Շիրակի մարզում կարմրուկի տարածում չկա ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Շիրակի մարզում կարմրուկի տարածում չկա

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրության՝ Եվրոպայում կարմրուկով հիվանդանալու դեպքերի քանակը 10 տարում հասել է ռեկորդային մակարդակի: Եվրոպական երկրներում կարմրուկով վարակվել է շուրջ 41 հազար մարդ, ինչը հանգեցրել է 37 հոգու մահվան: Փորձագետները հիվանդության տարածումը կապում են մարդկանց՝  պատվաստումներից հրաժարվելու հետ:

Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը Հայաստանում, մասնավորապես, Շիրակի մարզում: Գյումրու «Բեռլին» պոլիկլինիկայի մանկաբույժ Մարգարիտա Չախմախչյանի փոխանցմամբ՝ մեզ մոտ կարմրուկի համաճարակ չի գրանցվել: Սակայն բժշկուհին մտահոգություն հայտնեց. «Քանի որ մեր բազմաթիվ քաղաքացիների կապն արտերկրի հետ մեծ է, հնարավոր է՝ ներթափանցում: Բայց, միևնույն ժամանակ պետք է փաստեմ, որ անհանգստանալու կարիք չկա. մենք բավական բարձր մակարդակով պատրաստված ենք դրան»:

«Գյումրու Ավստրիական մանական հիվանդանոցում» ևս կարմրուկի դեպք չի գրանցվել: Հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը մեզ հետ զրույցում նշեց. «Հնարավոր է, միայն ներթափանցում. հանգստից վերադարձողները կարող են իրենց հետ վարակը բերել, բայց դա պարտադիր հանգամանք չեմ համարում, ուղղակի՝ չեմ բացառում»:




Հարցազրույց Գյումրու «Ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոց» ՓԲԸ տնօրեն ԿԱՐԻՆԵ ՏՈՆՈՅԱՆԻ հետ:

Բժշկուհի, ինչպիսի՞ն է կարմրուկի իրավիճակը մեր մարզում:

— Ամբուլատոր ծառայության տվյալները ֆիքսվում են սանիտարական ծառայությունում և, եթե կան հիվանդներ, ապա նրանք բուժվում են տնային պայմաններում՝ ամբուլատոր պոլիկլինիկ հաստատության կողմից: Ինչպես գիտեք, հիմա մեր բոլոր պոլիկլինիկաներն ունեն ինֆեկցիոն կաբինետներ և, իհարկե, բժիշկ-վարակաբաններ: Իմ ունեցած տվյալներով, կարմրուկի գրանցման դեպք մեր մարզում չկա, նաև տեղեկացված եմ, որ հանրապետությունում զգոնությունը բարձրացվել է, քանի որ մեզ շրջապատող երկրներում կարմրուկի՝ եթե չասեմ՝ համաճարակ, ապա որոշակի տարածվածություն ֆիքսվել է:

Կարմրուկն ինֆեկցիոն այն հիվանդությունների թվին է պատկանում, որ այն կառավարելի է. կա պատվաստման մշակված օրացույց: Մեզ մոտ 97 տոկոսով պատվաստված են կարմրուկի դեմ: Եվ եթե պատվաստումն հասել է իր նպատակին՝ օրգանիզմն անընկալ է կարմրուկի վիրուսի հանդեպ, ստեղծված իմունիտետն ամբողջ կյանքի համար է, վիրուսի հետ հանդիպման ժամանակ հիվանդություն չի դրսևորվում: Սակայն կան եզակի դեպքեր, որ օրգանիզմի առանձնահատկությունից ելնելով, պատվաստումը նպատակին չի հասել, կամ քիչ տոկոսով երեխաներ այս կամ այն պատճառով չեն պատվաստվել, ու այս դեպքում է, որ հնարավոր է նրանք թիրախ հանդիսանան:

Ուրեմն, այդուամենայնիվ, կարմրուկի ախտահարումը չպատվաստմա՞ն հետևանք է:

— Կարմրուկը բավականին ծանր ինֆեկցիոն հիվանդություն է, այն ունի գաղտնի շրջան, որից հետո արտահայտվում է կատարալ երևույթներով, 2-3-օրյա հարբուխով, որից հետո ցանով է հանդես գալիս: Սա շատ տիպիկ ցան է և վարակաբանն անսխալորեն այն ախտորոշում է: Բոլոր դեպքերում, պետք է փաստենք, որ այն չբուժվելու, չհսկվելու դեպքում հնարավոր են բավական ծանր հետևանքներ. թոքաբորբ, սիրտ, թոք, ուղեղ… բոլոր օրգանները կարող են ախտահարվել, այնպես որ, սա ինկատի առնել պետք է, որ ծնողներն իմանան: Եվ պարտադիր չէ, որ միայն երեխաները վարակակիր լինեն, այն կարող է փոխանցվել մեծահասակներին, ովքեր կամ պատվաստված չեն եղել, կամ օրգանիզմի իմունային համակարգում փոփոխություններ են տեղի ունեցել: Կարմրուկը փոխանցվում է օդակաթիլային ուղիով: Վարակի աղբյուր է հանդիսանում միայն հիվանդ մարդը, վարակի փոխանցումը երրորդ անձի միջոցով անհնար է: Հիվանդը վարակիչ է գաղտնի շրջանի վերջին երեք օրվանից սկսած մինչև ցանավորման 5-րդ օրը, իսկ կարմրուկային թոքաբորբի դեպքում` մինչև 15-րդ օրը: Ազգաբնակչությանը խորհուրդ եմ տալիս, եթե արտերկրում, հանգստյան վայրում իրենց շրջապատում վարակակիր է եղել, ապա վերադառնալուց անմիջապես հետո թող պարտադիր դիմեն բժշկի: Ականջալուր մի եղեք կողքից խորհուրդներին, մանավանդ, պոլիկլինիկաներում անվճար է, ժամանակը մի ձգեք, դիմեք, ընտանեկան բժիշկ կանչեք:

Լուրեր շրջանառվեցին, թե իբր «կապույտ հազի» տարածում ևս կա:

— Հանրապետությունում գրանցվել է, սակայն ծանր դեպքեր չկան: Այս հազը նույնպես կառավարելի է, պատվաստումներ սրա դեմ ևս կա: Իսկ էնտերովիրուսների տարածում կար, սա այն վիրուսն է, որը փոխանցվում է փոխանցման բոլոր ուղիներով: Բայց այս պահին արդեն հետ է նստել:

Հուսով եմ, չակերտով ասած՝ «կենդանական գրիպների» նորություններ չունենք:

— Ոչ, փառք Աստծո, չունենք:

Հաջորդ շաբաթվանից դպրոցական սեզոնն է բացվում. հնարավոր համարո՞ւմ եք, որ մեր նշած վիրուսների դեպքերի աճ գրանցվի:

— Քանի որ դպրոցները, մանկապարտեզները փակ կոլեկտիվներ են, ապա մեկ հիվանդի ներկայությունն արդեն հավանականությունը կմեծացնի: Դրա համար էլ դիմում եմ ծնողներին, վիրուսակիր քաղաքացիներին, որ իրենց մոտ եթե կա որևէ վիրուսի արտահայտում, ապա չգնալ աշխատանքի, երեխային չտանել դպրոց, որպեսզի մյուսներին վիրուսի փոխանցման աղբյուր չհանդիսանան:

Այլ վիրուսների մասով ի՞նչ կասեք:

— Եթե խոսենք տուբերկուլյոզից, ապա, եթե հիշում եք, մեր հանրապետությունում մի քանի տարի առաջ հիանալի հակատուբերկուլյոզային ծրագիր ներդրվեց, որի արդյունքն ուղղակի հիանալի էր, և այսօր կարող եմ ասել, որ այս հիվանդությունը 99,9 տոկոսով հետնահանջ է ապրել:

Նույնը պետք է ասեմ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի պարագայում: Չնայած սա մեր պրոֆիլում չի գտնվում, այլ հանրապետական Առողջապահական մակարդակում է, բայց պետք է ասեմ, որ այս վարակների նկատմամբ ևս համակարգված ծրագիր է մշակված: Չնայած այն բանին, որ այս սեռավարակների տարածվածությունը մեր երկրում մեծ չէ, բայց Շիրակի մարզը, թվային պատկերով, Հայաստանում առաջին տեղում է:

print
898