Ո՞ւմ վերջին հանգրվանն է ապոկալիպսիսը ⋆ «Շրջապատ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ո՞ւմ վերջին հանգրվանն է ապոկալիպսիսը

Երևի դուք էլ ականատես եղած լինեք երկու հայ մարդկանց անհաշտ վեճը, երբ նրանց կարծիքների բախումից հետո, երկուսից մեկն իր ճշմարտացիությունը ապացուցած լինելու համար մյուսին բնութագրել է որպես «ծակ փիլիսոփա»: Մենք` հայերս մեզ միշտ փիլիսոփայությանը մոտ կանգնած մարդ ենք համարել, բայց դիմացինի փիլիսոփայությունը ստորադասելու համար պատրաստ ենք եղել նրան «ծակ փիլիսոփայի» որակավորում տալ: Գիտական փորձառությամբ փիլիսոփաներից շատերը երևի ավելի կասկածամիտ մարդիկ են և ընդունում են, որ ճշմարտությունը բացարձակ կատեգորիա չէ: Ու դժվար թե այն հերքման ենթակա լինի: Համենայնդեպս, ես անձամբ կարծում եմ, որ նրանց արտահայտած այդ միտքը կատեգորիկ ճշմարտություն է: Կարելի է, իհարկե, վիճաբանել սրա շուրջ ևս, բայց ես հակված չեմ դրան: Համ էլ` ցավս ո՞րն է: Պարզապես նրբերանգներ կան, որոնց շուրջ խորհելը չէր խանգարի:

Բոլորս տեսնում ենք, որ արաբական երկրներում, որտեղ թվում էր, թե հավերժորեն կառավարողներին գահընկեց անելուց հետո ինչ-որ բան փոխվելու էր, այդպես չեղավ: Եվ այժմ այդ իսկ երկրներում իրավիճակն ավելի բարվոք չէ, քան նախկինում: Այդ ամենի արանքում, սխալված չենք լինի, եթե ասենք, որ մնաց մարդկային հիասթափությունը: Բա ո՞րն էր հեղափոխական ալիքի ճշմարտությունը:

Հայերս երևի ավելի շատ ենք հակված այն փիլիսոփայական մտքի հավաստիությանը, որ հեղափոխություններն արվում են ֆանատների շնորհիվ, իսկ իշխանությունը վերցնում են  սրիկաները: Երևի Խորհրդային Միության փլուզումից հետո մնացած հայտնի անեկդոտը ծնվել է հայկական շրջանակներում: Լսել եք հաստատ. ներկա կյանքից հուսահատված պրոլետարները հավաքվել ու խորհում են, թե նոր հեղափոխություն չանե՞ն, ախր կյանքը շատ ավելի է վատացել, իսկ հետո գալիս են եզրահանգման, որ պետք չէ մեկ անգամ էլ գործ բռնել այդ հեղափոխություն կոչված պարադոքսի հետ. «Տղեք, բա որ նորի՞ց մենք հաղթենք»: Այսինքն` արժի՞ որ՝ մարդիկ արդեն մի անգամ համտեսել են դրա դառը պտուղները:

Չգիտեմ, կհամաձայնեք իմ այն մտքի հետ, որ մոտալուտ ապոկալիպսիսի մասին տարատեսակ ինՖորմացիաների փոխանցումը նույնպես մարդկանց ուղեղներում հեղափոխություն իրագործելու յուրատեսակ միջոց է: Այդպիսի ինՖորմացիայի փոխանցումն աշխարհի սպասվող վախճանի մասին իրականացնում են նաև ռուսաստանյան մի շարք հեռուստաալիքներ: Ու որքան ես եմ հասկանում, նման հաղորդումները մեծ վարկանիշ ունեն: Դրանցում, մասնավորապես, խոսվում է նախկինում կործանված քաղաքակրթությունների պարբերական հավանականությունների, անխուսափելիության վարկածների մասին: Բերվում են մանրակրկիտ պատճառաբանություններ, հնարավոր ու անհնարին մեկնաբանություններ: Այնպես որ, այս հարցում թերահավատներին անգամ դրանք կարող են հունից հանել, լայնորեն բացելով հոռետեսության դռները:

Ինչպես գցում-քաշում եմ, մոտալուտ ապոկալիպսիսին հավատալու ներշնչանքը ևս ինչ-որ չափով բխում է գիտակցությամբ հեղափոխականությանը տուրք տալու մարդկային «իղձերից»: Ըստ այդմ, մարդկանց մոտ աշխարհակործանումը դե ֆակտո նույնանում է հեղափոխության հետ: Սա, թերևս, պայմանավորված է հիվանդ մտքի` որպես «համաճարակային» օջախի դիտարկումով: Բայց ես կարծում եմ, որ ապոկալիպսիսին հավատալը թվացյալ հեղափոխությամբ փրկվելու միջոց չէ: Եվ սրան երբեմն կարող են համաձայնել մարդկային այնպիսի մտքեր, որոնք, ըստ ամենայնի, ապոկալիպտիկ գաղափարներ տարածողների համար պետք է, որ դիտարկվեին «համաճարակային» օջախի լավագույն կրիչներ:

Վերջերս Գյումրու թաղամասերից մեկում ծանոթացա հոգեկան խնդիրներ ունեցող երկու տղամարդու հետ: Քեռի ու զարմիկ միևնույն հարկի տակ են ապրում, խաղաղ գոյակցում են իրենց ստացած հաշմանդամության տասնհինգհազարական դրամ թոշակներով: Հետաքրքիրն այն է, որ երկուսն էլ իրենց կարգավիճակին բնորոշ վարքագիծ չէին դրսևորում, նորմալ զրուցում էին հետս: Միայն առանձնակի հետաքրքրություն էին հանդես բերում իմ անձի նկատմամբ` ինչպե՞ս եմ ապրում, ինչո՞վ զբաղվում, ինչպիսի՞ն է ընտանեկան վիճակս: Զարմիկը` հիվանդության պատճառով, զրկվել էր ընտանիքից, նրան լքել էր կինը՝ տանելով իր հետ երկու երեխաներին: Քեռին ասում էր, թե լավ կլինի, որ նա կրկին փորձի ընտանիք կազմել, հարցնում էր, թե կարո՞ղ եմ հարմար թեկնածու գտնել: Այսինքն` եթե «հարմար» կին լինի այժմ նրա կյանքում, ապա ամեն ինչ կորսված չէ: Թեև անձամբ քեռին, իր 57-ամյա կյանքում ամուսնացած չի եղել:

Ինչ-որ տեղ լսել եմ, որ խորը ընկճախտը նույնպես կարող է հոգեկան հիվանդության պատճառ դառնալ: Ենթադրեցի, որ եթե նրանց կյանքում սոցիալական հեղափոխությունը տեղ գտներ, նրանք այսպես ընկճված չէին լինի, նրանց հոգեաշխարհում տրտունջը, եթե ոչ ամբողջապես, ապա որոշակիորեն կնվազեր: Քեռին մեր զրույցի ընթացքում նաև այսպիսի մի միտք հայտնեց. «Մեր պետությունը հո լավն է, ուղղակի իշխանություններն են վատը»: Ինչո՞ւ սա տպավորվեց մեջս. շատ մարդիկ, ովքեր հոգեկան ախտորոշում չունեն, լսել եմ, որ ասում են, թե իրենց դժգոհությունների պատճառն այն է, որ «երկիրը երկիր չէ»: Իսկ երկիրն, իմ կարծիքով, հենց պետությունն է: Իսկ այս երկու խեղճ մարդկանց հետ զրուցելիս, եկա այն համոզման, որ իրենք, այո, շատ կուզեին, որ ինչ-որ բան փոխվեր, բայց հաստատ չէին ուզի, որ ապոկալիպսիսն իրենց վերջին հանգրվանը լիներ:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ

print
1,101