Շիրակի մարզից խոշոր եղջերավոր անասուններ չեն արտահանվել ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Շիրակի մարզից խոշոր եղջերավոր անասուններ չեն արտահանվել

Տարին Շիրակի մարզի գյուղատնտեսության համար անբարենպաստ է: Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը «Շրջապատի» հետ զրույցում նշեց, որ նախորդ տարի մեր մարզում մոտ 3000 գլուխ խոշոր, շուրջ 5000 գլուխ մանր եղջերավոր անասուն է պակասել:

Շիրակի մարզպետարանի գյուղվարչությունը մեր մարզում առկա անասնագլխաքանակի վերաբերյալ տարեկան մեկ անգամ է հաշվառում կատարում: Հունվարին նոր կերևա, արդյո՞ք  այս տարի անասնագլխաքանակի անկում առկա է, թե ոչ:

Հարցին՝ հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը Շիրակի մարզից խոշոր եղջերավոր անասուններ արտահանե՞լ է, թե՞ ոչ, Մ.Մանուկյանը պատասխանեց.

— Մեր մարզից խոշոր եղջերավոր անասունի ելք հաստատ չկա, միայն մանր եղջերավոր անասունների վաճառք կա: Ոչխար, գառ արտահանվում է Պարսկաստան: Եթե շուկայում մսի գինը բարձրանա, այն ֆերմերը, որն ունի գլխաքանակ, իր անասուններին հարկադիր մորթի կենթարկի: Խոտի բերքն էլ նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնակի անգամ պակաս է: Հավաքվել է 80.000 տոննա խոտ, մինչդեռ Շիրակի մարզին 120.000 տոննա է անհրաժեշտ: Սրա վերաբերյալ մոտ մեկ ամիս առաջ նամակ ենք ուղարկել ՀՀ տարածքային կառավարման նախարարություն, սակայն պատասխան դեռ չենք ստացել: Եթե խոտը քիչ է, դրա տեղն անասունը պետք է ծղոտ ուտի, բնականաբար, կաթի ու մսի արտադրությունը կպակասի:

Իսկ թե ինչու կառավարությունը միջոցներ չի ձեռնարկում Ռուսաստանից մատչելի գներով խոտ ներկրելու համար, Շիրակի մարզպետարանի պաշտոնյան վստահեցրեց, որ ինքն առաջարկություն է արել կառավարությանը, մնացածը գյուղատնտեսության նախարարության որոշելիքն է՝ կգնի՞ խոտ, թե՞ ոչ:

Նշենք, որ անասնագլխաքանակի հնարավոր անկմամբ պայմանավորված, հաջորդ տարի Շիրակի մարզում կաթ քիչ կլինի: Կաթից պատրաստվող ապրանքատեսակների արտադրության համար գուցեև անհրաժեշտ լինի այլ երկրներից կաթի փոշի ներկրել: Մինչդեռ Շիրակի մարզում կաթից պատրաստվող ապրանքատեսակների արտադրմամբ զբաղվող ձեռնարկություններին կաթի ծավալների հնարավոր նվազման հարցը կարծես այնքան էլ չի մտահոգում: «Մենք մեկ լիտր կաթը 180-190 դրամով ենք ստանում: Դեռ ոչ ոք չի կարող ասել, որ կաթի ծավալները կնվազեն: Մյուս տարի գարնանը նոր կերևա»,- մեզ հետ զրույցում նշեց «Ամասիայի գլխավորող  պանրագործական» ՍՊԸ-ի տնօրեն Վարդան Մխիթարյանը:

Ազատանի «Իգիթ» կաթնամթերքի գործարանից էլ վստահեցնում են, որ կարագի արտադրության համար անհրաժեշտ քանակի կաթ ունեն:

ԱՆԱՀԻՏ ՍԻՄՈՆՅԱՆ

print
1,452