Շիրակի մարզպետ. «Իմ կարողություններից ավելին կներդնեմ, որ մարզում կյանքը փոխվի» ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Շիրակի մարզպետ. «Իմ կարողություններից ավելին կներդնեմ, որ մարզում կյանքը փոխվի»

Հարցազրույց Շիրակի մարզպետ ԿԱՐԵՆ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻ հետ

Պարոն մարզպետ, շնորհավորում եմ Ձեզ՝ Շիրակի մարզի մարզպետի պաշտոնում նշանակվելու առթիվ, և մեր մարզին բարեկեցություն եմ մաղթում:

— Շնորհակալություն:

Թավշյա հեղափոխության արդյունքում ոչ միայն ազատվեցինք իշխանությունը բռնազավթածներից, նաև կառավարման համակարգում տեղի ունեցավ սերնդափոխություննշանակվեցին երիտասարդ նախարարներ: Նույնը տեղի ունեցավ նաև մարզային ղեկավարության առումով: Եվ հիմա, երբ Ձեզ նշանակեցին Շիրակի մարզպետ, շատերը, գյումրեցու լեզվով ասած, հարցրեցին՝ «թաժա մարզպետն ումոնցե՞ն է»:

— Գյումրեցի եմ, գյումրեցոնցեն եմ… Գյումրիում է ծնվել նաև հայրս, բայց հայրական կողմս մշեցի են՝ Մշո դաշտի Գյոլի գյուղից, իսկ մայրս բնիկ գյումրեցի է:

Դուք երբեք պետական պաշտոններ չեք զբաղեցրել, և սա Ձեզ համար նոր միջավայր է, մեծ ու պատասխանատու պոստ: Գիտենք, որ Շիրակի մարզը հագեցած է բարդ ու բազմազան խնդիրներով, շատերի մոտ խոսակցության թեմա է դարձել, թե «Էդ ջահել տղեն կռնա՞»:

— …«Կռնա»: Բայց այդ կարողանալը կախված է նաև ժողովրդից: Ես մենակ չեմ, ես ժողովրդի ներկայացուցիչ եմ, պետք է հասկանան, որ ոչ թե «էդ ջահել տղեն» է այստեղ, այլ հենց իրենք են այստեղ, ու իրենք պետք է օգնեն, թև ու թիկունք կանգնեն, որպեսզի մեր մարզը միասին հանենք այդ բարդ ու բազմազան խնդիրների ճահճից: Ես միայնակ չեմ կարողանա անել, եթե մարզի բնակչության օգնությունը չլինի: Ինչպե՞ս եղավ թավշյա հեղափոխությունը… Սկզբում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց, քայլ արեց Գյումրուց, շատերը կասկածում էին, չէին հավատում, որ որևէ բան կստացվի, բայց մենք մեզ հավատում էինք ու շարունակեցինք: Հետո ժողովուրդը հավատաց ու միացավ մեզ, և տեսանք, թե ուր հասանք, ինչպես հաղթանակ տոնեցինք: Այդ նույն գործընթացն էլ նաև մարզերում, քաղաքներում, պետական հիմնարկներում, ուսումնական հաստատություններում և այլուր պետք է լինի: Մեկը մյուսին օգնելու են, թև ու թիկունք են կանգնելու, աշխատելու ենք միասին: Փոքր օրինակով ասեմ. Ճանապարհային ոստիկանն օրինազանց վարորդին կանգնեցնում էր, վերջինս նրան կաշառում էր, ինքն էլ կաշառվում էր, իսկ հիմա շատերն են փաստում, որ ՃՈ-ն գումար չի վերցնում, նաև տվողն էլ սկսել է հասկանալ, որ օրենք է խախտել ու դրա համար պետք է պատասխանատվություն կրի: Պետք է այդ նույն օրինակով մնացած ոլորտներում էլ առաջնորդվենք: Մենք պետք է հասկանանք ու որպես մեր կյանքի իմաստ ընդունենք, որ օրենքը բոլորիս համար է ու բոլորս ենք պատասխանատվություն կրում օրենքի առաջ: Շատ բան է փոխվել, և մենք արդեն ուրիշ Հայաստանում ենք ապրում: Ու այս գործընթացներին հիմնականում ավելի շատ երիտասարդներ են մասնակցել, ու նրանք չպետք է թույլ տան, որ ուրիշ Հայաստան դարձած մեր երկրին որևէ մեկը մատով կպնի: Ես վստահ եմ՝ մենք արդյունքի կհասնենք:

Ինչի՞ց եք սկսելու:

— Ես արդեն սկսել եմ… Արդեն իսկ որոշ տեղեկությունների ծանոթացել եմ, իսկ շաբաթ օրը՝ առավոտ շուտ, եղել եմ Գոգհովիտ, Թորոսգյուղ և Ցողամարգ գյուղերում, քանի որ տեղատարափ անձրևի պատճառով սելավ էր եղել՝ քշել էր գլխավոր մայրուղու, ներհամայնքային և գյուղամիջյան ճանապարհի մի հատվածը, լցվել անասնագոմերը, հեղեղել դաշտերը: Տեղում ծանոթացել եմ իրավիճակին, համայնքապետերի, քաղշինի ու ճանշինի բաժնի պետերի հետ մասնակի լուծումներ ենք տվել, դեռ վնասների մասով ինձ տվյալներ պետք է տան, որ կարգավորումներ գտնենք: Իսկ ներսի մասով ասեմ. ծանոթացել եմ աշխատակազմի հետ, վարչությունների պետերի հետ, զրուցում եմ մարդկանց հետ, փորձում եմ հասկանալ, թե ով՝ ով է, ով ինչ գործառույթներ է իրականացնում, մինչև նախարարը ժամանի, մարզխորհրդի նիստ հրավիրվի և պաշտոնապես ինձ ներկայացնեն:

Կադրային փոփոխություններ սպասվո՞ւմ են:

— Կադրային փոփոխություններ, միանշանակ, սպասվում են, բայց ոչ թե՝ «կադրային ջարդ»… Ես կարծում եմ, որ ժամանակն է մի քանի տարիքով պաշտոնյաների փոխարինել երիտասարդ կադրերով: Մյուս դեպքն այն է, որ այն մարդկանցից, ումից դժգոհություններ են եղել, բողոքներ են եղել՝ կփոխարինվեն: Իսկ նրանք, ովքեր աշխատել են հնարավորինս բաց ու բարեխիղճ, իրենց ղեկավարած ոլորտում գրագետ են, բնականաբար, կմնան իրենց տեղերում:




Իսկ կադրեր ընտրելիս, Ձեզ համար կուսակցական պատկանելիությունը նշանակություն կունենա՞:

— Ինձ համար նշանակություն կունենա այն, թե ներկա պաշտոնատարներն ինձ հետ պատրա՞ստ են աշխատելու, կընդունե՞ն իմ ներկայացրած աշխատաոճը, ինչպես նաև կարևոր է նրանց պրոֆեսիոնալիզմը: Թե չէ բացարձակ խնդիր չպետք է լինի կուսակցականությունը, մենք նաև դրա դեմ էինք պայքարում:

Խոսեցինք կուսակցական լինելչլինելուց… «Քաղաքացիական պայմանագիրը» Ձեր առաջի՞ն կուսակցությունն է:

— Ես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ եղել եմ հենց առաջին օրվանից, հիմնադիրներից եմ, մայիսի 30-ին լրացավ մեր կուսակցության 3-ամյակը: ՔՊ-ն մի համերաշխ ընտանիք է, որտեղ մենք համերաշխ համագործակցում ենք:

— Կուզենայի մի հարց տալ, որը ևս դրսում շրջանառվում է. ճի՞շտ է, որ Ձեր ընտանիքի անդամները տարբեր կուսակցություններից են:

-… (Ծիծաղում է): Իմ ընտանիքո՞ւմ… Կինս երկու տարուց ավել է, ինչ ՔՊ կուսակցության անդամ է: Մայրս ու հայրս անկուսակցական են, առողջության հետ կապված խնդիրներ ունեն, հաշմանդամության կարգ ունեն: Հայրս մասնագիտությամբ պատմաբան է: Մայրս էլ՝ բժշկուհի է, ներկայում դեռ աշխատում է:

Որքան գիտեմ, նոր եք ամուսնացել, փոքրիկ ունեք:

— Ամուսնության երկու տարին դեռ չի լրացել, փոքրիկս էլ մեկ տարեկան է:

Ձեր տիկնոջ հետ հավանաբար կուսակցության ներսում եք ծանոթացել:

— Ոչ, նա այդ ժամանակ դեռ կուսակցական չէր: Նա էլ է ընդդիմադիր հայացքների տեր: 2016-ին, երբ ՏԻՄ ընտրություններին էինք մասնակցում, այդ ժամանակ իր ցանկությամբ միացավ մեզ:

Դուք աշխատել եք կրթական ոլորտում և տեղյակ եք այդ ոլորտի խնդիրներից: Հիմա ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել:

— Սկսելու եմ հենց կրթական ոլորտից՝ դպրոցներից: Ներսից շատ լավ գիտեմ, թե ինչպիսի տհաճ երևույթներ են տեղ գտել այս ոլորտում: Մեր մարզի ինտելեկտը շատ բարձր է, և ես գտնում եմ, որ օր առաջ պետք է մաքրել այս ոլորտը, և ամեն ինչ անելու եմ, որպեսզի այս ոլորտը փայլի, մանավանդ՝ ապաքաղաքականացվի: Ինչպես գիտեք, դպրոցի տնօրեններին թե՛ ստիպողաբար, թե՛ իրենք ինքնակամ, կուսակցական են դարձել, իսկ հետո շղթայական այն տարածվել է ուսուցիչների վրա… Էլ չեմ ասում տնօրեն նշանակելու համար գումարներ են վերցվել, ուսուցչին աշխատանքի ընդունելու համար կաշառք է պահանջվել: Սա խոսակցություններ են, որոնք բոլորը գիտեն… Այլևս չպե՛տք է լինի նման բան, ու վե՛րջ: Անգամ, եթե իմ հարազատը լինի, կպատժվի օրենքի խստագույն չափով: Ցանկացած ոլորտում, որտեղ կլինեն ամոթալի երևույթներ, դուրս կգա վերահսկողությունից՝ կարձանագրվի, կպատժվեն: Որտեղից եղավ մի փոքր բողոք, անպայման կուսումնասիրվի ու համապատասխան լուծում կտրվի:

Պարոն մարզպետ, անկախ այն բանից, թե մարզպետի պաշտոնում ով կլիներ, բայց, եթե ֆինանսներ չլինեն, մարզի հարցերն ու խնդիրները չեն լուծվի: Ի՞նչ եք կարծում, Շիրակի մարզի խնդիրները ինչպե՞ս պետք է կարգավորվեն:

— Հասկանում եմ… Իհարկե, այն հարցերն ու խնդիրները, որոնք հնարավոր կլինեն սեփական ուժերով ու կարողություններով կարգավորել, լուծել, ինչպես վերևում նշեցի, միահամուռ կաշխատենք, կկարգավորենք: Իսկ այն հարցերն ու խնդիրները, որոնք հսկայական գումարներ են պահանջում, կփորձենք լուծման այլ ճանապարհներ գտնել: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ մենք գրկաբաց կընդունենք բոլոր նրանց, ովքեր ցանկություն կունենան մեր մարզում ներդրումներ կատարել, տարբեր ուղղություններով կաշխատենք: Մենք բաց ու թափանցիկ ենք աշխատելու, տեղեկատվությունը պետք է հասարակությանը հասանելի լինի, ես ԶԼՄ-ների հետ աշխատելու եմ բաց ու բարեխիղճ: Մարզպետարանի պաշտոնական կայքն էլ ողջ տեղեկությունը կպարունակի, ցանկության դեպքում մարդիկ կարող են օգտվել, հետևել: Մարդիկ պետք է տեսնեն մեր աշխատանքը:

Իսկ ինտերնետային «Live»-եր (ուղիղ եթեր) լինելո՞ւ են

— Իհարկե, լինելու են, իմ ֆեյսբուքյան էջն էլ է ակտիվ: Տրամադրվածություն է փոխված, Հայաստանի կշիռը շատ-շատ է բարձրացել ամբողջ աշխարհում, և մենք պետք է պահենք ու ավելի բարձրացնենք այդ կշիռը: Ես ինչպիսին կայի, նույնպիսին կլինեմ, քաղաքում եմ, կքայլեմ, կշփվեմ, կծառայեմ մարզին, իմ կարողություններից ավելին կներդնեմ, որ կյանքը փոխվի այնպես, ինչպես ուզեցինք ու փոխեցինք իշխանությունը:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ

print
5,748