«Ոչինչ, որ չհաղթեցինք, կարեւորը՝ մեր երկիրը պատվով ներկայացրեցինք» ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

«Ոչինչ, որ չհաղթեցինք, կարեւորը՝ մեր երկիրը պատվով ներկայացրեցինք»

Գյումրու «Թռչունյան տուն» կրթահամալիր-մանկատան սաներ՝ Դավիթ Այվազյանի և Աստղիկ Մխիթարյանի հետ զրույցը պետք է կայանար դեռևս անցնող տարվա մեր թերթի վերջին համարում: Սակայն երեխաները՝ ԱՊՀ երկրների անապահով ընտանիքների երեխաների շրջագայության ծրագրի շրջանակում, մեկնեցին Սանկտ Պետերբուրգ, որտեղից վերադառնալով՝ հյուրընկալվեցին «Շրջապատի» խմբագրությանը: Այնպես որ, այս տարվա մեր առաջին համարի թողարկումը կսկսենք նրանց հետ զրույցով, ովքեր հայ հասարակությանը և, ինչու չէ, նաև HTB ռուսական ալիքին հետևող միլիոնավոր հեռուստադիտողներին գերեցին իրենց էներգետիկ պարերով:

Դավիթ, Աստղիկ, նախ ինձ իրավունք եմ վերապահում՝ մեր համաքաղաքացիների անունից գովեստի խոսքեր փոխանցել ձեզ և հատուկ հորդորել՝ ոչինչ, որ եզրափակչում չհայտնվեցիք, պաշտոնապես հաղթող չճանաչվեցիք, մենք հո՛ լավ տեսանք, որ դուք ավելին արեցիք ու, թե որքան մեծ էներգետիկա փոխանցեցիք հանդիսատեսին ձեր պարերի միջոցով:

Աստղիկ. — Մենք ևս երախտապարտ ենք մեզ բոլոր հետևողներին: Օգտվելով առիթից, ուզում ենք մեր շնորհակալությունը հայտնել տիկին Սոնային («Թռչունյան տան» տնօրեն Սոնա Սիմոնյան,-հեղ.), որ մեզ թև տվեց, ոգևորեց, և ընկեր Սենիկին (պարուսույց Սենիկ Խուբեսարյան,-հեղ.), որ մեզ ընտրեց, մանավանդ, մեր խմբի մեջ շատ լավ պարող երեխաներ կան:

Դավիթ. — Նրանց՝ մեզ փոխանցած ոգևորությունն արդեն հաջողության նախապայմանն էր: Էլ չենք ասում անընդհատ հեռախոսակապի մեջ լինելը, նրանց հորդորները… Եղել է, որ գիշերն ենք զանգել, հայտնել մեր արդյունքները: Թե ինչ հուզմունքով են լսել, անգամ ուրախությունից արտասվել մեզ հետ:

Հարցիս կարող եք հերթով պատասխանել, կարող եք իրար ընդհատել… «Շալախոյի» բումի մասին մեր թերթում խոսել էինք ձեր պարուսույցի հետ: Խոսենք երկրորդ պարից: Ո՞վ ընտրեց պարային «Կանտեմպ» ոճը:

Աստղիկ. — Մեր պարագայում բոլոր երեք պարերի դեպքում էլ խորեոգրաֆները փոխվել են: Եվ շատ դժվար էր նախ՝ պարուսույցի հետ ընդհանուր լեզու գտնելը, ապա՝ նոր պարաոճ սովորելը: Մանավանդ, շատ ժամանակ էլ չկար: Իսկ հագուստը, դիմահարդարումը և մնացածը, բնականաբար, կազմակերպչական խորհրդի կողմից էր:

Դավիթ.  — Այդպես է… Սկզբից նույնիսկ հիասթափություն ունեինք՝ լսելով նոր պարաոճի մասին, դժվարություն ունեինք՝ ամբողջ պարային կյանքում հայկական էինք պարել և հիմա մի նոր՝ այլ ոճի մեջ էինք մեզ դրսևորելու: Բայց ստացվեց…

— … Ու շատ լավ ստացվեց, ապրեք: Փաստորեն, դուք կարողացաք պատվով դուրս գալ ազգայինի շրջանակից և ոչ միայն ընդունել մոդեռն ոճը, այլև բարձր մակարդակով ներկայանալ, և երկրորդ փուլը հաղթահարել: Կուլիսների հետևում ինչպե՞ս էր. ժյուրիի, կազմակերպիչների, այլազգի երեխաների հետ շփումները:

Աստղիկ. — ժյուրին կամ կազմակերպիչները շատ լավ էին տրամադրված, բայց, իհարկե, կուլիսների հետևում ոչ մեկի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք չէին ցուցաբերում, և դա անարդարացի կլիներ մյուսների հանդեպ: Իսկ ինչ մնում է այլազգի երեխաների հետ, ապա…

Դավիթ.  — …ապա մինչև հիմա կապի մեջ ենք, շատ լավ ընկերներ ձեռք բերեցինք, կապ չուներ՝ հայ եմ, ադրբեջանցի է, աբխազ է, թե ուկրաինացի, մուսուլման, թե քրիստոնյա:

Իսկ ինչպե՞ս հաղթահարեցիք դժվարությունները, որոնց մասին նոր նշեցիք:

Աստղիկ. — Սկզբում շարժումները չէին ստացվում, հիստերիայի մեջ էի, երաժշտությունն էլ դեռ վերջնական ընտրված չէր: Հակառակի պես ես էլ մի քիչ քաշ էի հավաքել… Դավիթի ուժային և հոգեկան հուսադրության շնորհիվ էր, որ հաղթահարեցի:

Երեխաները ծիծաղում են ու ոգևորված պատմում, թե ինչպես «Կանտեմպ» պարը ներկայացնելու ժամանակ մի քանի բացթողումներ են եղել, որը՝ բեմի ձևավորման հետ կապված, որը՝ իրենց պարի, սակայն իմպրովիզացիաների շնորհիվ կարողացել են հաղթահարել և, արդյունքում, տեսանք այն, ինչ տեսանք ու գոհ մնացինք:

Հնդկական պարից խոսենք. ի՜նչ ոգևորություն էր, ի՜նչ լավ պարեցիք, մինչև հիմա ձեր ժպիտներն աչքերիս առաջ են:

Դավիթ. — Այս անգամ ևս փոխվեց խորեոգրաֆը: Եկավ հայտնեց, որ ազգային ենք պարելու, բայց ոչ մերը: Սկսեցինք թվարկել… Դե, մտածեցի, եթե վրացական կամ նման այլ ազգային լինի՝ մեկից մեկ տակից դուրս կգանք:

Աստղիկ. — Ես էլ շատ կուզենայի, որ լատինո-ամերիկյան լիներ, քանի որ մի քիչ դրանից գլուխ հանում եմ: Բայց մտքներովս չէր անցնում, որ սպառելով մեր թվարկումները, խորեոգրաֆը պիտի հայտարար, թե հնդկական ենք պարելու:

Հե՞շտ էր, թե՞

Աստղիկ. — Չէի ասի, թե հեշտ էր, մենք համարյա անտեղյակ էինք հնդկական պարից:

Դավիթ. — Հըլը աղջկա համար հեշտ է մի ինչ-որ շարժում անելը, բայց ինձ համար… Խորեոգրաֆը անընդհատ ասում էր՝ կտրվի գետնից, հայկականից դուրս արի, թեթև շարժումներ արա:

Աստղիկ. — Երբ դեռ երաժշտությունն ընտրված չէր, մենք փորձերի ժամանակ ի՜նչ հնդկական նվագի տակ ասես պարում էինք, շարժումներ փորձում: Մեկ էլ գալիս, մեզ նայում էին ու ոգևորված արձագանքում, թե ինչ լավ է ստացվում:

Կիսաեզրափակչում դուք հաղթեցիք, անցաք այդ փուլը: Բայց ինչպե՞ս եղավ, որ դուրս մնացիքԱյստեղ ինչոր «խաղե՞ր» սկսվեցին

Աստղիկ. — Մեզ շատ էին սիրում, բոլորն ասում էին, որ մենք գույն ենք հաղորդել «Տի սուպեր»-ին: Դավիթի հետ համակարգչով տեսանք, որ Քրիստինա Կրետովը մեզ է ընտրել… Բայց թե ինչու հետո այդպես ստացվեց, մենք էլ չհասկացանք: Բայց մեզ հետ կար մի բալետի պարուհի, և իմ կարծիքով, բնականաբար, Քրիստինան իր մասնագիտությունից ելնելով պիտի այդ աղջկան ընտրեր: Մյուս կողմից մեծ նշանակություն ուներ, թե դու որ երկիրն էիր ներկայացնում, հարո՞ւստ, հզո՞ր երկիր, թե՞…

Դավիթ. — Կիսաեզրափակչից եզրափակիչ անցումն արդեն ժյուրիի ընտրությամբ էր լինելու: Մեզ բոլորն ասում էին, որ աշխատասեր ենք, որ շատ լավն ենք: Բայց եկեք նաև մրցակցին չթերագնահատենք. անցնող երեխաները թույլ չէին: Ուղղակի մեզ չընտրեցին: Սակայն չհուսահատվեցինք, մինչև վերջ կանգնեցինք մյուսների կողքին, բոլորին հույս էինք տալիս, ոգևորում: Ոչինչ, արդեն մեծ հաղթանակ էր, որ մենք նման պրոյեկտի ենք մասնակցել, որ մեր երկիրն ու քաղաքն ենք ներկայացրել:

Աստղիկ. — Գիտե՞ք ինչ, ես այնտեղ մի աբխազ ընկերուհի ունեցա, որի ճակատագիրն ահավոր է եղել… Ես շատ կուզենայի, որ գոնե նա անցներ, բայց, օրինակ, կարծում եմ, նրա հանդեպ եղավ անարդարություն, նա 8-րդ տեղն ընկավ: Ես կուզենայի, որ գոնե անցնողներից նա հաղթի, ում հանդեպ ճակատագիրը շատ դաժան է գտնվել, որպեսզի այդ անձը գոնե այսկերպ կյանքից հատուցվի, ուրախանա, հուսադրվի:

Ապրեք, որ հաղթանակի թռչունին բաց թողնելով՝ չեք ընկճվել, ապրեք, որ կարողացել եք ձեր մեջ ուժ գտնել՝ նույնիսկ մրցակիցներին ոգևորել, որ չեք հուսահատվել: «Տի Սուպեր» մրցույթն ի՞նչ տվեց ձեզ:

Դավիթ. — Ես հասկացա, որ եթե պարարվեստին մոտ ես կանգնած, ապա պետք չէ միայն ազգային պարաոճի մեջ սահմանափակվել՝ եթե անգամ այն քոնն է, ազգայինդ է, այլ կարելի է սովորել այլ ոճեր ևս, բացահայտել այլը: Կարծում եմ, Աստղիկն էլ է այդպես մտածում:

Աստղիկ. — Ես համամիտ եմ Դավիթի հետ: Եվ գտնում եմ, որ կյանքում երբեք չպետք է բաց թողնես քեզ տրված շանսը, քանի որ Աստված այն երկրորդ անգամ կարող է չտալ: Մնում է ինքնակատարելագործվել:

Խոսենք ձեր երազանքներից, հետագա անելիքներից, նպատակներից:

Դավիթ. — Դե, ես արդեն մասնագիտական ընտրություն կատարել եմ. սովորում եմ Գեղարվեստի ակադեմիայի թատերական բաժնում: Ինձ տեսնում եմ այս ոլորտում: Ուզում եմ մեր երկրի համար պիտանի մարդ դառնալ: Պետք է շնորհակալ լինենք այն մարդկանց, ովքեր մեր կողքին են եղել, մեզ հույս են տվել, որ կյանքը միայն գորշ գույներով չէ, այլ կարող ես առաջ գնալ՝ չնահանջելու նախապայմանով: Ամեն մեկիս մեջ մի հունդ կա, պետք է կարողանանք այն ծաղկեցնել:

Աստղիկ. — Այնպես է ստացվել, որ ես էլ դերասանուհի դառնալու երազանք ունեմ, և ես էլ կուզենամ այդ մասնագիտության մեջ ինձ տեսնել: Որքան ինձ համոզեցին, խորհուրդ տվեցին, թե դերասանի գործը այսպես-այնպես, ես գտնում եմ, որ մարդը պետք է զբաղվի իր սիրած մասնագիտությամբ, որպեսզի լիարժեք տրվի իր գործին: Ուզում եմ հայտնի մարդ դառնալ, իմ հայտնի լինելը լոկ ոչ թե փառասիրության բավարարման համար է, այլ, որպեսզի կարողանամ մյուս մարդկանց օգտակար լինել, նրանց երջանկություն պարգևել:

Ապրեք երեխաներ, ձեր հույսով լի խոսքերը, հավատացեք, դիմացինին է փոխանցվում, հուսադրում: Կյանքը լի է մարտահրավերներով ու հաճախ է այն ձեռնոց նետում, պետք է յուրաքանչյուրս մեր մեջ ուժ գտնենք ու ընդունելով մարտահրավերը՝ պայքարենք մեր տեղի համար ու առաջ գնանք: Մաղթում եմ ձեզ նորանոր հաջողություններ:

print
2,048