որոնք, այսպես ասած, «պլենտուզի» փայտից էին և, բնականաբար, ցուցադրելու համար պատշաճ «զգեստ» չունեին, սրահների ճիշտ լուսավորության, ջեռուցման խնդիրներ էլ կային: Հետագա տարիներին քաղաքապետարանի օգնությամբ, ընկերներիս աջակցությամբ կարողացանք այստեղ նորմալ էքսպոզիցիա ունենալ:

Թանգարանային աշխատանքից հետո Դուք հնարավորություն ունեցաք Գյումրու դրամատիկական թատրոնում բեմանկարչությամբ զբաղվել:

— Դա ես բախտի բարեհաճություն եմ համարում: Նամանավանդ, որ արեցի Շեքսպիրի «Լիր արքայի» բեմական ձևավորումը և, ի պատիվ մեր թատրոնի, պետք է ասեմ, որ ներկայացումն անվերապահորեն ընդունվեց հանդիսատեսի կողմից: Ասեմ, որ ես մայրաքաղաքի թատրոններից էլ բավական հրավերներ ունեմ, ու դա ինձ չի կարող չուրախացնել, ցավոք այժմյան իմ զբաղվածությունը թույլ չի տալիս լիարժեքորեն նվիրվել այդ գործին:

Այժմ, երբ Դուք Երևանի ԳՊԱ Գյումրու մասնաճյուղի տնօրենն եք, ապագա նկարիչների մասին Ձեր կարծիքն արդյո՞ք հուսադրող է: Ըստ Ձեզ, գյումրեցի նկարչին հատուկ ավանդույթները պահպանու՞մ են:

— Չեն կարող չպահպանել, որովհետև այս հող ու ջրի սերունդ են: Այն ժամանակ, երբ Լորիս Ճգնավորյանն ուխտագնացություն էր կատարում, բոլորս երազում էինք այսպիսի կրթօջախ ունենալու մասին: Իսկ այս տարի արդեն լրանում է մասնաճյուղի 20-ամյակը և ուրախությամբ պիտի փաստեմ, որ այս բուհն օգնում է առանց հայրենի քաղաքից հեռանալու, կրթել մի սերնդի, որը վաղը կստիպի իր մասին հպարտությամբ խոսել:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ

print
9,133