ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նորագույն տեխնոլոգիաների համակցմամբ բամբակամանվածքային գործարանը վերագործարկվեց

Օգոստոսի 10-ին Մարալիկում վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի և Շիրակի մարզից ընտրված ԱԺ մի քանի պատգամավորների հետ ներկա գտնվեց Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկայի վերագործարկմանը: Ֆաբրիկան սկսում է բամբակյա և կիսաբամբակյա թելերի արտադրությունը, որը միակն է Հայաստանում՝ նորագույն տեխնոլոգիաների համակցման առումով:

Գործարանի համասեփականատերերն են շվեյցարահայ գործարար, «Ֆրանկ Մյուլլեր» ապրանքանիշի սեփականատեր Վարդան Սրմաքեշը և Գևորգ Գասպարյանը:  Ըստ պաշտոնական տվյալների, ընկերությունն այժմ ունի 41 աշխատակից։ Ֆաբրիկան առաջին փուլով նախատեսում է ունենալ մինչև 150 աշխատակից։ Հաջորդիվ գործարկվելու է նաև բժշկական բամբակյա իրերի արտադրություն (հաստոցներն արդեն ճանապարհին են), արդյունքում` կավելանան աշխատատեղերը։

Առաջին փուլով ամսական թողարկվելու է 380 տոննա թել, որը կիրառություն ունի բամբակյա պարանների, բրեզենտների, ձեռնոցների, գուլպաների և խավավոր սրբիչների արտադրության մեջ։ Ընդհանուր առմամբ, գործարանն արտադրելու է բամբակյա, կիսաբամբակյա թելեր, ինչպես նաև գործելու է կտորների թափոնների վերամշակման հոսքագիծ, որի արդյունքում լուծվելու է տեքստիլ արտադրության թափոնների հարցն ամբողջ Հայաստանում։

Ընկերությունը նախատեսում է առաջիկա 1 տարվա ընթացքում ավարտին հասցնել 13մլն ԱՄՆ դոլար ներդրումային ծրագիր, որի արդյունքում տարեկան Հայաստանի հագուստի ծավալը կավելանա շուրջ 9 մլն դոլարով կամ 19 տոկոսով։ Հիմնական շուկաներ կհանդիսանան Հայաստանը և Ռուսաստանը։

Առիթից օգտվելով, լրագրողները զրուցեցին Վարդան Սրմաքեշի հետ: Հարցին, թե տեղյա՞կ է «Սաստեքս» ընկերության հետ կապված կոնֆլիկտային իրավիճակին, օրինակ բերեց, որ ինքն ապրելով Շվեյցարիայում և Ֆրանսիայում, այնտեղ ևս հաճախակի կոնֆլիկտներ են պատահում, նորմալ է: Իսկ մոտ 50 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ աշխատավարձն արդյո՞ք նորմալ է համարում, ասաց, որ նա մի կողմից մամուլի հրապարակումներն է լսել, մյուս կողմից իր նշանակած «Սաստեքս» ղեկավար Քրիստիան Գալաջիից, որ իբր աշխատակից-տիկինները կարելու սպեցիֆիկ աշխատանքին չեն տիրապետել, ու դրա համար այդպես են վարձատրվել, իսկ ներկայում ամեն ինչ նորմալ է:

Հարցին, թե այն կանայք, ովքեր բողոքել էին լրագրողներին՝ աշխատանքից հեռացվել են, գործարարը մեկնաբանեց. «Ես Քրիստիանին առաջ էրթալու համար օգնում եմ: Ինքը 800 աշխատակից ունի Հայաստանի տարածքում, սա լավ բան է, ես ուզում եմ, որ ինքն ավելի շատ մարդ աշխատեցնե: Ես որևէ այլ հարցին մեջ չեմ մխրճվիլ»:

Դեռևս անցած տարի Գյումրու քաղաքապետը լրագրողներին հայտնել էր, որ Բուլվարային թաղամասում գտնվող նախկին Ռադիոգործարանի հանրակացարանների շենքերը տրամադրել են Վարդան Սրմաքեշին, որն ուզում է շենքերը վերածել ժամացույցի դետալների արտադրության: Սակայն մեկ տարի անց, այդ շենքերը, Գյումրու ավագանու որոշմամբ, տրամադրվեցին «Հայաստան Համահայկական հիմնադրամին»՝ բնակարանաշինության նպատակով: Վարդան Սրմաքեշին «Ազատության» լրագրողը հարցրեց, թե քանի որ շենքերը հետ են վերցրել, նա խոստացել է այլ տեղ կառուցել, արդյո՞ք այն ուժի մեջ է, գործարարը լրիվ այլ պատասխան հնչեցրեց. «Չէ, չէ, ժամացույցի գործարան չպիտի ըլլար: Այդ հրաշալի աշտարակներով շենքերը և կից հողամասը ես պիտի կենդանացնեի, Արևմտահայաստանեն այնպիսի վատ վիճակում ընտանիքներ կան, որ ես անոնց պիտի տեղափոխեի Գյումրի… Ցավոք սրտի, միայն մեկ շենքը տվին, իմ պայմանս այն էր, որ այդ երկուսը պիտի տային՝ ես հրաժարվեցի»:

Ինչ մնում է նոր ծննդատան շենք կառուցելուն, Վարդան Սրմաքեշը պատմեց, որ տեղյակ է Գյումրիում ու հարակից քանի ծննդաբերական հիվանդանոցներ են գործում, ու գաղափար է հայտնել, որ բոլորը համատեղեն, արդյունքում՝ շատ լավ, մոդեռն  հիվանդանոց կունենանք:

Գևորգ Գասպարյանը լրագրողների հետ զրույցում բացատրեց, որ այս գործարանով հսկայական աշխատատեղ կապահովվի, հիմնական թիրախային գնորդն այժմ «Տավուշ ձեռնոցն» է, որ իր հումքը ներմուծում է Թուրքմենիայից, Ուզբեկստանից: Առայժմ հսկայական գործարանի 10 տոկոսն են գործարկում: Աշխատավարձերը միջինը 297 հազար դրամ է: Ասաց, որ ոչ թե աշխատատեղեր ստեղծելու խնդիր ունեն, այլ՝ աշխատողների, մասնագետների: 3 հերթով մոտ 150 ու ավել աշխատող կունենան: Արտահանելու են առայժմ բամբակե ձեռնոցները:

Հ.Գ. Բացմանը ներկա էին նաև նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը, իսկ Մարալիկի քաղաքապետ Արտակ Գևորգյանը ներկա չէր. կամ՝ արգելել են, կամ էլ… մի խումբ մարալիկցիներ թույլ չեն տվել քաղաքապետին մուտք գործել տարածք:

print
168