«Շատ կուզեմ, որ նկարահանվի ֆիլմ Տիգրան Մեծի մասին» ⋆ «Շրջապատ»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՄՇԱԿՈՒՅԹ

«Շատ կուզեմ, որ նկարահանվի ֆիլմ Տիգրան Մեծի մասին»

Հարցազրույց «Ինդիվիդում քաստինգ պրոդաքշըն»-ի հիմնադիր տնօրեն ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:

Պարոն Սարգսյան, ե՞րբ է հիմնադրվել «Ինդիվիդում քաստինգ պրոդաքշըն»-ը: Դուք մասնագիտությամբ ստոմատոլոգ եք, ի՞նչն է Ձեզ մոտիվացրել նման ընկերություն հիմնադրելու: Սա ասում եմ լոկ այն ենթադրությամբ, որ Հայաստանում շատ հազվադեպ է ֆիլմ նկարահանվում, սերիալներն էլ տարեկան հազիվ 2-3՝ այն էլ նույն դերասանների մասնակցությամբ:

— «Ինդիվիդում քասթինգը» հիմնադրվեց 2008 թվականի վերջերին: TV5 ալիքով ցուցադրվում էր «Փախուստ» սերիալը, մի օր պատահական տեսա, որ երջանկահիշատակ Սուրեն Թադևոսյանը քասթինգ է հայտարարել գլխավոր դերերից մեկի համար, ես էլ դիմեցի, և Սուրենը հրավիրեց TV5՝ քասթինգի, որից հետո ստացա այդ դերը: Դրանից հետո ամանորյա «Բլեֆ»-ի նկարահանումը պետք է լիներ, որի «զոհը» պետք է լիներ Արմեն Պետրոսյանը՝ Մենչը: Նախագծի ադմինստրատոր Արմինեն ինձ հրավիրեց մասնակցելու և ասաց, որ երկու հոգով պետք է լինենք, կարող եմ մեր սերիալից մի հոգու հետս բերեմ նկարահանման: Հասկացա, որ այդ ոլորտում բաց հատված կա, այդպես առաջացավ քասթինգ կենտրոն բացելու միտքը: Իսկ ինչ վերաբերվում է Հայաստանում ֆիլմերի նկարահանմանը, ասեմ, որ ամեն տարի Հայաստանում նկարահանվում են ֆիլմեր և տարեց տարի շատանում է ֆիլմերի քանակը, նաև արդեն շատ են գալիս արտերկրներից՝ Հայաստանում ֆիլմեր նկարահանելու, օրինակ՝ Ռուսաստանից, Իտալիայից, Պարսկաստանից, Ուկրաինայից, և մեր կենտրոնը համագործակցում է բոլորի հետ:

Քաստինգին մասնակցողները հատկապես երիտասարդնե՞րն են, թե՞ ստաժավոր արտիստներ էլ կարող են մասնակցել:

— Քասթինգներին մասնակցում են տարբեր տարիքի անձինք, քանի որ տարբեր նախագծերում անհրաժեշտ են տարբեր տարիքի և տիպաժների մարդիկ: Մեզ մոտ գրանցված են մի քանի ամսեկան երեխաներից մինչև 80-ն անց մարդիկ:

Իսկ ինչպե՞ս եք կանոնակարգում. հայտարարում եք, որ, ասենք՝ այսինչ ֆիլմի համար այսպիսի տվյալներով, այս տարիքի մասնակիցնե՞ր են անհրաժեշտ, թե՞ նախօրոք քաստինգ եք անցկացնում, ձեզ մոտ տվյալների բազա ստեղծում, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ լինեք: Կամ՝ Ձեզ պատվե՞ր են իջեցնում, որ սերիալի կամ ֆիլմի համար արտիստներ են պետք

— Սովորաբար քասթինգներն անում ենք նախօրոք, նախագծերի ռեժիսորները կամ պրոդյուսերները մեզ ներկայացնում են նախագիծը և անհրաժեշտ կերպարները, մենք էլ մեր բազայից ընտրում ենք: Ի դեպ, այս պահի դրությամբ մեր բազայում գրանցված է 18000 մարդ: Բացի այդ, նաև հայտարարություններ ենք տեղադրում քասթինգների վերաբերյալ: Ընտրվելուց հետո մեր կենտրոնի աշխատակիցները զանգահարում են մասնակիցներին և տեղեկացնում, որ անցել են քասթինգը և առաջարկում դերը:

Ովքե՞ր են ընտրող հանձնաժողովում, ի՞նչ մասնագիտության տեր անձինք են:

— Նախնական ընտրում է մեր կազմակերպությունը և առաջարկում պատվիրատուին՝ ըստ իրենց պահանջի, որից հետո պատվիրատուն է ընտրում:

Տեղյակ եմ, որ Ձեր կենտրոնում նաև դերասանական արվեստի դասընթացներ եք կազմակերպում

— Այո, մեր կենտրոնում արդեն գործում են դերասանա-հաղորդավարական դասընթացներ, 5 տարեկանից սկսած ընդունում ենք: Կարծում եմ՝ երեխաներին պետք է փոքրուց հնարավորություն տալ՝ մոտ լինել արվեստին, ոչ թե ինտերնետին կամ համակարգչային խաղերին: Բացի այդ, օրական մենք աշխատում ենք 10-ից ավելի նախագծերի հետ և ցանկալի է, որ թեկուզ էպիզոդիկ դերում նկարահանման համար մեր կենտրոնից ուղարկված մարդիկ պատկերացում ունենան դերասանական խաղի մասին և նկարահանման հրապարակում կարողանան թե՛ տեքստային, թե՛ խաղարկային խնդիրները լուծել:

Պրակտիկայի ընթացքում հանդիպե՞լ է, որ տաղանդների եք բացահայտել:

— Իհարկե, տաղանդավոր մարդիկ կան, ոմանց մոտ բացահայտվել է, իսկ ոմանք այդպես էլ քայլ չարեցին դեպի երազանք՝ սպասելով միայն գլխավոր դերերի: Իսկ երազանքին հասնելու համար  կարևորը աշխատասիրությունն է:

Հավատո՞ւմ եք, որ երբևէ Հայաստանում կզարգանա կինոինդուստրիան:

— Իհարկե, հավատում եմ, չնայած Հայաստանում մի քիչ դանդաղ է զարգանում, քանի որ սպառման շուկան փոքր է և ֆիլմերին հատկացվող բյուջեները քիչ են: Պատկերացրեք, օրինակ՝ Ռուսաստանի շուկան կամ ԱՄՆ-ի, այնտեղ բնակչությունը շատ է և, բնականաբար, ֆիլմ դիտելու գնում են միլիոնավոր մարդիկ: Իսկ մեր մոտ մի քանի հարյուր հազար հոգի է ֆիլմ նայում: Արտադրվող ֆիլմերն էկրանավորվելուց հետո մեծ գումարներ են բերում պրոդյուսերներին, որն էլ հնարավորություն է տալիս նկարահանող կազմակերպությանը մեծ գումարներ ներդնել ֆիլմերի նկարահանման համար: Լավ որակը միշտ էլ լավ գումար արժի:

Հայկական սերիալների որակն ու սյուժետային հենքը ձեզ գոհացնո՞ւմ է:

— Ես չեմ ուզում որակավորում տալ նկարահանվող սերիալներին, հեռուստադիտողների մի մասին դրանք դուր են գալիս, մի մասին՝ ոչ, բնական է, որ բոլորին չես գոհացնի: Իսկ սյուժետների հետ կապված մի փոքր մանրամասնեմ. ինչքան էլ դժգոհություններ ենք տեսնում համացանցում, միևնույն է, մարդիկ նայում են այդ սերիալները ու եկեք լինենք անկեղծ, նայում են, որովհետև հետաքրքիր է իրենց, ոչ թե այն պատճառով, որ այլընտրանք չկա: Այսօրվա Հայաստանում շատերի մոտ կա կաբելային հեռուստատեսություն՝ արտասահմանյան ալիքներով կամ թեկուզ մեր հայկական ալիքներից շատերը սերիալներ չունեն, ու ոչինչ չի խանգարում հեռուստադիտողին՝ փոխել ալիքը, բայց ռեյտինգները ցույց են տալիս, որ առաջատար են սերիալներ ցուցադրող հեռուստաընկերությունները: Եկեք չմոռանանք, որ հեռուստատեսությունների հիմնական մասը մասնավոր են և նրանց պահելու և զարգացնելու համար մեծ գումարներ են անհրաժեշտ, այդ պատճառով էլ նկարահանվում է այն, ինչը շատ են դիտում:

Վերջին հարցս. ըստ Ձեզ, ի՞նչ սյուժեով ֆիլմ կուզենայիք, որ նկարահանվեր Հայաստանում:

— Շատ կուզեմ, որ նկարահանվի պատմական ֆիլմ Տիգրան Մեծի մասին, որը որակապես չի զիջի հոլիվուդյան պատմական ֆիլմերին:

print
2,332