Նոր էքսպոզիցիա՝ նոր լուծումներով ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

Նոր էքսպոզիցիա՝ նոր լուծումներով

Գյումրու «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ում մամլո ասուլիս էր հրավիրված: Առիթը՝ նկարչուհիների տարբեր ժամանակաշրջանների բազմաժանր ու բազմաոճ բացառիկ ստեղծագործությունների փակ ցուցադրությունն էր՝ նոր էքսպոզիցիոն մեկնաբանությամբ: Պատկերասրահի արխիվից առաջին անգամ ցուցադրության էր ներկայացվել 85 աշխատանք, 50 գիտաօժանդակ նյութ՝ ժամանակի շնչին զուգահեռ նոր լուծումներով, նոր մուլտիմեդիա գործիքակազմով: Իսկ կարևոր հանգամանքներից մեկն այն էր, որ լուծվել է թանգարանի տարիներով ձգվող ջեռուցման խնդիրը, բայց առայժմ առաջին հարկում, որի համար համայնքային բյուջեից ծախսվել էր 1մլն 350 հազար, իսկ թանգարանի կողմից՝ 800 հազար դրամ: Իսկ 2-րդ հարկի ջեռուցման հարցը կլուծվի այս տարվա ընթացքում:

Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը ներկայացրեց համայնքային ենթակայության տակ գտնվող թանգարանների զարգացման համալիր ծրագրի ուղենիշ կետերը՝ հարմարավետ, փոփոխվող, սովորեցնող, ճանաչելի և փնտրված, նաև հավելեց. «Շնչող թանգարաններ» ենք ուզում ունենալ և այնպես է ստացվել, որ «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահն» առաջինն է կարողացել տեղայնացնել մուլտիմեդիա գործիքների օգտագործումը և կարողացել է գիտական բաղադրիչը պատկերասրահին զուգահեռ համադրել: Դա է պատճառը, որ սկսում ենք այս պատկերասրահից: Այս օրինակով էլ առաջնորդվելու ենք նաև մյուս թանգարանների գործունեությունը համակարգելիս»:

Պատկեասրահի տնօրեն Վահագն Ղուկասյանը երախտագիտություն հայտնեց լրատվամիջոցներին, որոնք միշտ բարձրաձայնել են թանգարանի խնդիրները: Ըստ նրա՝ թանգարանի վերաբացման օրից (2005թ.) պատկերասրահի հիմնական էքսպոզիցիոն հավաքածուն չէր փոփոխվել: Եվ ցավով փաստեց, որ թանգարանի արխիվում երկար տարիներ պահպանված են եղել նկարչուհի քույրերի կողմից ժառանգված ցուցանմուշներ, որից զրկված է եղել մշակութասեր հասարակությունը: «Մեր թանգարանի համար ևս մեկ նորամուծություն ենք արել, ինչն աշխարհում ընդունված է. անվճար Wi-Fi ինտերնետային ցանցին միանալու հնարավորություն, նաև նկարների համար նոր պիտակներ, որոնց վրա կան պատկերված QR կոդեր, որի միջոցով յուրաքանչյուր այցելու եռալեզու տարբերակով կկարողանա ծանոթանալ թանգարանի նյութերին: Բացի այս, թանգարանում տեղադրվել է տերմինալ, որում թվայնացված տարբերակով պահպանվում են գիտաօժանդակ նյութերը: Թանգարանն ունի մեծ հավաքածու, սակայն առայժմ  հնարավորություն ունենք ցուցադրելու 1/3 մասը »,- նշեց տնօրենը:

Երբ Վահագն Ղուկասյանը խոսեց այցելուներից, զբոսաշրջիկներին դեպի թանգարան ուղղորդելու և, ընդհանրապես, թանգարանային մենեջմենթից, «Շրջապատը» խնդրեց թվային մանրամասներով ներկայացնել: «Անցյալի հետ համեմատած՝ շատ գոհացնող է, բայց դա դեռ քիչ է: 2015-ին ունեցել ենք 3500 այցելու, 2018-ին արդեն 10 հազարի է հասել: Իսկ 2018-19թթ. հունվար-փետրվարին արդեն կարողացել ենք 3 անգամ ավելացնել գումարների հոսքը դեպի թանգարան»:

Տնօրենը ներկայացրեց, որ վերջապես ունեն ջեռուցվող պահոց, նորմատիվների պահպանումն ապահովված է: «Շրջապատի» հարցին, թե է՞լ ինչեր ունեն «գաղտնարաններում», Վ.Ղուկասյանը սիրահոժար համաձայնեց լրագրողներին ցույց տալ պահոցը:

Հ.Գ. Սիրելի գյումրեցիներ, շատ կարևոր է հենց ձեր այցելությունները մեր թանգարաններ, ձեր ընտանիքների, հատկապես երեխաների հետ, որպեսզի ապագա սերունդը գնահատանքով մոտենա ազգային մշակութային ժառանգությանը և կարողանա այն փոխանցել հաջորդող սերունդներին:

print
924