Շիրակի մարզը պատրաստ է դիմակայել ձմռան անակնկալներին ⋆ «Շրջապատ»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Շիրակի մարզը պատրաստ է դիմակայել ձմռան անակնկալներին

Հարցազրույց  Շիրակի մարզպետարանի «Քաղաքաշինության և կապիտալ շինարարության վարչության» «Տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի» պետ ԽԱՉԱՏՈՒՐ ԽՆՁՐՑՅԱՆԻ հետ:

Պարոն Խնձրցյան, «Տրանսպորտի և ճանապարհաշինության» բաժինը պատրա՞ստ է դիմակայելու ձմռան անակնկալներին:

— Նոյեմբերի 15-16-ից սկսվել է ճանապարհների ձմեռային պահպանման աշխատանքները: Մարզն ունի 461,1 կմ մարզային տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ, որոնք սպասարկելու են 4 ճանապարհաշինական ընկերություններ: Նրանց հետ կնքվել էր 5-ամյա աշխատանքային պայմանագիր, իսկ 2019-ին կկնքվի համաձայնագիր՝ հատկացված գումարների շրջանակներում: Այս պահի դրությամբ բոլոր ընկերությունները պատրաստ են ձմեռային սպասարկման աշխատանքներին, շուրջ 71 միավոր տեխնիկա բերվել է նորմալ պատրաստականության, կուտակվել է 160 տոննա տեխնիկական աղ և 6000 խորանարդ մետր ավազային խառնուրդ:

Փաստորեն, դեռևս նույն՝ աղի ու ավազի մեթո՞դն է կիրառվում մերկասառույցների հալեցման համար:

— Այո, Հայաստանի Հանրապետությունում ճանապարհների սանմաքրման և մերկասառույցներից խուսափելու համար կիրառվում է ավազաաղային խառնուրդ:

Ասում են՝ աղը, որն օգտագործվում է մերկասառույցների դեմ պայքարելու համար, քայքայում է ասֆալտածածկը: Այդպե՞ս է:

— Ավազաաղային խառնուրդի մեջ այնքան քիչ է աղի պարունակությունը, որ չեմ կարծում, թե այն լուրջ վնասներ է հասցնում:

Դուք տեխնիկական հագեցվածությունը բավարար համարո՞ւմ եք:

— Միանշանակ: Մեր մարզն ունի ձյուն մաքրող ռոտորներ: Աշոցքի, Ամասիայի, Ախուրյանի տարածաշրջանների ճանապարհաշինարարներն ունեն ձյուն մաքրող ու փչող տեխնիկաներ, որ այլ մարզեր չունեն: Այնպես որ, այս առումով, մենք ինքնաբավ ենք:

Այսինքն, ձմռանը փակ կամ անանցանելի ճանապարհներ չենք ունենա, հա՞:

— Այս տարիների ընթացքում մենք փակ ճանապարհներ չենք ունեցել, իսկ դժվարանցանելի ճանապարհներ կլինեն, մենք անգամ այդ հատվածներն անգիր գիտենք, տեխնիկան միշտ հասել է ժամանակին: Իհարկե, եթե տեսանելիությունը բավարար է եղել, որպեսզի աշխատանքն ընթանա, եթե տեսանելիությունը զրո է, ապա անգամ օրենքով է ամրագրված, որ ճանապարհաշինարարական կազմակերպությունը իրավունք ունի աշխատանքը չսկսել, մինչև բքի հանդարտումը:

Ի՞նչ կասեք ճանապարհաշինական կիսատ մնացած աշխատանքների մասին:

— Համայնքում այդ խնդիրներին տնօրինում է համայնքապետարանը, կոմունալ բաժինը, և նրանց ենթակայության տակ է ներհամայնքային ճանապարհների պահպանման հարցերը:

Խոսքը Գյումրիին չէր վերաբերում, այլ միջհամայնքային ճանապարհների մասին էր, կամ, օրինակ՝ Հյուսիս-հարավ ավտոմագիստրալի:

— Այս պահին վերականգնման գործընթացի մեջ գտնվող միջհամայնքային ճանապարհներ չունենք: Իսկ միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհը՝ Հյուսիս-հարավը, որը Շիրակի մարզին հարակից է, հանձնված է չինական ընկերությանը, և պետության տրամադրության տակ է, ինչպես նաև սպասարկումն ու պահպանումը ևս իրականացնելու է պետությունը:

print
560